* * *


Սրտակեզ կսկիծ մի հին,
Որ անդուլ սարդի նըման
Հյուսել է հրե ոստայն,
Մաշում է հար իմ հոգին։
Ու որպես անդեղ մի ախտ,
Հին ցավ մի, թունոտ մի խոց,
Մթամած, ագահ մի բոց
Կիզում է կյանքս անբախտ։
Գնում եմ ուղին իմ ծուռ
Եվ գիտեմ՝ դեպի կորուստ.
Նիշված է բախտըս վերուստ
Եվ չըկա փրկության դուռ...

1917