«Անեկդոտներ Լոռվա կյանքից»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. {{Վերնագիր |title= Անեկդոտներ Լոռվա կյանքից |section = |previous = |next = |notes = Աղբյուր. <span title="Հովհաննես Թումանյան, ...
(Տարբերություն չկա)

04:32, 29 Նոյեմբերի 2009-ի տարբերակ

Անեկդոտներ Լոռվա կյանքից

Հովհաննես Թումանյան

[ 581 ]
(ՄԵՐ ԵՐԿՐԻ ԿՅԱՆՔԻՑ)

Լոռըցու դատը.– Մի լոռըցու տան առաջից հարևանի խոզն անցնելիս շունը հասնում բուդը պատռում է, խոզի ճղղոցին տերը դուրս է գալիս և շնատիրոջը հայհոյելուց հետո գնում է քյոխվին գանգատվում։

Քյոխվեն իսկույն կանչում է շնատիրոջը և հանդիմանելուց հետո վճռում է, որ տուգանք տա խոզատիրոջ։ Շնատերն իրեն պաշտպանում և արդարացնում է. «քյոխվա ջան, գլխիդ ղուրբան, որ ես խոզ ըլեմ դու շուն, ձեր դռնովն խրթխորթալե անցկենալիս հասնիլ չե՞ս բուդս ճոթռիլ»։

«Չէ, էս բալամի ասածն էլա ըղորթ»,— վճռեց քյոխվեն և տուգանքից ազատեց շնատիրոջը։


***

Լոռըցու օրհնանքը.— Մի լոռըցի անցնելիս հարևանը հրավիրում է թաժա հաց ուտելու. «Ադա՛, Սաքո դեսն արի՛, տաք հաց կտրի».– Շնորհակալ եմ քի մատաղ, խադադ եմ, ձեր տաք հաց Աստոծ կտրի,— պատասխանում է անցվորը։


***

Մի լոռըցու իրան թշնամին պատահում է դաշտումն, սաստիկ ծեծում ու հեռանում, նրա հեռանալուց հետո գլուխը բարձրացնում է ծեծվածը և տեսնում՝ մեկ մարդ է գնում դիմացը, ձայն է տալիս նրա ետևից. «Ա՛յ դիմացի գնացող հե՜յ, քի մատաղ ուշքս վրես չէր, էս կնկհավատը շա՞տ էլ տվուց ինձ, թե չէ»։ [ 582 ]

(ՄԵՐ ԿՅԱՆՔԻՑ)

Մի քանի լոռըցի ճանապարհի վերա մի հատ կոշիկ են գտնում։ Այս ի՞նչ կլինի, ի՞նչ չի լինիլ․․․ բայց և ոչ մեկը չէ կարողանում բացատրել, թե ի՞նչ բան է դա։

– Ինչ որ ա քյոխվեն անպատճառ կիմանա,– որոշում են նրանք և բերում ցույց են տալիս քյոխվին։

– Վա՜յ, վա՜յ, վա՜յ,– հեգնում է քյոխվեն,– ըտե՞նց պտեք դուք աշխարհքը կառավարվիլ, բա հլե՞ ինչը հասկանըմ չեք՝ էս է՞լ չեք հասկանըմ ի՛նչ ա։

– Հա դե մենք ինչ տենք հասկանալ, բռի մարդիկ ինք, դու մարթ ես տեհել, աշխարհ ես տեհել, պրիստավի կուշտն էս գնացել, էտ ի՞նչ ա։

– Քլնգի բուն ա ի՛նչ ա,– բացատրում է հասկացող քյոխվեն։


***

Լոռըցի հովիվը ձայն է տալիս մի սարից դեպի մյուսը, իրեն ընկերին։

– Հե՜յ՜յ Համբո, Համբո, ադա, քե մատաղ, էն ըքանց ըքին ասես ձեր իքն ըքել ա իքա ըքել, եկեք ըքեցեք, թե չէ էն իքը կգա կըքի, կասեք դուք եք ըքել, այսինքն, էն Մարկոսանց Ղուկասին ասա ձեր էծը ծնել ուլ է բերել, եկեք տարեք, թե չէ գայլը կգա կուտի, կասեք դուք եք կերել։


(ՄԵՐ ԿՅԱՆՔԻՑ)

Լոռըցու մեկը, մի ուրիշ գյուղացի աղջկա հետ նշանադրված լինելով՝ գնում է մի օր աներանց գյուղը նշանածատես։ Որովհետև ամառնային ժամանակ է լինում, տանեցիք բոլորը կալումն են լինում, բացի մեր երիտասարդի նշանածից՝ որը նրա բախտից, միայնակ տանն է լինում և սրահը ավելով սրբում։

Երիտասարդը ցանկանալով մի շատ քաղցր, սիրային խոսքով դեպի իրեն գրավել յուր սիրուն նշանածի ուշադրությունը, [ 583 ] ասում է.«ի՜ ի՜ Մարյա՛ն ջան, գա՜մ–գա՜մ էդ ձեռիդ ավիլն ուտեմ»։– «Իմ հորանց էշը խում չե՞ս»,- պատասխանում է զայրացած Մարիամը։


(ՄԵՐ ԿՅԱՆՔԻՑ)

Գիշերը գողերը մի լոռըցու գոմի պատը քանդում են և կովը հանում այնտեղից։ Առավոտը տիրոջ հետ հավաքվում է ժողովուրդը և խորհուրդ են անում, թե ո՞վ կլինի տարած, բայց չեն իմանում։ Վերջապես վճռում են քյոխվին դիմել։ Գալիս է քյոխվեն, նայում, գլուխը պտտում ու հավաքված ամբոխին հանդիմանելով մարգարեանում է՝ «ըրմանըմ եմ ես ձեզանից, բա մարթիկ չեք, հաց չեք ուտըմ, էս ինչ դժար իմանալու բան ա, ով որ էս պատը քանդել ա նա կլի տարած»։– Ա՛յ, այ, որ ասի քյոխվեն կգիդենա, դարձան միմյանց կանգնողներ


Մի լոռըցի ձայն է տալիս խոզարածին– հե՜յ՜յ՜, Սարո, Սարո՜ո՜. ադա, չալ մերունը դվեր արա, դվեր արա՛։

– Ադա ո՞ր չալ մերունը, ո՜ր։

– Էն որ աճարկուտումը առչը բռնել էր։

– Ընչի մհար դվեր անեմ, ընչի՞։

– Ադա պապը մեռել ա ժամ անենք, ժա՜մ, ժա՜մ։

– Ադա խի ա մեռե՜լ։

– Բլդրղան ա կերել, բլղրղա՜ն։

Մի աղքատ լոռըցի, «կալոցին» բարեկամից մի եզն է խնդրում՝ յուր ունեցած մի եզի հետ լծելու, որ կալերը կալսելուց հետո կրկին վերադարձնե։ Բարեկամը չէ մերժում։ Աղքատը մի կորեկի արտ է ունենում, մի օր գնում է տեսնում, որ տրորած ու կերած է արտը. «Անպատճառ արջն է արել»,— մտածում է ինքն իրան և գալիս հրացանը վերցնում, գնում թաքնվում արտում, որ արջին սպանի։ Գիշերը [ 584 ] տեսնում է, որ արջը մտավ արտը և սկսեց ուտել ու տրորել, արձակում է հրացանը, գնդակահար արջը ընկնում է։ Իսկ ինքը մտածելով, թե չիցէ վիրավորված լինի արջը ու վնաս տա իրեն, սկսում է փախչել։ Առավոտը՝ գնում է տեսնում, որ յուր բարեկամից խնդրած եզն է սպանել։


***

Լոռըցին ու աշտարակցին հնձում էին միասին։ Ճաշի ժամանակ մածուն բերին հնձվորների համար, որոնք մածնաբրթուճը պատրաստելուց հետո տեսան, որ գդալը մի հատ է երկուսի տեղ։ Գդալակոզի–գդալփոխ անելու լոռըցին չհամաձայնեց, ասելով, ես գդալով կուտեմ, դու ձեռքով կեր։ Ի վերջո վճռեցին, որ յուրաքանչյուրը իրենց գյուղերից յոթի անունը տան միմյանց ետևից, ով որ շուտ ասե՝ գդալը տան նրան,– լոռըցին վերա տվեց– դսեղ, Ուցուն, Մարց, Ագարակ, Բերդ, Ամրակից, Գյուլաքարակ, խաշըղի բելա գյարաք (գդալը դեսն արա)։ Աշտարակցին չէր հասել կեսը՝ որ լոռըցին լպստեց թասը։ Բայց այս անեկդոտը աշտարակցին պատմում է ուրիշ կերպով․ վեճը միևնույն առարկայի վերա է– միայն այս դեպքում հաղթողը աշտարակցին է։ Աշտարակցիները հայտնի են իրենց ճարպիկ լեզվով և սրամտությամբ։ Մեր իմացած դեպքում աշտարակցին վերա է տալիս՝ Ուշի, Օշական, Փարբի, Բյուրական, Թալին, Թալիշ, Մաստարա, գդալի պոչը դեսն արա։


***

Մի լոռըցի գալիս է քաղաք և տեսնում է, որ բոլորն էլ զարդարված են, երբ վերադառնում է, զարմացած պատմում է հայրենակիցներին.

– Պաա՛, պա՛, պա՛, ձեզ մատաղ, քաղկցիք չիմ էլ նոր են հրսանիք էլել։


***

Լոռըցի տիրացուին պարտամուրհակ (թամասուկ) տվին կարդալու և նա այսպես ասեց.

– «Սիրելի հայր իմ, շատ սիրով»․․․

Տողատակեր