«Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/447»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

08:15, 1 Նոյեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Չարխ էէ՜, գիշեր-ցերեկ պտույտ է գալիս, մեկին բարձրացնում է, մյուսին տակովն է անում։ (Հազում է):

ԱՐՏԱՇԵՍ. Այդ ի՞նչ է պատահել քեզ, այսօր հանելուկներով ես խոսում։
ՊԵՏՐՈՍ. Հանելուկին մեջ թաղված իմաստությունը պիտի հասկանալ, թե առակս զինչ ցուցանե։
ԱՐՏԱՇԵՍ. Պետրոս։
ՊԵՏՐՈՍ. Հը՞ը ասելու բան ունես՝ ասա։
ԱՐՏԱՇԵՍ. Ես քեզ մի տեսակ փոխված եմ տեսնում:
ՊԵՏՐՈՍ. Փոփոխություններ կան, որ հասկանալ չես կարող, ինչքան էլ խելքիդ զոռ տաս։ (Մեկուսի): Որ հասկանաս, կտրաքես նախանձից։
ԱՐՏԱՇԵՍ. (Կողմ): Կարծես փեսայիս ուղեղը մթնում է ծերությունից։ (Բարձր): Պետրոս, երա՞զ ես տեսել։
ՊԵՏՐՈՍ. (Տաքանալով): Երազ չէ, ա մարդ, իսկություն է, իսկություն։
ԱՐՏԱՇԵՍ. Դե ասա տեսնենք, այդ ի՞նչ իսկություն է։
ՊԵՏՐՈՍ. Խե՞ պիտի ասեմ, որ պարալիչ ստանա՞ս։ (Երաժշտության եղանակով զանազան շարժումներ է անում, մատները զարկելով սեղանին):
ԱՐՏԱՇԵՍ. (Կողմ): Տեր ողորմած աստված, այս մարդը ճշմարտապես ցնդվել է։ (Բարձր): Պետրո՛ս, Պետրո՛ս, այդ ի՞նչ ես անում։
ՊԵՏՐՈՍ. Մտքումս երգ եմ ասում. էդ մուզիկն էլ էսօր իմ քեփովն է, տայ տրա, տայ տա, տայ տա տա։ Ամերիկա, Ամերիկա, դոլլար, դոլլար, դոլլար... ԱՐՏԱՇԵՍ. Հաա՜, հիմա հասկացա, դու չքնած երազում ես, որ հանքերդ ծախել ես ու դոլլարներ ես համրում։
ՊԵՏՐՈՍ. Ադա, խե՞ չես մի բան խմում։ Դե ասա, հրամայիր, լիկյոռ, բենեդիկտին, չարտռյոզ, ինչ որ քեփդ է։ (Բարձր): Ադա, չալավեկ։
ԱՐՏԱՇԵՍ. (Սպասավորին): Donnez-moi un cafe nature.
ՍՊԱՍԱՎՈՐ. (Բերում է մի գավաթ սև սուրճ): (Մյուս սեղանի քով)
ՇՊՈԻԼԵՆԿՈ. (Բոլորովին հարբել է): Գրիշա...