«Էջ:Muratsan, vol. 6.djvu/227»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

06:59, 30 Ապրիլի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

խայի շինականը շենլիկ չէ , թեկուզ ժամ էլ քցի, ըսկի մհ վախտ մե մարդի էրես չի տենա, որ մե բարի բան սովրցնի, մե դրուստ ճամբաղ նըշանց տա, ծռի զարարը (վնասը) ու դրըստի օգուտը խասկցնի էդու խամար էլ իմալ հինքն կարցե, ինենց էլ արե, ինչ խելքն կտրե, էն էլ շինե, է՜հ, ընդուր գիտցածն էլ հելե էն ա, ինչ որ տենում ես, ընդուր իմա՞լ մեղենք (մեղադրենք)։

Կամսարյանի գլխին կարծես ջուր մաղեցին։ Ցուր հարցին նա չէր սպասում այդօրինակ պատասխան։ Դա, իսկապես, դատապարտության մի վճիռ էր, որ տանուտերը կարդաց յուր երեսին։ Ախար չէ՞ որ այն ամենը, ինչ այդ գյուղացին ասաց, հայտնի էին իրեն վաղուց։ Չէ՞ որ հենց իրենց ընկերական ժողովներում հաճախ այն միտքն էր արծարծվել, թե հայ գյուղացին տգետ, հետամնաց, հետևապես և թշվառ է մնում այն պատճառով, որ բոլոր յուր կյանքում զուրկ է մնում առաջնորդից, սրտացավ խորհրդատուից, բարի օրինակից։ Լինեին դրանք և նա կազատվեր դարերի ընթացքում յուր վրա բռնացող ճակատագրական թշվառությունից։ Արդ, ինքը եկել էր այդ առաջնորդը, այդ խորհրդատուն լինելու։ Ինչո՞ւ էր, ուրեմն, երկար ու բարակ տանուտերին հարցուփորձում։ Չէ՞ որ նրա համար, որ յուր դրած ուխտն այժմյանից արդեն ծանր էր թվում իրեն և նա նրանցից կամենում էր խուսափել... Մի՞թե ամոթ չէր այդ։

Այս հետադարձ միտքը ձգեց երիտասարդին վարանքի մեջ. խղճի մի թաքուն խայթ սկսավ անհանգստացնել նրան, ուստի դադարեց հարցեր առաջարկելուց։

Այդ միջոցին վերադարձավ տան տիրուհին, ձեռքին մի քանի նորաթուխ լոշեր։ Ըստ երևույթին, նա այդ օրը թաժա հաց չունենալով, ըստ գյուղական սովորության, փոխ էր առել հարևանից, որպեսզի նորեկ հյուրին օթեկ հացով չկերակրե։ Տանուտերը կնոջը տեսնելուն պես վեր թռավ տեղից, ինչպես մեծ հանցանք գործածին մեկը։

— Ներողություն, աղա՛,— ասաց նա, — ախր դու ճամփից ես գալում, անոթի կըլնես. ես դինջ նստել եմ, քե խետ գյալաջի (զրույց) եմ անում։ Դե, Սալվի, շուտ արա,