«Էջ:Muratsan, vol. 6.djvu/361»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

15:36, 23 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ծության դատապարտված այդ միջավայրերը։ Որոշեցի դառնալ գթության քույր, մտնել հիվանդանոց և օգնել այտեղ դժբախտներին, այդ ժամանակ արդեն գիտեի թե ի՞նչ է նշանակում դժբախտ լինել...։ Այս նպատակով ահա հեռացա իմ հայրենի քաղաքից և եկա այստեղ։ Ծնողներս չընդդիմացան, համոզված լինելով որ այս միջոցը կարող է մեղմացնել իմ ցավը, կամ ժամանակով մոռացնել նրան։ Եվ, սակայն, ահա լրանում է երկու տարին, ինչ ես գտնվում ես այստեղ, այսուամենայնիվ, իմ ցավը դեռ էլի այնպես թարմ է, ինչպես որ սրանից երկու տարի առաջ...։

Այս ասելով երիտասարդուհին խոր հոգոց հանեց։

Ես, իհարկե, իսկույն սկսա մխիթարել նրան ամենաքընքաշ խոսքերով, այլև գովել իմ իմաստուն որոշումը, որով ցանկացել էր մեղմել սրտի ցավը` ուրիշներին բարիք անելու խելացի ճանապարհով։ Վերջը հարեցի թե` վշտերը, որքան էլ ծանր լինին ու ճնշող, այսուամենայնիվ, նրանք պիտի մոռացվին մի օր և այն ժամանակ կյանքը դարձյալ կքաղցրանա յուր աչքում և այլն և այլն։

Խոսքերս, ըստ երևույթին, հաճելի` տպավորություն արին օրիորդի վրա. նրա տխրությունն անցավ, իսկ մի քիչ հետո նա, մինչև անդամ, ժպտաց և դոհությամբ լի աչերը վրաս սևեռելով` ասաց.

— Արդարև, կյանքը այնքան էլ դառը չէ, պետք է միայն աշխատել չդառնացնել նրան։

— Հարկավ, լացողին արցունք չի պակսիլ, ոչ էլ ուրախացողին ծիծաղ... մոռացումը ամենալավ սպեղանին է ամեն տեսակ վջտերի դեմ, ասացի ես։

— Ես էլ, ահա, աշխատում եմ մոռանալ իմ վիշտը այս զբաղմունքով, տեսնենք, կհաջողի՞ թե ոչ։

— Անշուշտ կհաջողի, պետք է միայն արիությամբ աշխատել։

Օրիորդը չպատասխանեց, բայց ժպտաց և ապա սիրալիր մի հայացք ձգելով վրաս` հեռացավ։