Սպասելով նախագահի հետագա քայլերին
Հայկական կողմը միայն «կասեցրեց արձանագրությունների վավերացման գործընթացը», այսինքն՝ չստեղծեց նոր իրավիճակ, այլ առկա իրավիճակին տվեց փաստաթղթային ձևակերպում: Ի դեպ, «հայկական կողմ» ասելով, ես նկատի ունեմ Սերժ Սարգսյանին՝ միմիայն: Իհարկե, սույն քայլը փաթեթավորված էր ավանդական «ընդառաջելով աշխատավորների բազում խնդրանքներին» գունաթղթով, այն է «հաշվի առնելով Հայաստանի ազգային ժողովում քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների քաղաքական խորհուրդների 2010 թվականի ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունը» պարբերությամբ, սակայն ակնհայտ է, որ որոշումը միանձնյա էր: Եթե Սերժ Սարգսյանն անգամ սրանից հետո վաղը խորհրդարանին հանձնարարի վավերացնել արձանագրությունները, ապա խորհրդարանը նույնպիսի աշակերտական ջանասիրությամբ դա կանի: Պարզապես այդ օրը ճառերը մի փոքր այլ բովանդակությամբ կլինեն, բայց նրանց արտասանողների դեմքերի արտահայտությունը կմնա նույնքան հերոսական: Ցավալի է, որ մենք խորհրդարան չունենք: Պետությունը փախչում է մեր ոտքի տակից ու մենք, ընդհանուր առմամբ, գնալով ավելի ու ավելի քիչ պետություն ենք ունենում: Այսօր մեկ պաշտոնյայի քաղաքական կամքը լիովին դուրս է մղել քաղաքական որոշում կայացնելու պետության գործառույթը: Սա ցավալիորեն նոր երևույթ չէ: Այսօր ավարտին է մոտենում մի գործընթաց, որը սկսվել և խորանալու հակում ուներ դեռ նախորդ 2 նախագահների օրոք: Պարզապես չարաբաստիկ արձանագրություններն ավելի ակնառու դարձրեցին իրավիճակի անհեթեթությունը:
Այսուհանդերձ, արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման բուն քայլը պետք է գնահատել որպես քայլ ճիշտ ուղղությամբ՝ անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ: Հուսանք, որ քայլերը շարունակական կլինեն, քանի որ ամեն մի ճանապարհ առաջին քայլից է սկսում:
Ո՞րն է այս ամենի մեջ ամենակարևորը: Կարծում եմ դրանք պետք է լինեն հետևություններն ու դասերը: Իր նորագույն պատմության ընթացքում հայոց նորանկախ պետականությունն առաջին անգամ լուրջ քաղաքական փորձության ենթարկվեց և ակնհայտորեն ձախողվեց: Հիմա բաժակաճառերի ժամանակը չէ, պետք է ընդունել՝ ձախողումը կատարյալ է և բացարձակ: Ուրիշ ինչպե՞ս կարելի է անվանել մի արդյունք, երբ պետությունն իր առջև երկու խնդիր էր դրել՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանի բացում, և երկուսում էլ զրոյական արդյունք է:
Իսկ արդյո՞ք հնարավորություն կար արդյունքի հասնելու: Կարծում եմ՝ այո: Բուն սխալն արձանագրությունների ոչ թե նպատակի, այլ արձանագրությունների բովանդակության մեջ էր: Դրանք գերբեռնված էին բազմիմաստ ձևակերպումներով և երկուստեք անընդունելի դրույթներով: Կարծում եմ, որ այս արձանագրությունները դիվանագիտության պատմության մեջ կմնան որպես բարդագույն հարցերը գրչի մի հարվածով լուծելու անպատասխանատու փորձի վառ օրինակներ:
Ի սկզբանե էր բառը և բառը սխալ էր: Եթե արձանագրությունները մի երկու պարբերությամբ ամրագրեին հռչակված նպատակները, ապա մենք այսօր այլ իրավիճակ կունենայինք:
Ինձ կարող են առարկել, թե թուրքերը դրան չէին գնա: Չէին գնա, մենք էլ չէինք ստորագրի, ինչպես չենք ստորագրել առնվազն մի 15 տարի: Հետո սահմանը բացելու այլ ձևեր ևս կան. ի վերջո Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը հակասում է իր իսկ ստանձնած միջազգային պատարավորություններին: Իհարկե այս օրերին իրենց գլուխներին շատերը դափնեպսակ կդնեն, սակայն ազնվորեն պիտի խոստովանել՝ արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մեղքն ու շնորհքը Թուրքիայինն է, մեկ էլ արձանագրությունները մեր կողմից բանակցողներինը: Եթե Թուրքիան բավարարվեր ՀՀ տարածքների ռազմակալման (օկուպացիա) de jure հաստատագրումով (որն ամրագրված է գոյություն ունեցող սահմանի ճանաչմամբ) և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին մահացու հարված հասցնելով (որն ամրագրված է պատմության հարթության հարցերի հանձնաժողովի ստեղծումով), ապա արձանագրություններն անխոս կվավերացվեին: Սակայն Թուրքիան ցուցաբերեց, ինչպես միշտ, քաղաքական անկշտություն: Նա իր ունեցած նախաճաշին և ճաշին որպես ընթրիք ուզեց ավելացնել նաև ԼՂ հարցը:
Այստեղ անհրաժեշտ է անդրադառնալ երկու հարցի.
- ա) ինչո՞ւ էր դա ուզում անել և
- բ) ի՞նչ հիմքեր ուներ դրա համար:
ա) Թուրքիայի նպատակը եղել և մնում է հայոց պետականության կործանումը: Ուզում եմ հստակեցնել՝ կործանում ասածը պետք չէ հասկանալ միայն քայլող քարավանների և կանանց ու երեխաների վաճառքի շուկաների տեսքով, ինչպես անցյալում էր: Այսօր իրավիճակն աշխարհում փոխվել է: Այսօր հայոց պետականության կործանումն իրականացվում է պետականության գործառույթների չեզոքացման ճանապարհով: Երբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես ետ կանգնի իր տարածքային, նյութական և բարոյական կորուստները վերականգնելու ձգտումից, այն ժամանակ էլ այն կդադարի պետություն լինելուց: Կոյուղագծերը և ջրագծերը փոխելու, թոշակները բաժանելու կամ հարկերն հավաքելու համար պետականություն պետք չէ: Դա կարելի է անել նաև պրովինցիայի կամ վիլայեթի մակարդակով: Հայաստանը կարելի է կործանել կամազուրկ և ապազգային Հայաստանի Հանրապետություն կոչվող թուրքական պրոտեկտորատի ստեղծումով: Թուրքիայի համար ակնհայտ է, որ այս ճանապարհին Լեռնային Ղարաբաղն անհաղթահարելի խոչընդոտ է: Քանի դեռ հայերը չեն համաձայնել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու հետ, իսկ դա սկսվելու է սիրուն բառերի ներքո Լեռնային Ղարաբաղի պաշտպանական կայացած համակարգը կործանելուց, ուրեմն նրանք դեռ պահպանում են ազգ մնալու կամքի վերջին փշուրները: Թուրքական հետևողական պնդումները՝ նպատակաուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանուն հայ-թուրքական հարաբերություններին ուղիղ և փոխաբերական իմաստով մատաղ անելուն, կապ չունեն Ադրբեջանի շահերի հետ: Եթե հարցը վերաբերեր միայն Ադրբեջանի շահերին, ապա Թուրքիան հաճույքով այն աճուրդի կհաներ, ինչպես, օրինակ, արեց 1920թ. ապրիլին: Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանին զիջումներ պարտադրելու թուրքական քաղաքականությունը պայմանավորված է բուն Թուրքիայի շահերով, այն է՝ հայերին պետություն ունեցող, բայց պետականազուրկ ազգ դարձնելու ձգտումով: Պետականությունը պետության պատյանը չէ, այլ ազգային շահերը հետամտելու կամքը և դրանք կյանքի կոչելու կարողությունը:
բ) Իսկ ի՞նչ հիմքեր ուներ Թուրքիան նման նկրտումների համար: Կարծում եմ կան, և այդ հիմքերը մենք ենք տվել թուրքերին: Երբ արձանագրություններով այդքան դյուրությամբ հրաժավեցինք մեր հայրենիքից և սակարկման առարկա դարձրեցին մինչևիսկ մեր մեծագույն ողբերգությունը, արձանագրությունները դարձան խիստ ախորժաբեր. ախորժակն ուտելիս է բացվում: Իր քաղաքական որկրամուլությամբ հայտնի Թուրքիայի առջև դնել նման պատառ և Թուրքիայից ժուժկալություն ակնկալել, առնվազն միամտություն էր և է: Ի վերջո պատահական չէ, որ թուրքերի տոտեմը գորշ գայլն է՝ միակ կենդանին, որ սպանում է ոչ թե կշտանալու, այլ սպանելու համար:
Հետևաբար, մենք թուրքերի հետ միասին, թեև ոչ նույն չափով, կիսում ենք հայ-թուրքական միջպետական հարաբերությունների սկզբնավորումը (անհեթեթ է, երբ գործածում են հաշտություն կամ նորմալացում բառերը) ձախողելու համար: Մենք ասելով՝ ես նկատի ունեմ, այն պաշտոնյաներին, ովքեր բանակցել և նախաստորագրել են տխրահռչակ արձանագրությունները: Արձանագրություններ, որոնց մեջ ի սկզբանե դրված էին դանդաղ գործող բազմաթիվ ականներ: Մեր քաղաքական սակրավորները իրենց գործը չեն արել, որի հետևանքով մենք չարդարացված վնասներ ենք կրում և կրելու ենք: Պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև պետական բոլոր այն պաշտոնյաները, ներառյալ պատգամավորները և, այսպես կոչված, գիտնականները, ովքեր աշխատավարձ են ստանում մեր վճարած հարկերից և ի պաշտոնե պարտավոր էին խոսել, մատնացույց անել ականները, սակայն մորթապաշտորեն լռեցին: Պատասխանատու պիտի լինեն բոլորն, ովքեր իրենց գործունեությամբ կամ անգործությամբ նպաստեցին այս իրավիճակի առաջացմանը:
Եթե ՀՀ նախագահի հրամանագրով ԱԺ-ի և շահագրգիռ մարմինների մասնակցությամբ ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որի նպատակը լինի հետաքննել, թե ինչպե՞ս ընդունելի գաղափարը, այն է դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը, փչացվեց և ի վերջո հասցվեց մահվան դուռը, ապա դեռ պետություն ենք ու ազգ ենք: Եթե հանձնաժողովը պարզի և մեզ պարզաբանի, թե ինչպե՞ս եղավ, որ չարաբաստիկ արձանագրությունների բանակցային գործընթացն ու նախաստորագրումը տեղի ունեցան գործող օրենսդրության կոպտագույն խախտումներով, թե ինչպե՞ս արձանագրությունների մեջ տեղ գտան հակասահմանադրական դրույթներ (հիշենք, որ ՍԴ-ը տվեց իրավական դիրքորոշում-մեկնաբանություն և, միայն դա հաշվի առնելով, տվեց իր դրական եզարակացությունը), ուրեմն նախագահն իսկապես նպատակ ունի վիճակը շտկել:
Եթե ոչ, ուրեմն նախագահի հայ-թուրքական արձանագրությունները կասեցնող հրամանագիրը զուտ ձևական բնույթ ունի և հերթական անգամ ճիշտը Չարենցն է.
– Ողջո՛ւյն արխադաշ Ալուն,
– Հաղթանա՛կ գործին Իլյիչի:
23 ապրիլի, 2010թ.