«Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/389»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

18:45, 4 Մայիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է
ԹՈՒԹԱԿՆ ՈԻ ՍՈԽԱԿԸ

Մի թութակ տան մեջ այնքան ճղղաց, շվշվաց, որ տանուտերը դուրս անել տվավ նրան:

Թութակի ինքնասիրությանը դիպավ այս բանը, և նա սկսեց գանգատվիլ սոխակին, որ եկել էր նրան տեսնելու։

— Աչքիս լույս,— ասաց թութակը սոխակին,— ես լսել եմ, որ դու լավ վարպետ ես երաժշտության մեջ, խնդրեմ լսես իմ երգերը և ասես ինձ, թե ինչ պակասություն կա նրանց մեջ, որ իմ տիրոջը չեն դուր գալիս։ Նա շատ սիրով լսում է արտույտին ու ծիծեռնակին, որոնց երգածը մկան ծվծվոցի է նման, բայց հենց որ ես եմ երգում և իմ բոլոր ճարտարությունը ցույց տալիս, իսկույն հրամայում է, որ ինձ հեռացնեն։

— Շատ լավ,— ասաց սոխակը,— երգիր, տեսնեմ ինչպե՞ս ես երգում։ Ես ուրախությամբ կլսեմ քեզ պես սիրուն թռչունի երգը։

Թութակն սկսեց իր բոլոր ճարտասանությունը թափել.— հավի պես կչկչաց, շան պես հաչեց, կատվի պես մլավեց, մի խոսքով՝ կրկնեց իր բերան արած բոլոր բառերն ու երգերը։

— Ալժմ, սիրելիս,— ասաց նա սոխակին,— խնդրեմ ասես, դա լսած կա՜ս մի այսպիսի բան երբևիցե։

— Սիրուն թութակ,— պատասխանեց սոխակը,— դու ինձ կներե՞ս, եթե ես քեզ մի համեստ նկատողություն անեմ։ Դու երգում ես ուրիշների նման, ուրիշների ձայնով, ուրիշի երգեր ես երգում։ Եթե դու ունենաս քո սեփական երգը, էլ քեզ տանից դուրս չեն անիլ։

1884

ԵՐԿՈՒ ԱՅԾ

Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի գետակի վրա։

Երկուսը մի անգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով, պետք է նրանցից մեկը ետ կանգներ և մյուսին ճանապարհ տար։

— Դու ետ գնա, որ ես անց կենամ,— ասաց մեկը։