«Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/603»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

12:10, 20 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

և առանց հեռանալու։) Սատանան տանի, վախենում եմ ուշ լինի ամեն բան։ (Նորից հեռախոսը ձեռքն է առնում և ջղային) Տվեք Արտակարգ Հանձնաժողով։ (Ուշանում է:) Տվեք Արտակարգ Հանձնաժողով, անմիջապես։ Հալլո՛. Ալյոշա, խուզարկել տվի № 62-ը, տրված մատերիաները բոլորն էլ ճիշտ են. մեծ քանակությամբ ռռւմբերի պահեստ է գտնված, շտապ կարգով պահանջվում է 59 զինվոր, առանց րոպե ուշացնելու. վախենում եմ, որ հակահեղափոխական այդ որջը պաշտպանելու համար ընդհարումներ տեղի ունենան, տնեցիները փախել են, ոչ ոք չի բռնվել։ Այո՛, այո՛, անմիջապես ուղարկեցեք։ (Կախում է հեռախոսափողը, նստում է սեղանի առաջ, ձեռքը ուժգին խփում է սեղանին) Մի փոքրիկ անհոգություն, և ահա ծանր աշխատանքով ձեռք բերված բոլոր նվաճումները կարող են մի րոպեում զուր գնալ։

Մտնում Մարիաննան գթության քրոջ զգեստով:

ՄԱՐԻԱՆՆԱ.— Անդրյուշա, քանի օր է քեզ չեմ տեսել (վազում, գրկում է իր ամուսնուն և համբուրում):

ԱՆԴՐԵՅ.— Տանը եղե՞լ ես։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Երեկ տանն էի։

ԱՆԴՐԵՅ.— Շատ եմ զբաղված, Մարիաննա, սիրելիս, ներիր։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Ես էլ եմ զբաղված։ Միայն երեկ գիշեր տանը եղել եմ, այն էլ մի քանի ժամով, ես կարծում էի, որ դու եկել և գնացել ես։

ԱՆԴՐԵՅ.— Ոչ, սիրելիս, գրասենյակից դուրս չեմ եկել, այստեղ մի քիչ քնել եմ. ուրիշ ոչինչ. մատակարարման գործն ավելի դժվար է, քան կռվելը։ Ավելի լավ էր կռվում լինեի, քան այս գործում, դժվար է, պահանջները շատ են և մեր միջոցները՝ քիչ։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Անդրյուշա, պետք է տանել, շատ աշխատանք պետք է կատարել։ Ես այնքան ուրախ եմ, որ երկուսս էլ նվիրված ենք հեղափոխության գործին։ Ուրախ եմ, որ խնամում եմ հեղափոխության զինվորներին։

ԱՆԴՐԵՅ.— Ապրես, Մարիաննա, ես էլ քեզ հիմա հազարապատիկ ավելի եմ սիրում։ Կանայք էլ պետք է դառնան