«Էջ:Muratsan, vol. 6.djvu/368»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

13:27, 25 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Ջոֆիան։ Նա դուռը նորեն զգուշությամբ ետ դնելով շրջեց փականքը և մոտեցավ ինձ: Քայլերից արդեն երևում էր, որ նա հուզված է։ Երբ մոտեցավ ճրագին, ես զարմացա նրա դեմքի այլայլումը տեսնելով։ Նրա այտերը շիկնած էին, մինչդեռ երեսն ու քունքերը` գունատ։ Թվում էր թե նա վախեցած է մի բանից, կամ հենց նոր ազատված մի վերահաս վտանգից

— Ի՞նչ է պատահել ձեզ, Ջոֆիա, —հարցրի ես անհանգստությամբ։

— Ոչինչ, ոչինչ... Ես սանդուղքներով բարձրացա, այս նրանից է. շուտով կանցնի,— ասաց նա և նստեց մահճակալիս վրա այնպես մոտիկ` որ ես ոչ միայն նրա շնչառության շոշափն էի զգում դեմքիս վրա, այլև լսում էի սրտի բաբախումը։

— Բայց դուք շատ հուզված եք,— նկատեցի ես նորեն:

— Այդ նրանից է, որ ես շտապեցի մի վայրկյան առաջ ձեզ գրկել,— ասաց նա ժպտալով և իսկույն էլ առավ ինձ թևերի մեջ...։ Եվ նրա հուզումը գնալով սաստկացավ։ Այդ հուզո՞ւմը... Օ՜, դա կատարյալ դրախտ էր, երջանկության մարմնացումն-.Դա այն հուզումն էր, որ տիրում է կնոջ ամբողջ էությանը, երբ նա որոշում է մի ծանր ու դժվարին, հաճախ, իր կյանքի համար ճակատագրական քայլ անելու։ Ջոֆիան այդ քայլի վրա էր։ Նա մտել էր ինձ մոտ ոչ այլևս իբրև գթության քույր, այլ իբրև անժույժ սիրահար...նա եկել էր ինձ երջանկացնելու, ինձ իր անմեղության աոաջին ծաղիկը նվիրելու...

Նշանակված օրը ես ելա հիվանդանոցից բոլորովին առողջ, իսկ մի քանի օր հետո թողեց իր պաշտոնը Ջոֆիան, ինչպես որ խոստացել էր ինձ և փոխադրվեց իմ բնակարանը, որ ամեն հարմարություն ուներ երկու մտերիմ սրտերի գգվանքին ու սերը հետաքրքիր աչքերից ծածկելու։

Երիտասարդը լռեց։

— Վերջն ի՞նչ եղավ, ամուսնացա՞ր նրա հետ. հետաքրրքրվեց Սաբորինը։