«Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/592»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

12:22, 12 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է
ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Տեսարանը ներկայացնում է փողոց, որը կտրված է բարիկադով՝ կառուցված արկղներից, տակառներից, բարձերից, կոտրտված մահճակալի կտորներից և փայտերից: Բարիկադի ետևը կանգնած են Անդրեյը, Վասիլին և ուրիշ զինված բանվորներ: Ծխում են: Մի պատանի վազելով մտնում է՝ կռնատակին թռուցիկներով, մի քանի հատ նետում է. «Կեցցե՛ հեղափոխությունը» աղաղակում է, ցատկում է բարիկադի վրա, անցնում է մյուս կողմը և աղաղակելով կորչում: ՎԱՍԻԼԻ.— (Կարդում է թռուցիկը) Ամբողջ իշխանությունը բանվորների և զինվորների Խորհուրդներին — հաշտություն, հաց և հող։ Կեցցե՜ Խորհուրդների իշխանությունը։

ԱՆԴՐԵՅ.— Հրացանաձգությունը մոտենում է, կարող են այս կողմը թեքվել։

Ա. ԲԱՆՎՈՐ.— Եթե փախչում են, ուրիշ ելք չունեն, անպայման պետք է անցնեն այս փողոցով։

Բ. ԲԱՆՎՈՐ.— Մի 100 հոգու պետք է գետին փռել։

ԱՆԴՐԵՅ.— Փախչելիս կարող են անզեն լինել։

ՎԱՍԻԼԻ.— Եթե անզեն լինեն, չարժե ոչ մի կրակ բաց անել. թող անցնեն, կորչեն գնան։

Բ. ԲԱՆՎՈՐ.— Կզինվեն մի ուրիշ կետում։ Պետք է գետին փռել ինչքան կարելի է։ Ո՜ւյ, էդ սրիկաները։

ՎԱՍԻԼԻ.— (Ձեռքը դնելով Բ. բանվորի վրա) Ո՛չ, ընկեր, կարիք չկա կրակել անզեն մարդկանց վրա։ Բայց միայն մի բան՝ պետք է գերի բռնել և առանձնացնել։