«Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/506»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

09:32, 10 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Հետո բռնեցի՞ն...— հարցրեց տերտերը դողալով։

— Աստված ազատեց։ Մինչև ամրոցի դռները խորտակելը, մինչև նրանց ներս մտնելը, մելիքը ձորի կողմի աշտարակից պարանով ցած իջավ, մտավ թուփերի մեջ և անհայտացավ։ Էլ չկարողացան գտնել։

Տերտերը աչքերը դեպի երկինք դարձնելով, երեսը խաչակնքեց, ասելով.

— Փա՜ռք քեզ, աստված, փա՜ռք:

Գզիրը նույնպես հետևեց տեր հոր օրինակին, գտակը վեր առեց, և քեչալ գլուխը բաց անելով, միևնույն խոսքերը կրկնեց։ Հետո հարցրեց Վանի ապերից.

— Հիմա դու ո՞ւր ես այսպես շտապով գնում։

— Գնում եմ Չափնիս գյուղը, մելիքի որդի Մկրտումը այնտեղ է, գնում եմ նրան իմացում տալու, որ թաքնվի, խանի մարդիկը նրան էլ են պտռում։

— Ինչո՞ւ համար, ի՞նչ հանցանք ունեն,— հարցրեց ապշած քահանան։

— Ո՞վ է իմանում։ Մելիքի տան բոլոր դռները կնքեցին, ասում են, ինչ որ ունե, չունե, բոլորը պետք է «խանլդ» դարձնեն: Թող աստված անիրավի պատիժը տա և մեզ ողորմություն անե...

Վերջին խոսքերը արտասանեց նա արտասվելով, հետո դարձավ դեպի Չափնիս գյուղի կողմը, սկսեց առաջվա նման վազել: Քանի րոպեից հետո ծածկվեցավ ծառերի հետքում։

Տերտերը և գզիրը շվարած կերպով նայում էին միմյանց երեսին, չգիտեին շարունակե՞լ իրանց ճանապարհը, թե՞ ետ դառնալ։

— Պետք է գնալ,— ասաց գզիրը,— այդ նամակը առանց ուշացնելու պետք է տեղ հասցնել։ Կարելի է մելիքը այդ բոլոր դժբախտությունները նախատեսում էր, և հենց դրանց մասին էլ գրած լինի իր նամակը:

— Պետք է նամակը հասցնել,— մեքենաբար կրկնեց տերտերը և քշեց իր ձին:

ԼԱ

Ընդունելով մելիք Ֆրանգյուլի նամակը, Թորոս իշխանը քահանայից հարկավոր հարցուփորձը անեյուց հետո, հրամայեց նրան և գզիրին պահել մի առանձին վրանում, մինչև ինքը իր զարապետների