«Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/600»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

11:47, 20 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

№ 62 բնակարանը մանրակրկիտ խուզարկության ենթարկել և ստուգել, ասում եմ ձեզ, այդ բնակարանը կասկածվում է որպես հակահեղափոխության կարևոր որջերից մեկը։ (Նստում է և սկսում գրել, ստորագրում, կնքում և տալիս է զինվորին) Անմիջապես գործի, ընկե՛ր, րոպեն անգամ թանկ է մեր պայքարի համար։

ԶԻՆՎՈՐ.— (ձեռքը խփելով սեղանին) Սատանան տանի։ (Գնում է: Զանգահարում են):

ԱՆԴՐԵՅ.— Հալլո՛։ Այո, կոմիսարն է։ Այս երեկո մի մասը կարող ենք տալ, առավոտյան էլ մյուս մասը։ Մենք աշխատում ենք ավելի հաց ձեռք բերել, քան շաքար, կարևորը հացն է։ Այո։ Ուրախ եմ, օգտագործեցեք ամեն մի զենք, ամեն մի րոպե, ամեն մի պատեհություն։ Ճիշտ է նրա ասածը, ավելի լավ է մտքով, երկաթյա տրամաբանությամբ գործել, քան զգացմունքով։ Ի՞նչ արած, թող դժոխք գնա։ Ձերբակալեցե՛ք անմիջապես։ Հեղափոխությունից ավելի թանկը չկա։ Լսեցեք, ընկե՛ր, մի՛ հակաճառեք, այսօր կարդացե՞լ եք ընկեր Լենինի ճառը Համառուսական ռազմական նավատորմիղի համագումարում՝ տպված «Իզվեստիայում».— «Մեզ վրա մեղադրանքների կարկուտ է թափվում, թե մենք տեռորով և բռնությամբ ենք գործում, բայց մենք անվրդով ենք այդ հարցումների հանդեպ. մենք ասում ենք՝ մենք անարխիստներ չենք, մենք կողմնակից ենք պետության։ Այո, կապիտալիստական պետությունը պետք է ոչնչանա։ Մեր նպատակն է նոր պետություն կառուցել՝ սոցիալիստական պետություն։ Այդ ուղղությամբ մենք անդուլ կաշխատենք, և ոչ մի խոչընդոտ չի կարող մեզ կանգնեցնել»։— Լսո՞ւմ ես, ընկե՛ր, և ոչ մի խոչընդոտ։ Անմիջապես ձերբակալեցեք, մենք դարեր դրանց հայհոյանքներն ենք լսել, ոչ մի արժեք չունի ներկայի արցունքը։ Լսում եմ. այո, կարող է պատահել. ոչ, ոչ, ասում եմ։ Սպասում եմ։ Այո, շտապ կարգով։

(Ներս է մտնում մի զինված բանվոր՝ առաջը գզած հուզված ինտելիգենտ մի մարդու: Մարդը անասելի երկյուղի մեջ է, ուզում է խոսել, բայց չի կարող:)