«Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009թ. նոյեմբերի 11-ի Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվի ժողովում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. {{Վերնագիր |title= |section = |previous = |next = |notes = |author =Լևոն Տեր-Պետրոսյան}} <div style="width: 35em; text-align:left; text-indent:1.5em"> ...
(Տարբերություն չկա)

11:45, 21 Դեկտեմբերի 2011-ի տարբերակ

'

Լևոն Տեր-Պետրոսյան

Իմ նախորդ ելույթում ես խոստացել էի մի այլ առիթով ավելի հանգամանորեն անդրադառնալ հայ-թուրքական արձանագրություններին։ Կարծում եմ, դրանց ստորագրման արդյունքում հստակեցված ներկա իրավիճակը հարմարագույն առիթն է այդ խոստումը կատարելու համար։ Ես կաշխատեմ զերծ մնալ զգացմունքային գնահատականներից և կատարվածն ու դրա հետևանքները վերլուծել բացառապես քաղաքական տեսակետից։ Ստիպված եմ միայն զգուշացնել, որ ի հեճուկս մամուլի սպասումների, ելույթս ոչ թե ծրագրային է, այլ բացատրական, թեև չեմ ժխտում նաև ծրագրային ելույթի անհրաժեշտությունը։

* * *

և այսպես, հակառակ Հայաստանում և Սփյուռքում ծավալված բողոքի տպավորիչ ցույցերին, Սերժ Սարգսյանը, ինչպես և սպասվում էր, այնուամենայնիվ ստորագրեց խնդրո առարկա վիճահարույց արձանագրությունները՝ ակնհայտորեն ղեկավարվելով ոչ թե պետական կամ ազգային շահերով, այլ արտաքին աշխարհում լեգիտիմություն ձեռքբերելու և սեփական իշխանությունը պահպանելու նպատակով։ Հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման հարցում նրա դրսևորած անհարկի զիջումը բավական է այս պնդումը անառարկելի համարելու համար, քանի որ որևէ այլ նկատառումով դա ուղղակի անհնար է բացատրել։ Զարմանալու ոչինչ չկա. կար ժամանակ, երբ հայ թագավորները, համապատասխան ծառայությունների դիմաց, իշխանության տվչություն (ինվեստիտուրա) էին ստանում արաբներից, կար ժամանակ՝ մոնղոլներից, այժմ էլ ահա, Սարգսյանը տվչություն է ստանում Արևմուտքից։

Արդարությունը պահանջում է նշել, սակայն, որ Սերժ Սարգսյանը միայնակ չիրագործեց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ծրագիրը։ Այդ հարցում նրան անվերապահ աջակցություն ցուցաբերեցին՝ Հայաստանի Հանրապետական, Օրինաց Երկիր և Բարգավաճ Հայաստան կուսակցությունները, Հայոց եկեղեցու գերագույն հոգևոր խորհուրդը՝ առաջնորդությամբ Գարեգին Բ կաթողիկոսի, ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհուրդը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, Ամերիկայի Հայկական համագումարը՝ նախագահությամբ Հրայր Հովնանյանի, Հայ բարեգործական ընդհանուր միությունը՝ պատվո նախագահությամբ Լուիզ-Սիմոն Մանուկյանի, ՀՀ Գիտությունների ակադեմիայի նախագահությունը՝ գլխավորությամբ Ռադիկ Մարտիրոսյանի, Հայաստանի քրեաօլիգարխիկ տնտեսական վերնախավը՝ հանձինս բոլոր մականունավոր հայտնի դեմքերի, Պետական բուհերի ռեկտորները՝ ի դեմս Արամ Սիմոնյանի, Սուրեն Զոլյանի և մյուսների, և վերջապես, ողջ նոմենկլատուրային մտավորականությունը՝ Զորի Բալայանի, Սոս Սարգսյանի, Պերճ Զեյթունցյանի, Ռուբեն Գևորգյանցի և այլոց լուռ համաձայնությամբ։ Հատկանշական է, սակայն, որ նշածս կազմակերպությունների ու խավերի ներկայացուցիչներից ոչ ոք, բացի հատուկենտ Հանրապետականներից, քաջություն չունեցավ անհատապես պաշտպանելու Սերժ Սարգսյանի որդեգրած քաղաքականությունը, այլ փոքրոգաբար պատսպարվեց անձնական պատասխանատվություն չպահանջող կոլեկտիվ սատարումների և հայտարարությունների ետևում։ Բոլորը, փաստորեն, լքեցին ու մենակ թողին իրենց նախագահին։ Ոչ մի նախարար, ոչ մի ակադեմիկոս, ոչ մի ռեկտոր, ոչ մի օլիգարխ և ոչ մի մտավորական անձամբ չկանգնեց նրա կողքին։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրությունների քննադատներին, ապա որպես այդպիսիք, տարբեր նկատառումներով ու դրսևորումներով, հանդես եկան սփյուռքահայ զանգվածները, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, Ժառանգությունը, Նոր Ժամանակները, Միացում և Սարդարապատ հասարակական շարժումները, Ռամկավար-Ազատական կուսակցության որոշ թևեր, Դաշնակցության հրապարակային միջոցառումներին միացած շուրջ մեկ տասնյակ մանր կազմակերպություններ, ինչպես նաև մի քանի անհատ քաղաքական գործիչներ կամ քաղաքագետներ՝ Վարդան Օսկանյան, Տիգրան Թորոսյան, Անդրանիկ Թևանյան, Արամ Ամատունի, Հակոբ Բադալյան և այլք։ Հարկ է նկատի ունենալ, սակայն, որ ընդդիմախոս ճամբարը, առերևույթ ընդհանրությամբ հանդերձ, ի հայտ բերեց մոտեցումների մի սկզբունքային տարբերություն՝ մոտեցումներ, որոնցից մեկի կրողը Հայ Ազգային Կոնգրեսն է, իսկ մյուսինը՝ մնացյալ բոլոր թվարկված ուժերը։ Այս հանգամանքն առաջացրեց որոշ թյուրըմբռնումներ ու անհասկացողություններ, որոնք կարոտ են հստակ պարզաբանումների։

Մինչ այդ, սակայն, անհրաժեշտ է նշել, որ հստակ սահմանազատված այս երկու ճամբարներից բացի, եղավ նաև անտարբերների մի հսկայական զանգված, որն ընդհանրապես որևէ կերպ չարձագանքեց հայ-թուրքական արձանագրություններին, ինչպես չի արձագանքում նաև Ղարաբաղյան կարգավորման վտանգավոր զարգացումներին։ Որքան էլ տխուր ու մտահոգիչ, այս երևույթը, սակայն, զարմանալի չէ, քանի որ սեփական իշխանություններից ճնշված, իրավազրկված, կեղեքված ու սովորական գոյաքարշության դատապարտված ժողովրդից չի կարելի հայրենասիրական պոռթկում սպասել։ Ընդ որում, նշված երևույթը, որը գիտականորեն ուսումնասիրված է, հատուկ է ոչ միայն մեզ, այլև բոլոր մնացյալ ժողովուրդներին։ Այն բազմիցս դրսևորվել է պատմության մեջ և եղել շատ պետությունների ու նույնիսկ կայսրությունների կործանման պատճառներից մեկը։ Հասարակության անտարբերությունն, անշուշտ, առայժմ ձեռնտու է իշխանություններին, և պետք է, առաջին հերթին, անհանգստացնի ընդդիմությանը։ Բայց վերջին հաշվով, այդ անտարբերությունը շրջվելու է իշխանությունների դեմ։ Երբ որևէ վճռական պահի նրանք կարիքն ունենան հասարակության աջակցության, այդ աջակցությունը չեն ստանալու։ Սակայն սա, թեև չափազանց կարևոր, բայց միանգամայն առանձին հարց է, որը դուրս է մեր քննության բուն առարկայից՝ ընդդիմադիր ճամբարի դիրքորոշումների գնահատականից։

* * *

Ըստ այդմ, անզեն աչքով իսկ նկատելի է, որ ի տարբերություն Կոնգրեսի, որը հայ-թուրքական արձանագրություններին ընդդիմացավ ռեալ քաղաքականության դիրքերից, մյուս ուժերը խնդիրը տեղափոխեցին գաղափարախոսական հարթություն, այսինքն՝ Հայ դատի ոլորտ, որը ոչ մի կապ չունի ռեալ քաղաքականության և մեր երկրի իրական շահերի հետ։ Կոնգրեսն արտահայտեց երկու հստակ առարկություն, որոնցից մեկը վերաբերում է Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնող պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, մյուսը՝ արձանագրությունների վավերացման պայմանին, որը Թուրքիայի համար հնարավորություն է ստեղծում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել Ղարաբաղի հարցի լուծմամբ։ Ի տարբերություն Կոնգրեսի, Հայդատականություն դավանող քաղաքական ուժերը նշված առարկություններին գումարեցին նաև հայ-թուրքական ընդհանուր սահմանի ամրագրման անընդունելիության, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ու հայ ժողովրդի պատմական իրավունքների ճանաչման, ինչպես նաև արևմտահայության կրած նյութական վնասների փոխհատուցման հարցերը։

Այսպիսով, այդ ուժերը տպավորություն ստեղծեցին, թե իբր հայ-թուրքական արձանագրությունների քննադատության հարցում Կոնգրեսը պասիվություն ու անսկզբունքայնություն է դրսևորում, և միայն իրենք են լրջորեն պայքարում Սերժ Սարգսյանի վարած «ազգակործան» քաղաքականության դեմ։ Այնինչ իրականում, իրենց առաջ քաշած իռացիոնալ պահանջներով, նրանք մի կողմից անլրջացրին արձանագրությունների պարունակած ամենավտանգավոր դրույթի՝ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մերժելիության փաստարկը, մյուս կողմից՝ մեծագույն ծառայություն մատուցեցին Սերժ Սարգսյանին, ակամա բարձրացնելով վերջինիս միջազգային վարկը։ Հակառակ հայաստանյան և մանավանդ սփյուռքյան ցույցերում կրած անձնական նվաստացումներին, Սարգսյանը ազգայնական հիստերիայի շնորհիվ միջազգային ասպարեզում անսահմանորեն ուժեղացրեց իր դիրքերը, աշխարհին ներկայանալով որպես 21-րդ դարին արժանի իրատես ու վճռական պետական գործիչ, որը պատրաստ է հանուն իր սկզբունքների դիմել համարձակ ու ոչ ամբոխահաճ իրագործումների։ Ամենևին պատահական չէ, հետևաբար, որ արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո նա ճանաչվեց «շաբաթվա ևրոպացի», որից դեպի Նոբելյան մրցանակ մի քայլ է մնում, և այդ քայլը հայտնի է բոլորին։

Ծայրահեղ ազգայնականները, մանավանդ Դաշնակցությունը, իրենց անհարմար վիճակի մեջ են դնում նաև մի այլ առումով, այն է՝ մի կողմից պաշտպանելով առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման սկզբունքը և դրա հիման վրա բողոքելով Թուրքիայի ներկայացրած նախապայմանների դեմ, մյուս կողմից՝ վերջինիս առջև սեփական նախապայմանները դնելով։ Մերկապարանոց չթվալու համար հարկ եմ համարում մի ընդարձակ մեջբերում կատարել «ՀՅԴ Հայաստանի կազմակերպության գործունեության ուղենիշերը» վերնագիրը կրող փաստաթղթից (23.10.2009թ.), որում այդ մասին բառացիորեն ասված է հետևյալը. «Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու համար նախադրյալներ կարող են ստեղծվել միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և հատուցման պատրաստակամություն դրսևորելու, ինչպես նաև թուրք-ադրբեջանական միասնական հակահայկական քաղաքականությունը դադարեցնելու դեպքում։ Պատմական այս շրջափուլում առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու գործընթաց սկսելը չափազանց լուրջ և պատասխանատու քայլ է և Հայաստանի կողմից միակ զիջումը պետք է հանդիսանա։ ...ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է անհրաժեշտ դիմակայություն ապահովի թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական ծրագրերին և առաջնորդվի հետևյալ սկզբունքներով. -Թուրքիայի կողմից ներկայացվող նախապայմանները գնահատել որպես անօրինական և մեր ազգային արժանապատվությունը վիրավորող. -Բացառել հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման առկա գործընթացների փոխկապակցումը, ինչը կհանգեցնի Հայ Դատի ամբողջական փաթեթի անթույլատրելի տրոհման. -Չկնքել որևէ պայմանագիր, որով կարող է ուժը կորցված ճանաչվել կամ վերացվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի միջազգային իրավական նշանակությունը. -Մինչև բովանդակ հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների վերականգնումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի անքակտելի մասը պետք է կազմեն Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցերը. -Բացառել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը թուլացնող որևէ գործողություն՝ այդպիսով ի չիք դարձնելով ուրացման թուրքական քաղաքականության փորձերը»։

Մարդ կարող է ուղղակի թևաթափ լինել քաղաքականության հետ կապ չունեցող և հակասություններով լի այս բառակույտից։ Եթե խնդիրը չվերաբերեր մի այնպիսի լուրջ թեմայի, ինչպիսին հայ-թուրքական հաշտեցումն է, ապա կարելի էր կարծել, թե մենք գործ ունենք ոչ թե կուսակցական ծրագրի, այլ քաղաքական պամֆլետի հետ։ Այդուհանդերձ, որքան էլ խրթին ու հակասական, ասվածի իմաստը չափազանց պարզ է. ըստ Դաշնակցության՝ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կառուցի այնպիսի պայմանագրի հիման վրա, որը չբացառի ապագայում վերջինիս առջև Ցեղասպանության ճանաչման և տարածքային ու նյութական փոխհատուցման պահանջներ դնելու հնարավորությունը։ Տրված լինելով, որ Թուրքիան երբեք չի համաձայնի նման պայմանների, հետևաբար, նույնքան պարզ է նաև այս դիրքորոշման նպատակը, այն է՝ ամեն ինչ անել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վիժեցնելու համար, որքան էլ Դաշնակցությունը պնդի, թե «դեմ չէ և երբեք էլ դեմ չի եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացմանը» (ՀՅԴ առաջարկած փոփոխությունները, Երևան 2009, էջ 2)։ Դաշնակցության և հայդատական մյուս ուժերի պատկերացմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունները պետք է բնականոնացվեն ոչ թե փոխզիջումների ու բարի կամքի դրսևորման, այլ Թուրքիայի անվերապահ կապիտուլյացիայի հիման վրա։ Իսկ քանի որ Թուրքիան, կարծես թե, կապիտուլյացիայի մտադրություն չունի, նրանք քաջություն պետք է ունենան բացեիբաց հայտարարելու, որ ընդհանրապես դեմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Վերջիվերջո, ինչների՞ս է պետք այդ կարգավորումը, եթե Վարդան Օսկանյանի հանճարեղ դատողությամբ՝ Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կարող է զարգանալ շրջափակումների պայմաններում։

Բացի այս ամենից, Հայդատական ուժերի առնվազն մի մասի պահվածքն անլուրջ ու խոցելի է նաև պարկեշտության առումով։ Բոլորովին անհասկանալի է, օրինակ, թե ինչ իրավունքով է Դաշնակցությունը բողոքում հայ-թուրքական ներկա սահմանների դեմ, երբ ինքն է Ալեքսանդրապոլի պայմանագրով գծել այդ սահմանները։ Կամ ինչպե՞ս է Թուրքիայից պահանջում ճանաչել հայ ժողովրդի պատմական իրավունքները, երբ նույն այդ պայմանագրով հրաժարվել է Սևրի դաշնագրից։ Ասվածը հավասարապես վերաբերում է Վարդան Օսկանյանին։ Ինչո՞ւ է, հանկարծ, նա հիշել Արևմտահայաստանն ու հայրենի Մարաշը, երբ իր պաշտոնավարության շրջանում որևէ կերպ չարձագանքեց Թուրքիայից հողային պահանջներ չունենալու մասին Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարությանը, չասաց, որ դա դավաճանություն է, որ դրանով ոտնահարվում են հայ ժողովրդի պատմական իրավունքները և այլն։ Հետևաբար, Դաշնակցությունն ու Օսկանյանն ո՞ւմ պիտի հավատացնեն, որ իրենց այսօրվա պահվածքն անկեղծ է ու միտված չէ էժան քաղաքական դիվիդենտներ շահելուն։ Թերևս ավելորդ չէ նշել, որ հասարակության մեծամասնության համոզմամբ, անկեղծություն չի բուրում նաև Դաշնակցության Հայաստանի կազմակերպության ձևական բողոքի ցույցերից և հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի փոխարեն Էդվարդ Նալբանդյանի ուսերին բարդելու համառ ձգտումից։

Վերջապես, Սերժ Սարգսյանի դեմ ուղղված հայդատական քննադատությունն անտեղի է նաև պատմական ճշմարտության տեսակետից։ Արդարացի չէ նրա գործած բազմաթիվ մեղքերին նաև չգործած մեղքեր գումարել։ Սարգսյանը չէ, որ առաջինն է ճանաչել հայ-թուրքական ներկայիս սահմանը - նրանից առաջ դա արել են դաշնակները և բոլշևիկները՝ Ալեքսանդրապոլի և Ղարսի պայմանագրերով։ Նա չէ, որ հրաժարվել է Թուրքիայի նկատմամբ տարածքային նկրտումներից - դա արել է Ռոբերտ Քոչարյանը։ Նա չէ, որ Թուրքիայից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ի պատասխան ստացել է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկը - այդ բանն արել են Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը։ Նա չէ, որ Ղարաբաղը դուրս է մղել կարգավորման գործընթացից - դա եղել է Քոչարյանի, Օսկանյանի և Արկադի Ղուկասյանի սև գործը։ և վերջիվերջո, Սարգսյանը չէ, որ «նվաճել է» Մադրիդյան սկզբունքները - դրանք նա ժառանգել է Քոչարյանից ու Օսկանյանից։ Այս հարցերում Սարգսյանը պատասխանատու է միայն այնքանով, որքանով մաս է կազմել Քոչարյանի վարչակազմին, ընդ որում ոչ ավելի, քան վերջինիս մաս կազմած կամ նրան սատարած մնացյալ ուժերը, որոնցից ոմանք այսօր փորձում են ընդդիմություն խաղալ և այդկերպ խուսափել պատասխանատվությունից։

* * *

Հայ-թուրքական արձանագրությունների քննադատության հարցում Կոնգրեսի պասիվության կամ անսկզբունքայնության վերաբերյալ տպավորությունն, արդ, բխում է վերջինիս դիրքորոշումը Հայդատականների ավելի սուր ու արմատական թվացող դիրքորոշման հետ համեմատության մեջ դնելու խաբուսիկ հանգամանքից։ Խաբուսիկ՝ առաջին հերթին այն տարրական ճշմարտությունը անուշադրության մատնելու պատճառով, որ քաղաքականության մեջ արժեքավորը ոչ թե սուրն ու արմատականն է, այլ արդյունավետն ու բանականը։ Ինչ էլ Կոնգրեսի մասին մտածեն, լինելով խիստ ռացիոնալ քաղաքական շարժում, վերջինս չէր կարող միանալ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման առթիվ ծավալված ազգայնական հիստերիային և դրանով նպաստել միջազգային ասպարեզում Սերժ Սարգսյանի դիրքերի էլ ավելի ուժեղացմանը։ Անձնապես ես և կոնգրեսականներից շատերը այդ բանը չէինք կարող անել նաև զուտ գաղափարախոսական նկատառումներով, այն է՝ հայդատականության նկատմամբ ունեցած սկզբունքային վերապահումների պատճառով։ Հայ դատը, կամ այլ կերպ՝ պահանջատիրությունը, պետականազուրկ ազգին վայել դավանանք է։ Պետություն ունեցող ազգը պետք է առաջնորդվի բոլորովին այլ կատեգորիաներով։ Ժամանակն է, վերջապես, գիտակցել, որ քաղաքականության և իրավագիտության մեջ պատմական իրավունք հասկացություն գոյություն չունի, և չի կարելի աշխարհի հետ խոսել այդ լեզվով՝ անմեղսունակի վիճակում չհայտնվելու համար։ Միևնույն է, այդ լեզուն հասկացող չկա ու երբեք չի լինելու։ Պատմական իրավունք տերմինը պատկանում է պրոպագանդայի ոլորտին, իսկ պրոպագանդան, որքան էլ կարևոր, չի կարող ու չպետք է փոխարինի քաղաքականությանը։

Ասվեց արդեն, որ Կոնգրեսի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եղել և մնում է ոչ թե գաղափարախոսական, այլ քաղաքական խնդիր, հետևաբար, ստորագրված արձանագրությունները մենք պարտավոր էինք գնահատել բացառապես քաղաքական հարթության վրա, ինչպես և վարվել ենք։ Ըստ այդմ, ռեալ քաղաքականության տեսակետից՝ մեզ համար արձանագրությունների պարունակած դրույթներից միակ անընդունելին հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող կետն է։ Ինչո՞ւ ենք մենք առանձնապես կարևորում այդ հարցը։ Որովհետև.

  • հակառակ պաշտոնական քարոզչության պնդումներին և հավաստիացումներին, այդ հանձնաժողովի քննության գլխավոր, եթե ոչ միակ, առարկան լինելու է Ցեղասպանության հարցը, այլապես նրա ստեղծումը Թուրքիան չէր համարի իր ամենամեծ նվաճումը.
  • դրանով ինքնաբերաբար կասկածի տակ է դրվելու Հայոց ցեղասպանության իրողությունը և դադարեցվելու է նրա միջազգային ճանաչման գործընթացը։ Մենք չենք հավատում, անշուշտ, որ Հայոց ցեղասպանությունն անցյալում ճանաչած երկրների խորհրդարանները չեղյալ են հայտարարելու իրենց որոշումները, բայց, դրա հետ մեկտեղ, չենք կասկածում, որ ոչ մի այլ երկիր այլևս նման որոշում չի ընդունելու.
  • դրանով նաև ծանր բարոյա-հոգեբանական հարված է հասցվելու Սփյուռքին, որի ինքնությունը, սուբյեկտիվ ցանկություններից անկախ, ողբերգական հանգամանքների բերմամբ, խարսխված է Ցեղասպանության վրա, թեև ես կնախընտրեի, որ այն խարսխված լիներ Հայոց պետականության հզորացման գաղափարի և համամարդկային արժեքների վրա։

Ո՛ր կողմից էլ հարցը դիտարկելու լինենք, ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանը, պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը տված համաձայնությամբ, մի այնպիսի աններելի սխալ է գործել, որը թերևս երբևէ հնարավոր չլինի շտկել։ Ընդ որում, սխալն աններելի է ոչ միայն քաղաքական, այլև գործնական առումով։ Եթե պատմաբանների հանձնաժողովի ստեղծման նպատակը հայ-թուրքական հաշտեցմանը նպաստելն է, ապա հազիվ-թե ծառայի այդ նպատակին, քանի որ, ամենայն հավանականությամբ, այն վերածվելու է անվերջ բանավեճերի թատերաբեմի՝ ավելի ևս խորացնելով երկու ժողովուրդների հակասությունները։ Իսկ եթե հանձնաժողովի ստեղծման հարցում դրսևորած զիջման դիմաց Հայաստանի դիվանագիտությունն ակնկալում է հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա այդ զիջումը միանգամայն անհարկի է, քանի որ սահմանի բացման հարցը կախված է ոչ թե դրանից, այլ Ղարաբաղյան խնդրի լուծումից։ Այսինքն՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծվեր, թե ոչ, միևնույն է, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո կարգավորվելու էին նաև հայ-թուրքական հարաբերությունները, և սահմանը բոլոր դեպքերում բացվելու էր։ Այնպես որ, եթե պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը սովորական առևտրային գործարք էլ համարենք, ապա դա միանգամայն ձախորդ գործարք է կամ գործարք է ոչ թե «հանձնաժողով՝ սահմանի բացման դիմաց», այլ, լավագույն դեպքում, «հանձնաժողով՝ Սերժ Սարգսյանի լեգիտիմության ճանաչման դիմաց» բովանդակությամբ։

Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, որոնք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման առթիվ սկսել են մտահոգություններ արտահայտել հիմնականում հայ-թուրքական արձանագրությունների հրապարակումից հետո (31 օգոստ. 2009), Հայ Ազգային Կոնգրեսն այդ մասին ահազանգել է շատ ավելի վաղ ու բազմիցս։ Վերջին երկու տարվա ընթացքում միայն ես այդ հարցին հանգամանորեն անդրադարձել եմ իմ յոթ տարբեր ելույթներում, առաջին անգամ դեռևս 2007թ. դեկտեմբերի 8-ին (տե՛ս նաև՝ 2008թ. սեպտ. 15; հոկտ. 17; դեկտ. 21; 2009թ. մայիս. 1, մայիս. 15, հունիս. 12)։ Այս փաստերը ես արձանագրում եմ ոչ թե ուրիշներին կշտամբելու նպատակով, այլ ցավով ու կրկին քաղաքական նկատառումներով։ Կարծում եմ, որ եթե մնացյալ քաղաքական ուժերը ժամանակին արձագանքեին Կոնգրեսի հնչեցրած ահազանգերին և կենտրոնանային բացառապես տվյալ խնդրի վրա, նամանավանդ առանց այն պղտորելու պահանջատիրական հարցադրումներով, ապա թերևս հնարավոր լիներ կասեցնել հայ-թուրքական արձանագրություններում պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ դրույթի ընդգրկումը։

Բացի պատմաբանների հանձնաժողովի վերաբերյալ ունեցած սկզբունքային առարկությունից, Կոնգրեսն, ինչպես արդեն նշվեց, մտավախություն էր արտահայտել նաև խորհրդարանների կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման պայմանի առթիվ։ Նման պայմանն ինքնին խնդիր չպիտի հարուցեր, եթե Թուրքիային հնարավորություն չտար վավերացման հարցը կապել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պահանջի հետ։ Որ այս մտավախությունն անհիմն չէ, հաստատվում է ինչպես թուրքական խորհրդարանում արձանագրությունների վավերացման առթիվ սկսված քննարկումների մթնոլորտով, այնպես էլ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների անվերջ հայտարարություններով։ Այս ամենից հետո էլ պնդել, թե իբր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված չէ Ղարաբաղյան խնդրի լուծման հետ, պարզապես անհեթեթություն է։ Ավելին, այդ համառ պնդումները, որոնք անընդհատ հնչում են թե՛ Հայաստանի, թե՛ արևմտյան երկրների դիվանագետների շուրթերից, ճիշտ հակառակն են ապացուցում՝ այն է, որ հայ-թուրքական կնճիռը և Ղարաբաղյան հակամարտությունը լուծվելու են փաթեթով։ Դա ես կանխատեսել էի դեռևս 2008թ. հոկտեմբերի 17-ի իմ ելույթում, ավելացնելով նաև, որ «փորձ է արվելու այդ փաթեթում ընդգրկել նաև Ցեղասպանության ուսումնասիրության նպատակով հայ և թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծման հարցը», ինչն այսօր արդեն իրականություն է։

* * *

Քննարկված հարցերի առթիվ ավելի հստակեցնելու համար Կոնգրեսի դիրքորոշումը, հարկ եմ համարում ևս մեկ անգամ շեշտել մեր կողմից բազմիցս ներկայացված հետևյալ հիմնադրույթները.

  • Մենք կողմ ենք թե՛ հայ-թուրքական հարաբերությունների, թե՛ Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը, որը հիմնված պետք է լինի փոխզիջման և հավասարակշռվածության սկզբունքների վրա.
  • Դրա հետ մեկտեղ, վճռականորեն դեմ ենք հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, որը Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելուց բացի, ոչ թե նպաստելու, այլ ընդհակառակը, խանգարելու է հայ-թուրքական հաշտեցմանը.
  • Ղարաբաղի հարցում մեզ համար խնդրահարույց է կարգավորման որևէ ծրագիր, որում հստակեցված չէ խաղաղապահ ուժերի տեղակայման պարագան, սահմանված չէ Լաչինի միջանցքի կարգավիճակը և ամրագրված չեն հանրաքվեի անցկացման պայմանները.
  • Հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բնագավառներում վտանգավոր զարգացումների կասեցման միակ միջոցը իշխանափոխությունն է, որի իրագործումը, սակայն, անհնար է, քանի դեռ այդ բանը չեն գիտակցել բոլոր քաղաքական ուժերը և չի հաղթահարվել հասարակության զգալի մասի անտարբերությունն ազգային հարցերի նկատմամբ.
  • Քաղաքական ուժերի ջրբաժանը Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն է։ Ովքեր դա պահանջում են, իրական ընդդիմություն են, իսկ ովքեր չեն պահանջում՝ իշխանության կողմն են, որքան էլ ձևացնեն, թե իսկապես մտահոգված են նշված անցանկալի զարգացումներով.
  • Իշխանափոխության և Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման գործում մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած, այդ թվում՝ ոչ գաղափարակից ուժի հետ, բացառությամբ արտաքին ուժերի։

Որքան ինձ հայտնի է, որևէ այլ քաղաքական ուժ այսպիսի հստակ, իրատեսական և Հայաստանի ու Ղարաբաղի իրական շահերից բխող դիրքորոշում չի արտահայտել։ «Ոչ մի թիզ հող», «ոչ մի զիջում» կամ «ոչ մի հաշտեցում» կարգախոսները, որքան էլ հստակ թվացող, ինձ համար քաղաքական դիրքորոշում չեն և հղի են մեր ժողովրդին ազգային աղետի առջև կանգնեցնելու վտանգով։ Իսկ երբ այդ կարգախոսներն ուղեկցված չեն իշխանափոխության պահանջով, նրանք նաև կեղծ ու փարիսեցիական են։

* * *

Իսկ այժմ տեսնենք, թե ինչ իրադարձություններ են մեզ սպասում առաջիկայում։ Չնայած դժվար է հստակ գուշակություններ կատարել, բայց ինձ հավանական է թվում մոտավորապես հետևյալ սցենարը.

Թուրքիայի խորհրդարանը ձգձգելու է արձանագրությունների վավերացման գործընթացը կամ դրանք վավերացնելու է որոշ վերապահումներով՝ ձգտելով այդ եղանակով խթանել Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը.

  • Հայաստանի խորհրդարանը սպասողական դիրք է գրավելու և փորձելու է արձանագրությունների վավերացման խնդրին անդրադառնալ միայն այն բանից հետո, երբ դրանք կվավերացվեն Թուրքիայի կողմից.
  • Այս փակուղային վիճակից դուրս գալու գլխավոր խոչընդոտը համարելով Ղարաբաղի խնդիրը, միջազգային հանրությունը ջանալու է արագացնել վերջինիս հանգուցալուծումը, ինչը բացահայտորեն համընկնում է Թուրքիայի դիրքորոշմանը.
  • Սերժ Սարգսյանը, մատնանշելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման առիթով Հայաստանում և Սփյուռքում ծագած սուր հակազդեցությունը, միջնորդներից խնդրելու է որոշ դադար տալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ պատճառաբանելով, որ իր համար դժվար կլինի կարճատև ժամանակամիջոցում դիմակայել ևս մի այդպիսի հակազդեցության.
  • Ըմբռնումով մոտենալով Սարգսյանի պատճառաբանությանը՝ միջազգային հանրությունը, սակայն, նրա թուլությունից օգտվելու պահը չկորցնելու համար, մերժելու է այդ խնդրանքը և, ընդհակառակը, Ղարաբաղի հարցում ավելի ևս մեծացնելու է ճնշումները Հայաստանի վրա.

հավանականությամբ, շահագրգիռ ուժերը Հայաստանին հորդորելու են նաև առաջինը վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները՝ այն հիմնավորմամբ, որ դրանից հետո Թուրքիայի համար հեշտ չի լինի ձգձգել վավերացման գործընթացը.

  • Իրերի տրամաբանությամբ՝ մոտակա ամիսներին զարգացումներն ընթանալու են ոչ այնքան հայ-թուրքական հարաբերությունների, որքան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, որովհետև, վերջին հաշվով, հայ-թուրքական հաշտեցման հիմնապայմանը ոչ իսկ Ցեղասպանության կնճիռն է, այլ Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը։

Ինչպես տեսնում ենք, իրավիճակը չափազանց նուրբ է և զգայուն, ինչը մեծ պատասխանատվություն է պահանջում թե՛ իշխանություններից, թե՛ ընդդիմությունից, որոնք հավասարապես կանգնած են բարդագույն խնդիրների առջև։ Բարդությունը մի կողմից՝ կայանում է նրանում, որ ներքաղաքական հակասությունները չխանգարեն հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներին, մյուս կողմից՝ որ այդ գործընթացները զերծ մնան հայության համար վտանգավոր ու անցանկալի զարգացումներից։ Հայ Ազգային Կոնգրեսը մշտապես առաջնորդվել և այսուհետև ևս առաջնորդվելու է պատասխանատվության այս գիտակցությամբ՝ խուսափելով թե՛ անխոհեմ գործողություններից, թե՛ քաղաքական մաքսիմալիզմից, և հաշվի առնելով, առաջին հերթին, պետական շահը։ Դժբախտաբար, նույնը չի կարելի ասել իշխանությունների մասին, որոնք համառորեն չեն ուզում օգտագործել ներքաղաքական խնդիրների լուծման և ազգային համերաշխության կայացման միջոցով Հայաստանի դիրքերն ամրացնելու և արտաքին մարտահրավերները դիմագրավելու ամենաթանկ ռեսուրսը։

Ինձ համար անհասկանալի է հետևյալ առեղծվածը։ Քանի կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում անհարկի զիջումների է գնում՝ օտարներից լեգիտիմություն ստանալու նպատակով, ապա ի՞նչն է նրան խանգարում, այդչափ նվաստանալու փոխարեն, ցանկալի այդ լեգիտիմությունը խնդրել սեփական ժողովրդից և ստիպված չլինել այդպիսի զիջումներ կատարելու։ XVII դարում Թուրքիայում կար մի փառամոլ և իշխանատենչ հոգևորական, Եղիազար Այնթապցի անունով, որը կաշառքի ու խարդավանքների միջոցով հաջողացրել էր հռչակվել թրքահայության կաթողիկոս, ահավոր վտանգի տակ դնելով Հայոց եկեղեցու և հայ ժողովրդի միասնությունը։ Այնժամ Էջմիածնի միաբանները ժողով են գումարում, և դիմելով նրան ասում. «Եղբայր, կաթողիկոս ես ուզում լինել, արի դարձիր Ամենայն հայոց կաթողիկոս, միայն թե ազգի գլխին փորձանք մի՛ բեր ու մի՛ պառակտիր մեր եկեղեցին»։ Եղիազարը համաձայնում է, տասը տարի (1681-1691 թթ.) հանգիստ գահակալում Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, և այդպիսով կանխվում է Հայոց եկեղեցուն սպառնացող աղետը։ Հայ ժողովրդի ողջ պատմության մեջ ազգային մտածողության ավելի լայնախոհ ու իմաստուն դրսևորում, քան էջմիածնական միաբանների այս որոշումն է, ինձ հայտնի չէ։ Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին թվում, թե հայ ժողովուրդն ընդունակ չէ, հանուն ազգային նպատակների, ևս մեկ անգամ նման լայնախոհություն և իմաստնություն դրսևորելու։

11 Նոյեմբեր 2009թ.