Վահան Տերյանի մասին
Տպագրվել է «Հորիզոն» թերթում 1913 թվականին, նոյեմբերի 30–ին, N270։

Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է տեղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։

Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։

1913