«Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/108»–ի խմբագրումների տարբերություն

Տեքստերի ավտոմատիկ ներմուծում
(Տարբերություն չկա)

15:57, 12 Նոյեմբերի 2011-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

պղծությունների ու հայհոյությունների համար խստագույնս կպատժվեն։ Իր ընթերցողներին հորդորում է կշտամբել նրանց ու հաստատ մնալ առաքելավանդ հավատի մեջ։ Թղթում շեշտվում է, որ քրիստոնեությունը միայն դավանանք չէ, այլև վարք ու բարքի մաքրություն։

Սուրբ Հովհաննես առաքյալի եվ աստվածաբան ավետարանիչի հայտնությունը։ Ա-ի առաջին գիրքը՝ Ծննդոցը, պատասխանում է այն հարցին, թե որտեղից ենք մենք, իսկ վերջին գիրքը՝ Հայտնությունը՝ թե ուր ենք գնում։ Պատմոս կղզի աքսորված Հովհաննես առաքյալի այս գրվածքը մարգարեական է՝ կազմված տեսիլքներից ու հայտնություններից։ Գիրքը լի է ահեղ այլաբանությամբ և խորհրդավոր նշաններով։ Նկարագրում է իր տեսիլքը, որտեղ հայտնվում է Փրկիչը և հրամայում նրան գրի առնել իր հակիրճ ուղերձները Ասիայի 7 եկեղեցիների համար։ Այնուհետև պատկերվում են աշխարհի գալիք իրադարձությունները՝ սատանայի և նրա ծառաների վերջնական պարտությամբ, երկնքի ու երկրի վերափոխմամբ և Աստծո Գառի հավիտենական հաղթանակով։ Գրքի բուն նպատակն է վստահություն ներշնչել Տիրոջ երկրորդ գալստյան նկատմամբ, որն ավարտվում է Փրկչի խոստումով․ Ես գալիս եմ շուտով։ Ամեն։ Ե՛կ, Տե՛ր Հիսուս Քրիստոս (22․20)։

Ա-ի ընթերցումը։ Աստծո խոսքի հանապազ ընթերցանությունն առանձնական և ընդհանրական աստվածապաշտության անքակտելի մասն է և օրհնաբեր աղբյուրը։ Ս․ Գրքի կանոնավոր սերտողությունը աստվածային պատգամ է (տես Բ Օր․ 6․6–9, 11․18–21, Թվեր 15․39–40, Սաղմ․ 1․2, Հովհ․ 5․39, Ա Տիմ․ 4․13–16 ևն) և յուրաքանչյուր հավատացյալի սրբազան պարտականությունը։ Ըստ եկեղեցու հայրերի՝ Ա-ի ընթերցանությունն ընդհանրության եզր չունի աշխարհիկ գրքերի հետ, այսինքն՝ գիտելիքի սոսկ յուրացում չէ, այլ՝ զրույց Աստծո հետ։ Նրա խոսքն օժտված է ներգործուն զորությամբ՝ ունակ մխիթարելու, բուժելու և վերափոխելու մարդկանց հոգիները․ Միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից (Մատթ․ 4․4) և Աստծո զորությունն է՝ ի փրկություն բոլոր հավատացյալներին (Հռոմ․ 1․16)։ Հոգու սուսեր է, որ քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները (Եփես․ 6․17)։ Մուրճ է, որ փշրում է մեր քարեղեն սրտերը (Երեմ․ 23․29)։ Հուր է, որ այրում է հոգու անմաքրությունը և ջերմացնում մեր բնությամբ անտարբեր սրտերը Երկնքի արքայության նկատմամբ (Մատթ․ 13․11–15)։ Ճրագ է, որ լույս է տալիս մութ տեղերում (Բ Պետ․ 1․19) և փարատում մեր տգիտության, կրքերի ու մոլորությունների խավարը։ Սերմ է, որ մեր սրտերում ծլում, աճում և պտղաբերում է (Մարկ․ 4․20)։ Վերջապես Կյանքի խոսք է, որ շնորհում է հավիտենական կյանք (Փիլիպ․ 2․16)։

Պատարագի և ժամերգությունների ընթացքում ի լուր բոլորի սուրբգրային հատվածներ՝ ընթերցվածներ են կարդացվում եկեղեցու սպասավորների կողմից։ Այս կարգը սկզբնավորվել է Իսրայելում՝ հնագույն ժամանակներից, իսկ առաքյալների օրոք հաստատվել է ներկայիս ընթերցանության եռակարգությունը։ Նախ ընթերցվում է Հին կտակարանից՝ իբրև Փրկչի տնօրինությունների կանխասացություն, ապա՝ Առաքելական թղթերից՝ իբրև վկայություն, և վերջում՝ Ավետարանից՝ իբրև կատարում, ինչը հնարավորություն է ընձեռում խորունկ և ուղղափառ ձևով ընկալել Ս․ Գիրքն իր Հին և Նոր կտակարնների միասնության մեջ։ Այս ընթերցվածները պատշաճեցված են օրվա, տոնի խորհրդին։ Եկեղեցում կազմվել են ընթերցվածների ժողովածուներ, ինչպես՝ Ճաշոց գիրքը, Ատենի, Յուղաբերի, Ճաշի Ավետարանները։ Աստծո խոսքն ընթերցելուց առաջ հնչում են հատուկ կոչեր՝ Օրթի (ունկնդրեցեք կամ ոտքի ելեք), Պրոսխումե (ուղիղ դիմացդ նայիր) և Ասէ Աստուած, որոնք հրավեր են խոսքն ընկալելուց առաջ զգաստանալու։

Տօնք, պահք և ընթերցուածք Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ ամենամյա օրացույցում նշված են յուրաքանչյուր օրվա ընթերցվածները։

Ըստ եկեղեցու հայրերի, բացի ակնածալից ու երկյուղալից վերաբերմունքից, անհրաժեշտ են հարատևություն, խոնարհություն և սրտի մաքրություն, ինչպես նաև հանապազ խորհրդածություն կարդացածի շուրջ և խորունկ ըմբռնում։ Ա․ ճիշտ ընկալելու մյուս կարևորագույն պայմանը գրքերի ճիշտ ընտրությունն է՝ ըստ կարևորության, ինչը ենթադրում է Ա-ի ընդհանուր ցանկից տարբերվող հերթականություն՝ կախված տարիքից և հոգևոր հասունությունից։ Այսպես, գրքերից