«Նամուս/Երկրորդ/XI»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. {{Վերնագիր |title = Նամուս |author = Ալեքսանդր Շիրվանզադե |previous = X |next = XII}} <div style="margin-left:5em"> {{Էջ|Shirvanz...
(Տարբերություն չկա)

13:38, 6 Սեպտեմբերի 2011-ի տարբերակ

X Նամուս

Ալեքսանդր Շիրվանզադե

XII

[369]

[370]
է յուր մտքերի հետ խոսելու։ Սեյրանը մեն-մենակ նստած

սառն օթևանում, թաղված էր խորը մտածողության մեջ։ Նա քրքրում էր յուր մոտիկ անցյալը, քննում, քննադատում էր այն բոլոր փորձանքները, որ վերջին ժամանակները անցան նրա գլխով։ Եվ երբեմն-երբեմն սկսում էր ինքն իրան խոսել մի այնպիսի բարձր ձայնով, որ եթե օթևանում մեկը լիներ, կարող էր լսել նրա խոսքերը։

— Որքան մտածում եմ, որքան գլուխս տրաքացնում եմ, միևնույնը, միևնույնը, միևնույնը, — մտածում էր Սեյրանը։ — Սուսան, Սուսան, քարացած խղճմտանքով արարած, լավ խաբեցիր ինձ, լավ գլխատակիս բարձ դրիր։ Հա, շատ լավ, շատ լավ խաբեցիր։ Բայց չէ, սպասիր, սպասիր, շատ երկար չի քաշիլ, ես, հըմ, ես ի՞նչ...

Սեյրանը ձեռը դրեց ճակատին և մի քանի րոպե լռեց։

— Ապրիր, ապրիր փառավոր, — շարունակեց նա ձեռը ճակատից հեռացնելով։ — Պարծենում ես, հա՞։ Պարծեցիր, բայց այն էլ իմացիր, որ ինչ էլ լինի, էլի հոգիդ իմ ձեռքումն է. ես եթե ուզենամ, կարող եմ հենց վաղը, հենց այս գիշեր փոխել քո բախտը։ Դու իմ ծնողների կյանքը թունավորեցիր, մորս զրկեցիր յուր միակ զավակի երեսից, ինձ չոլերը բաց թողեցիր, որ դու այսօր հանգիստ տանդ նստե՞ս։ Չէ, դու քո հոր նամուսն էիր ուզում պահե՞լ։ Իրավունք ունես։ Բայց ի՞նչ ես մտածում։ Մի՞թե կարծում ես, որ ես նամուս չունեմ։ Մի՞թե կարծում ես, որ ես այնքան փչացած եմ, որ չեմ կարող պատիվս պաշտպանել։ Երեխա ես, խեղճ, չես ճանաչում Սեյրանին․․․ «Ապրիր, սպասիր և կտեսնես, թե Սուսանը քեզ ինչպես է սիրում և ինչպես նա կզոհվի քեզ համար»։ Այդ քո բերանից դուրս եկած խոսքերն են։ Հապա ինչու այդպես շուտ մոռացար ինձ։ Ռուստամի հարստությունը, տուն ու տեղը, ոսկի, արծաթը, զառ ու զառբոֆը քեզ շլացրին, հա՞։ Լավ, ինձ էիր խաբում, հա՞։ — Սպասիր, համբերիր, շատ էլ խաբվող մարդ չիմանաս Սեյրանին։ Դու ուզում էիր քո և քո ծնողների իբրե թե ընկած անունը ուրիշների աչքում բարձրացնել, նրանց նամուսը մաքրել և այդ պատճառով էլ ինձ թողիր ու գնացիր Ռուստամին։ Լավ, բաս Սեյրա՞նը, նրա՞ նամուսը։ Չլինի թե կարծում ես, որ նա ոչինչ չի հասկանում։

Ինքդ քո անունը ուրիշների բերանից ազատեցիր, իսկ իմ
[371]
անունը կեղտոտելով, գցեցիր սաղ քաղաքի բերանը։ Խեղճ ողորմելի,

կարծում ես, որ այսքանն էլ հասկանալու խելք չունի Սեյրանը, հա՞։ Տեր աստված, տեր աստված, մի՞թե ես այնքան փչացել եմ, ընկել եմ, որ էլ ոտքի կանգնելու կարողություն չունիմ»։

Սեյրանը գլուխը քիչ թեքեց դեպի մեջքը և յուր անորոշ հայացքը մի քանի րոպե հառեց օթևանի առաստաղին, որի փտած ու սևացած կոճերը կտուրի ծանրությունից ծռվել էին ու ճաքճքել։ Նա մտածում էր, թե ինչպես ինքը խայտառակվել է յուր ընկերների առաջ, թե ինչպես այդ ընկերները ամեն անգամ յուր երեսին կրկնում էին Շամախում․ «վախկոտ ես, անազնիվ ես, նամուս չունես, որ աչքերդ բաց հարսնացվիդ քեզանից խլեցին, ուրիշին տվին» և այլն, և այլն։

— Ղարդուշանց Էմիրը, Էմիրը, տես ինչքան ընկել եմ, որ նա էլ է ինձ ծաղրում։ Նա էլ մինչև անգամ ինձ վրա լեզու է բանեցնում, փահ, փափախդ ցեխի մեջ ընկնի, Սեյրան ջահիլ հա, — ասաց նա, երկու ձեռներով մի ուժգին հարված տալով գլխին, որ ծածկված էր Դաղստանի մոխրագույն երկարամազ «շուլլահիով»։

— Հարցնող լինի, թե էլ այսուհետև ի՞նչ երեսով եմ ապրում։ Ծնողներիս աչքից ընկած, Շամախու մեջ խայտառակված, ընկերներիս մոտ ծաղրի ու ծիծաղի առարկա դարձած, էլ ի՞նչ երեսով եմ մտիկ անում ուրիշներին։ Շամախում չկարողացա ապրել, դուրս եկա, Ղուբա գնացի։ Խեղճ մայր, դու հիմա հավատացած ես, որ առուտուր է անում։ Խեղճ պառավ, խեղճ պառավ, ծնվեցի թե չէ, -օրդ սևացավ։

Սեյրանը բարձրացավ տեղից և սկսեց փոքրիկ ու նեղ օթևանի երկայնությամբ շրջել հետ ու առաջ։

Տեր աստված, տեր աստված, ինչեր են խոսում հիմա ջահիլները Շամախում։ Ինչ պիտի խոսեն, ամեն անգամ Սեյրանի անունը տալիս երեսները ծռում են ու թքում․ օհ, ճակատը ամոթից քրտնում է, երբ մտաբերում է նրանց։ Հիմա ամենքը, հավաքված գինետներից մեկում, խմում են։ Մինը ուզում է նրա կենացը խմել, մյուսը չի ուզում խմել, «չունքի նա նամարդ, բենամուս է, մեր դաստի անունը բեաբուռ արավ սաղ քաղաքում»։ Ճշմարիտ է, իրավունք

ունեք ասելու․ նա խայտառակ արավ ձեր դաստի անունը։
[372]
Բայց սպասեցեք, Սեյրանը շատ էլ բենամուս ջահիլ չէ, սպասեցեք,

և կտեսնեք։

Դրսում քամին շարունակ փլում էր։ Սեյրանը մոտեցավ պատուհանին և սկսեց նայել դուրս, դեպի քարվանսարայի բակը։ Մի քանի րոպե շարունակ նա մտիկ արավ, թեև նրա աչքերը պատուհանի սառցապատ ապակիների միջով ոչինչ չէին կարողանում որոշել դրսում։ Հետո նա երեսը շուռ տվեց և կրկին սկսեց շրջել հետ ու առաջ, այս անգամ բավական հաստատ և կանոնավոր քայլերով։

— Երեկ ես բազարում տեսա քո մարդուն, Ռուստամին, — շարունակեց մտածել նա, — տեսա, արյունս գլխովս տվավ։ Ես ուզում էի մոտենալ, խանչալս փորը կոխել, փորոտիքը դուրս թափել։ Ուզում էի փողոցի սպիտակ ձյունը ներկել նրա կարմիր արյունով, որ սիրտս հովանար։ Բայց ես այդ չարի։ Չկարծես, որ վախեցա նրանից, Սուսան, չէ, չարի, որովհետև հիմա մտածում եմ, որ նա այնքան մեղավոր չէ, ինչքան որ դու ես մեղավոր, Սուսան։ Եթե ես վրեժ եմ ուզում հանել, լավն է ձեր երկուսից հանեմ, թե չէ միայն Ռուստամի արյունը ինձ չի հովացնի։ Հըմ, իմանում եմ, Սուսան, դու ինձ այնքան մոռացել ես, որ սրան ու նրան էլ հավատացրել ես, թե Սեյրանին իսկի երեխայությունից չես ճանաչել։ Այդ ես գիտեմ, որ ասել ես, հենց ընկերներս էլ այդ պատճառով են ինձ այդքան ծաղրում։ Շըպպանիկին ծնողներդ գցել են քաղաք, որ այստեղ ու այնտեղ ասի, թե «կուժ ծախողանց Սեյրանը զուր տեղն է դրան ու նրան ասել, թե Սուսանը նրա հարսնացուն է եղել, այդ է արել, այն է արել» և այլն, և այլն։ Առաջինը ես ոչ ոքի չեմ ասել իմ բերանով այն բաները, ինչ որ խոսում են քաղաքում։ Երկրորդը` թե որ խոսում են, սո՞ւտ են խոսում, Սուսան։ Սո՞ւտ է, որ դու իմ հարսնացուն ես եղել երեխայությունից, սո՞ւտ է, որ ես քեզ հետ խոսել եմ, տեսնվել եմ։ Ամեն ցավերից ազատվել ես, հանգիստ ապրում ես, հիմա ուզում ես Սեյրանին սուտ դուրս բերել հա՞ա։ Լավ, շատ լավ, Սեյրանն էլ խելք ունի, հիմար չէ։ Թող չհավատան, թող ծաղրեն, ինչքան ուզում են, բայց ես շուտով, շատ շուտով ամենքին ցույց կտամ, կհաստատեմ, թե ես սուտ չեմ ասել,

թե ինչ որ խոսում են, գոնե նրա կեսը, կիսի կեսը ճշմարիտ է։
[373]
Թող մարդդ, Ռուստամը, որ հավատացած է, թե ես շառլատան եմ,

թող տեսնի, ով է շառլատան։

Սեյրանը կրկին նստեց, քառորդ ժամի չափ գլուխը ձեռքերին հենած, մնաց անշարժ։ Հետո նա դարձյալ վեր կացավ տեղից և կրկին սկսեց շրջել հետ ու առաջ, այս անգամ ավելի արագ և ավելի ամուր քայլերով։

— Արյունս գլխովս է տալիս, աչքերս մթնում են, երբ մտածում եմ, թե ինչեր են խոսում ինձ վրա ընկերներս։ Չէ, անպատճառ ես պիտի վրեժ առնեմ։ էլ ո՞ր օրվա ջահիլն եմ, որ այսօրվա օրն էլ իմ նամուսը չկարողանամ ցույց տալ։ Հա՛, վճռված է։ Ես դեռ Շամախումն եմ մտածել այս բանը, թե չե` էլ ինչո՞ւ համար եմ չոլերն ընկել, ինչո՞ւ համար եմ Շուրա եկել։ Բայց, տեր աստված, տեր աստված, ի՞նչպես հանեմ վրեժս, ի՞նչպես հաստատեմ, որ ես, որ ես...

Սեյրանը կրկին կանգնեց պատուհանի առաջ և սկսեց նորից դեպի դուրս նայել։ Հետո նա երեսը շուռ տվեց և մի քանի վայրկյան անթարթ աչքերով նայեց աղոտալույս կանթեղին։

— Հա՛, ինչպես հաստատեմ, որ ես․․․ որ ես․․․ նահլաթ քեզ, չար սատանա, — ասաց նա ճակատին մի ուժգին հարված տալով և հետո անգիտակցաբար նայեց մեջքին կապած դաշույնի կոթին, — ինչպես հաստատեմ, որ ես Սուսանի հետ սիրահարական կապ եմ ունեցել, ի՞նչպես...

Մի քանի անգամ նա ինքն իրան կրկնելով «ի՞նչպես, ի՞նչպես», կանգնեց օթևանի մեջտեղում և, աջ ձեռը դաշույնի կոթի վրա դնելով, իսկ ձախը — ճակատին, թաղվեց մտածողության մեջ։ Դարձյալ մի քանի րոպե էլ նա այդ դրության մեջ մնաց։

Երբեմն նա ձախ ձեռը ևս հեռացնելով ճակատից, դնում էր դաշույնի կոթի վրա և աչքերը հառում օթևանի առաստաղին։ Այդ ժամանակ նա, շրթունքները կրծոտելով, ստեպ-ստեպ արտասանում էր հատ ու կտոր խոսքեր, օրինակ — «աչքերը», «ուսը», «սև մազ», «կուրծքը» և այլն, և այլն։

Հանկարծ գլուխը քարշ ձգեց, ձեռները հեռացրեց դաշույնից և սառն օդի մեջ կրծքից արձակեց մի ծանր հառաչանք։ Կարծես,

նրա ուսերից այդ հառաչանքի հետ միաժամանակ ընկավ մի ճնշող

[374]