«Էջ:Muratsan, vol. 6.djvu/116»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

19:33, 16 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

—Ա՛ բալամ, դու իստակ ղալմադալչի ես էլել,-նկատեց ինձ Մեսրոբ դային խիստ վրդովված։ — Ձեր հախն ա. (տեղն է.) ձեզ ո՛վ ա ասում , որ երեկ չէ մեկել օրվա էրեխան բերք ձեր միջումը նստացնեք, յա չէ, ընչի՞ չեք մտածում, թե ըսենց ջեհելի ստորագրությունն ո՞վ կընդունի, — խոսեց Մցական բեգը և ձեռքերը դարսեց փորի վրա։ — Ես էլ էդ չե՞մ ասում,— հարեց Բալա-ղուզին, չնայելով, որ դեռ ոչինչ չէր ասել։ — Ըդենց ա, բա,— մասնակցեց ընդհանուր մեղադրությանը և Լղարենց Աբրահամը։ Ինձ ոչինչ չէր մնում անել այլևս, ուստի վեր կացա տեղից և ամոթահար դուրս եկա ժողովից։ Կրկնակոշիկներս հագնելու ժամանակ ականջիս հասան երեցփոխի վերջին խոսքերը. — Տնաշեններ, դուք էլ ասում եք թուղթը տուր ստորագրի։ Բա՛ ես խելքս կորցրե՞լ եմ, որ էդ քչեղակին (կա¬ չաղակ) հաշիվ տամ ստորագրի, յա չէ դրա ստորագրությունն առաջնորդը կընդունի՞։

Ես, իհարկե, վրդովվեցա, որ երեցփոխը լիազորների ներկայությամբ ինձ «քշեղակ» անվանեց, բայց ի՞նչ կարող էի անել, թողեցի և հեռացա։

Գ

Երկու օրից հայրս եկավ. բայց այս դեպքի մասին ոչինչ չասացի նրան, մինչև որ տեսնեի, թե պարոններ հաշվատեսներն ի՞նչ ձևով են հայտնում եղելությունը։ Երեկոյան նա գնաց եկեղեցի և ուշ վերադարձավ։ Իմ հարցին թե ուր էիր, հայրս գլուխը շարժելով պատասխանեց. — Միթոմ գիտում չե՞ս։ — Ես ի՞նչ գիտեմ։ — Երեցփոխի մոտ էի։ — Հա՞։ — Հա՛ ։ Մի վայրկյան լռություն տիրեց, հետո հայրս հայացքը սևեռեց ինձ վրա ու հարցրեց։