«Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/473»–ի խմբագրումների տարբերություն

 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 17:53, 7 Հոկտեմբերի 2019-ի դրությամբ

Այս էջը սրբագրված է

տերինա II կայսրուհու 1779-ի նոյեմբերի 14-ի հրովարտակով նորահաստատ գաղութի բնակչությունը 10 տարով ազատվել է հարկերից, իրավունք ստացել ազատ առևտուր անելու Ռ-ում և նրա սահմաններից դուրս, զբաղվելու երկրագործությամբ (յուրաքանչյուր երկրագործի տրվել է 30 դեսյատին հող), հիմնելու գործարաններ, ֆաբրիկաներ: Վերապահվել է դավանանքի ազատություն, մայրենի լեզվով դատավարության իրավունք, որն իրագործվել է Աստրախանի հայոց դատաստանագրքով: Ի դեմս հայկական մագիստրատի, որը մարմնավորել է տեղի դատական, ոստիկանական և գործադիր իշխանության իրավունքները, նորահաստատ գաղութը ստացել է ինքնավարություն: Բացի մագիստրատից, 1795-ին հիմնվել է 24 մարդուց բաղկացած քաղաքային դումա: Գոյություն է ունեցել նաև քաղաքապետի պաշտոն: Հայկական գյուղերում հիմնվել են տանուտերերի ընտրովի պաշտոններ և 5 մարդուց կազմված ավագների խորհուրդ: 1811-ին հաստատվել է Նոր Նախիջևանի զինանշանը՝ հայերի աշխատասիրությունը խորհրդանշող մեղուների ու փեթակների պատկերով: Նոր Նախիջևանը կառուցվել է ռուս ճարտարապետ Ի. Ե. Ստարովի նախագծով: Այն ուներ ուղղաձիգ փողոցներ, կենտրոնում՝ հրապարակ, որի երկու կողմերում ձգվում էին խանութների և արհեստավորական գործատների շարքերը: XVIII դ. վերջին կառուցվել են Ս. Խաչ վանքը, Ս. Լուսավորիչ, Ս. Նիկողայոս, Ս. Թեոդորոս, Ս. Համբարձում, Ս. Գևորգ, Ս. Կարապետ եկեղեցիները, հիմնվել են դպրոցներ, սկսել է գործել Խալդարյան տպարանը:

Ինչպես Նոր Նախիջևանի, այնպես էլ հայկական գյուղերի հիմնադրման գործում հասարակական և ազգային կարևոր ներդրում են ունեցել Հովհաննես Լազարյանը և Հովսեփ արք. Արղությանը:'

Դոնի հայությունը զբաղվել է գյուղատնտեսությամբ (հացահատիկի մշակում, խաղողագործություն, ոչխարաբուծություն, շերամապահություն), արհեստագործությամբ (կաշեգործություն, ոսկերչություն, դարբնություն, պայտարություն, դերձակություն), արդյունաբերությամբ (ճարպի, բրդի, մետաքսի, աղյուսի, ծխախոտի արտադրություն) և առևտրով: Նոր Նախիջևանի հայ վաճառականները առևտուր են արել Ռոստովում, Նովոչերկակում, Տագանրոգում, Նիժնի Նովգորոդում, Ստավրոպոլում, Եկատերինոդարում և այլուր: Նրանք Ասիայի և Եվրոպայի մի շարք երկրներ են արտահանել ցորեն, ճարպ, բուրդ, յուղ, ձկնկիթ, ծխախոտ և այլ ապրանքներ: Խոշոր առևտրական էր Հարություն Խալիբյանը, որը քանիցս ընտրվել է քաղաքապետ: Նա միաժամանակ աչքի ընկնող հասարակական գործիչ էր: Այդուհանդերձ գաղութն իր ներփակ կյանքով հայ վաճառական-արդյունաբերողներին չի ընձեռել ազատ գործունեության հնարավորություն, և այդ պատճառով նրանք իրենց կապիտալները ներդրել են հարևան Ռոստովում և այլ քաղաքներում: XIX դ. կեսից Նոր Նախիջևանն աստիճանաբար իր առաջնակարգ դերը զիջել է ավելի արագ զարգացող Ռոստովին, իսկ XX դ. սկզբից փաստորեն նրա հետ կազմել է առևտրատնտեսական ու վարչական մի ամբողջություն: Նոր Նախիջևանը եղել է Նովոռուսիայի նշանավոր ու վաճառաշահ քաղաքներից մեկը, սակայն գաղութի բնակչության աճը դանդաղ է ընթացել: 1812-ին Նոր Նախիջևանն ունեցել է 8484, շրջակա հայկական գյուղերը՝ 2633 հայ բնակիչ, իսկ 1904-ին քաղաքը՝ 32 հզ., գյուղերը՝ 20 հզ. հայ բնակիչ: Տարեցտարի ավելանում էր արդյունաբերական ձեռնարկությունների թիվը: Ճանապարհորդները լինելով Նոր Նախիջևանում՝ իրենց օրագրերում հիացմունքով են հիշատակել տնտեսական և մշակութային վերելք ապրող քաղաքի մասին:

Քաղաքային և գյուղական կառավարման ազգային մարմինները Նոր Նախիջևանում պահպանվել են մինչև 1870-ական թթ.: Հայկական մագիստրատը վերացվել է 1870-ին, բայց քաղաքային դուման, որը կառավարել է քաղաքը (արդեն ռուսաստանյան օրենքներին համապատասխան), շարունակել է փաստորեն տնօրինել հայկական համայնքի գործերը (բարեգործական, ուսումնական, մշակութային):