«Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/604»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

12:16, 20 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

պետական և հասարակական գործիչներ, կանայք հո հավիտյան չպետք է մնան տանը իբրև կաթնատու մայրեր։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Ես կանեմ այն, ինչ ինձանից սպասվում է, և կարող եմ անել։

ԱՆԴՐԵՅ.— Ինչպե՞ս է ծերունի Վասիլին։

ՄԱՐԻԱՆՆԱ.— (Աչքերը լցվում են արցունքով) Անդրյուշա, խեղճ ծերունին չդիմացավ, մեռավ նա երեկ առավոտյան։

ԱՆԴՐԵՅ.— (Տխուր և ծանր տոնով) Մարիաննա, ծերունի Վասիլին 40 տարվա բանվոր էր. նա աշխատանքի հերոս էր, եղավ և հեղափոխության հերոս։ Ամբողջ 30 տարի նա հեղափոխական էր, այսօրվա հեղափոխական բանվորներից շատերը նրա աշակերտներն են։ Ես հիշում եմ, թե ինչպես նա մոտեցավ ինձ առաջին անգամ, բացատրեց մեր դասակարգի բոլոր հարցերը, և ես ինձ շղթայված զգացի նրա քարոզած գաղափարներով։ Նա հին մարդ էր, բայց միշտ թարմ, երիտասարդական ոգևորությամբ։ Հիշո՞ւմ ես վերջին գիշերը, երբ մենք մեկնեցինք մեր պոստերը, պատանու չափ կայտառ էր, աշխույժ և միաժամանակ՝ իմաստուն։ Մարիաննա, այս հրդեհը երկար կտևի, այս հրդեհը պետք է բռնի ամբողջ աշխարհը, որպեսզի մաքրի դարերի կեղտը։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Անդրյուշա, վերջին րոպեին մոտն էի, բռնեց ձեռքս, ուզեց սեղմել, բայց անուժ էր, նայեց աչքերիս մեջ. նայեց երկար և ասաց. «Լավ նայիր Անդրյուշային, նա լավ զինվոր է» և աչքերը փակեց (լաց է լինում)։

ԱՆԴՐԵՅ.— Մի լաց լինի, Մարիաննա. հեղափոխությունը դեռևս այդպիսի շատ զինվորներ պիտի կուլ տա. անողոք է կռիվը, դաժան, բայց այս կռիվը վերջնական է։

Մտնում է մի քաղաքացի:

ՄԱՐԻԱՆՆԱ.— Գնամ, Անդրյուշա, երկար ժամանակով հիվանդանոցից դռւրս չեմ եկել։ (Համբուրում է) Այս երեկո տուն արի, եթե կարող ես։

ԱՆԴՐԵՅ.— Լավ, եթե ժամանակ ունենամ։