«Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/384»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

16:31, 1 Մայիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Գազաններն էլ իրանց բների, որջերի պատրաստությունն են տեսնում։ Որը հին որջն է նորոգում, որր նորն է փորում, կամ մի հարմար ծառի խոռոչ ու քարայր որոնում։

Մի կողմից աշունքը շարունակում է իր փողը փչել՝ օրեցօր ավելի սաստիկ, ավելի ցուրտ։ Դաշտերում եղյամն է դնում, սարերի գլխին՝ ձյուն, որ մարդիկ ձմեռվան պատկերը տեսնեն և ավելի շտապեն։ Առաջ հորդ անձրևներ են գալիս, գետերը վարարում, հետո գալիս են մանրամաղ անձրևներ, որոնք ծծվում են ամեն բանի մեջ և մինչև ներքին խավերն են անցնում։ Այդ տեսակ անձրևներից թեպետ կաթում են հողածածկ տները, բայց դրանք շատ օգտակար են նոր ցանած սերմերին։

Աշնանային օրերը քանի գնում, կարճանում և ցրտում են — գարնանային օրերի հակառակ, որոնք քանի գնում, երկարանում և տաքանում են — մինչև հասնում է ձմեռը և սար ու ձոր ձյունով ծածկում։

Աշնանային ամիսներն են — սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր։

1884

ԱՅԳԵՔԱՂ

Սուրբ Խաչի պասից մեկ կամ երկու շաբաթ էր անցել: Լավ չէ միտս, որովհետև ես այդ ժամանակ դեռ երեխա էի։

Մեկ երեկո հայրս եկավ այգուցը՝ խաղողով ու դեղձով լիքը մի քաղլակ ձեռին, տվավ մորս, թե՝ տուր երեխաներին, հետո ավելացրեց.

— Խաղողը ձեռքից գնում է, չորս կողմի այգիքը քաղել են, միայն մերն է մնացել մեջտեղ լիքը: Ով ասես՝ ներս է մտնում։ Այգեպանն էլ դողցնում է, խեղճը չի կարողանում գողերի հախիցը գալ։ Անցյալ գիշերը չոբանները մտել են, ինչքան պոկել, տարել են, տասն այնքան էլ կոտրտել, փչացրել են։ Կարմիր խնձորին որ տեսնես, կասես արջեր են վրան կռիվս տվել, այնպես են կոտրտել բոլոր ճղները։ Իծապտկի կարգումը էլ մի ճութ խաղող չես գտնիլ, այնպես են սրբել, տարել: