«Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/387»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

18:22, 4 Մայիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

կրակ արին, պղնձները վրան դրին, շամփուրները շարեցին, գցեցին, որ նախաճաշիկի համար խորոված անեն։ Հետո մի-մի թաս արաղ խմեցին, մի-մի թիքա խորոված, մի-մի պատառ կաթնահունց կերան և սկսեցին իրանց գործը։

Մեծերը՝ մի-մի քաղելակ վազան տակը դրած, սուր դանակները ձեռքերին՝ կտրում էին խաղողի հասած ճութերը և գցում մեջը. փոքրերը այդ քաղլակները տանում էին մեծ կթոցներն ածում, իսկ երիտասարդները կթոցները շալակում էին տանում ածում կիսատակառի վրայի չանը։

Ամբողջ այգին իր կյանքից զրկվելիս մի նոր կյանք էր ստացել։ Ձայն էր, որ լսվում էր ամեն մի թուփի տակից, ամեն մի ծառի վրայից։ Մեկը կանչում էր.— Կթոցը լցվե՜լ է, եկեք տարե՜ք, մյուսը բղավում էր.— քաղլակները լցվել ե՜ն, շուտ արեք, կթոցը բերե՜ք։

Մանր երեխեքը փոքրիկ թռչունների պես անդադար դես ու դեն էին ընկնում, ամեն ճութից մի հատիկ պոկում, համը տեսնում, և որովհետև էլ ոչ ախորժակ ունեին և ոչ փորներումը տեղ, մյուս մրգեղենների ծառերի վրա էին մագլցում, կերածը մարսում, նրանց համն էլ տեսնում։ Մեկը բարձրանում էր խնձորենու վրա, մյուսը՝ սերկևիլի, երրորդը՝ տանձի, ավելի ճարպիկները բարձրանում էին ընկուզենու վրա և կապկի պես ճղնեճյուղն ոստոստալով՝ ուզում էին միմյանց բռնել։

Բարեսիրտ պտուղները ամենքն էլ ժպտում էին տղայոց երեսին, ամենքն էլ ձեռով անում, կանչում երեխաներին, երբեմն էլ, կարծես գիտությամբ, տերևների տակին թաք էին կենում, մեկ էլ հանկարծ երեսները բաց անում, երեխաներին «ծյուկ» անում։

Ճաշի ժամանակը հասավ։ Ամենքն էլ հավաքվեցին մեծ ընկուզենու տակը, հացը, խաշլամեն փռեցին կանաչ խոտի վրա և երկարումեկ բոլորվեցին նրա շուրջը։ Բայց ո՞վ ուներ ախորժակ հաց ուտելու։ Ծիծաղ, խնդություն, զվարթություն, հանաքներ անել — այս էր նրանց ճաշը։

Ճաշից հետո էլի մի քիչ քաղեցին և երեկոյին բոլոր քաղվորները մի-մի քաղլակ խաղողով լցրին, իրանց հետ տարան։