«Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/101»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

09:41, 21 փետրվարի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

մեզ հանդիպում է տեսուչը, հոգաբարձուի փոխարեն անվերջ շնորհակալություն է հայտնում վարքի և ուսման համար։

Մեկ էլ այն, մայրիկ ջան, որ մենք համալսարանի հաշվին չենք։ Կայսերն իր սեփական միջոցներից յուրաքանչյուրիս համար համալսարանին տալիս է քսան մեկ թուման։

Ահա, մայրիկ ջան, այսպես հասկացեք մեր պատիվը:

Մայրիկ ջան, մի բանի վրա շատ ծիծաղեցրիք Ձեր նամակով: Երանի իմանամ, թե Կայթմազովի մասին ո՞վ Ձեզ այդպիսի լուր հասցրեց քաղաք: Ավագ Կայթմազովը երրորդ կուրսումն է, իսկ կրտսերը` առաջին: Երկուսն էլ այստեղ` համալսարանումն են։ Ի՜նչ կայսեր պալատ, ի՜նչ փլավ, ի՜նչ չլավ։ Ո՞վ ասեց Ձեզ։ Սակայն Թիֆլիսի կանանց բանը ես գիտեմ։ Այս էլ չլինի, թե Շարոևը կայսեր մոտ է լինում։

Այժմ սիրով բարևս եմ հաղորդում Ձեզ, Ձեր ձեռքն ու կուրծքը համբուրելով։ Սիրով բարևեք տեր-Օհանեսին, պապին, մորաքրոջը, Միկոյին, Իվան Վասիլիչին (հո չեմ սխալվում. հորաքրոջանց Հովանեի մասին է խոսքս), Մելքո Ստեփանիչին և բոլորին, ինչպես և Թինային, Բասիկելին, Անդրիային։

Ձեր եղբայր` Գաբրիել

Սիրելի Յագոր Զախարիչ

Ձեր աղոթքն ու օրհնությունը ստացա։ Այն սրբերի զորությունը լինի Ձեզ, Ձեր ընտանիքի, Թոմկայի և Ձեր բոլորի վրա։ Սակայն ներողամիտ եղեք, որ այս անգամ չկարողացա Ձեզ առանձին նամակ գրել։

Ձեր եղբայր` Գաբրիել

Եղբայր Ղաղո ջան.

Երանի իմանամ, թե ի՞նչ հանցանք եմ գործել, որ այս նամակում Ձեր բարևին չարժանացրիք։ Չգիտեմ, գրողն է մոռացել, թե Ձեր կամքն է եղել։ Գուցե բարկացել եք, որ Ձեզանից թառ եմ խնդրել: Հավատացեք, որ Ձեր խոսքերն էի հիշում («ծտի ձու վուր ուզիս, կու ղրգիմ»), դրա համարձակվեցի, թե չէ` չէի անհանգստացնի, «թե չէ քու կամքն է»:

Ահա շուտով քննություններս կավարտեմ և չգիտեմ, թե համալսարանում ինչպես պիտի անցկացնեմ այս երեք ամիսը այս շոգերին։ Վալլա, որ շատ շոգ է: Արաբերեն է ասված: