«Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/502»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

09:11, 10 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

- Եթե ինձ դժոխքն էլ ուղարկելու լինեք, դարձյալ պատրաստ եմ ձեր հրամանը կատարելու։ — Ես ձեզ դժոխքը չեմ ուղարկի, դուք լավ մարդ եք,— պատասխանեց մելիքը ժպտելով։

— Ես ձեզ պիտի ուղարկեմ Թորոս իշխանի մոտ։

— Թորո՞ս իշխանի մոտ, թող օրհնյալ լինի նրա ծնունդը, շատ քրիստոնյա մարդ է։ Նրա հանգուցյալ հայրն էլ օրինավոր մարդ էր, ամեն անգամ, երբ կտեսներ ինձ, կասեր. «Տերտեր, քեֆդ ո՞նց է»։ Հանգուցյալը շատ բարեհոգի էր։

— Ավելի լավ, որ ճանաչում եք,— ասաց մելիքը։— Այդ խաչն ու Ավետարանն էլ պիտի ձեզ հետ տանեք։

— Կտանեմ, որդի, եթե հարկավոր է, ինչո՞ւ չպիտի տանեմ:

— Հիմա ինձ տվեցեք խաչն ու Ավետարանը։ Քահանան կատարեց նրա հրամանը։

— Հիմա նայեցեք, ինչ եմ անում ես, հետո դրա խորհուրդը կբացատրեմ ձեզ։

Քահանան աչքերը լայն բացելով, սկսեց հետաքրքրությամբ նայել։ Մելիքը վեր առեց իր մի քանի րոպե առաջ պատրաստած նամակը, դրեց Ավետարանի մեջ, ասելով.

— Տեսնո՞ւմ եք, այդ նամակը որտեղ եմ դնում։

— Տեսնում եմ, ինչպե՞ս չեմ տեսնում, ուղիղ Մարկոսի Ավետարանի երկրորդ գլխի մեջ։

— Այդպես է,— ասաց մելիքը, սուրբ դիրքը ծալելով։ Հետո նա վեր առեց մի մաքուր մետաքսյա թաշկինակ, փռեց գորգի վրա, նախ Ավետարանը դրեց նրա վրա, հետո խաչը դրեց Ավետարանի վրա, և երկուսը միասին ծրարի ձևով փաթաթեց թաշկինակի մեջ։ Երբ այդ գործողությունը վերջացավ, նա թաշկինակի ճոթերը կնքեց մոմով։ Քահանան զարմացած նայում էր։

— Հիմա կբացատրեմ ձեզ, տեր հայր, թե ինչու այդպես արեցի,— դարձավ դեպի նրան մելիքը։— Այդ խաչն ու Ավետարանը, այսպես կնքած, իմ նամակի հետ կտանեք Թորոս իշխանի մոտ, և իմ կողմից կհավատացնեք նրան, որ բոլորը, ինչ որ գրված է իմ նամակի մեջ, նույնպես անկեղծ են և հավատարմության արժանի, որպես այդ սուրբ Ավետարանի խոսքերը։ Եվ որպեսզի Նա կասկածանքով չընդունե ձեր վկայությունը, ես քրիստոնեական հավատով կրկին համբուրում եմ այդ սուրբ խաչն ու Ավետարանը, և ձեր աչքի առջև երդվում եմ իմ նամակի անկեղծության մասին։