Սև գիշերն իջավ իր անհայտ գահից
* * *
Սև գիշերն իջավ իր անհայտ գահից
Եվ մութով լցրեց երկինք ու գետին
Խավարեց հեռվում փարոսը հետին.—
Սասանում եմ ես ջրերի ահից։
Շողում են, դողում աղմուկով զվարթ,
Անխոս քարանում ու նորից խաղում,
Անդունդից ելնում, դեմքիս ծիծաղում,
Խուլ շառաչում են — լարում են թակարդ...
Նավը ճեղքում է ջրի հայելին,
Իր ցուրտ աչքերով ծովն է նայում ինձ,
Կտրված եմ ես երկնից ու հողից —
Իր թելն է մանում անխուսափելին։
Գերի է նավըս անակնկալին.
Մութով կտրված երկնից ու հողից...
1907