«Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/156»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

08:30, 25 Հուլիսի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Գինեվաճառը բղավելով մեջ ընկավ, որ նրանց բաժանի: Սեյրանը Սմբատի ճանկերում նման էր քաղցած կատվի թաթերում ընկած չնչին մկան։ Նա շնչասպառ, մեջքից ծռվեց և թուլացած երկու ձեռներով քարշ ընկավ Սմբատի մազերից։

— Հետ Լղիր թքածդ, ասա — մեղա աստուծո, թե չէ, քրիստոսը վկա, հոգիդ այս րոպեին սատանաներին կշպրտեմ,— գոռում էր Սմբատը, մատներով Սեյրանի վիզը շզթայած և անդադար թափահարելով նրա գլուխը։

Սեյրանում խոսելու ուժ չէր մնացել։ Նրա լեզուն դուրս էր ընկել, կարմրած աչքերը չռվել էին, կարծես, քիչ էր մնում, որ դուրս պրծնեին։

— Այ աղբեր, դա ինչ կրակ էր, որի մեջ գցեցիր ինձ։ Ձեռ քաշիր, աստված սիրես, ինչ ես սպանում խեղճ տղին,— բացականչում էր գինեվաճառը, աշխատելով Սմբատի ձեռները հեռացնել Սեյրանի կոկորդից։

— Բաց եմ թողնում, գնա՛, ազատում եմ, առանց այդ ևս դու փչացել ես, թող զուր ձեռներս չկեղտոտեմ,— ասաց Սմբատը և, բաց թողնելով Սեյրանին, երկու ձեռներով հետ հրեց նրան։

Սեյրանը հետ ու հետ գնալով թավալվեց պատի տակ, ինչպես ուժեղ ձեռքից արձակված մի բրդյա գնդակ։ Նա կրկին կամեցավ բարձրանալ, բայց այս անգամ Սմբատն ուշադրություն չդարձրավ նրա վրա, և ջրի կուլան վերցնելով, շտապով դուրս գնաց։

VII

Մինչ Սմբատի հասնելը, Սուսանին արդեն ուշքի էին բերել։ Զուռնան կրկին սկսեց փչել, և հանդեսը առաջվա կարգով շարժվեց առաջ։ Քառորդ ժամից հետո հասան Ռուստամի տուն և ծանր քայլերով մտան բակը։ Այստեղ նորապսակների դեմ դարս թափվեց կանանց և տղամարդկանց մի ուրիշ խումբ, որի գլխին կանգնած էր Սանամը մետաքսյա հագուստով զուգված ու զարդարված։

Սանամի դեմքի վրա խաղում էր զվարթ ժպիտ։ Նրա`