Սպիտակ գիրքը
- Նվիրում եմ մեր պատմաբաններին։
Մեծ պատմաբանը ծերացել էր ու կուրացել, բայց պահպանվել էին նրա վիթխարի կերպարանքը և անընկճելի, հախուռն ոգին։ Փողոցով անցնելիս, ծանր ձեռնափայտը ձեռքին, այնպիսի ահեղ ու կայծակնացայտ հայացքով էր նայում մարդկանց, որ նրան չճանաչողները փշաքաղվում էին, կարծելով, թե ծերունին վրեժ ունի աշխարհի դեմ և, ուր որ է, հիմա իր ծանր մահակով կհարվածի նրանց գլուխներին։ Հոգով թունավորված այդպիսի դևերը թշնամու տեղ են ընդունում ամեն մեկի, որի վրա ընկնում է նրանց սարսափազդու հայացքը։ Իսկ պատմաբանին ճանաչողները բարևում էին ակնածանքով, իրենց պարտքն էին համարում կանգնել մի պահ նրա առողջության ու նոր գրելիք գրքերի մասին հարցնելու և, եթե թույլ էր տալիս, ուղեկցում էին մինչև տուն։ Այդպիսի պահերին փոխվում էր նրա դեմքը, դառնում էր բարեհամբույր, աչքերն այնքան ջերմ էին ժպտում, որ մարդ չէր հավատում, թե նրանք, այդքան խոշոր ու այդքան հուրհրատող, չէին տեսնում հիմա։
Հսկաները հոգով չեն թունավորվում, ինչքան էլ դաժան ու անարդար լինեն նրանց հանդեպ կյանքն ու պատմությունը։ Մաղձը բույն է գտնում գաճաճների սրտում, այնտեղ է լճանում ու դեղնոտվում։
Խիստ էր եղել մեծ պատմաբանը, բայց միշտ եղել էր բարի։ Եվ եթե մարդիկ նրա խստության մասին ասքեր Էին հորինել, բարության մասին լռություն էին պահպանում, չուրանալով, իհարկե, նրա տաղանդն ու մոլեռանդ նվիրվածությունը հայրենի գրականությանն ու պատմագրությանը։ Մարդկանց հանճարը բացասելն ավելի դժվար է, նրանց մարդկային առաքինությունները ժխտելն՝ ավելի դյուրին։
Գրիչն այդ մարդու ձեռքին սրի ուժ ու թափ էր ունեցել։ Եվ փայլուն սուրը ձեռքն առած, նա թրատել էր բոլոր նրանց, ովքեր նրան դուր չէին եկել իրենց խոսքով ու գործով, թրատել էր առանց երկմտելու հսկայի ուժով և երդված զորավարի համառությամբ։ Չէր խնայել ոչ իր ապրող ժամանակակիցներին, ոչ էլ իրենից դարեր առաջ մեռած մարդկանց։ Այնպես էր վիճում, կռվում նրանց հետ, որ կարծես թե կանգնած էին իր առջև ու դիմադրելով, անձնատուր չէին լինում։ Կռվում էր հազար հինգ հարյուր տարի առաջ նահատակված զորավարի հետ՝ մեղադրելով նրան, որ բանակը անստույգ ճանապարհով է տարել և պատճառ դարձել ծանր պարտության ու ժողովրրդական տառապանքների, հազար տարի առաջ մեոած հոգևոր առաջնորդի հետ, որ իր գործունեությամբ թուլացրել է պետական կյանքի ուժը՝ եկեղեցու շահերը գերադասելով, թունավոր խոսքերով խոցում էր իր ժամանակակից վիպասանին, որ, Արևմտյան Հայաստանում առևանգված քույրերի լացն ու ողբը չլսելով, Կովկասում փարթամ կյանքով ապրող տիկինների սիրային տանջանքներն է նկարագրում, պարսավում, անգոսնում էր այն հասարակական գործիչներին, որ հոգով խլացած ու մտքով բթացած՝ օտարածին գաղափարներ էին կրկնում, չճանաչելով իրենց ժողովրդի կարիքներն ու, անտարբեր մնալով նրա նկրտումների հանդեպ, կամ նրանց, որ եվրոպական քաղաքների սրճարաններում նստած, արցունքներ էին թափում «ազգի համար», երբ ուրիշները թշնամու գնդակներից արյունաքամ էին լինում Տավրոսի լեռներում։
Նրա ամբողջ կյանքը եղել էր կռիվ ու պատերազմ։ Կռվել էր իր երկրի սահմանների ներսում և այդ սահմաններից դուրս՝ ամբողջ բանակների, թագավորների ու ռազմիկ ցեղերի և աշխարհակալ նվաճողների ու այլևայլ մարգարեների դեմ, որ նույնպես ծառայում էին մեծերին ու հզորներին։ Կեղծ ու պատիր էր հռչակել բոլոր այն նոր ուսմունքներն ու գաղափարները, որոնք, նրա կարծիքով, չպիտի փոխեին իր ժողովրդի ստրկական վիճակը, և խաբեբա ավազակներ էր հայտարարել նրանց, որ մեծ տերությունների ժողովասրահներում խոսքով համակրանք, ու կարեկցություն էին հայտնում նրա բազմատանջ ժողովրդին, բայց երբեք օգնության ձեռք չէին մեկնում նրան։
Երջանիկ չէր եղել նա, որովհետև հոգին չէր ունեցել ոչ մի խաղաղ պահ։ Նա միշտ լցված էր եղել ծանր, մռայլ մտորումներով, միշտ պատրաստ պոռթկալու։ Լի էր եղել զայրույթով, վշտով, խնդությամբ, լացով ու ծիծաղով, կարոտով, ափսոսանքով, թովչանքով ու ծանր հիասթափությամբ։
Եվ այդ բոլոր մտորումները, հոգու այդ բոլոր ալեկոծություններն ու տեղատվությունները դարձել էին ծանրակշիռ հատորներ ու հազարավոր հոդվածներ՝ բազում թերթերի ու պարբերականների մեջ, որ ամենակորովի գրագետ մարդն անգամ իր ողջ կյանքում արտագրել իսկ չէր կարողանա։
Եթե նա իր հայրենի գյուղում մնար, ուր նախահայրերն ու հայրերն ապրում էին հարյուր, հարյուր քսան տարի և չէին կորանում ու չէին կուրանում, ճանաչված գութանավոր կդառնար, կորդ դաշտեր կհերկեր հորիզոնից հորիզոն, և նրա հորովելը կթնդար ձորերում ու սարերում։ Եթե Արևմտյան Հայաստանի լեռները գնացած լիներ, ուր իր արյունակից եղբայրները տանջվում էին թուրք սուլթանի անարգ լծի տակ, նշանավոր հայդուկ կդառնար, որի կոչով զենք կվերցնեին հազար-հազար մարդիկ։ Տորքանգեղյան կերպարանքով հսկայի այդքան մեծ-մեծ ձեռքերը հարմար էին գութանի մաճ կամ զենք բռնելու։ Դժվար էր երևակայել, որ ժայռեղեն հսկան կռանում է գրասեղանի վրա, և այդ հաստ մատները փետուրե գրիչ են վերցնում։
Գրքի ու գրչի մարդ էր նա։ Բայց իր գրասեղանի առջև նստած՝ իր հողը հերկող խաղաղ երկրագործի ու լեռները բարձրացած ապստամբի հետ էր լինում հոգով, մտքով, սրտի տրոփյունով ու բոլոր ջղերով։ Նրա աշխատասիրությունն առասպել էր դարձել։ Հազվադեպ էին դրսում տեսնում նրան։ Քիչ էր երևում նաև հասարակական վայրերում։ Բայց ամեն դեպքի ու իրադարձության տեղյակ էր և ամեն երևույթի արձագանքում էր։ Անգամ այն ամիսներին, երբ հնագույն ժամանակների ու միջին դարերի մասին հատորներ էր գրում, լսում էր դրսի աղմուկներն ու բախումները, և նրա դիրքի ու վերաբերմունքի մասին իմանում էին նրա՝ երբեք չուշացող շռնդալից հոդվածներից, որ տպագրվում էին ամենաազդեցիկ թերթերում։
Իսկապես որ զարմանալի էր։ Ւնչպե՞ս էր ամեն բանի հասնում, ամեն դեպքի խառնվում, ամեն տարածության մեջ թափանցում։ Ապրում էր բոլոր դարերում ապրած և իր օրերին ապրող մարդկանց հետ, ճանաչում էր միլիոնավորների ու պատմում էր նրանց կյանքը առանց հոգնելու, առանց ձանձրույթի, սիրով կամ ատելությամբ և ոչ երբեք պաղ սրտով։ Եվ այդպես միշտ, ամեն օր։
Մի անգամ նա գրել էր և հաճախ խոսք ու զրույցի ժամանակ կրկնում էր իր մասին.
«Աշխատանք և Հայ ժողովուրդ- ահա իմ դավանանքը։ Ուխտել եմ հավատարիմ մնալ այդ երկու հսկաներին մինչև ի մահ, հավիտյան։ Նրանք իմ ուժն են և ինձ առաջնորդողները, որ երբեք չեն լքում ինձ։ Թե՛ ոգեշնչումների, և թե՚ հուսահատության պահերին նրանք հայտնվում են իմ գլխավերևում ու կանչում են ինձ զգաստանալու և գործելու։ Եվ դա է պատճառը, որ դադարն ու խոնջությունն անծանոթ են ինձ։ Եթե մի օր չգործեմ, հետևյալ օրը կսպառվեմ ու կվախճանվեմ»...
Ճշմարիտ էր դա։ Ով ծանոթ էր նրա կյանքին, գիտեր, որ նա հաճախ էր լքել երեկվա իր բարեկամներին և բարեկամացել էր երեկվա իր թշնամիների հետ, բայց իր ուխտը երբեք չէր դրժել։ Մտքի տանջագին լարումով փրկության ելքեր էր որոնել իր ժողովրդի համար ու չէր գտել։ Դատել ու դատապարտել էր անցյալների սխալներն ու մոլորությունները, որ դասեր դառնան նորերի համար, բայց ինքն էլ այդ նորերի հետ հաճախ էր մոլորությունների մեջ ընկել։ Եվ նորից ու նորից զղջալով, դարձյալ բոլորի հետ միասին՝ կրկնել էր նույն ճակատագրական սխալները։
Քիչ էր ապրել նա աշխարհում։ Տեսել էր հազար ութ հարյուր յոթանասունութ թվականի պատերազմը, երբ ռուսական բանակի առաջխաղացումը հույսերով Էր ողողել նրա սերնդի երիտասարդ մարդկանց սրտերը, իսկ Բեռլինի վեհաժողովը սառը ձյուն էր մաղել տաքացած այդ սրտերի վրա։ Հիասթափվել, հուսահատվել էր նա իր սերնդի հետ միասին և մի տասնամյակ հետո՝ կրկի՛ն ոգեշնչվել, խանդավառվել էր՝ ականատես լինելով ժողովրդի ընդերքում կատարվող հոգևոր ու ռազմի շարժումներին, որ խոստանում էին մեծանալ, ծավալվել, դառնալ ուժ, զորություն, գրոհել ու խորտակել բռնության ամրոցները։
Մտերմացել էր այդ շարժման ղեկավարների հետ, փառաբանել նրանց և ապա հեռացել նրանցից, ու հետո՝ նույնքան անկեղծությամբ անգոսնել ու նզովել էր արկածներով լի նրանց գործունեությունը, ինչպես որ անկեղծորեն գովերգել էր՝ երբ նոր էին նրանք հրապարակ իջնում։ Հազար ութ հարյուր իննսունհինգ-իննսունվեց թվականների ջարդերը Սասունում, Տարոնում ու Արևմտյան Հայաստանի մյուս գավառներում նրա հոգին լցրին ամեհի ատելությամբ բոլորի ու ամենքի դեմ։ Արևելքն ու Արևմուտքը նույնացան նրա աչքերում, մեկն՝ իր միջնադարյան դաժանությամբ, մյուսն՝ իր անտարբերությամբ, որ ոճրագործության հավասար բան էր։ Աշխարհը լցվեց խավարով։ Երկու տասնամյակ էլ չէր անցել, երբ երկրագունդը գլորվեց բոցերի մեջ և հրդեհին կուլ գնաց նրա ժողովրդի կեսը։ Ազգերը գայլեր էին դարձել ազգերի համար, մարդկությունը նրա աչքում իրար հոշոտող գազանների մի ոհմակ էր հիմա։
Նրա հոգին տոչորվում էր կրակների մեջ։
Եվ հոգու այդ տանջանքները, ճիչերն ու ողբերը, հառաչանքներն ու մահամերձի մրմունջները կրկին գիր ու գիրք էին դառնում՝ սերունդներին մնալու, եթե պիտի արևի տակ ապրեին նրա լեզվով խոսող և նրա գիրը կարդացող սերունդներ։ Մտել էր իր կյանքի յոթերորդ տասնամյակն արդեն, երբ ավարտեց իր ժողովրդի պատմության նոր ու ստվար մի հատոր ևս ու նրա վերջում, հին մատենագրի պես, հիշատակարան գրեց. «Ավարտեցի հատորս թվին փրկչական ՌՋԲԱ... Դառն և նեղ ժամանակ է։ Ղարա Բեքիր փաշան գրավել է Ղարսի ամբողջ շրջանը, Ալեքսանդրապոլը և շրջակաները։ Ժողովուրդն արյուն-արցունք է թափում թուրքի ձեռքին։ Կոտորածներ, ավարառություն, տղամարդկանց քշում տանում են էրզրում և էլ հեռու, կանանց ու աղջիկներին բռնաբարում։ Քսաներորդ դարում ենք ապրում, բայց հային դեռ կրծում և ծվատում է հին, արյունոտ իրականությունը։
Ե՞րբ է լինելու հանգստությունը, ով անողոք և զարհուրելի ճակատագիր»։
Վերջակետ դնելով, շտկեց իրանը, հոգնած աչքերը փակեց ու հոգնած՝ հառաչեց։ Երբ աչքերը վերստին բացեց, սենյակում կիսախավար էր։ Տարօրինակ թվաց։ Չէ՞ որ առավոտ էր։ Հասկացավ, որ ամեն օր թուլացող տեսողությունն այսօր մոտենում է կուրության։ Քառասունհինգ տարի շարունակ գիշերներ էր լուսացրել գրքերի վրա, գրասեղանի աջ կողմը փոս էր դարձել նրա աջ արմունկից։ Մատները հաճախ ուռչում էին գրելուց, բայց տեսողությունը չէր դավաճանում մինչև ազգային մեծ եղեռնի օրերը։ Եվ ահա պարտվող կամքի հետ նա էլ է պարտվում։
Ոչինչ չասաց նա կնոջն ու զավակներին այդ մասին։
Երբեք հսկայի նրա հոգին այդքան նկուն չէր եղել, ինչքան այն պահերին, երբ իր հատորի վերջում գրում էր հիշատակարանի այդ խոսքերը, և երբեք նրա ոճի մեջ այդպես աղիողորմ կանչեր չէին եղել «ո՞վ անողոք ու զարհուրելի ճակատագիր...»։
Գալիքը մթնել էր նրա թուլացած տեսողության առջև, պատմության հորիզոնը մռայլ էր նրա մտքի դիմաց։ Առաջին անգամ այդ խոսքերից հետո ցած դրեց գրիչը, ուժ չուներ նույնիսկ բողոքի ու զայրույթի խոսքեր գրելու իր մատյանում։ Զգաց մահվան մոտիկությունը, նրա սառը շունչը և հուսահատ մտածեց. «Եթե ապրելու վերջին օրերն են իմ ժողովրդի, թող ես մեռնեմ ժամ առաջ, նրա վախճանը չտեսնելու, եթե այս օրհասից ևս հրաշքով պիտի փրկվի նա, ճակատագիրը թող ինձ թեկուզ մի տարվա կյանք պարգևի՝ իմ վերջին խոսքն ասելու նրան, վերջին ավանդս թողնելու»։
Հրաշքը եկավ անակնկալ ու անսպասելի և զարմանալիորեն շուտ։
Մեծ պատմաբանն անկողին էր ընկել և այնպես ծանր էր շնչում, որ դողդողում էին մահճակալի առջև, փոքրիկ սեղանին թափված թերթերն ու գրոտված թղթերը։ Կինը, ամեն կես ժամը մի անգամ, թաց սրբիչ էր դնում նրա այրվող ճակատին ու անհանգիստ՝ չէր հեռանում ամուսնու մահճակալից։
- Երեկո՞ է արդեն,— հարցրեց պատմաբանն՝ աչքերը կկոցելով,- շուտ չմթնե՞ց այսօր...
- Դեռ կեսօր է,— պատասխանեց կինը զարմացած,— և սենյակում լույս է, ինչո՞ւ է քեզ թվում, թե մթնել է օրը...
- Մթնել է, իսկ քեզ դեռ լույս է թվում, գիշերային բուի աչքեր ունես...
Կինն ավելի զարմացած նայեց նրան ու սուր մի տագնապ ծնվեց նրա հոգում։ Երբեք ամուսինն այդպես կոպիտ չէր խոսել նրա հետ։ Ձեռքը դրեց ճակատին։ Բարձր ջերմություն ուներ։
- Մթնել է,– կրկնեց նա,— ամբողջ աշխարհն է մթնել, իսկ դու ասում ես լույս է։
- Հանգիստ եղիր, մի՛ հուզվիր,— խնդրեց կինը։
- Մթնել է,– գռռաց նա այնպիսի ամեհի ձայնով, որ կինը սարսափեց ու դուրս վազեց հարևանուհուն կանչելու։ Նրան թվաց, թե ամուսինը հոգեվարքի մեջ է, զառանցում է։ Մի րոպե հետո, երբ ետ եկավ հարևանուհու հետ, մահճակալի մոտ դրված աթոռակին նստել Էր դուստրը և ոգեշնչված ձայնով ինչ-որ նորություններ էր հաղորդում հորը։
- Ճշմարի՞տ է, Տիգրանուհի, թե՞ ինձ հանգստացնելու համար ես հորինել...
- Երդվում եմ, հայրիկ, Հովհաննես Թումանյանին պաշտոնապես հաղորդել են, և նա ողջույնի հեռագիր է կազմել նոր կառավարությանը՝ բոլորիդ անունից...
Պատմաբանը շուռ եկավ անկողնու մեջ։ Դստեր դիմաց կարծես մեծ մի պատ կանգնեց։
- Տվեք հագուստս...
Կինն ու դուստրը խնդրեցին, որ պառկած մնա, բարձր ջերմություն ունի, խոստացան գնալ կանչել իրազեկ մարդկանց, հայտնել Հովհաննես Թումանյանին նրա հիվանդության մասին։ Բանաստեղծը կշտապի այցելելու և ամեն ինչ կպատմի։
- Դա հրաշք է։ Հասկանո՞ւմ եք,— իր բամբ ձայնով գոռում էր նա,— կատարյալ հրաշք է՝ մեր ամենաօրհասական պահին, մեր հոգեվարքի ակնթարթին... Ես այսօր պիտի մեռնեի, բայց իմացեք, որ ապրելու եմ... Ինչո՞ւ ավելի մթնեց։ Ինչո՞ւ Է մութ։ Վառեք լամպերը, թող սենյակը լուսավորվի...
Սենյակում լույս էր, առատ լույս։ Հայ մեծ պատմաբանն էր կուրանում։
Երեկոյան նրան այցելության եկան Հայ գրողների ընկերության գործիչները և բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Եկան շնորհավորելու փրկության լուրը բերելով և ցավակցելու դժբախտության համար։ Պատմեցին, որ նոր իշխանությունը վերջնագիր է տվել Ղարա Բեքիր փաշային՝ երեք օրվա ընթացքում հեռանալու Ալեքսանդրապոլից, Կովկասի ու արևելքի ժողովուրդներին հռչակել է եղբայրություն, խաղաղություն ու աշխատանք՝ բոլորի համար։
Առաջին անգամ ուրիշները խոսում էին, և նա միայն լսում էր։ Պատմում էին նոր վարդապետության էությունը, նկարագրում էին, թե ինչպիսի ապագա է բերելու նա ազգերին, ժողովուրդներին ու ճնշված ցեղերին։
Լսում էր պատմաբանը, ավելի խոշորացած աչքերով զրուցակիցներին նայելով, ու չէր տեսնում նրանց։ Եկան բժիշկները, քննեցին, հանձնարարեցին հանգիստ պառկել ու քնի հաբեր տվեցին։ Հյուրերի ու բժիշկների հրաժեշտից հետո նա վեր կացավ, մոտեցավ գրասեղանին ու ծանր ցավով զգաց, որ չէր տեսնում նույնիսկ իր գրիչներն ու թանաքամանները։ Կինն ու դուստրը մյուս սենյակից ներս վազեցին, տարան նրան դեպի անկողինը։
Քունը տարավ լուսաբացին, և քնեց մինչև հետևյալ օրվա կեսօրը։ Երբ արթնացավ, կրկին չէր տեսնում։ Ներս եկան բարեկամներն ու բժիշկները։ Դուստրն ու կինը տեսնում էին, թե ինչպես ցավի ու կարեկցության արտահայտություններ է նստած նրանց դեմքերին։ Իսկ պատմաբանը հուսահատված չէր, դեմքը շողում էր երանությամբ։ Սեղմելով ընկերների ու բժիշկների ձեռքերն իր մեծ թաթերով, զվարթ ձայնով խոսում էր.
- Աչքերս կուրացան, բայց հոգո՛ւս աչքերը բացվեցին։ Լավ է կույր աչոք, քան կույր մտոք... Աստված մարդկանց թույլ չի տալիս աշխարհն ու նրա ապագան տեսնել և՛ աչքերով, և՛ հոգով։ Այդքան երջանկություն նա չի պարգևում մարդկանց, այդքան բարի չէ նա...
Պատմաբանն իր տարերքի մեջ էր։ Խոսում էր ոգեշնչված, վերածնված, հոգին լեցուն, թվում էր՝ այլևս երբեք չխախտվող հավատով։ Մտքերը հորձանք էին տալիս նրա մեջ, և բառերի ու թևավոր արտահայտությունների պակաս չէր զգում։
Ինչպես միշտ, բոլորը լուռ լսում էին նրան։
Այդ գիշեր նա նստեց գրելու։ Ձախ ձեռքը դրել էր թղթին՝ ձախից աջ, քանոնի պես տող պահելով, ու գրում էր նրա վերևից։ Թղթի եզրին հասնելով, ավարտված էջը մի կողմ էր դնում։
Վաղ առավոտ արթնանալով, դուստրերն ու տղան տեսան հորն իր գրասեղանի առջև նստած աշխատելիս, ինչպես միշտ տեսել էին աշխարհն հիշելու իրենց առաջին օրերից։ Միայն սեղանի վրա ոչ լամպն էր վառվում, ոչ էլ մոմեր կային։
Ավագ դուստրը երկար նայեց հորը, ու արտասուքները գլորվեցին այտերի վրայով։
- Տիգրանուհի,- կանչեց նրան հայրը,-՜ Տիգրանուհի, այստե՞ղ ես...
- Այստեղ եմ, հայրի՛կ...
- Այսօրվանից քեզ վրա նոր պարտականություն եմ դնում։ Շատ մեծ, շատ դժվարին պարտականություն։ Խոստանո՞ւմ ես կատարել։
- Ասա, հայրիկ։
- Բայց ձայնդ ինչո՞ւ է փոխվել, նվաղուն է ձայնդ...
- Հայրի՜կ...
Հասկացավ, որ դուստրն արտասվում է։ Գրկեց նրան ու ասաց.
- Մի լար, դստրիկս։ Ես դժբախտ չեմ։ Ես տեսել եմ քույրերիդ, եղբորդ ու քո դեմքերը, շատ հրաշալիքներ եմ տեսել աշխարհում և հիմա էլ հոգով տեսնում եմ... Ես դժբախտ չեմ, մանավանդ որ դեռ կարող եմ շատ բան ասել ձեզ ու բոլորին։ Ես ասելիքներ ունեմ աշխարհին...
Մի պահ մտախոհ լռեց ու շարունակեց.
- Այդպես ուրեմն, սիրելի Տիգրանուհի դուստրս, քո և քույրերիդ նոր պարտականությունը պիտի լինի՝ ամեն օր թանաք ավելացնել թանաքամանների մեջ և հավաքել, դասավորել գրածս թերթերը... Կարծում եմ կարող եք։ Իսկ ձեր հայրը խոստանում է առաջվա պես հավատարիմ մնալ իր դավանանքին։ Ի՞նչ Էր իմ դավանանքը.
- Աշխատանք և հայ ժողովուրդ...
- Այո՛,— հաստատեց հայրն ու շուռ եկավ,– գնա աշխատանքիդ, Տիգրանուհի, ուշանում ես, գնա աշխատանքիդ...
Մարդիկ այդ օրվանից ավելի զարմացան պատմաբանի արտասովոր եռանդով։ Կուրացած, նա հատորներ էր գրում մեկը մյուսի ետևից, ավելի փոթորկուն կրքով, ավելի հախուռն ու բոցաշունչ, շառաչելով իր հայրենի լեռնաշխարհի գետերի նման։ Երախտագիտությամբ լցված այն ուժերի հանդեպ, որ փրկություն բերին նրա ժողովրդին, նա մեծ համոզմունքով ու անկեղծորեն փառաբանում էր նոր ուսմունքը, որ բանակներ էր երկնել ու շարժման մեջ Էր դրել այդ բանակները, անկեղծորեն տքնում էր վսեմ իմաստներ ու հավերժական գեղեցկություններ տեսնելու նրա մեջ։ Եվ տեսնում էր։ Աչոք կույր, նա տեսնում էր աշխարհի լուսավորվող ներկան և նրա ապագայի բոլոր գույներն ու գեղեցկությունները։ Նրա երևակայությունն արծվային թռիչքներ էր կատարում բոլոր անչափելի տարածությունների մեջ։ Հոգին լցված գալիքի հմայքներով, ցասումնալի շանթեր էր արձակում անցյալի դեմ։ Զարմանք Էր պատճառում իր սերնդակից մարդկանց, դժգոհություն էր հարուցում նրանց մեջ, արժանանում էր նորերի երբեմն բուռն, երբեմն վերապահ հավանությանը։ Սակայն բոլոր սերունդներն էլ հիացմունքով էին տեսնում նրա մտքի կորովն ու հոգու փոթորիկները։ Փշրում էր կուռքեր, որոնց տասնամյակներ շարունակ երկրպագել էր, երկնքից ցած էր բերում աստվածների, որոնց դեռ երեկ ջերմեռանդ աղոթել էր։ Ժխտում, բացասում ու մերժում էր ամեն գործ ու գործողություն, որ հաջողությամբ չէին պսակվել անցյալում, անարգում էր բոլոր մարգարեներին ու նրանց բոլոր գաղափարները։ Մտքի այդ մոլեգին որոտների պահին հասնում էր հաճախ ինքնաժխտման ու ինքնամերժման և բնավ չէր երկնչում այդ վտանգից, որ ուրիշների համար մահից ավելի սարսափելի է։ Նման էր վիթխարի մի հնոցի, որ իր մեջ կարծր մետաղներ է հալում ու եթե չհանգչի՝ կհալի ու կփշրի նաև իր պատերը։
Խաղաղվել էր երկիրը, հողագործը խոպանացած տարածություններն էր հերկում՝ երգելով իր ծորուն հորովելը, հովիվը լեռնալանջերում իր սիրերգն էր նվագում ծիրանի փողով, ուսուցիչը դասարան էր մտնում թխաչյա ու ցոլակն մանուկներին հայոց գրերը սովորեցնելու։ Մարդիկ ցերեկներն զբաղված էին խաղաղ աշխատանքով, գիշերները քնում էին անվրդով քնով։ Իսկ նա, մեծ պատմաբանը չէր զգում գիշերվա ու ցերեկվա սահմանները։ Գիշեր-ցերեկ, ցերեկ-գիշեր՝ ձախ ձեռքը քանոն դարձրած, աջով գրում էր, գրում ու գրված թղթերը շպրտում սենյակի հատակին։ Ամեն առավոտ դուստրերը հավաքում էին այդ թղթերն ու դարսում գրադարակում, զարմանալով իրենց հոր կամքի ու եռանդի վրա ու վախենալով նրա առողջության համար։ Չէ՞ որ նա յոթերորդ տասնամյակի մեջ էր։ Ու ամեն օր նրանք թանաք էին ավելացնում թանաքամանների մեջ ու մաքուր թղթերի նոր կույտեր էին դնում գրասեղանին, որ հետևյալ օրն արդեն գրված էին լինում։ Եվ օր-օրին ստվարանում էին գրադարանում դարսվող ձեռագրերը, և կես տարում գոյանում էր մի նոր հատոր։
- Այդ մարդը մի անձնավորություն չէ, այլ մի ամբողջ հիմնարկություն, — ասում էին մտավորականները, գնելով նրա հերթական գիրքը։
- Մի ամբողջ ակադեմիա,— ավելացնում էին մյուսները,— բայց ափսոս որ ծերանում Է։
- Ծերանում Է, բայց չի սպառվում։ Գետ է։ Կարող է վարարումից հետո իջնել, կրկին վարարել, բայց երբեք չի ցամաքի...
- Թվում է, թե ծնվել է ժողովրդի հետ, նրա հետ միասին գալիս է հազարամյակների խորքից, անցել է շանթ ու որոտների միջով, ամեհի կայծակներն են ճայթել գլխին, բայց ապրել է...
- Ու պիտի ժողովրդի հետ գնա դեպի հեռու-հեռավոր ժամանակները...
Նրա մասին բացված խոսք ու զրույցն էլ անվերջ ու անվախճան էր լինում, ինչպես նրա կերպարանքը մարդկանց պատկերացումների մեջ։
- Բայց աչառու է եղել և խիստ,— ասում էին ոմանք, տներին կրկնելով,— վայ նրան, ով այդ մարդու հարվածների տակ է ընկել։
- Ասում են Շիրվանզադեն Թիֆլիսից Բաքու էր փախչում՝ իր նոր պիեսն այնտեղ բեմադրելու, որ ազատ լինի նրա քննադատությունից։
- Ասում են, այո՛։ Ասում են՝ անուն ու համբավ ունեցող բոլոր գրողներն էլ իրենց նոր երկերը հրապարակ հանելով, ահով ու երկյուղով էին սպասում նրա կարծիքներին, որ դատավճռի ուժ ու զորություն են ունեցել։
- Չի խնայել նույնիսկ Վարդան Մամիկոնյանին ու Վարդանանց։ Հիշո՞ւմ եք ինչ է գրել. ինչքան էլ սուրբ լինեն նահատակների անուններն ու նրանց արյունը, մենք պիտի կոչ անենք նոր սերունդներին՝ խուսափելու նրանց օրինակից։ Բավակա՛ն է։ Նահատակներն արդեն շատ են։ Մեզ պետք են ապրող, մարտնչող ու հաղթանակող զինվորներ և մանավանդ ոչ թե նահատակություն, այլ հաղթանակ ուխ տած զորավարներ...
- Լավ է ասված։
- Իմաստուն է...
- Եվ անգիր գիտե՛ս։
- Ես նրա գործերից շատ կտորներ անգիր գիտեմ... Իր կենդանության օրով պատմաբանի գործն ու կյանքն արդեն լեգենդ էին դառնում։ Իսկ նա, անտարբեր այդ ամենին, մաքառում էր միշտ ավելացող եռանդով, վախենալով թե՝ հանկարծ կանգ չառնի՞ իր սիրտը, և խոսքը կիսատ չմնա՞։ Բժիշկները վկայում էին, որ փղի սիրտ ունի նա, դրա համար էլ այդ սիրտը դիմանում է հսկա մարմնի և այդքան գերմարդկային աշխատանքի ծանրությանը։
Իր տխուր հիշատակարանից հետո մեծ պատմաբանը, կուրացած, մաքառեց ևս տասը տարի ու գրեց մեկուկես տասնյակից ավելի հատորներ։ Ապրել է արդեն յոթ տասնամյակ ու ևս երկու տարի, երբ խորհրդածությունների պահերին նրան սկսեց թվալ, թե չի հասկացել իր ժողովրդի պատմության իմաստն ու խորհուրդը։
Աշխատել Էր առանց դադարների, անընդմեջ ու անխոնջ կես դար ու ևս երկու տարի։ Թողել էր հետնորդներին՝ տպագրված ու անտիպ՝ հիսուն հատոր։ Եվ այնուամենայնիվ, հիմա տեսնում էր, որ չի բացել իր փոքր ժողովրդի մեծ պատմության բոլոր գաղտնարանները։ Տեսնում Էր, որ սրբազան ներշնչումների պահերին վառ գույներով պատմել է խնդություններով ու վշտերով, իմաստություններով ու մոլորություններով, կառուցումներով ու փլուզումներվ լի պատմության դրվագները, բայց դեռ չի ասել իր վերջին խոսքը, որ պիտի լույս սփռի ամբողջ պատմության վրա, որը դեռ մթության քողով է ծածկված։
Այդ նոր լույսը գնալով ավելի ու ավելի Էր գունեղանում նրա հոգում։ Տեսնում էր փայլփլանքներով ողողված պատմության տաք հովիտները, արևի տակ շողացող գագաթները, որ նոր էին բացվում նրա մտքի առջև։ Վերջին շաբաթներին քիչ էր գրում ու շատ Էր մտածում, ապա դադարեց գրելուց և միայն մտածում էր։ Երբեք նրա միտքն այնպես տևական երկունք չէր ապրել։ Հյուրերին իր մոտ էր պահում ժամերով ու պատմում էր նրանց այն սխրագործության մասին, որ պիտի կատարի իր կյանքի վերջալույսին։
- Գրել եմ հիսուն հատոր, մի ամբողջ գրադարան է դա, բայց գլուխգործոցս դեռ թղթին չեմ հանձնել։ Նա եռում է հոգուս մեջ։ Ուշադրություն դարձրեք խոսքիս, չեմ ասում մտքիս մեջ։ Նա հոգուս մեջ է եռում... Դեռ սպասում եմ եռա, փրփրի, մի քիչ իջնի, վճիտանա, որ տեսնեմ խոր հատակը։ Գրել եմ գուցե յոթանասուն հազար էջ։ Եթե երբևէ պետք լինի հավաքել բոլոր գրածներս, յոթանասուն հազար էջ կկազմեն։ Մնում է ինձ ընդամենը հարյուր էջ գրել խիղճս հավիտենապես խաղաղեցնելու համար։ Այդ հարյուր էջը պիտի ցույց տա, որ իզուր չեմ ապրել աշխարհում...
Նա չէր ասում, թե ինչ պիտի պատմի այդ հարյուր էջում, բայց նրա բանաստեղծական բուռն ոգևորությունը համակում էր լսողներին, և բոլորն էլ սպասում էին արտասովոր մի ստեղծագործության ծնունդի։ Սպասում էին համոզմունքով ու երկյուղածությամբ, անհամբեր, վառվող հետաքրքրությամբ։ Լուրը հասել էր նաև աշխարհով մեկ ցրված, իրարից հեռու հորիզոնների տակ ապրող հայ թափառիկ խմբերին՝ մեծ պատմաբանը գրում է իր գլուխգործոցը, պատմության մութ խորշերը պիտի լուսավորի...
- Մինչև հիմա ինչ որ գրել եմ, կարող եք մի կողմ դնել, այս հարյուր էջը՝ մի կողմ,– ավելացնում էր նա,- սարսափելի է մտածել, որ կարող էի մի տասնամյակ առաջ, մի երկու տարի, կամ մի տարի առաջ մեռնել ու չհասնել այդ մտքին, չգրել այդ հարյուր էջը։ Սարսափելի է երևակայել... Մարդ կարող է հարյուր տարի ապրել և վերջին օրը միայն հասկանալ, որ միամիտ է եղել երեխայի պես և դյուրահավատ է եղել խենթի նման։ Վերջին օրը միայն կարող է տեսնել պատմության ճշմարտությունը։ Ես երջանիկ եմ, որ տեսա այդ ճշմարտությունը, դեռ հարյուր տարուս չհասած, ուրեմն այնքան էլ երեխա և այնքան էլ խենթ չեմ...
Զարմանալի փոխվել էր նա։ Հյուր էր գնում և ավելի հաճախ հյուր էր ընդունում։ Փողոց էր դուրս գալիս և այնպես էր նայում երկնքին ու իր շուրջը, կարծես ամեն ինչ տեսնում էր, այնպես էր նայում մարդկանց, որ անծանոթները փշաքաղվում էին։ Եվ ամեն տեղ ու ամենուրեք խոսում էր իր նոր երկի մասին, որ պիտի գրի։ Անցյալում երբեք իր գրական գործերի մասին չէր խոսել։ Դա նորություն էր նրա խառնվածքի մեջ։
- Իսկ ե՞րբ եք ավարտելու, ե՞րբ է լուսաշխարհ գալու այդ գործը,— հարցնում էին բարեկամները։
- Դեռ թող եռա հոգուս մեջ... Դեռ թող եռա...
Ու մի օր էլ եկավ մեծ ներշնչման վսեմ պահը։
- Մաքուր թուղթ կա՞ սեղանին, Տիգրանուհի,— հարցրեց նա աղջկան,— ժամանակն Է գործի անցնելու։ Քանի ամիս է արդեն ձրի հաց եմ ուտում ու չեմ ծառայում ոչ աստծուն, ոչ Էլ սատանային, որի հոգին պիտի հանեմ այս գիշեր։ Թուղթ դրե՞լ եք սեղանին։
- Դրել եմ, Հայրիկ, ամբողջ մի կապոց...
- Ապրիս, դստրիկս։
Ճաշի սեղանի մոտից վեր կացավ, դեպի իր գրասեղանը գնաց, հարձակվելու համար դեպի ելման դիրքերը գնացող զորավարի նման, որ համակված Է այդ ճակատամարտի բախտորոշ նշանակության խորը գիտակցությամբ։
Ու ամբողջ գիշերը գրեց, թղթերը սենյակի հատակին նետելով, գրեց, գրեց։ Երբեմն միայն կարճ դադար էր տալիս, շտկում Էր տնքացող իրանը, բաց աչքերով նայում էր մթության խորքը ու կրկին գրիչը ձեռքն էր առնում։
Ցերեկները մռնչալով քնում Էր, ետճաշյա ժամերին թոռան ուղեկցությամբ դուրս էր գալիս զով օդ շնչելու և երեկոյան նստում Էր՝ կրկին իր սեղանի առջև լուսացնելու գիշերը։ Դեմքը միշտ ներշնչված էր, տրամադրությունը՝ բարձր, խոսքը՝ ջերմ, շարժումները՝ աշխույժ։ Հոգու մեջ գարնանային ջրվեժներ Էին շառաչում, եդեմական պարտեզներ էին բուրում իր սրտում։ Կես դարու իր ստեղծագործական կյանքում առաջին անգամ նա գոհ էր ինքն իրենից, առաջին անգամ իրեն երջանիկ Էր զգում։ Կյանքը երանություն էր թվում նրան, պատմությունը՝ հրաշապատում դյուցազներգություն։
Չորս օր ոչ ոքի ներս չթողեց իր սենյակը։ Թող ավարտի, հետո ձեռագիրը հավաքեն կազմելու։
Հինգերորդ օրվա լուսաբացին վերջակետ դրեց ու, մեջքով ետ գնալով բազկաթոռի մեջ, ազատ շունչ քաշեց։ Ու մի անգամ էլ սոսկումով մտածեց. «Ինչ լավ է, որ մի տարի առաջ չմեռա, որ ապրեցի ու գրեցի ամենափոքր և ամենամեծ գիրքը... Հիմա իմ ժողովուրդը կտեսնի, որ զուր չի ծնել ինձ...»։
- Աշխատա՛նք, ժողովո՛ւրդ, - շշնջաց նա, ժպտաց ինք իրեն մութ սենյակի մենակության մեջ, գլուխը հենեց սեղանին և առաջին անգամ այդպես քնեց՝ խաղաղ հոգով, հանգստացած խղճով։
Առավոտյան դուստրը նրա սենյակը մտնելով, քիչ մնաց վախից ճչա.
- Հայրիկ,— ձայն տվեց վախվորած։
Հայրը գլուխը բարձրացրեց սեղանից ու երանելի հայացքով նայեց դստեր կողմը։
- Ավարտեցի, Տիգրանուհի։ Ավարտեցի իմ պոեմը, իմ երգը... Զգույշ քայլիր, թերթերը չկոխկրտես... Զգույշ, դստրիկս...
Աչքերը փակելով արտասանեց բանաստեղծի քառյակը,—
- Խայամն ասաց իր սիրուհուն, ոտքդ զգույշ դիր հողին,
- Ո՞վ իմանա որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի...
Ի՜նչ գեղեցիկ է գրել Հովհաննեսը։ Մետաքսաթելի վրա շարված մարգարիտներ են ամեն մի բառը։ Ինչպե՜ս ես չհասկացա, որ նա մեծ բանաստեղծ է, երբ երիտասարդ էր։ Ամեն անգամ հիշելիս խղճի խայթ եմ զգում։ Դառը խոսքեր եմ գրել նրա մասին այն վաղեմի օրերին.
- Հե՜յ ջան, մենք էլ զգույշ անցնենք, ով իմանա, թե հիմի
- Էն սիրունի՞ բիբն ենք կոխում, թե՞ հուր լեզուն Խայամի...
Տիգրանուհին վերջին տարիներին հորը երբեք այդքան ուրախ, այդքան հոգով հանգիստ ու երջանիկ չէր տեսել։ Հիացած նայում էր նրան՝ տեղից չշարժելով։ Իսկ նա մի անգամ էլ կրկնեց.
- Զգույշ, Տիգրանուհի... Չկոխկրտես թերթերը...
Դուստրը կռացավ, հատակից վերցրեց մի քանի թերթ, և նրա մարմնով սարսուռ անցավ։ Վերցրեց մի քանի թերթ էլ, կրկին մի քանի թերթ, դարձյալ...
Հայրը չէր տեսնում, թե ինչպես գունատվել է աղջիկն ու ամբողջ մարմնով դողում է, նույնիսկ ուժ չունենալով ճչալու։
- Հայրիկ,— նվաղուն ձայնով մրմնջաց նա ու երերուն քայլերով մոտեցավ հորը, փլվեց նրա կրծքին։
Ու ճչաց, ինչպես սարսափած ճչում են մեծ դժբախտության լուր լսելով։
- Հայրի՜կ... սիրելի՜ հայրիկ...
- Ի՞նչ պատահեց, Տիգրանուհի, Ի՞նչ է պատահել,— տագնապահար հարցնում էր մեծ պատմաբանն իր աղջկան...
Պատահել էր այնպիսի դժբախտություն, որ ոչ ոք չէր սպասում, տեղի էր ունեցել այնպիսի մեծ կորուստ, որ ոչ մի ուժ ու զորություն չէին վերադարձնի։ Եվ առաջացել էր դա փոքրիկ մի անուշադրությունից։ Դուստրերը մոռացել էին թանաք լցնել թանաքամանների մեջ... Հատակին փռված բոլոր թղթերն անարատ, սպիտակ էին մնացել...
Մի ամիս հետո հեռագրերն աշխարհի հայությանը հադորդեցին մեծ պատմաբանի մահը։
Անցել է երեք տասնամյակից ավելի։ Ամեն տարի հրատարակվում են պատմաբանի ստվար հատորները, որ դյուցազներգությունների, առասպելների ու ավանդությունների պես գնում են ժողովրդի մեջ, անցնում են սերնդից սերունդ, ապրում են բոլոր ապրողների հետ։ Թվում էր, թե այդ գրքերը միշտ եղել են ու պիտի մնան և լրիվ են ու լիակատար։ Մինչդեռ դուստրը պահում է այն սպիտակ թերթիկներից իր ձեռքով կազմված գիրքը, որի էջերի վրայով սահել է նրա հոր գրիչը և հետքեր չի թողել։ Մեծ պատմաբանի ոչ մի ձեռագիրն այնքան չի հուզում նրա զավակներին ու թոռներին, ինչքան այդ մաքուր, անբիծ թղթերից կազմված սպիտակ գիրքը...
- 1964, հունվար—փետրվար,
- Լուսակերտ