«Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009թ. հուլիսի 2-ի հանրահավաքում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. {{Վերնագիր |title=Ելույթ |section = |previous = |next = |notes = |author =Լևոն Տեր-Պետրոսյան}} <div style="width: 35em; text-align:left; text-inden...
(Տարբերություն չկա)

19:52, 22 Դեկտեմբերի 2011-ի տարբերակ

Ելույթ

Լևոն Տեր-Պետրոսյան

Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն է։ Ինչ խոսք, սա մի այնպիսի նշանակալի իրադարձություն է, որ չէր կարող հասարակության կողմից անարձագանք մնալ եւ չարժանանալ հատուկ գնահատականի։ Դրա վկայությունն է, մասնավորապես, այն անսահման ոգեւորությունը, որն օրեր շարունակ տիրում էր Սարյանի պուրակում։ Ներկա հանրահավաքն առիթ է եւս մեկ անգամ արտահայտելու այդ ոգեւորությունը, միաժամանակ սթափորեն գնահատելու տեղի ունեցածի առանձնահատուկ նշանակությունը։ Թեեւ մթնոլորտը տոնական է, բայց ես կջանամ տուրք չտալ զգացմունքներին եւ փորձել դուրս չգալ քաղաքական վերլուծության շրջանակներից՝ մեկ առ մեկ անդրադառնալով խնդրի էության հետ կապված բոլոր իրողություններին։

  • * *

Նախ եւ առաջ, չի կարելի չհամաձայնել գրեթե համընդհանուր այն գնահատականին, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը մեծագույն հաղթանակ էր՝ ձեռքբերված, առաջին հերթին, ժողովրդի հերոսական պայքարի շնորհիվ, ինչի առթիվ պարտքս եմ համարում սրտանց շնորհավորել եւ խորին երախտագիտություն հայտնել բոլորիդ։ Ուզում եմ նաեւ, ձեր հավանությամբ, գլուխ խոնարհել թե՛ ազատության մեջ հայտնված եւ թե՛ դեռեւս զնդաններում գտնվող բոլոր քաղբանտարկյալների առջեւ, առանց որոնց անկոտրում կամքի եւ դատական խեղկատակությունների ընթացքում դրսեւորած խիզախ կեցվածքի, անհնար էր նվաճել այդ հաղթանակը։ Դրանք մեր նորօրյա հերոսներն են, որոնց սխրանքն ու կրած զոհողությունները օրինակ պետք է ծառայեն սեփական արժանապատվությունը թանկ գնահատող յուրաքանչյուր քաղաքացու համար։ Նրանցից ոչ ոք չկոտրվեց ու իրեն մեղավոր չճանաչեց, ոչ ոք ցուցմունք չտվեց ընկերների դեմ, ոչ ոք գործարքի չգնաց իր վիճակը թեթեւացնելու համար, եւ ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել հետագա պայքարից։ Այս առումով, չի կարելի չհիանալ նաեւ Նիկոլ Փաշինյանի խիզախ քայլով, որը երեկ կամովին ներկայացավ դատախազություն՝ պատրաստ լինելով կիսել դեռեւս բանտերում գտնվող իր ընկերների վիճակը եւ չվախենալով իրեն սպառնացող անարդար դատաստանից։ Վստահ եմ, որ ժողովուրդը մեկ մարդու պես թիկունք կկանգնի իր ամենաարժանավոր զավակներից մեկին, եւ հանգիստ չի գտնի՝ մինչեւ Նիկոլն ու մնացյալ քաղբանտարկյալները տուն չվերադառնան։ Քաղբանտարկյալներից բացի, առանձնակի գնահատանքի են արժանի նրանց արժանապատիվ ընտանիքները եւ հարազատները, որոնցից շատերը նույնպես ենթարկվեցին տարբեր տիպի ճնշումների ու հալածանքների, հեռացվեցին աշխատանքից, կորցրին իրենց բիզնեսը, բայց մշտապես գտնվեցին պայքարի առաջին գծում։ Վերջապես, անհնար է պատշաճը չմատուցել Հյուսիսային պողոտայի «քաղաքական զբոսանքների» անխոնջ մասնակիցներին, հատկապես կանանց եւ երիտասարդներին, որոնք մեկ տարի շարունակ, ոստիկանական ամենօրյա ճնշումների տակ, վառ պահեցին պայքարի ոգին եւ հսկայական լիցք հաղորդեցին Համաժողովրդական շարժմանը։

  • * *

Առանց նշված գործոնների, Հայ Ազգային Կոնգրեսի համար չափազանց դժվար կլիներ կազմակերպել, հունավորել եւ գլխավորել զանգվածային այն տպավորիչ միջոցառումները՝ հանրահավաքներն ու երթերը, որոնցից յուրաքանչյուրը որոշակի հանգրվան հանդիսացավ հզորակուռ քաղաքական ընդդիմության ձեւավորման եւ քաղբանտարկյալների ազատագրման թեկուզ մասնակի հաջողության ապահովման ճանապարհին։ Այդ հաջողությունը նաեւ սպառիչ կերպով ապացուցեց Կոնգրեսի որդեգրած մարտավարության լիակատար հիմնավորվածությունը։ Շատերը փորձեցին մեզ շեղել պայքարի սահմանադրական ուղուց, շատերը մեզ մեղադրեցին անվճռականության մեջ, շատերը դրդեցին դիմել անխոհեմ քայլերի՝ շուրջօրյա հանրահավաքների, անժամկետ նստացույցերի, պիկետների եւ այլն։ Խոստովանում եմ, հեշտ չէր դիմանալ հոգեբանական այդ ճնշմանը, բայց ի պատիվ Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավարության, մեզ հաջողվեց շրջանցել այդ վտանգավոր խութերը։ Դա, անշուշտ, հնարավոր չէր լինի, եթե Համաժողովրդական շարժման ակտիվիստների ու համակիրների մեծագույն մասը, հակառակ ոմանց նվնվոցներին ու տրտունջներին, չվստահեր Կոնգրեսի առաջնորդներին ու անվերապահորեն հավանություն չտար նրանց վարած հավասարակշիռ քաղաքականությանը։ Բարեբախտություն է, որ Շարժման մասնակիցների մեծագույն մասը շատ ավելի հասուն ու գիտակից գտնվեց, քան նրան դաս տալու հավակնություն ունեցող կամ ինքնահաստատման խնդիրներ հետապնդող փոքրաթիվ անհատները։ Թերեւս ավելորդ չէ նշել, որ այդպիսի մարդիկ չկային մինչեւ անցյալ տարվա հունիսի 20-ի հանրահավաքը, որն ազդարարեց վախի մթնոլորտի հաղթահարումը եւ լայնածավալ հալածանքների վտանգի ավարտը։ Նրանք հայտնվեցին միայն դրանից հետո եւ աստիճանաբար ավելի ու ավելի «համարձակ» ու հավակնոտ դարձան, Շարժման վերականգնմանն ու Կոնգրեսի հզորացմանը զուգընթաց։ Նույնը տեղի ունեցավ 1989թ. ամռանը, Ղարաբաղ կոմիտեի անդամների ազատ արձակումից հետո, երբ հալածանքների վտանգը ավարտված դիտվելով, Հայոց համազգային շարժման ծոցից ծնվեցին բազմաթիվ հավակնոտ անձինք, բայց Շարժումը մնաց ու գնալով ավելի հզորացավ, իսկ այդ անձինք անհետացան ու մոռացության մատնվեցին։ Դույզն իսկ չեմ կասկածում, որ եթե մենք հետեւեինք նման խորհրդատուների առաջարկներին ու կոչերին, ապա այսօր ո՛չ Հայ Ազգային Կոնգրեսի պես կազմակերպված հզոր ընդդիմություն, ո՛չ էլ ազատ արձակված քաղբանտարկյալներ կունենայինք։ Եթե ոչ այլ ապացույց, ապա թեկուզ միայն վրացական ընդդիմության օրինակը բավական է դրանում համոզվելու համար. մի քանի ամիս տեւած ինքնանպատակ շուրջօրյա փողոցային միջոցառումների արդյունքում այդ ընդդիմությունը լիովին մաշեցրեց իրեն եւ հայտնվեց փակուղային վիճակում։ Իսկ կային մարդիկ, որ մեզ կշտամբում ու համառորեն հորդորում էին հետեւել վրացական ընդդիմության օրինակին։ Ցանկացած մեծ գործի իրականացման ճանապարհին ամենավտանգավորը ոչ թե բացահայտ հակառակորդները կամ սադրիչներն են, այլ համակիր ձեւացող այս տեսակի մարդիկ։ Հակառակորդներն ու նրանց մոտիվները հայտնի են, իսկ սադրիչներին կարելի է չեզոքացնել, մինչդեռ համակիր ձեւացողները, «բարի մտադրություններով», Շարժումը քայքայում են ներսից՝ կասկածներ ու հուսալքություն սերմանելով մարդկանց հոգիներում։

  • * *

Քաղբանտարկյալների ազատ արձակման գնահատականը լիարժեք չի կարող լինել, եթե այդ իրադարձությունը չդիտարկենք նաեւ հակառակ կողմից, այսինքն իշխող վարչախմբի կամ ավազակախմբի տեսակետից։ Եթե, ինչպես ասվեց, քաղբանտարկյալների, թեկուզ համաներման ճանապարհով ձեռքբերված ազատությունը, Համաժողովրդական շարժման կամ ընդդիմության հաղթանակն էր, ապա, բնականաբար, այն իշխանությունների պարտությունը պետք է համարել, ընդ որում, ներքին քաղաքականության բնագավառում նրանց առաջին պարտությունը՝ մարտիմեկյան սպանդից ու լայնածավալ հալածանքներից հետո։ Դա պարտություն էր, առաջին հերթին, այն պատճառով, որ իշխանություններին, անգամ հրեշավոր բռնությունների գնով, չհաջողվեց իրականացնել իրենց գլխավոր նպատակը՝ ընդդիմության ջախջախումը։ Կասկած կարո՞ղ է լինել, արդյոք, որ եթե Սերժ Սարգսյանի ձեռքից գար, ապա ոչ միայն ազատ արձակվածներին, այլեւ հարյուրավոր ուրիշ քաղաքական հակառակորդների հավերժ կփտեցներ բանտերում։ Պաշտոնական քարոզչամեքենան եւ վարչախմբի սպասարկուները փորձում են համաներումը ներկայացնել որպես իշխանությունների բարի կամքի դրսեւորում կամ հասարակական համերաշխության վերականգնմանն ուղղված քայլ։ Այդպիսին այն, թերեւս, կարող էր լինել մեկ տարի առաջ, իսկ այժմ ոչ այլ ինչ, եթե ոչ ճարահատյալ զիջում չի կարող դիտվել՝ կատարված միջազգային հանրության ճնշումներից, մասնավորապես, Եւրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատժամիջոցներից խուսափելու նպատակով։ Ավելորդ է, իհարկե, նշել, որ այդ ճնշումներն ու պատժամիջոցների կիրառման սպառնալիքներն էլ տեղի չէին ունենա, եթե Հայաստանի համաժողովրդական շարժումը մեկուկես տարի շարունակ ողջ աշխարհի առջեւ ի ցույց չդներ բռնատիրությունը չհանդուրժելու եւ սեփական իրավունքների համար մինչեւ վերջ պայքարելու իր վճռականությունը։ Իսկ այն, որ Սերժ Սարգսյանի հռչակած համաներումը ոչ թե բարի կամքի կամ քաղաքական իմաստության դրսեւորում է, այլ ճարահատյալ քայլ, ապացուցվում է նրա կիսատ-պռատությամբ։ Բարի կամքի կամ քաղաքական իմաստության դրսեւորում լինելու պարագայում այն, բնականաբար, պիտի տարածվեր բոլոր քաղբանտարկյալների վրա։ Մինչդեռ համաներման հեղինակը, գծուծ վաճառականի բծախնդրությամբ, զիջել է միայն այնքան, որքանը կբավարարեր ԵԽԽՎ-ի պատժամիջոցներից խուսափելու համար։ Իսկ եթե չլինեին Երեւանի քաղաքապետի խայտառակ ընտրությունները, որոնք եւս մեկ անգամ աշխարհի առջեւ ի ցույց դրեցին Հայաստանի ներկա վարչախմբի քրեական էությունը, հարուցելով միջազգային հանրության անթաքույց զայրույթը, ապա Սարգսյանն անգամ այդքանը զիջելու կարիք չէր ունենա։ Կեղծված ընտրություններն, ըստ այդմ, որոշ առումով խթանեցին համաներման կիրառումը եւ նրա համեմատաբար լայն ընդգրկումը։ Այս դիտարկումն, ի դեպ, կողմնակի պատասխան կարող եք համարել՝ ուղղված այն մարդկանց, ովքեր գտնում էին, թե անիմաստ էր Կոնգրեսի մասնակցությունը քաղաքապետի ընտրություններին։ Մենք գիտեինք, այո, որ վարչախմբի կողմից ընտրությունները կեղծվելու էին, բայց խնդիր էինք դրել, որ կեղծիքը բացահայտ ու ճչացող լինի՝ խնդիր, որը Սերժ Սարգսյանը հանճարեղորեն լուծեց խուժանի միջոցով։ Եթե չմասնակցեինք, իշխանությունը հարկադրված չէր լինի դիմելու նախադեպը չունեցող այլանդակ կեղծիքների։ Ինչեւիցէ, հանգամանքների թելադրանքով ներքին քաղաքականության բնագավառում Սարգսյանի կատարած զիջումը դեռեւս դժբախտություն չէ։ Դժբախտությունը կգա այն ժամանակ, երբ նա, քաղաքական բռնությունների եւ ընտրությունների կեղծման պատճառով, ստիպված կլինի զիջումներ կատարել արտաքին ճակատում, մասնավորապես, Ղարաբաղի հարցում։ Գագիկ Բեգլարյանի բռնի գահակալման գինը եւս, ինչպես Հայաստանում կատարվող բոլոր ապօրինությունների պարագայում, վերջին հաշվով վճարելու է Ղարաբաղը։ Ի դեպ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնք, թերեւս, մեզ ստիպեն եւս մեկ արտահերթ հանրահավաք գումարելու։

  • * *

Իշխանության եւ հասարակության միջեւ խզում առաջանալու եւ քաղբանտարկյալների առկայության պարագայում համաներումը սովորաբար կիրառվում է ոչ թե որպես մարդասիրական կամ իրավական, այլ բացառապես քաղաքական ակտ։ Իսկ քաղաքական ակտը ձեռնարկվում է քաղաքական խնդիր լուծելու համար, այն է՝ ներքին լարվածության թուլացում, ազգային համերաշխության վերականգնում, երկխոսության դուռ բացելու պատրաստակամություն եւ այլն։ Երբ համաներումը չի տարածվում բոլոր քաղբանտարկյալների վրա, նշանակում է, այդ ակտը չի լուծում քաղաքական խնդիրը, եւ ընդհակառակը, ավելի է խորացնում այն։ Այդպիսին է, ահա, Սերժ Սարգսյանի հռչակած կիսակատար համաներումը, որը ոչ միայն չի լուծում վերը նշված հույժ կենսական խնդիրներից որեւէ մեկը, այլեւ մթագնում է երբեւիցե դրանց լուծման հեռանկարը։ Զարմանալի բնավորություն ունի մեր անզուգական բռնապետը. ոչ մի կերպ նրան չի հաջողվում անել անգամ բարի թվացող որեւէ գործ, որ մարդու լեզուն գնա՝ գնահատանքի կամ երախտագիտության խոսք արտաբերելու։ Տպավորություն է ստեղծվում, որ նա պատրաստ է, թեկուզ նվաստացման ու ազգային շահերի զոհաբերման գնով, հաշտվել անգամ թուրքերի ու ադրբեջանցիների, բայց ոչ երբեք սեփական ժողովրդի հետ։ Ամենայն հավանականությամբ, մենք գործ ունենք թասիբի կամ արժանապատվության մի յուրօրինակ դրսեւորման հետ, որն արժանի է դառնալու հոգեվերլուծաբանների քննության առարկան։ Իսկ եթե վերադառնանք քաղաքական դաշտ, ապա ակնհայտ է, որ համաներումից հետո իշխանության եւ հասարակության հարաբերություններում ոչինչ չփոխվեց։ Ընդհակառակը, քաղբանտարկյալների մի մասի ազատազրկման շարունակումը, ընդգծելով վարչախմբի ստորությունն ու սադիզմի աստիճանի հասնող քինախնդրությունը, ավելի խորացրեց նրանց միջեւ գոյություն ունեցող, առանց այդ էլ, ահռելի անջրպետը։ Պարզ չէ՞, միթե, որ համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալները, հայտնվելով դեռեւս ազատազրկման մեջ գտնվող իրենց ընկերների վիճակի հոգեբանական ճնշման տակ, կրկնապատկելու են Համաժողովրդական շարժման էներգիան։ Պարզ չէ՞, միթե, որ Հայ Ազգային Կոնգրեսը, համալրված իր ամենափորձառու ու խիզախ գործիչներով, ավելի նպատակասլաց կերպով շարունակելու է ոչ միայն մնացյալ քաղբանտարկյալների ազատության, այլեւ ավազակապետության տապալման եւ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման համար մղվող պայքարը։ Որոշ հոռետեսների համար անհույս թվացող կամ սխալ ճանապարհով ընթացող այդ պայքարը, բացի գիտակից քաղաքացիական հասարակության նշանակալի կորիզի ձեւավորման անուրանալի փաստից, հանձին քաղբանտարկյալների թեկուզ մի մասի ազատ արձակման, տվել է իր առաջին շոշափելի արդյունքը։ Դա, ինչ խոսք, ոգեւորիչ հանգամանք է, քանի որ մի կողմից ցույց է տալիս, որ բռնատիրությունն ամենազոր չէ, իսկ մյուս կողմից, որ կազմակերպված եւ հետեւողական ժողովրդական շարժումը չի կարող չհասնել իր նպատակներին։ Գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է. մնացյալը ժամանակի խնդիր է։

Եկե՛ք, սակայն, լուրջ խորհրդածություններով չփչացնենք տոնական այս տրամադրությունը, այլ մեկ անգամ եւս ողջունենք մեր հերոս քաղբանտարկյալներին, շուտափույթ ազատություն մաղթենք դեռեւս բանտերում գտնվող մեր մյուս ընկերներին եւ միասնաբար երդվենք չդադարեցնել պայքարը մինչեւ մեր ժողովրդի բոլոր իղձերի իրականացումը։

Բարի երթ։

02 Հուլիս 2009թ.