«Տաղ ձոնված գրքերին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Վերնագիր|title=Տաղ ձոնված գրքերին|section=|previous=Տաղ հիվանդների համար |next=Տաղ ձոնված մանրանկարիչներ...»:
(Տարբերություն չկա)

12:06, 5 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Տաղ հիվանդների համար Տաղ ձոնված գրքերին

Եղիշե Չարենց

Տաղ ձոնված մանրանկարիչներին

[ 376 ]

ՏԱՂ՝ ՁՈՆՎԱԾ ԳՐՔԵՐԻՆ


Օ՜, գրքերի աշխարհը — տիեզերք է անեզր։—

Արևների նման բազմապիսի,
Ե՛վ աստղերի նման, և՛ շողերի —
Ես սիրում եմ գրքերը, որ աշխարհի մասին

Բարբառում են անձուկ ու մտերիմ։
Տարփանքով, ինչպես պատանին,
Որ սիրում է իր լույս ընկերուհուն փարվել —
Ես սիրում եմ գրքերը թե՛ նոր, թե՛ հին,
Թե արվեստով գրված, թե անարվեստ։

Բայց և կամքով անշեղ, ինչպես ղեկավարը,
Ինչպես ա՛յրն է հասուն ձգտում սիրած գործին,—
Ես սիրում եմ գրքերի աշխարհը
Իմ խոհերի վսեմ այրուձին։—

Նրանք շա՜տ են ու բազմապիսի, տարբեր ու

գունագեղ,

Ծնված զանազան դարերում ու երկրներում,
Յուրաքանչյուրը բերում է մի առանձի՛ն պարգև.
Յուրաքանչյո՛ւրն իր մեջ մի աշխարհ է կրում։—
Մեր կյանքի երկար ճանապարհին
Հանդիպում են նրանք հետզհետե,

Եվ դառնում են ընկեր ու մտերիմ,
Կամ մնում են անցած տարիների ետևը։
Ուղեկից են դառնում մինչև ի մահ

[ 377 ]

Մի քանիսը միայն` անդավաճան հավետ,—
Եվ այնպիսի՛ գրքեր կան, որ չարքերի նման

Հալածում են մեզ մինչև վե՛րջ։
Գրքեր կան, որ կյանքում մի ակընթա՛րթ միայն
Մեզ ժպտալով՝ անցնում են ու կորչում,
Բայց նրանցից մնում է մեր սրտերում մի բան,
Որ տարինե՜ր ենք մենք անրջում։

Գրքեր կան, որ խոժոռ են ու խստադեմ,
Ինչպես ուսուցիչը, կամ առաջնորդը,—
Եվ այնպիսի՛ գրքեր ես գիտեմ,
Որ համրերի նման անհաղո՛րդ են։
Աղջիկների նման սեթևեթ

կան կարկաչուն գրքեր, որ հանդիպում են մեզ,
Հրապուրում, գերում — և մոռացվում հավետ...

Օ՜, գրքերի աշխարհը — տիեզերք է անեզր։—

Նրանք շա՜տ են ու բազմապիսի,
Յուրաքանչյուրն իր մեջ մի աշխարհ է ուրույն,

Եվ պատմում են նրանք մեզ աշխարհի մասին
Խոսքերով անկրկնելի և անագորույն։—
Կան անզգեստ գրքեր, կան պճնազարդ
Ֆոլիանտներ, որոնք սնամեջ են, ինչպես
Ասորական արքա Բալթասարը,

Որ պճնում էր իրեն պչրուհու պե՛ս։
Եվ անարվեստ գրքեր կան, որ բնության նման
Խառնիխուռն են թվում, խառնիճաղանջ,
Բայց գերում են, կապում մինչև ի մահ,
Եթե անխոնջ ոգով և տքնությամբ ջանաս

Խորասուզվել, բանալ գաղտնիքները նոցա,
Նոցա ներքին դաշնությունն հասկանալ,—
Այդ գրքերը խոհի ամրոցներ են գոցած,
Եվ կբացվեն քո դեմ, եթե լինես անահ։—

[ 378 ]

Գրքեր կան, որ դրսից նման են հոյաշեն

Դղյակների, սակայն ներս ես մտնում դու երբ —
Գաղջ՝ շնչում է դեմքիդ ամայության փոշին
Եվ սեղմում է կոկորդդ մի մեռյալ ձե՛ռք։
Անտառների նման գրքեր կան թանձր ու մութ,
Կան օվկիանի՜ նման անհուն գրքեր,

Կան զեփյուռի նման, նման քամո՜ւ.
Կան, որ գգվում են մեզ, ինչպես ձեռքեր։—
Ե՛վ սրինգի ձայնով, և՛ շեփորի,
Ե՛վ որոտի ձայնով կան գրքեր,
Եվ կան անձա՜յն գրքեր, որ լռին

Սրսկում են մեր սիրտը եղերական կրքեր...
Օ՜, գրքերի աշխարհը — տիեզերք է անեզր։—
Ես սիրում եմ նրանց բազմախորհուրդ
Այս ինքնությունը դաշն, անկրկնելի,
Նրանց միջև եղած տարբերությունն այս խոր,—
{{տող|70}Եվ բոլո՛րն են նրանք ինձ սիրելի։
Արեգակի բոլո՛ր երանգների նման,
Տիեզերքի նման բազմալեզու —
Ես սիրում եմ նրանց երփներանգ
Այս հուրերը կիզուն

Եվ բնության բոլո՛ր ձայների,
Եվ մարդկային կյանքի բուրմունքների բոլոր
Այս ճառագո՛ւմն եմ ես սիրում վերին,
Այս բու՛յլը մշտահոլով։
Եվ այս ամենը՝ մեծ մի դաշնություն կազմած

Կազմած ուրույն մի կյանք, մի ինքնամփոփ

աշխարհ

Մեր տների փայտյա դարակներում բազմած՝
Ապրում են լո՜ւռ կյանքով և կենդանի են հար։

[ 379 ]

Ես սիրում եմ նրանց լաբիրինթոսն այս լուռ,
Երանգների՜, գույնի՜ շռայլությունն այս մեծ,

Ինձ սիրելի է միշտ բազմազեղումն այս խոր․․․

Օ՜, գրքերի աշխարհը — տիեզե՜րք է անեզր։—