«Էջ:Muratsan, vol. 6.djvu/222»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

16:09, 11 Ապրիլի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

— Ինչո՞ւ է այդպես։

— Ընդուր, որ ըստեղ հայեր են ապրում, ընտեղ՝ մալականներ։

— Այդ ի՞նչ է նշանակում։

— Էդ էն ա նշանակում, որ հայերր աջիզ (տկար) մարդիկ են։ Էնքան են կարում վար ու ցանք անել, որ մենակ իրանց ա հերիք գալի: Նրանցից մինը, թե որ էսօր ինձ մի կոդ (չափ) գարի ծախի, էգուց ինքը պտի փող տա մալականիցն առնի։ Ամա դե մալականը դհե չի. նա համ փող ունի, համ ղոչաղ ա, համ էլ բանի ղայդան (եղանակը) գիտում ա։ Վարն էլ ա շատ անում, խոտն էլ ա շատ հարում, նհենց (այնպես) որ, իրան էլ ա հերիք գալի, ուրիշին էլ։

Կամսարյանի գաղափարը հայ գյուղացու արժանքիների մասին արդեն փոխված էր, կառապանի բացատրություններն էլ պակասը լրացրին։ Ուրիշ անգամ գուցե նա ուշադրություն չդարձներ այդպիսի խոսքերի վրա, բայց այս անգամ նույնիսկ լուրջ մտածությանց առարկա դարձրեց նրանց։ — «Իրավ, եթե մի գյուղ յուր տնտեսական կարողությամբ այնքան է ողորմելի, որ մինչև իսկ մի կառապան դժվարանում է այդտեղ յուր ձիերը կերակրել, մի՞թե սա չի նշանակում, թե նրա բնակիչները այնքան են ծույլ, անհոգ ու անշնորհք, որ նրանց մեջ ապրել ու գործելը ոչ միայն դժվար, այլ և անհնարին է...»։

Այսպես մտածեց երիտասարդը և յուր վերջին հետևությունը, փոխանակ նրան տխրեցնելու, ընդհակառակն, պատճառեց մի թաքուն հաճույք, որ բխում էր այն նորածին մտքից, թե գուցե տեղական հանգամանքներն ստիպեն իրեն, հակառակ յուր կամքին, դրժել յուր ուխտին։ Այն ժամանակ, իհարկե, ինքն այդ բանում մեղավոր չէր լինիլ. չէ՞ որ տված խոսքը նա արդեն կատարել է՝ հեռանալով քաղաքից և գյուղ գալով: Այժմ ի՞նչ անե, որ գյուղն ինքն է անհնար դարձնում այստեղ մնալն ու գործելը... Այսուամենայնիվ, այս մտածությունից առաջացած հաճույքը նա լիովին չվայելեց, վախենալով, թե մի գուցե ինքն սխալվում է՝ շտապով այդպիսի կարծիք կազմելով, կամ թե գուցե հայ գյուղացին դեռ ունի