«Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010թ. հոկտեմբերի 19-ի հանրահավաքում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. {{Վերնագիր |title=Ելույթ |section = |previous = |next = |notes = |author =Լևոն Տեր-Պետրոսյան}} <div style="width: 35em; text-align:left; text-inden...
(Տարբերություն չկա)

09:41, 23 Դեկտեմբերի 2011-ի տարբերակ

Ելույթ

Լևոն Տեր-Պետրոսյան

Սիրելի հայրենակիցներ,

Ձեզ համար իսկզբանե պիտի պարզ լիներ, որ այսօրվա միջոցառումը ոչ այնքան հանրահավաք, որքան ցույց է, ինչի պատճառով երկարաշունչ ելույթներն ավելորդ են։ Հայտնի է նաեւ ցույցի առիթը՝ Եւրոխորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումը, որն այս պահին ընթանում է Երեւանում։ Արդ, ինչո՞ւ ենք մենք օգտագործում այս առիթը՝ եւս մեկ անգամ մեր ընդդիմախոսներին հիմք տալով չարաբանելու, թե մենք կրկին փորձում ենք Հայաստանի ներքին խնդիրները լուծել օտարների օգնությամբ, այսինքն՝ դրսից տղա ենք բերում։ Քավ լիցի, նախ՝ այդ տղաներին ոչ թե մենք, այլ Սերժ Սարգսյանն ու Դավիթ Հարությունյանն են բերել, եւ երկրորդ, ինչպես մի առիթով նշել եմ, Եւրոխորհուրդը, Եւրոդատարանը, ԵԱՀԿ-ը, ՄԱԿ-ը ամենեւին օտարներ չեն, այլ մեր սեփական կազմակերպությունները։ Հայաստանը կամովին անդամագրվել է բոլոր այդ միջազգային կառույցներին եւ համապատասխան պարտավորություններ ստանձնել նրանց առջեւ։ Հետեւաբար, մենք մեր իսկ կազմակերպություններից ընդամենը պահանջում ենք վերահսկել այդ պարտավորությունների կատարումը։ Եւ այդ պահանջը միանգամայն արդար ու օրինական է, քանի որ եթե մեր պետությունը պարտավորություններ է ստանձնել նշված կազմակերպությունների առջեւ, ապա դա նշանակում է, որ վերջիններս էլ պարտավորություններ են ստանձնել մեր ժողովրդի առջեւ։ Իսկ այժմ եկեք հասկանանք, թե ցույց անելով, մենք ի՛նչ ենք ուզում ցուցանել։ Ընդամենը հետեւյալը.

Առաջին. Հակառակ միջազգային հանրության գործադրած ջանքերին, Հայաստանի իշխանությունները շարունակում են զնդաններում պահել մեկ տասնյակից ավելի քաղբանտարկյալների, ոչ մի քայլ չեն անում մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ եւ ամենեւին մտադիր չեն հրաժարվել խոսքի ու հավաքների ազատության սահմանափակման հակաօրինական պրակտիկայից։ Երկրորդ. Հայաստանի իշխանություններն, ըստ այդմ, բացարձակապես չեն կատարել Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Թ. 1677 բանաձեւի պահանջները, դրանով արտահայտելով իրենց ակնհայտ արհամարհական վերաբերմունքն այդ հեղինակավոր կազմակերպության նկատմամբ։

Երրորդ. Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն, իր հերթին, հետեւողականություն ու սկզբունքայնություն հանդես չի բերել նշված բանաձեւի կատարման ընթացքի վերահսկման հարցում եւ իր պասիվությամբ փաստորեն խրախուսել է Հայաստանի իշխանությունների հանցավոր վարքագիծը։

Չորրորդ. Միջազգային կազմակերպությունների որդեգրած մեղմ կամ գուրգուրիչ քաղաքականությունը, որի էությունը Հայաստանի իշխանություններին բարեփոխումների դաշտ ներքաշելու ձգտումն է, իրականում տվել է հակառակ արդյունքը։ Փորձը ցույց է տալիս, որ վերջիններս դրական քայլեր կատարելու հակում են ցուցաբերում միայն պատժամիջոցների սպառնալիքի առկայության պարագայում։ Եւ հինգերորդ, որն ամենակարեւորն է, այսօրվա մեր միջոցառման նպատակն է ֆորումի մասնակիցներին ցույց տալ, որ հայ ժողովուրդը լի է վճռականությամբ՝ մինչեւ վերջ պայքարելու իր ոտնահարված իրավունքների վերականգնման համար, օգտագործելով դրան հասնելու բոլոր օրինական միջոցներն ու միջազգային կազմակերպությունների ընձեռած հնարավորությունները։ Այսօր ես հանդիպել եմ Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ, որին փոխանցել եմ մոտավորապես վերը նշված պատգամները։ Ծրագրված է իմ հանդիպումը նաեւ Եւրոխորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ, որը մասնակցելու է Երեւանյան ֆորումի փակման նիստին։

Չգիտեմ ինչ հետեւանքներ կունենան այդ հանդիպումներն ու ընդհանրապես այսօրվա մեր միջոցառումները, սակայն զգացվում է, որ միջազգային հանրության համբերությունն արդեն հատնում է։ Ս.թ. սեպտեմբերի 17-ի հանրահավաքում նշելով, որ Հայաստանի իշխանություններին շնորհված թողության (ինդուլգենցիայի) պաշարն սպառվում է, ես նկատի ունեի հենց այս հանգամանքը։ Վերջին օրերի տագնապահարույց լրահոսը լիովին հաստատում է տվյալ կանխազգացումը։ Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մալայզիայում, Ավստրալիայում կատարված սկանդալային բացահայտումներում Հայաստանը ներկայացվում է որպես փողերի լվացման, նարկոբիզնեսի, թրաֆիքինգի, զենքի անօրինական առեւտրի եւ միջազգային այլ հանցագործությունների կենտրոն, իսկ մեր երկրի իշխանությունները՝ որպես ծանրագույն այդ հանցագործություններում ներքաշված ֆիգուրանտներ։ Հատուցման ժամն, այսպիսով, օրեցօր մոտենում է։ Թեեւ ցավ ի սիրտ, դա տեղի է ունենում Հայաստանի ու հայ ժողովրդի պատվի ու հեղինակության հաշվին, չխոսած մեր երկրին սպառնացող քաղաքական կորուստների մասին, որոնք անխուսափելիորեն հետեւելու են այս ամենին։ Մենք ամենեւին չէինք ցանկանա, որ Հայաստանի վերածնունդը կայանար այդքան թանկ գնով։

Մեր հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 9-ին, Երեւանում անցկացվելիք մի այլ միջազգային համաժողովի առթիվ, որը կայանալու է Եւրոմիության հովանու ներքո եւ նվիրված է լինելու Հայաստանում մարդու իրավունքների վիճակին։ Բարի երթ եւ մինչ նոր հանդիպում։

20 Հոկտեմբեր 2010թ.