Սևաչյա, հրաչյա նայվածքով․․․

Սևաչյա, հրաչյա նայվածքով․․․

Շուշանիկ Կուրղինյան

Սևաչյա, հրաչյա նայվածքով
Մի նայիր, խնայիր՝ թող գնամ․
Ուխտավոր ուղևոր իմ հոգով
Անկսկիծ անթախիծ հեգ մնամ․․․

Կը հիշե՞ս մի օր ես ուզեցի
Քիչ խաղալ ու խայտալ քո դիմաց․
Գոռ մրրիկ, փոթորիկ հուզեցի՝
Ուր սիրույս դին անհույս կուլ գնաց․․․

Չէ՛, կրկին քո գրկին անձնատուր՝
Ես պատանդ ոչ մի խանդ չեմ թողնի․
Սևաչյա՛, հրաչյա՛, ճամփա տուր,
Ես կարոտ ու մոտ եմ այլ հողմի․․․

1908 թ. 17 մարտի