«Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/174»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

08:58, 21 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

«Մինչև ի բուն ի սահմանի ի Գանձակ Ատրպատականի դերկիրն յիւր վատրեալ ունէր »։ Շապուհ թագավորն անձամբ գալիս է հայերի վրա և բանակ դնում Թավրեզում։ Մուշեղն ընկնում է նրա բանակի վրա և կոտորում։ Շապուհը միաձի փախչում է իր բանակն ու գանձերը և կանանց թողնելով Մուշեղի ձեռքին, որ մեծ ազնվությամբ է վարվում գերված կանանց հետ։ Մուշեղին ամբաստանում են հայոց թագավորի մոտ, թե արձակեց թշնամի թագավորի կանանց, Պապի սրտի մեջ կասկած է ընկնում դեպի Մուշեղը։ Կրկին անգամ կռվի է գալիս Շապուհ արքան։ Այս անգամ Պապը չի ուզում, որ Մուշեղը կռվի մտնի, ասելով․ Բարեկամ է Մուշեղն թագավորին Պարսից և այժմ էլ «ի պարսիկս խոռի»։ Նա կասկածում է Մուշեղի վրա, որովհետև կռվի նախընթաց գիշերը Մեհրուժանից, պարսից բանակից, պատգամավորներ էին եկել Մուշեղին։ Բայց միջնորդում է Ներսեսը, և Մուշեղը երդվելով՝ գնում է կռիվ, հաղթում պարսիկներին, միայն Աղվանից Ուռնայր թագավորին, թեպետ և կարող էր նրան սպանել, չի սպանում, այլ արձակում է։ Դարձյալ ամբաստանում են Մուշեղին, թե նա թշնամի թագավորին արձակում է և թե հայոց թագավորին սպանել է ուզում։ Մուշեղն արդարանում է։ Նորից հարձակվում է Շապուհը, բայց Մուշեղը և հույները դարձյալ հաղթում են, և պատերազմը դադարում է։ Այնուհետև գալիս է ապստամբ իշխանների պատիժը, որոնք Արշակի ժամանակ պարսից կողմն էին անցել։ Ամենից առաջ պատժվում է , նույն իսկ կռիվների ընթացքում, Հայր մարդպետը, որ Փառանձեմ թագուհուն անպատվել էր, տեղը նշանակվում է Գդակ անունով մեկը։ Սա հայոց թագավորին դավաճանել է ուզում, բայց բռնվում, նույնպես բաժանվում է։ Ապա կարգով պատժվում են և մյուս ապստամբները, որոնց թվում և Աղձնիքի բդեշխը, որ իշխանների մեջ ամենից առաջ ապստամբն է եղել։ Եվ այսպես Մուշեղը փառավորված՝ վարում է իր սպարապետությունը։ Սակայն երկար չի տևում Մուշեղի փառքը։ Պապ թագավորը դավաճանությամբ սպանվում է հույներից․ իշխանները ոչինչ չեն անում․ թագավորում է Վարազդատը, որ «մանուկ բանսերթուկ» է։ Բատ Սահառունին, Վարազդատի դայակը, ամբաստանում է Մուշեղին նրա չգործած հին մեղքով, և դավաճանությամբ ընթրիքի ժամանակ սպանել տալիս Մուշեղին և ինքն առնում սպարապետությունը։ Այսպես չար հատուցումն է լինում Մուշեղին «ի վերայ բազում վաստակաց»։ 5․Մանուելի ճյուղը։-Մանուելն իր եղբոր հետ ազատվում է պարսից գերությունից․ Բատից խլում է սպարապետությունը․ կռվով հալածում Վարազդատին, սպանում է Բատին՝ իր եղբոր վրեժն առնելով։ Որովհետև իր արարքները հույներին հակառակ էին, ուստի նա սկզբում բարեկամանում է պարսիկների հետ, բայց հետո Մեհրուժանի օգնությամբ կոտորում է պարսիկ Սուրենի զորքերին, որով և կռիվ է սկսվում հայերի ու պարսիկների մեջ։ Երեք անգամ հարձակվում են պարսիկները, բայց միշտ հաղթվում են։ Սպանվում է վերջապես դավաճան Մեհրուժանը , և վերջ է դրվում Պարսից պատերազմին։ Մանուելը՝ թագավորեցնելով Պապի որդի Արշակին՝ յոթ տարի փառքով իշխում է և խաղաղությամբ մեռնում։