«Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/390»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

08:22, 31 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

— Շատ լավ,— համաձայնվում է Փարիշանը և սկսում է մատը մի առ մի դնել բանալիների վրա, ասելով.— ահա այդ մեծ դռան բանալին է, այդ փոքր դռան բանալին է, այդ միջին դռան բանալին է, այդ դրսի դռան բանալին է, և մյուսներն էլ այդ կարգով:

— Ես տարա, ես տարա,— բացականչում է Ասկար ամին, ուրախությունից վեր-վեր թռչելով։— Ոչ մեկը չկարողացար գիտենալ։

— ինչպե՞ս չկարողացա, — պատասխանում է Փարիշանը չկոտրվելով.— ապա դու իմ սխալները ցույց տուր, տեսնեմ։

— Այս րոպեիս ցույց կտամ,— ասում է Ասկար ամին և սկսում է մի առ մի ցույց տալ, թե որ բանալին որ դռանն է պատկանում, մինչև հասնում է երկու բանալիի։— Դրանցից մեկը, ասում է, զենքերի պահեստի բանալին է, իսկ մյուսը` նրա բակի դռան բանալին է, Փարիշանը մտքումը նշանակում է այդ երկու բանալիները, իսկ ծերունին շարունակում է մնացածները ցույց տալ։

— Հիմա տեսա՞ր, որ տարված ես,— ասում է ծերունին դառնալով դեպի Փարիշանը.— հիմա տուր տարած գրազս։

— Ինչ տամ, իհարկե, դու կարող ես գիտենալ, իսկ ես չեմ կարող,— ասում է Փարիշանը, նրան ավելի գռգռելով։ — Քո բանալիներն են, քո ձեռքումն են մաշվել, ես ո՞րտեղից պիտի գիտենամ։

—Դե, լավ է, անաստված, մի տանջիր ինձ,— ասում է Ասկար ամին աղաչելով.— «խո տարել եմ, էլ ի՞նչ խոսք ունես։

Թե ուզում ես, այն տասը ոսկին էլ կտամ, որ խոստացա։

— Լավ, տուր,— ասում է Փարիշանը, ոչ թե ոսկիները ստանալու ցանկությունով, այլ որ մի առիթ դտնե նրան սենյակից հեռացնելու, որովհետև գիտեր, որ ոսկիները իր սանդուխանայում1 պահած ունի։

Ծերունու ընդունարանից մի այլ դուռ բացվում էր դեպի փոքրիկ սանդուխանան. նա մտնում է այնտեղ ոսկիները բերելու համար: Փարիշանը այդ միջոցին, օգուտ քաղելով նրա բացակայությունից, վեր Լ տոնում նշանակած բանալիները և թաքցնում իր գրպանում։ Երբ հայտնվում է ծերունին, ոսկիները բռնած ձեռքում, Փարիշանը ասում է նրան.

____________

11 Սանդուխանա նշանակում է պահեստի տեղ, ուր առհասարակ պահում են սնդուկներ, թանկագին իրեղեններ։