«Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/392»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

15:52, 10 Մայիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ջվալ էլ աման-չամանով լցնում, բարձում, ես էլ մեջին նստում էի և ճանապարհ էինք ընկնում դեպի սար։ Նա ինձանից լավ էր իմանում ճանապարհը և լավ էլ հասկանում էր, թե ուր են ուղարկում։ Շատ գոմեշներ առուների ու ցեխոտ լճակների մոտով անցնելիս, արևի շողից և ճանճ բոռից նեղանալով՝ ընկնում էին գյոլերի մեջ և ցեխի մեջ թավալվելով՝ բեռներն ապականում էին և մեջի ամանները կոտրատում։ Դուրսունս նրանց օրինակին չէր հետևում։ Նայում էր նրանց և գլուխը շարժում, որով պախարակում էր նրանց արարմունքը։ Անտառ մտած ժամանակն էլ՝ շատ գոմեշներ ծառերին էին քսվում, ցածրացած ճղների տակովն էին անցնում, որ իրենց բեռներից ազատվին, բայց Դուրսունը այդպես բան չէր անում, թեև խորամանկության գալով՝ նա կարող էր ամենին դաս տալ։ Երևի նրանք մի ոխ ունեին իրենց տերերի դեմ, բայց մեր Դուրսունը այդպիսի պատճառ չուներ, քանի որ նա մեր ամենիս սիրելին էր և ամենքիցս փայփայված։ Հայրս նրան ճանապարհ ձգելով՝ ասում էր. «Տե՛ս, Դուրսուն, քեզ եմ պահ տալիս այս բեռն էլ, այս երեխեն էլ, պիտի անվտանգ տեղ հասցնես»։— Վույի՜, պատասխանում էր Դուրսունը և իր խոստումը կատարում ամենայն հավատարմությունով։ Նա գլուխը քաշ գցած բոլոր ձիավորների առջևն էր գնում, այնքան արագաքայլ էր, թեև մասամբ էլ նրանից էր այդ, որ ինքը մեզանից շատ էր ցանկանում ժամ առաջ հով ու զով սարերն ընկնել ու ազատվել ճանճ ու մժեղից։

3

Դուրսունը իբրև պահապան։ Գոմեշները առհասարակ գայլերից երկյուղ չունին։ Գայլերը գիտեն, որ գոմեշներն իրենց ժանիքի բանը չեն, և այդ պատճառով նրանց մոտենալ չեն հանդգնում։ Այդ բանը գիտեն և տավարները, այդ պատճառով գոմեշների մոտ իրենց միշտ ապահով են զգում։ Դուրսունը իբրև պահապան և պաշտպան տավարների՝ շատ գոմեշների գերազանցում էր յուր ասպետական քաջագործությունովը։ Գայլերի հարձակումներից նա ոչ միայն այն ժամանակն էր պաշտպանում տավարներին, երբ որ նրանց