«Էջ:Muratsan, vol. 6.djvu/220»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

15:54, 11 Ապրիլի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Կինը ձեռքի շարժումով ցույց տվավ գյուղի դուրսը, կամենալով հասկացնել, թե հանդումն է։ Բայց, միևնույն ժամանակ, գուշակելով որ նորեկը, անշուշտ, հյուր պիտի լինի իրենց, մոտեցավ դռան առաջ խաղացող տղային և նրա բերանով խնդրեց, որ «աղան» շնորհ անե կառքից իջնելու, մինչև որ ինքը մարդ կուղարկե ամուսնու հետևից։

Կամսարյանն իջավ։ Մոսին ու Օվանեսը վար առին կառքից նրա իրեղենները։ Իսկ մինչև այդ, գեղջկուհին ներս վազեց տուն և բերելով այդտեղից մաքուր գորգ, փռեց սրահում դրված թախտի վրա։ Ապա Մոսու միջոցով խնդրելով հյուրին հանգստանալ, ինքն շտապեց հարևաններից մեկին յուր մարդու հետևից ուղարկելու։

Երիտասարդը մի վայրկյան գյուղի յուր վրա արած տպավորությունը մոռանալով, սկսավ հետաքրքրվել նշանացի խոսող կնոջ անձնավորությամբ։ Նա նրան սկզբում համրի տեղ էր դրել։ Բայց հետո տեսնելով, որ խոսում է տղայի և ապա Մոսու հետ, հարցրեց վերջինիս՝ այդ մնջկատակի պատճառը։

— Ջահել կնանիքը անխոս են ըլում ըստեղ,— պատասխանեց տիրացուն։

— Ի՞նչ է նշանակում անխոս լինել։

— Նշանակում ա, որ նրանք չպետք ա իրանցից մենծերի, յա ղարիբ (օտար) մարդկանց հետ խոսան։

— Ինչո՞ւ։

— Ամոթ ա:

— Ինչպե՞ս թե ամոթ է,— զարմացավ Կամսարյանը։

— Բա ջահել կնիկը, որ չանեն (ծնոտը) ցցի իրանից մենծի հետ զրից անի, ամոթ չի՞ ։

— Չէ, ինչո՞ւ է ամոթ։

— Էս երկրումն ամոթ ա։

— Պատճա՞ռը։ — Ես ի՞մ, վաղուցվա դրած ադաթ (սովորություն) ա:

— Իսկ քեզ հետ ինչո՞ւ էր խոսում։

— Ինձ, միթոմ, մենծի տեղ չի գցում,— պատասխանեց տիրացուն, կարծես վիրավորված։

— Ուրեմն կցանկանայիր, որ քեզ հետ է՞լ չխոսեր: