«Էջ:Muratsan, vol. 6.djvu/161»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

20:54, 3 Հուլիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

թիւն», ուստի և երբեք խոստում չէ անում։ Բայց ուսանողն, հո գիտեք, անձնիշխան է ամեն դեպքում, հետևապես և կարող է նման հարցեր քննելու։ Անփորձությունն էլ, անշուշտ, մի արտոնություն է, որից մարդիկ երբեմն օգտվում են հաջողությամբ։ Եվ քիշ չէ պատահում, որ բախտն ավելի ժպտում է նրանց, որոնք գործում են առանց երկար մտածելու։
Ինչևէ, առաջադրյալ խնդրի մասին երկար խոսել ու վիճել էին ուսանողները, երբ նախագահը, որ մի առողջ, զվարթաձայն և կոպիտ արտաքինով երիտասարդ էր, ուժգին զանգահարելով ժողովականների ուշադրությունը հրավիրեց յուր վրա։
Դահլիճում լռություն տիրեց։
— Խնդիրը մենք քննեցինք ամեն կողմից,— ասաց նախագահը,— մինչև անգամ ավելորդ մանրամասնությունների մեջ մտանք. այժմ արդեն ժամանակ է ամփոփել մեր մտքերը, ձևակերպելով այսպես։
Քարտուղարն իսկույն լարեց ուշադրությունը նախագահի խոսքերը գրի առնելու համար։
— Մենք որդիք ու անդամներ ենք այնպիսի մի ազգի,— շարունակեց նախագահը,— որ ունի կարիքներ ու ցավեր։ Այդ ազգն իրավունքով սպասում է մեզ, յուր հարազատ որդիներին, որովհետև գիտե, որ մենք բարձր ուսում ու կրթություն ստանալով, ձեռք ենք բերում այն ուժը, որով պիտի կարենանք յուր կարիքները լցնել և ցավերը դարմանել։ Հետևապես, մեզ վրա դրվում է սրբազան պարտք՝ ի դերև չհանել սպասող ազգի հույսն ու ակնկալությունը։ Մեզանից յուրաքանչյուրը պիտի համարն իրեն մի պարտապան, որ ունի վճարելիք յուր պարտատիրոջ, այսինքն ազգին, ուստի և մտածե այդ պարտքը վճարելու եղանակի վրա, և վճարե սիրով, համարելով այդ պարտքը ո'չ թե բեռն ու ծանրություն, այլ յուր սրտին հանգիստ և հոգվույն հաճույք բերող մի գործ։ Մի երկու ամիս ևս և մենք կթողնենք այն տաճարները, որոնց հարկերի տակ մեր սրտերում ցանեցին գիտության ու բարվո, ճշմարտի և գեղեցկի լավագույն սերմերը, մի երկու ամիս ևս և մենք կրաժանվինք իրարից, ո՞վ դիտե, գուցե հա