«Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010թ. հուլիսի 17-ի ՀՀՇ 16-րդ համագումարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. {{Վերնագիր |title=Ելույթ |section = |previous = |next = |notes = |author =Լևոն Տեր-Պետրոսյան}} <div style="width: 35em; text-align:left; text-inden...
(Տարբերություն չկա)

08:47, 23 Դեկտեմբերի 2011-ի տարբերակ

Ելույթ

Լևոն Տեր-Պետրոսյան

Սիրելի զինակիցներ եւ հյուրեր,

Ակնհայտ է, որ ՀՀՇ համագումարն ընթանում է Հայաստանում ստեղծված ներքին թե արտաքին գերզգայուն իրավիճակում եւ երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերների պայմաններում։ Ես չեմ պատրաստվում ո՛չ հանգամանորեն վերլուծել այդ իրավիճակը, ո՛չ էլ գնահատել իշխանությունների կամ ընդդիմության՝ դրանից բխող գործողությունները, առավել եւս քննադատել կամ մեղադրել որեւէ մեկին։ Բոլոր քննադատություններն ու փոխադարձ մեղադրանքները բազմիցս հնչել են, եւ հազիվ թե հնարավոր է դրանց որեւէ նոր բան ավելացնել։ Ինչ վերաբերում է վերլուծություններին ու գնահատականներին, ապա դրանց պակաս նույնպես չի զգացվում։ Այլ հարց է, թե նրանց առատությունը որքանով է նպաստում պետության կյանքի կենսական հիմնախնդիրների պարզաբանմանը։

Չժխտելով վերլուծությունների ու գնահատականների օգտակարությունը, գործնական քաղաքականության տեսակետից առավել կարեւոր է վերհանել ու սառնասրտորեն արձանագրել այն ելակետային իրողությունները, որոնց հետ պարտավոր է հաշվի նստել ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ՝ լինի իշխանություն թե ընդդիմություն։ Անտեսել այդ իրողությունները եւ առաջնորդվել ցանկալին իրականություն համարելու մտածողությամբ, հավասարազոր է հանցավոր միամտության կամ քաղաքական անմեղսունակության։ Եթե որեւէ քաղաքականություն հիմնված չէ իրողությունների, այլ կերպ ասած ռեալությունների վրա, ապա դա կարելի է կոչել ամեն ինչ, բացի քաղաքականությունից։

***

Որո՞նք են, արդ, Հայաստանի քաղաքական վարքագիծը թելադրող ելակետային իրողությունները։

Առաջին. Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը։ Այս պարզագույն ճշմարտության չգիտակցումն արդեն իսկ հանգեցրել է անշրջելի կորուստների, որոնցից ամենավտանգավորը վերջին տասներկու տարիների ընթացքում Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության թվաքանակի զգալի նվազումն է, ինչի հետեւանքները, շուտափույթ լուծումներ չգտնելու պարագայում, աղետալի են լինելու։ «Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կարող է զարգանալ շրջափակումների պայմաններում» միտքը տրամաբանության հետ կապ ունի միայն մեկ իմաստով, այն է՝ «Հարյուր տարի հետո Հայաստանը կարող է զարգացած, բայց հայազուրկ տարածք լինել»։ Ցավալին այն է, որ սա ոչ թե պահի տակ արտահայտված պատահական միտք էր, այլ քոչարյանական վարչակազմի քաղաքական հավատամքը։ Հարցերի հարցն, այսպիսով, ժողովրդագրությունն է՝ դեմոգրաֆիան, որը, XI դարից սկսած, եղել է հայ ժողովրդին բաժին ընկած բոլոր դժբախտությունների պատճառը։ Հաշվի չառնել այս հանգամանքը եւ կուրորեն ձգտել ստատուս-քվոյի պահպանմանը նշանակում է խորացնել առկա ժողովրդագրական ճգնաժամը եւ փութացնել ազգային աղետը։ Հեռու չէ այն օրը, երբ մենք մեր իսկ ձեռքով կիրականացնենք ցարերի ու թուրքերի երազանքը եւ կունենանք Հայաստան առանց հայերի։ Ապացույցի կարիք չկա, քանի որ ավելի պերճախոս ապացույց քան վերջին շրջանում Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության թվաքանակի կտրուկ անկումն է, դժվար է պատկերացնել։ Ստատուս-քվոյի պահպանման ջատագովների դիրքորոշման ամենաթույլ կետն այն է, որ նրանք չունեն այն հարցի պատասխանը, թե ինչպես են դադարեցնելու շարունակվող արտագաղթը։

Երկրորդ. Քանի դեռ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, պատերազմի վերսկսման վտանգը վերացած չի կարելի համարել։ «Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է» պնդումը ուժը չի կորցրել եւ երբեք չի կորցնի, անկախ այն բանից, թե որքան ժամանակ կպահանջվի դրանում համոզվելու համար։ Մի կողմ դրած մարտաշունչ հայտարարությունները եւ փոխադարձ հոխորտանքները, թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի իշխանությունները, բարեբախտաբար, առայժմ զգում են այդ վտանգը, եւ պատերազմից խուսափելու համար փորձում օգտագործել հարցի լուծման վերջին դիվանագիտական հնարավորությունները։ Բայց այս վիճակը հավերժ չի կարող տեւել։ Դիվանագիտության ձախողման կամ կարգավորման գործընթացի ձգձգման պարագայում այն կարող է դուրս գալ վերահսկողությունից, հանգեցնելով նոր արյունահեղության։ Եթե ոչ Հայաստանը, ապա Ադրբեջանը չի կարող իր հաշիվների մեջ չունենալ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը։ Այս պնդման դեմ բերվում են հետեւյալ փաստարկները. Ադրբեջանն ի վիճակի չէ զենքի ուժով ծնկի բերել Հայաստանին ու Ղարաբաղին, հայկական բանակի մարտունակության եւ ոգու ամրության շնորհիվ հակառակորդը ջախջախիչ պարտություն կկրի, աշխարհը թույլ չի տա վերսկսել պատերազմական գործողությունները, եւ վերջապես, պատերազմի սանձազերծման պարագայում ՀԱՊԿ-ը արժանի հակահարված կտա Ադրբեջանին։ Թե որքան լուրջ են այս փաստարկները, թողնում եմ ձեր դատողությանը։ Հարկ եղած դեպքում պատրաստ եմ մեկ առ մեկ քննել դրանց հիմնավորվածությունը։ Իսկ այժմ կբավարարվեմ նշելով, որ պատերազմի վերսկսման վտանգը նույնքան իրական է այսօր, որքան էր երեկ, եւ լինելու է վաղը։ Չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ եւ, մանավանդ, խաբել ժողովրդին։ Ժողովուրդը պետք է իմանա իշխանությունների վարած քաղաքականության համար իր վճարելիք գինը։

Երրորդ. Կարծում եմ, այլեւս ոչ ոք չի կասկածում, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվելու մինչեւ չավարտվի Ղարաբաղյան կարգավորման գործընթացը կամ այդ գործընթացում զգալի առաջընթաց չարձանագրվի։ Որքան պիտի Թուրքիայի ղեկավարները կրկնեն այս բանը, որպեսզի բոլորը վերջապես հասկանան իրականությունը։ Հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի հարցի միջեւ փոխկապակցության չգոյության մասին պնդումները, որոնք լուրջ չեն եղել իսկզբանե, այսօր արդեն իսպառ իմաստազրկվել են։ Հակառակը, նման պնդումներն իրականում միայն հաստատել են նշված հարցերի փոխկապակցությունը, այլապես դա շարունակ կրկնելու հարկ չպիտի զգացվեր։ Ինչո՞ւ, օրինակ, երբեւէ չի ասվում, որ հայ-թուրքական հարաբերությունները կապված չեն հայ-չինական, հայ-ճապոնական, կամ հայ-արգենտինյան հարաբերությունների հետ։ Նման անհեթեթությունը, հետեւաբար, պետք է դուրս մղվի միջազգային դիվանագիտության ֆրազեոլոգիայից՝ չխաթարելու համար խնդրի էությունը։ Ըստ այդմ, եթե Հայաստանի իշխանություններն իսկապես շահագրգռված են իրենց իսկ նախաձեռնած հայ-թուրքական մերձեցմամբ, ապա դրա համար նախեւառաջ պետք է լուծեն Ղարաբաղի հարցը։ Նրանց կողմից արվող մնացյալ դատողությունները հայ-թուրքական հարաբերությունների մասին սոսկ դատարկախոսություն են եւ վիրավորված արժանապատվության արտահայտություն։ Թե Թուրքիան խորամանկաբար կարողացավ Հայաստանին պարտադրել այս վիճակը, բոլորովին այլ խնդիր է, բայց որ այն վերածվել է իրականության, դրա հետ այլեւս չի կարելի հաշվի չնստել։

Չորրորդ. Ես միշտ համարել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծումը, հակառակ Մինսկի խմբի արտաքուստ ակտիվ գործունեության, ձգձգվել է ոչ այնքան հակամարտող կողմերի անհամաձայնության, որքան Արեւմուտքի համար առաջնահերթություն չլինելու պատճառով, ինչը նրան խանգարել է համարժեք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Արեւմուտքի ջանքերն ուղղված են եղել եւ են այլ առաջնահերթությունների սպասարկմանը՝ միջազգային տեռորիզմ, իսրայելա-պաղեստինյան հակամարտություն, Բոսնիա, Կոսովո, Աֆղանստան, Իրաք, Իրան, տնտեսական ճգնաժամ եւ այլն։ 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո թվում էր, թե Ղարաբաղյան հակամարտությունը եւս Արեւմուտքի համար վերածվում է առաջնահերթության՝ թյուրընկալում, որին, խոստովանում եմ, որոշ վերապահումով տուրք եմ տվել նաեւ ես։ Այժմ, սակայն, ինձ համար ակնհայտ է, որ Աֆղանստանը, Իրաքը, Իրանը եւ տնտեսական ճգնաժամը այնպիսի ծանր բեռ են Արեւմուտքի համար, որ նրան Ղարաբաղի եւ ընդհանրապես Այսրկովկասի մասին մտածելու տեղ չեն թողնում։ Անգամ էներգակիրների փոխադրման կովկասյան միջանցքը միջազգային տնտեսության մեջ չունի այն տեսակարար կշիռը, որի համար Արեւմուտքը պատրաստ լինի ծայրահեղ ջանքեր գործադրելու։ Հետեւաբար, եթե Ղարաբաղի հարցն Արեւմուտքի համար առաջնահերթություն չէ, ապա նա պետք է ազնվություն ունենա խոստովանելու այս իրողությունը՝ հակամարտող կողմերին այլընտրանքի հնարավորություն ընձեռելու համար։ 1920 թվականին Մեծ Բրիտանիան ունեցավ այդ ազնվությունը` Հայաստանի ղեկավարներին խորհուրդ տալով հույս չդնել Արեւմուտքի վրա եւ իրենց խնդիրները փորձել լուծել տարածաշրջանի երկրների հետ լեզու գտնելու ճանապարհով։ Թեեւ հայերն անխոհեմաբար չանսացին այդ անկեղծ խորհրդին, բայց դա ամենեւին չի նսեմացնում վերջինիս արժեքը։

Հինգերորդ. Ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանի համար Այսրկովկասը եղել եւ մնում է կենսական շահերի ոլորտ, եւ միամտություն է կարծել, թե նա երբեւէ հրաժարվելու է այդ շահերը պաշտպանելու ուղեգծից։ Արեւմուտքի վերը շոշափված պասիվությունը եւս մասամբ բացատրվում է նրանով, որ ինքն էլ, թեկուզ ենթագիտակցորեն, տարածաշրջանը դիտում է որպես Ռուսաստանի ազդեցության գոտի։ Եթե ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ապա առնվազն Եւրոմիության երկրներից շատերն ինչ-որ կերպ համակերպվել են այս մտքին եւ ակնհայտորեն մտադիր չեն ակտիվորեն միջամտելու Այսրկովկասի գործերին։ Սա նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության, ինչու չէ, նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում։ Հետեւաբար, անկախ իր նախապատվություններից, Հայաստանի ցանկացած իշխանություն կենսական այդ խնդիրների լուծումը պետք է որոնի տվյալ աշխարհաքաղաքական համատեքստում։ Նման վարքագիծը կապված է ո՛չ ցանկությունների, ո՛չ էլ կողմնորոշումների, այլ բացառապես իրականության գիտակցության եւ քաղաքական ռեալիզմի հրամայականի հետ։ Հայաստանի իշխանություններն, իմ տպավորությամբ, առայժմ չեն գիտակցում դա։ Մինչդեռ Թուրքիան եւ Ադրբեջանը, ակնհայտորեն, ավելի ճիշտ են գնահատում իրականությունը, ինչի մասին են վկայում վերջին շրջանում այդ երկրների ակտիվ շփումները Ռուսաստանի հետ։ Մենք, ըստ այդմ, հայտնվել ենք 1920թ. վիճակում, որից, դժբախտաբար, ժամանակին ճիշտ ելք չգտանք։ Այսօր նույն սխալը կրկնելու իրավունք չունենք։

***

Իսկ այժմ՝ մի քանի խոսք Հայոց համազգային շարժման ներքին խնդիրների մասին, որոնք այս օրերին աշխուժորեն քննարկվում են մամուլում ու քաղաքական շրջանակներում։ Բայց այդ քննարկումներն ասեկոսեներից այն կողմ չեն անցնում եւ ամենեւին չեն արտացոլում բուն իրականությունը։ Իսկ բուն իրականությունն այն է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները փորձել են ազդեցություն գործել ՀՀՇ ի ներսում եւ ճեղքվածք առաջացնել կուսակցության եւ Հայ Ազգային Կոնգրեսի միջեւ։ Սակայն ՀՀՇ վարչության եւ խորհրդի անդամների մեծամասնության զգոնության շնորհիվ վնասարարությունը ժամանակին բացահայտվել է, եւ Կոնգրեսի պառակտման վտանգն իսպառ չեզոքացվել։ Հետեւաբար, չեմ կասկածում, որ այս փորձությունից ՀՀՇ-ն դուրս է գալու ավելի ամրակուռ, ավելի միակամ, ավելի հզորացած՝ իր ողջ ուժերն ու կարողությունները ծառայեցնելով Հայ Ազգային Կոնգրեսի նպատակների ու ծրագրերի իրականացման գործին։ Դրա միանշանակ հաստատումն է, ինչպես այս դահլիճում տիրող առողջ ու ոգեւորիչ մթնոլորտը, այնպես էլ համագումարի աներկիմաստ ու բովանդակալից բանաձեւը, որը ոչ մեկին այլեւս հույս չի կարող թողնել սեպ խրելու ՀՀՇ ի եւ Կոնգրեսի միջեւ։ Ժամանակն է, որպեսզի Հայաստանի իշխանություններն ու արտաքին ուժերը գիտակցեն, որ Հայ Ազգային Կոնգրեսը հանրապետության քաղաքական կյանքում անփոխարինելի դերակատարություն ունեցող մշտական գործոն է, որը որեւէ միջոցով հնարավոր չէ քայքայել կամ վերացնել։ Մենք դիմացանք գնդակոծության, բանտերի, ոստիկանական ու հարկային տեռորի, կդիմանանք նաեւ նման ճղճիմ վնասարարությունների։ Այս համագումարից հետո, մենք, վստահաբար, կարողանալու ենք հայտարարել, որ ՀՀՇ-ի եւ Կոնգրեսի համագործակցությունն անսասան է։

Ուստի՝ կեցցե Հայոց համազգային շարժումը, կեցցե Հայ Ազգային Կոնգրեսը, կեցցեն Կոնգրեսին անդամագրված բոլոր կուսակցությունները, կազմակերպությունները, տասնյակ հազարավոր անհատները, եւ հաջողություն մեր ընդհանուր գործին։

20 Հուլիս 2010