«Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/154»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

07:19, 25 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

տեսարանը, որ մի քանի րոպե առաջ կատարվեք փողոցում և որտեղ ինքը գլխավոր դերակատարն էր։ այժմ նրան երազ էր թվում։ Նա չէր կարողանում պարզ հասկանալ կամ երևակայել, ինչ էր պատահել և ի՛նչու համար ինքը կրկին գինետանն է գտնվում։ Ընկերների խաբեբայությունը և անազնվությամբ դավաճանելով փախչելը, անվայել ու կեղտոտ հիշոցները, որ ինքն ուղղեց նորապսակներին, Ռուստամի հաղթությունը, Սուսանի գլուխը խոնարհած յուր ճակատագրին հնազանդվելը,— այս բոլորը, իրարու խառնվելով, անթափանցելի քաոս էին գոյացրել անարգված և ստորացած պատանու գլխում։ ճնշված, հաղթված, ոչնչացած այդ մտքերի ծանրության տակ, նա թավալվել էր և ուժ չուներ յուր տեղից շարժվելու, ինչպես յուր շուրջը ընկած դատարկ գինետկերից մեկը։

Այդ դրության մեջ էր Սեյրանը, երբ գինետան դռները բացվեցին, ներս թռավ Սմբատը։ Նա բարձրացրեց աչքերի ծանրացած կոպերը։

Սմբատը թախանձանքով խնդրեց գինեվաճառին մի փոքր ջուր։ Գինեվաճառը շտապեց կատարելու նրա խնդիրը: Երբ Սեյրանի հայացքն ընկավ Սմբատի երեսին, կարծես էլեկտրական թելի ծայր կպավ նրա մարմնին։ Մի վայրկյանում նա ուժի գալով, բարձրացավ տեղից։ Սմբատն ևս յուր կողմից նկատեց նրան։ Մի քանի վայրկյան երկու նախկին ընկերները իրարու երեսին մտիկ արին, ամեն մեկը, կարծես, սպասելով ինչ պիտի ասե մյուսը։

— ԷԷ՜յ... շշո՛ւուն...շ...— սկսեց Սեյրանը, բայց, չկարողանալով արտասանել ուզած խոսքերը, գլուխը կրծքին թեքեց և բերանից դուրս թափեց գինու փրփուրը։ Սմբատի դեմքով սահեց մի ժպիտ, որ արտահայտում էր կես զզվանք, կես խղճահարություն դեպի յուր ընկած ընկերը։

— Ա՛դդա, գըգըլուխդ կփշրեմ,— դարձյալ թոթովեր Սեյրանը և, աջ ձեռի բռունցքը սեղմելով, կամեցավ առաջ շարժվել, չկարողացավ։

Սմբատն այս շարժումից հասկացավ նրա միտքը։ Սակայն ինքը տեղից անգամ չշարժվեց։ Սեյրանը կրկին մի քանի