«ՆՈՎԱԼԻՍ - ՀԻՄՆԵՐ ԳԻՇԵՐՎԱՆ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Այս էջը պատրաստվել է Հակոբ Մովսեսի կողմից, որոշ չնչին խմբագրումներ կատարել և տեղադրել եմ ես Հակոբ Մովսեսի առաջարկությամբ ~~~~
(Տարբերություն չկա)

08:46, 4 Նոյեմբերի 2011-ի տարբերակ

ՀԻՄՆԵՐ ԳԻՇԵՐՎԱՆ

Նովալիս

Գերմ. թարգմ.՝ Հակոբ Մովսես


1

Ապրողներից այդ ո՞վ, զգացմունքի օժտյալ, շուրջը ի սփյուռս տարածության բոլոր հրաշագործ հայտնակերպումներից չի սիրում Լույսը՝ նրա բազմագունումներով, շողերով և ալիքներով: Նրա մեղմիկ ամենուրեքությամբ՝ հանց արթնացող օր: Ասես կյանքի ամենագաղտնաթաքույց հոգով՝ նրանով է շնչում անդուլ համաստեղությունների վիթխարի աշխարհը և պարելով լող է տալիս նրա կապտածիր մակընթացիկներում. նրանով են շնչում հավերժ անդորրյան քարը առկայծող, լցվող բույսը ներհուն և վայրի, տոչոր գազանը բազմակերպ. բայց բոլորից առաջ՝ վսեմ օտարականը խոհուն աչքերով, թեթև ընթացքով և քնքշախուփ շրթունքներով, որոնք լի են հնչյուններով: Ասես թե արքա երկրային բնության՝ նա բոլոր զորություններին կանչում է անհամար կերպարանափոխությունների, կապում և քակում է անվերջ հանգույցներ, երկնային իր պատկերն է կախում երկրային ամեն արարածի դեմ:- Նրա ներկայությունն է լոկ, որ հայտնի է անում մեծաշուք հրաշքը աշխարհի արքայության:
Ես հայացքս շրջում եմ ներքև՝ դեպի սրբազան, անասելի, խորհրդավոր Գիշերը: Հեռվում աշխարհն է հանգչում խորունկ գերեզմանում սուզված,- ամայի, անբնակ եզերք: Կրծքի լարերին խոր մի տրտմություն է դողում: Ցողի կաթիլներով ես ուզում եմ իջնել և խառնվել մոխրին: Հեռու հիշողություններ, պատանության իղձեր, մանկութ անուրջներ, ողջ երկար կյանքի կարճատև հրճվանքներն ու զուր հույսեր են գալիս գորշ հանդերձներով, հանց իրիկվա մեգ մայրամուտից հետո: Այլ տարածություններում է Լույսը բաց արել վրանն իր զվարթ: Մի՞թե նա երբեք չի վերադառնալու իր զավակների մոտ, ովքեր անմեղ հավատով սպասում են նրան:
Ի՞նչ է կրծքի ներքո բխում այսպես վրեժխնդիր և կուլ տալիս քնքուշ օդը տրտմության: Նաև դու ես հաչում մեզ մոտ, խավար գիշեր: Դու ի՞նչ ես պահում թիկնոցիդ տակ, որ անտես զորությամբ հուզում է հոգիս: Թանկ բալասանն է կաթկթում քո ձեռքից, կակաչի փնջից: Դու հոգու ծանր թևերն ես պարզում: Անորոշ, անասելի հուզումն է մեզ պատում - հրճվալի երկյուղով ես խստահայաց մի դեմք եմ տեսնում, որը մեղմ, ջերմեռանդ հակվում է առ ինձ և անվերջ հյուսված խոպոպների ներքո ջահելությունն է ինձ բացում իմ մոր: Այժմ ի~նչ խեղճ ու մանկական է Լույսը ինձ թվում - ի~նչ հրճվալի և օրհնյալ հրաժեշտը օրվա:- Ուրեմն լոկ այնու, որ Գիշերը քեզ օտարացնում է քո սպասավորներից, դու տարածության հեռուներում ցանում ես լուսատու գնդեր՝ ի ավետումն քո ամենազորության, քո վերադարձի,- քո բացակայության ժամանակներում: Առավել երկնային, քան այդ աստղերն առկայծող, մեզ անվերջնական աչքերն են թվում, որոնք Գիշերն է բաց անում մեր մեջ: Նրանք ավելի հեռուն են տեսնում, քան այդ անհաշիվ բույլքերը տմույն - լույսը զանցառելով նրանք թափառում են սիրող հոգու խորությունների մեջ - դա վերին մի տարածություն լցնում է անասելի դողով: Փա~ռք աշխարհի թագուհուն, սրբազան աշխարհների վսեմ ավետաբերուհուն, երանելի սիրո հոգաբարձուհուն - նա է քեզ առաքում առ ինձ - քնքուշ սիրեկան - գիշերվա անգին արեգակ - արդ ես արթնացել եմ - քանզի ես քոնն եմ և, ուրեմն, իմը - դու գիշերն ինձ հանց կյանք ավետեցիր - ինձ մարդ դարձրիր - ոգու բոցով ճարակիր իմ մարմինը - որ ես իմ խորքում հանց օդ խառնվեմ քեզ, և որ հարսանեկան գիշերը հավիտյան տևի:

2

Մի՞թե առավոտը միշտ պետք է վերադառնա: Երբեք չի՞ վերջանալու բռնությունը երկրայինի: Տարաբախտ հոգսերը լափում են գիշերվա խոյանքը երկնային: Մի՞թե հավետ պիտի չբարձրանա սիրո գաղտնախորհուրդ ողջակեզի ծուխը: Լույսին իր ժամանակն է տրված, սակայն անժամանակ և անտարածություն է տիրապետությունը Գիշերվա:- Հավիտենությունն է տևողությունը քնի: Սրբազան քուն, օրվա երկրային հոգսերի մեջ դու երջանկությամբ հաճախ պարուրիր գիշերվա ձեռնադրվածներին: Սոսկ անմիտներն են անգիտանում քեզ և ոչ մի քուն չեն ճանաչում, բացի ստվերը, որը դու ճշմարիտ գիշերվա այս խավարում կարեկցաբար մեզ վրա ես նետում: Նրանք քեզ չեն զգում ողկույզների ոսկյա հեղեղման մեջ - նշայուղի դյութանքներում և կանաչի մուգ հյութի մեջ: Նրանք չգիտեն, որ այդ դու ես սարսուռներով պատում աղջիկների ստինքները քնքուշ և նրաց գիրկը վերածում ես երկնքի - չեն կտահում, որ դու հին ասքերից, երկինքը բաց անելով, գալիս ես ընդառաջ և բանալիներն ես պահում երանելիների բնակարանների, անվախճան խորհուրդների համր դու սուրհանդակ:

3

Մի օր, երբ ես դառնաղի արցունքներ էի հեղում, երբ ցավի մեջ լուծված հույսը իմ հատնեց, և ես մենակ կանգնած էի ամայի բլուրին, որը նեղ, մութ տարածության մեջ իմ կյանքի պատկերն էր պահում - մենակ, ինչպես ոչ մի մենակ դեռ չի եղել, հալածական անասելի վախից - անզոր, դեռևս լոկ թշվառության մի խոհ,- երբ ես բոլորեքյան զորավիգ էի փնտրում, առաջ կամ հետ շարժվելուն անզոր և անհատնում թախծով կառչած խուսափուկ ու հանգած կյանքից,- այդժամ կապտածիր հեռուներից - իմ անցյալ երանության վերից իջավ աղջամուղջի մի դող - և իսկույն քակվեց կապը ծնունդի - լույսի կապանքը: Թռավ երկրային շուքուփայլը ողջ իմ տխրության հետ մեկտեղ - ցավը հորդեց մի նոր, անհաս աշխարհի մեջ - դու, գիշերային ոգեշնչում, երկրային նիրհով իջար ինձ վրա - շրջակայքը հանդարտ վեր համբառնեց, նրա վրա իր ճախրն սկսեց կապանքները փշրած իմ նորածին ոգին; Բլուրը վերածվեց փոշու ամպի - նրա միջով երևաց ինձ պայծառակերպ դեմքը սիրեցյալիս: Հավերժությունն էր հանգչում աչքերի մեջ - ես բռնեցի ձեռքերը նրա, և ինձ նրան կապեց շողշողուն, անքակտելի կապը արցունքների: Հազարամյակներ էին ներքևում ձգվում դեպի հեռու, ինչպես ամպրոպի ամպ: Նրա պարանոցին ես զմայլանքի արցունքներով նոր կյանքի համար արտասվեցի:- Առաջին, միակ երազն էր այդ, և լոկ հետո ես զգացի հավերժական, անսասան հավատը Գիշերվա երկնքի հանդեպ և նրա լույսի՝ իմ սիրեցյալի:

4

Ես այժմ գիտեմ, թե վերջին առավոտը երբ է բացվելու - Լույսը գիշերն ու սերը ե՞րբ այլևս չպետք է քշի - ե՞րբ պիտի նինջը հավիտենական և լոկ մի անսպառ երազ լինի: Ես երկնային հոգնություն եմ զգում իմ մեջ:- Երկար և հոգնեցուցիչ էր ինձ համար ուխտագնացությունը դեպի սուրբ գերեզմանը, և խաչը՝ ծանր: Բյուրեղյա կոհակը, որ, սովորական զգացմունքին անհաս, բխում է բլրի մութ ընդերքում, որի ստորոտին երկրային հոսքն է բեկվում,- ով այն ճաշակել է, ով կանգնել է վերում աշխարհ սահմանային լեռնապարին և ցած է նայել նորի մի երկրի, գիշերվա աթոռանիսռին - արդարև, նա չի վերադառնա աշխարհի բռնադատման մեջ, այն երկիրը, որտեղ Լույս է հավերժական խռովքի մեջ ապրում:
Նա վերևում իր համար խուղեր է կառուցում, անդորրի խուղեր, թախծում է և սիրում, հայացքն հառում է վեր, մինչև ամենաբաղձալին բոլոր ժամերից նրան ցած քաշի աղբյուրի խորքը - ողջ երկրայինը ելնում է երես՝ հորձանքն այն հետ է տալիս, բայց ինչը սրբացվել է սիրո հպումից, հոսում է, լուծված անտես ընթացքներում, դեպի հանդերձյալ արքայությունը, որտեղ խառնվում է, հանց բույր, ննջեցյալ սիրելիներին:
Դու, զվարթ Լույս, դեռևս արթնացնում ես հոգնածներին ի գործ - դեռ ուրախ կյանքն ես իմ մեջ լցնում - բայց հրապուրելով ինձ չես պոկում մամռոտ շիրմի հիշողություններից: Ես պատրաստ եմ իմ ջանասեր ձեռքերը գործի դնել, հասնել ամենուր, որտեղ դու ես ինձ սպասում - փառաբանել քո շուքուփայլի փառքը կատարյալ - անխոնջ հետևել քո ճարտար գործի սքանչելափառ դաշնություններին - պատրաստ եմ զննել քո վիթխարի ժամացույցի ընթացքը խորախորին - խորանալ զորություններիդ համաչափության, անհաշիվ տարածություններիդ և նրանց ժամանակների կախարդական խաղի կանոնների մեջ: Սակայն սիրտն իմ խորհրդով լի հավատարիմ է մնում Գիշերվան և արարիչ Սիրուն՝ դստերը նրա: Դու կարո՞ղ ես ինձ ցույց տալ հավերժ հավատարիմ մի սիրտ: Քո արեգակն ունի՞ գգվող աչքեր, որոնք ճանաչեն ինձ: Քո աստղերը ձգվո՞ւմ են իմ մեկնված ձեռքին: Նրան պատասխանո՞ւմ են ինձ քնքուշ ձեռքսեղմումով և փաղաքուշ խոսքերով: Դո՞ւ ես գիշերը զարդարում գույներով և գծերով թեթև - թե այդ ՆԱ է քո արդուզարդին վերին, առավել հաճո իմաստ շնորհել: Ի՞նչ սարսուռներ, ի՞նչ հափրանքներ է քո կյանքն առաջարկում, որ մահվան զմայլանքները խռովեին: Մեզ ոգեշնչող ամենայն ինչ գիշերվա գույնը չի՞ կրում: Գիշերը մայրաբար քեզ իր մեջ է կրում, և դու նրան ես պարտական քո ողջ պերճությունը: Դու կցնդեիր ինքդ քո մեջ - անվերջնական տարածություններում ցրիվ կգայիր, եթե նա քեզ չպահեր, քեզ չկապեր, որ ջերմանաս և, բոցավառվելով, աշխարհը բեղմնավորես: Արդարև, ես կայի քեզանից առաջ - իմ մայրը քույր-եղբայրներիս հետ ինձ ուղարկեց քո աշխարհում բնակվելու, այն սրբագործելու սիրով, որ հավիտյանս դիտելի մի հուշարձան դառնա - ինձ ուղարկեց այն սերմանելու անթառամ ծաղիկներով: Նրանք դեռ չեն բացվել՝ խոհերն այդ աստվածային: Դեռ հազվադեպ են մեր հայտնության նշանները:- Մի օր քո ժամացույցը ցույց կտա վախճանը ժամանակի, երբ դու մեզանից մեկը կդառնաս և, թախծով ու կրակով լեցուն, կհանգչես և կմեռնես: Իմ մեջ ես զգացել եմ վախճանը քո գործերի - երկնային ազատությունը, երանելի վերադարձը: Ես վայրի ցավով ճանաչել եմ քո բաժանումը մեր հայրենիքից, քո ընդվզումը հին, փառահեղ երկնքի դեմ: Քո մոլեգնությունն ու զայրույթը զուր են: Անկեզ կանգնած է խաչը - մեր ցեղի դրոշը հաղթական:

Ես մեկնում եմ արդ,
Ուր հոգեթով
Խայթ պիտի դառնա
Ցավը շուտով:


Ուր ժամանակն ենք
մենք արձակում՝
Հարբած կննջեմ
Սիրո գրկում:


Անվախճան կյանքն եմ
Իմ մեջ պահում,
Վերևից քեզ եմ
Ահա նայում:


Քո փայլն է հանգչում
Արդ բլուրին -
Մի ստվեր պսակն է
բերում լռին:


Օ, ըմբոշխնիր ինձ
Անհագ, սեր իմ.
Եվ քուն կմտնեմ
Եվ կսիրեմ:


Զգում եմ մահվան
Մոտիկությունը,-
Խունկ ու եթեր է դառնում
Իմ ալ արյունը:


Բերում է օրն հավատի
Պահեր անսասան,
Իսկ գիշերը՝ մահվան
Բոցը սրբազան:

5

Մարդկային ամենասփյուռ ցեղի վրա ժամանակից առաջ երկաթյա ճակատագիրն էր իշխում համր բռնությամբ: Նրա երկչոտ հոգին ծանր ու մռայլ մի կավանք էլ բանտում:- Անեզր էր երկիրը - օթևան աստվածների, նրանց հայրենիքը: Մշտնջենությունից ի վեր հառնել էր նրանց տունը խորհրդավոր: Արշալույսի կարմիր լեռներից անդին, ծովի սրբազան ծոցում էր արեգակն ապրում, ամենակեզ, կենդանի Լույսը:
Ծեր մի հսկա պահում էր երանելի աշխարհը: Ծանրանիստ լեռների տակ պառկած էին առաջնեկները Մայր Երկրի, իրենց կործանարար զայրույթի մեջ անզոր աստվածների նոր և փառահեղ սերնդի դեմ և նրանց եղբայրների՝ զվարթ ադամորդիների: Ծովի խավարչտին, կանաչ խորխորատը գիրկն էր աստվածուհու: Բյուրեղյա ժայռերի մեջ խրախճանում էր մի արբշիռ ժողովուրդ: Գետերը, ծառերը, ծաղիկներն ու թռչունները՝ մարդկային հակումներով: Քաղցր էր գինին, որը ընծան էր հանց առատություն մարմին զգեցած պատանության. Աստված՝ ողկույզներում, սիրագորով մայր աստվածուհին՝ հառնելով լեցուն ոսկյա հասկերում, սիրո սուրբ արբեցումը՝ հանց ծառայություն սքանչելագույն տիկնոջն աստվածների, հավիտենական երփներփին խնջույք երկնքի որդոց և երկրի բնակիչների,- եռում էր կյանքը, ասես թե գարուն, դարերի միջով:- Բոլոր ցեղերը մանկան պես պաշտում էին քնքուշ, հազարադեմ կրակը, իբրև բարձրյալն աշխարհի: Միայն մի խոհ էր, մի զարհուրելի տեսիլք, որը

Ահեղ մոտեցավ սեղաններին բաց
Եվ հոգին լցրեց սարսափով վայրի:
Աստվածներն էին անգամ շփոթված՝
Անզոր վանելու սուգը սրտերի:


Ուղին այդ նեռի՝ գաղտնիքով պատված,
Անհաղորդ ընծա և աղերսների:
Դա Մահն էր, որը բերկրանքի այդ մեծ
Խնջույքը ցավ ու վախով ընդհատեց:


Արդ ընդմիշտ լքած տենչանքները վառ,
Որոնք սիրտն է աստ քաղցր ընդունում,
Սիրեցյալներից բաժանված, որ հար
Այսեղ զուր կարոտն ու ցավն են տանում,-


Թվում էր, թե լոկ երազ մի խավար,
Անզոր մի մարտ է մեռյալին մնում:
Զարնվելով ժայռին անվերջ խռովքի՝
Արդ փշրվում էր ալիքը կյանքի:


Հանդուգն սրտով, մտքի բոցերում
Զարդարեց մարդը դիմակը զարհուր,-
Մեղմ մի պատանի լույսն է մարում -
Վախճանն հնչյուն է դառնում մեղմալուր:


Հիշողությունն է հալչում խավարում,-
Այսպես երեց արդ կարիքը տխուր:
Բայց գաղտնիք մնաց Գիշերն անվախճան,
Հեռու զորության խստադեմ նշան:

Հին աշխարհը հակվում էր իր վախճանին: Թոշնեց պատանության հաճույքի պարտեզը - դեպի ազատ, ամայի տարածությունն էին ձգտում անժամանակ, մանկությունը կորցրած, չափահաս դարձած մարդիկ: Աստվածներն անհետացան իրենց արբանյակներով:- Միայնակ ու անկենդան կանգնեց Բնությունը: Մետաղյա շղթաներով կապանքեցին նրան չոր թիվը և դաժան չափը: Ասես փոշու մեջ, ասես օդում՝ կյանքի անչափելի գույնը դրվեց մթին խոսքի մեջ: Չքացավ ոգեհարց հավատը և ամենայն ինչ ամենայն ինչի փոխող, ամենայն ինչ ամեն ինչի քույրը կարգող երկնքի ընկերուհին՝ Անուրջը: Անբարեհաճ փչեց հյուսիսի քամին սառած դաշտերի վրա, և հրաշքների սառած հայրենիքը անհետացավ եթերում: Երկնքի հեռուները լցվեցին առկայծ աշխարհներով: Դեպի խորին սրբավայրը, հոգու վերին տարածությունները ձգվեց աշխարհի հոգին իր զորություններով - անդ իշխելու մինչ ի ծագումն աշխարհի արշալույսի: Լույսն այլևս աստվածների բնակավայր չէր, ոչ էլ երկնային նշան - նրանք Գիշերվա քողը գցեցին իրենց վրա: Գիշերը հայտնությունների հզոր գիրկ դարձավ - աստվածները նրա մեջ վերադարձան - քուն մտան, որ նոր, առավել հիասքանչ կերպարաններով դուրս գան փոփոխված աշխարհի վրա: Ժողովրդի մեջ, որն ամեն ինչից առաջ հասունացել էր արհամարհանքի համար և մեկընդմիշտ խորթացել պատանության երանելի անմեղությա՟նը, նոր աշխարհի անծանոթ դեմքը հայտնվեց,- հեքիաթային հյուղում,- առաջին Կույսի և Մոր Որդին՝ խորհրդավոր գրկախառնման անվախճան պտուղը: Արևելքի կանխագուշակ, ծաղկածուփ իմաստնությունն առաջինն իմացավ նոր ժամանակի սկիզբը: Դեպի թագավորի խոնարհ օրորոցը տանող ճանապարհը նրանց ցույց տվեց մի աստղ: Հանուն հետավոր գալիքի նրանք երկրպագեցին Նրան անաշահոտություններով և առկայծումներով, բնության գերագույն հրաշալիքներով: Միայնակ բացվեց երկնային սիրտը հանց ամենազոր սիրո ծաղկեբաժակ՝ թեքված Հոր բարձրյալ երեսին և հանգչելով խստագեղ Մոր երանական տեսիլքներով լեցուն ստինքներին: Հավատի հրով փթթող Մանկան գուշակիչ աչքը նայում էր գալիք օրերին և իր ընտրյալներին՝ իր աստվածային բնի բարունակներին, իր երկրային ճակատագրի օրերին սիրահոժար: Շուտով նրա շուրջբոլորը հավաքվեցին ամենամանուկ հոգիները՝ զարմանալիորեն համակված սիրով: Ծաղիկների հանգույն նոր, տակավին անհայտ կյանքի ծիլը դուրս եկավ Նրա մերձավորությամբ: Անհատնում բառեր և ամենազվարթ լուրեր շաղ եկան չորս կողմ, ասես աստվածային ոգու կայծեր նրա քաղցր շուրթերից: Հեռավոր առափնյաներից, Հելլադայի պայծառ երկնի տակ ծնյալ մի երգիչ եկավ Պաղեստին և իր ողջ սիրտը տվեց հրաշամանուկներին:

Այն մանուկն ես դու, որ վաղուց ի վեր
Մեր շիրիմներին կանգնած է անձայն.
Խավարի խորքում՝ նշան բարեբեր,
Հրճվալի սկիզբ վսեմ մարդկության:


Այն,ինչ տրված էր տխրությանը մեր՝
Արդ է’մեզ ձգվող կանչն արքայության:
Անթառամ կյանքն է մահվան աշխարհում,
Դու Մահն ես, որ մեզ Բուժումն է բերում:

Երգիչը, ցնծությամբ լեցուն, ուղղվեց դեպի Հինդու երկիր քաղցր սիրուց արբեցած սրտով, և այն կրակե երգասացություններով հեղեց այնտեղ նրա մեղմ երկնքի տակ, և հազարավոր սրտեր հակվեցին նրան, և զվարթ լույսը հառնեց բյուրաոստ: Շուտով, երգչի հրաժեշտից հետո, անգին այդ կյանքը զոհ դարձավ մարդկային անկումին: Նա մեռավ պատանի հասակում, բռնի բաժանված սիրեցյալ աշխարհից, արտասվող Մորից և իր երկյուղած բարեկամներից: Անասելի տանջանքների խավարչտին բաժակը դատարկեց բերանը քնքուշ:- Զարհուրելի վախի մեջ աշխարհի նոր ծնունդի ժամը մոտեցավ: Դաժան պայքարում էր նա հին մահվան սարսափի դեմ:- Հին աշխարհի բեռն էր ընկած նրա վրա: Մի անգամ էլ Նա գորովանքով նայեց իր մորը - այդժամ վրա հասավ հավիտենական սիրո արձակող ձեռքը - և աչքերը առմիշտ փակեց: Դեռ մի քանի օր խորին մի քող էր կախված եռացող ծովի, ցնցվող երկրի վրա - որքա~ն արցունք թափեցին Նրա սիրեցյալները: Կնիքը վերցվեց խորհրդի վրայից - երկնային ոգիները վեր առան քարը խավար գերեզմանից: Հրեշտակներ էին նստած ննջեցյալի կողքին - քնքուշ քանդակված Նրա անուրջներից: Զարթեցած աստվածային նորոգ մի փառքով՝ Նա հարյավ նորածին աշխարհի բարձունքները - սեփական ձեռամբ թաղեց հնի դին իր լքած դամբանում և ամենակարող ձեռքով քարը, ինչը ոչ մի զորություն ի վիճակի չէ բարձրացնել, դրեց նրա վրա:
Քո գերեզմանի մոտ դեռ արտասվում են սիրեցյալներդ ուրախության արցունքներով, արցունքներով գորովանքի և անվերջ երախտիքի - դեռ տեսնում են Քեզ, հրճվալի երկյուղով, հարություն առած - և իրենց քեզ հետ. տեսնում են քեզ քաղցր ավյունով արտասվելիս Քո մոր երանելի գրկում, հանդիսավոր շրջելիս աշակերտներիդ հետ, խոսքեր բարբառելիս, որոնք ասես պոկված լինեն կենաց ծառից. տեսնում են Քեզ, լցված կարոտով, Հոր գիրկը փութալիս, բերելով դեռատի մարդկության և ոսկյա գալիքի բաժակը չկնքված: Քո մայրը շուտով փութաց Քո հետևից - երկրային հաղթարշավով:- Նա Քո կողքին առաջինը եղավ նոր հայրենիքում: Երկար ժամանակներ են հոսել դրանից հետո, և միշտ նոր և առավել բարձր փայլի է հասել Քո նոր արարումը - և ցավ ու տառապանքից, հավատով, կարոտով ու նվիրումով լցված բյուրավորներն են ձգվել Քո հետևից - սիրո արքայությունում թափառում են Քեզ հետ և երկնային կույսի - սպասարկում են երկնային մահվան տաճարում և Քոնն են հավիտենից:

Բարձրացված է քարը -
Հարությունն է մարդու արդ -
Քոնն ենք, և բոլորը
Մոտենում են անկաշկանդ:


Ահա վիշտն է ցնդում
Բաժակիդ դեմ անգին,
Եվ երկիրն է անհետում
Վերջին այս ընթրիքին:


Մահը փչում է փողը -
Հարսանյաց է կանչում -
Հարսնացուներն են շրջում -
Ծփում է յուղը -


Երբ հեռուները հնչեն,
Որ հայտնվում ես դու,
Աստղերը մեզ կկանչեն
Երգ ու խոսքով մարդու:


Մարիամ, քեզ են թռչում
Արդեն սրտեր բյուրավոր:
Նրանք քեզ են տենչում
Կյանքի մթնում ամեն օր:


Դարմանիր դու, Կույս Հարյալ,
Ձուլիր քո բերկրանքին,
Ընդունիր, ով Շնորհյալ,
Սեղմիր քո կրծքին:


Մյուսները, երգելով
Այրող ցավի բեռան տակ,
Այս աշխարհը լքելով
Քեզ փութացին, Հույս միակ:


Իբրև նեցուկ՝ հայտնվում,
Ցրում ես ցավ ու վշտեր -
Մենք նրանց մոտ ենք թևում -
Հար օթևանը մեր:


Հավատը չի թողնում մեզ
Ողբալ շիրիմներին,
Աստ ոչ ոք չի խլի քեզ,
Սիրո ընծա վերին -


Ոգեշնչմամբդ, Գիշեր,
Ցրիր կարոտը հեգ -
Դուք, երկնքի որդիներ,
Մեր սրտերը հսկեք:


Ավետի~ս, կյանքն այստեղ
Դեպ Հավերժ Կյանք է քայլում.
Ներքին հրից փառահեղ
Մեր նպատակն է փայլում:


Այստեղ լուծվիր գինու մջձ,
Դու, աստղային լուսե կյանք,
Մենք այն կըմպենք, մինչ հավերժ
Ինքներս աստղ դառնանք:


Չի’ք բաժանում էլ մեզ,
Սերն է ազատ տրվում:
Անվախճան ծով որպես՝
Մեծ Կյանքն է թավալվում:


Բերկրանքի լոկ մի գիշեր -
Միայն մի Խոսք անբառ -
Եվ արեգակը մեր՝
Հայր, քո դեմքն է պայծառ:

6

ՄԱՀՎԱՆ ԿԱՐՈՏ

Դեպի ցած, երկրի գիրկը մութ,
Լույսի ոլորտից անդին,
Նշանը ահա՝ ցավն անգութ,
Որ ժամն է մեկնումի արդեն:
Տանում է մակույկը մեզ նեղ
Երկրային ափերը շքեղ:


Փառք քեզ, անվախճան դու Գիշեր:
Փառք քեզ, անվախճան դու քուն:
Վշտից թոռոմեց սիրտը մեր,
Օտար է վայրն այս մեր հոգուն:
Հրճվանքն է կրծքից մեր հորդում՝
Ուզում ենք Հոր մոտ, դեպի տուն:


Աշխարհին այս պե՞տք է արդյոք
Մեր նվիրումն ու մեր սերը:
Հինը չի հիշում ոչ ոք.
Ուրեմն էլ մեզ ինչ նորը:
Ախ, ով որ Անցածն է սիրում,
Այժմ նրան ողբն է տիրում:


Անցածը, երբ մեր լուսավոր
Սրտերն էին վառվում հրով:
Երբ Աջն ու Երեսն էին Հոր
Մարդիկ ճանաչում Սիրով
Եվ անգամ գոյի մեջ չնչին
Տեսնում էին լոկ Արարչին:


Անցածը, երբ դեռ բարձրանում՝
Ծաղկում էր մեր ցեղը վաղնջյան,
Երկրային փրկության հանուն՝
Մանուկը ձգվում էր մահվան,-
Երբ կյանքն էլ կանչում տենչալի,
Սիրտ կար, որ Սիրունն էր էլի:


Անցածը, երբ ինքը՝ Տերը,
Մարմին զգեցավ երկրային,
Երբ կյանքն իր՝ իր թանկ նվերը
Նա բերեց սիրով մահին,
Չվանեց իրենից վախ ու ցավ
Եվ այդպես բաղձանքը մեր դարձավ:


Տեսնում ենք կարոտով մենք այն
Գիշերվա խավար խորքում,
Բնավ այս կյանքում ունայն
Ծարավը մեզ չի լքում:
Երբ որ մենք Հայրենիքը մտնենք,
Ժամանակն այդ սուրբ կգտնենք:


Վերադա~րձ, վերադա~րձ արդեն,
Ով թանկ էր, տարար դու, Մահ:
Նրանց շիրիմներն են մեր դեմ,
Ողբն ու երկյուղն են հիմա:
Աստ ոչինչ բաղձալի ու թանկ,
Սիրտը՝ կուշտ, աշխարհը՝ դատարկ:


Անվախճան խորհրդով իր լի՝
Դողն է մեզ իր մեջ առնում:
Ասես Հեռվից մեր խոր սգի
Արձագանքն է հետ դառնում:
Նաև նրանք են կարոտում՝
Մեռյալներն են մեզ կանչում Տուն:


Դեպ այնտեղ, Հիսուս Որդու մոտ,
Դեպ հարսնացուն սիրասուն,
Ուր շողում են մինչ առավոտ
Սիրեցյալները մեր բազու:
Մի երազ կոպերը մեզ քակում՝
Եվ մեզ Հոր գիրկն է առաքում: