Վաճառականությունը Պարսկաստանում
ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ
Նախ քան խոսելը Պարսկաստանի ներկա առևտրական գործունեության մասին, ավելորդ չեմ համարում մի համառոտակի հայացք ձգել նրա այն ժամանակվա դրության վրա, որ երեք քառորդ դարով միայն հեռու է մեզանից: Այն ժամանակվա Պարսկաստանի ամեն մի փոքրիկ գավառը, ամեն մի նահանգը, ձևացնում էին միմյանցից անկախ առանձին ավատական իշխանություններ, որոնք պատկանում էին զանազան խաներին, բեգերին և այլ կալվածատեր իշխաններին: Այդ փոքրիկ տերությունները միշտ թշնամական հարաբերությունների մեջ լինելով, կռիվը, արյունահեղությունը, կայքի հափշտակությունը — անդադար և սովորական պատահարներ էին: Հայտնի բան է, մի այսպիսի ժամանակ, երբ բնակիչները թաքցնում էին իրանց կայքը, և մտածում էին միայն իրենց գլուխը պահպանելու մասին թշնամու սրից, անկարելի էր, և չէր կարող զարգանալ վաճառականությունը:
Երբ Աղա-Մամադ-խան ներքինին 1779 թվին տիրելով պարսիկ գահին, միևնույն ժամանակ նվաճեց ավատական իշխաններին իր միապետության զորության ներքո, նախնի սովորությունները փոքր-ինչ խաղաղվեցան, և նրա հաջորդների` Մամադ-շահի ու Ֆեթ-Ալի-շահի օրերով, ժողովուրդը կարողացավ անվախ ցուցաբերել յուր կայքը, և Շահ-Աբասի ժամանակ ծաղկած34 և նրանից հետո թառամած վաճառականությունը մի փոքր շունչ առավ, կենդանացավ:
Բայց տակավին նա ուներ խիստ նեղ շրջան, որովհետև Պարսկաստանի վաճառականությունը — ներքին էր, արտասահմանի հետ ոչ մի հարաբերություն չուներ: Դրա պատճառը պետք է որոնել գլխավորապես այն բանի մեջ, որ մահմեդական պարսկին մեղք էր համարվում ոտք դուրս դնել օտար հողի վրա, որտեղ նա ստիպված կլիներ պղծել` գյավուրների հետ հարաբերություն ունենալով, և շարիաթով արգելված նոցա կերակուրները ուտելով: Այդ համարձակ քայլը արեցին բնիկ հայերը: Եվրոպական ապրանքը առաջին անգամ նոքա մտցրին Պարսկաստան և Պարսկաստանի մթերքը առաջին անգամ նոքա արտածեցին արտասահման: Նոցա օրինակը հրապուրեց Եվրոպայի բախտախնդիրներին, երբ նոքա հասկացան, թե հայերը մի փոքրիկ գրչահատ դանակը մինչև քսան ռուբլի էին վաճառում միամիտ պարսիկներին և մի ձեռք անգլիական ֆենջան-նալբաքիով և մի քանի արշին Լեյպցիկի մահուդով գրավում էին գեղասեր խանի գյուղերը:
Այժմյան պարսից արքայի Նասր-Էդդին շահի թագավորության առաջին տարիներում հայտնվեցան Թավրիզ քաղաքում և մի քանի մեծ և հաստատ եվրոպական տներ: Այս երևույթը ստիպեց հայերին տեղի տալ եվրոպացիներին առևտրական ասպարեզը, որովհետև նոքա մեծ կապիտալիստներ չլինելով, և ապրանքը երկրորդ և երրորդ ձեռքից առնելով, — չէին կարող ազատ մրցում անել Եվրոպայի վաճառականական տների հետ, որոնք կազմակերպված էին մեծ ընկերություններից, և ապրանքները հանում էին ուղղակի աղբյուրներից: Այդ առևտրական տներից շատերը մինչև այսօր տևում են Թավրեզում: Նշանավոր են հետևյալ ընկերությունները` Րալլի, Սուվաջ-օղլի, և Հանհարթու Ցիկլեր` զվիցերական տունը:
Թաբրեզը Պարսկաստանի գլխավոր վաճառականական կենտրոնն է, ուր մտնում են մասամբ արտասահմանից ներմուծած ապրանքները, և որտեղ հավաքվելով դուրս են գալիս դեպի արտասահման` Պարսկաստանի ապրանքների մեծ մասը: Այստեղ պիտի խոսեմ գլխավորապես Թաբրիզ քաղաքի վաճառականության մասին:
Վաճառականների ապրանքը զետեղելու համար ծառայում են գլխավորապես քարվանսարաները, որոնց թիվը Թաբրիզում հասնում է մի քանի հարյուրի: Երկաթուղիներ չկան Պարսկաստանում: Ճանապարհների անկարգության պատճառով ուղևորվող ապրանքը բարձում են ձիերի, ջորիների, եզների, ավանակների և ուղտերի վրա: Վերջինը բանում է տարվա տաք35 և բարեխառն եղանակներում, իսկ առաջինները` միշտ: Քարավանները կազմվում են միատեսակ անասուններից, որոնք պատկանում են կամ մի մարդու, և կամ մի ընկերության, որ ունի յուր ներկայացուցիչը թե՛ առաջին և թե՛ երկրորդ դեպքում:
Քարավան-բաշին, այսինքն քարավանի գլխավորը միշտ պատասխանատու է կորած կամ պակասած ապրանքին, բացի թալաններից և բնության վտանգներից: Պետք է ասել, որ քարավանները վայելում են մեծ հավատք վաճառականների կողմից իրենց սովորական հավատարմությամբ, թեև նոքա ոչինչ երաշխավորություն չունեն այդ մասին:
Առևտուրը Թաբրիզում կատարվում է դալալների միջնորդությամբ, այդ պատճառով ամեն մի աչքի ընկնող առևտրական տուն ունի յուր սեփական դալալը, որ ստանում է մի հայտնի տոկոս: Դալալի հաշվեգիրը առնողի և ծախողի մեջ համարվում է որպես անհերքելի մի ապացույց:
Դրամական շրջաբերությունները կատարվում են սարաֆների միջնորդությամբ: Սարաֆները, որոնց կարելի է համարել փոքրիկ բանկիրներ, հաճախ ընդունում են վաճառականներից գումարներ, և հարկավոր ժամանակ փոխ են տալիս հայտնի տոկոսներով:
Սարաֆությունը կառավարությունից արտոնություն ստացած մի առանձին հիմնարկություն չէ. ամեն մի մարդ կարող է լինել սարաֆ, երբ կամ փող ունի, կամ վարկ: Այս պատճառով սարաֆը չունենալով բարձրագույն հրամանով հաստատված մի ծրագիր, կամ անակնկալ կերպով սնանկանում է և կամ, եթե վարում է յուր գործը նա անում է շատ կամայականություններ — մի օրվա մեջ քանիցս անգամ կուրսի բարձրանալը և կամ իջնելը կախված է սարաֆների շահասիրությունից:
Վաճառականների մեջ ծագած վեճերը վճռում են թաջիրբաշիների (վաճառականապետների) ձեռքով: Ամեն մի տերության հպատակները կամ ամեն մի ազգին և կրոնքին պատկանող վաճառականները ունեն իրեց թաջիրբաշիները: Իսկ եթե վեճը ծագում է զանազան տարբեր կողմերի մեջ, այն ժամանակ քննվում է քաղաքի Նաիբ-ուլ-Մաղարայի դատարանում, որտեղ մասնակցում են եվրոպական կոնսուլները իրենց հպատակների իրավունքները պաշտպանելու համար:
Վեճերը վճռվում են ըստ մեծի մասին իջլասներով (տրետեյսկի սուդով, — արբիտրաժ, միջնորդ դատարանով):
Պարսիկ բնածին հակումը դեպի շռայլությունը և շքեղությունը շատ կարճ ժամանակում մի սաստիկ զարկ տվեց եվրոպական արդյունաբերության տարածվելուն նոցա երկրում: Սպահանի զարբաբները և թավիշները, Ղազբին զանգանի մետաքսեղեն գործվածները, Բլուջերդի նահանգի և Գյուլփեքյանի բամբակեղենի գործվածները և չթերը խիստ կոշտ և կոպիտ երևացին եվրոպական գործվածների նրբության և գեղեցկության հանդեպ: Նրանք ընկան և մնացին ժողովրդի ստորին և աղքատ դասի գործածության առարկա:
Միակ մթերքը, որ մնաց անհաղթելի եվրոպացիներից, էին խալիները, որ փառավոր կերպով արվեստագործում է Խորասանը և շալերը: Պարսկաստանը ապրանք է ստանում հետևյալ եվրոպական գլխավոր քաղաքներից. Ֆրանսիայում` Մարսել և Փարիզ, Անգլիայում` Լոնդրա և Մանչեստր, Գերմանիայում` Լեյպցիք, Ավստրիայում` Վիեննա, Ռուսաստանում` Նիժնի-Նովգորոդ յարմարկան (տարեվաճառքը), Տաճկաստանում` Պոլիս, աստեղից գնում են միայն երկրորդական դասի վաճառականները:
Լոնդրայից բերում են ըստ մեծի մասին մահուդեղեն, չինեղեն և բյուրեղյա ամաններ, զենքեր, մանր գործածական իրեր: Մանչեստրը տալիս է մեծ քանակությամբ բամբակեղեն ապրանք, որպիսի են ամուր գործված և գույնը պահպանող չթեր և կտավներ: Մարսելը և Փարիզը տալիս են չթեղենի ավելի նուրբ և գեղեցիկ տեսակներ, թեև նոքա երկար չեն դիմանում և այլ գալանտերեական ապրանքներ և մետաքսեղեն զարբաբեղեն գեղեցիկ գործվածներ և բրդեղեն ապրանք: Լեյպցիգից բերում են մահուդի զանազան տեսակները: Վիեննան տալիս է գեղեցիկ ֆարֆորի (ճենապակու) ամաններ: Նիժնիի յարմարկայից բերում են նույնպես ֆարֆորի ամաններ, որոնք արհեստագործության ստորության պատճառով գործ են ածվում միջին կարգի ժողովրդի մեջ: Այստեղից ստացվում են նաև սամովարներ և երկաթ:
Պարսկաստանում գտնվող եվրոպացի վաճառականները այնքան հմուտ են իրենց գործին, և այնքան լավ հասկացել են ժողովրդի ճաշակը, որ իրենց ներմուծելի ապրանքները պատվիրում են եվրոպական գործարաններին արհեստագործելու պարսից պիտույքների և կենցաղի համաձայն:
Ամեն մի առևտրական տուն ունի յուր առանձին նկարիչը, որ նախշերի օրինակներով պատրաստում են եվրոպական գործարաններում ապրանքները և նրանց ձևերը, որը այնպես շուտ-շուտ փոխվում են և այնքան սրընթաց ընթացք են տալիս առևտրական առաջադիմության, որպես մոդայի փոփոխվելը Եվրոպայում: Ահա այդ պատճառավ եվրոպական ապրանքը այժմ դարձել է հասարակաց գործածության նյութ Պարսկաստանում:
Միակ տերությունը, որ ետ է մնացել այդ ասպարեզում, որ դեռևս չունի ոչ մի վաճառականական տուն Պարսկաստանում — Ռուսաստանն է, որի ապրանքները իրենց ստոր հատկության և պարսից ճաշակին անհամապատասխան լինելու պատճառով երբեք չեն կարող մրցել եվրոպական մյուս տերությունների վաճառքների հետ: Եվ եթե Ռուսաստանում արտասահմանյան ապրանքները փոքր ի շատե տեղի են տալիս տեղային արդյունաբերության, գլխավոր պատճառն այն է, որ նրանց գները թանկանում են ծանր մաքսերով և դառնում են ամբոխի ստոր դասի համար անմատչելի, և դրանով ռուսաց ապրանքը օգուտ է քաղում, յուր էժանությամբ լրացնելու չունևորների պահանջը: Իսկ Պարսկաստանում այդպես չէ: Մաքսը այնտեղ նախ շատ թեթև է, երկրորդ մաքս վճարվում է ոչ թե մթերքի գնահատության չափով, այլ հակերի քանակության համարքով: Թե՛ կապված հակը լինի թանկագին մետաքսեղենից և թե՛ հասարակ կտավից միևնույն մաքսն է վճարվում: Հակերը, որպես են Եվրոպայում կապված երկաթե կապերով, այնպես էլ մտնում են վաճառականի ամբարը, առանց բացվելու, մաքսատան կնիքը չի դիպչում նրանց: Ուրեմն Պարսկաստանի մեջ Ռուսաստանի ապրանքը ո՞րպես կարող էր մրցություն անել մյուս եվրոպական ապրանքների հետ, որոնք անհամեմատ ավելի էժանագին են և ավելի լավ հատկություններով:
Ոչ մի երկրում հագուստը այնպես շուտ չէ մաշվում և այնպես շուտ չի փոխվում, որպես Պարսկաստանում: Թողյալ կանայքը, տղամարդիկ իսկ դեռևս չեն վարժված հագնել ամուր և դիմացկուն բրդեղեն գործվածներ:
Պարսկի հագուստը մեծ մասամբ բաղկացած է բարակ մետաքսեղեն նյութերից, չթեղեն և բրդեղեն գործվածները մեծ մասամբ ստոր կարգի ժողովրդի հագուստն է կազմում:
Պարսիկ կինը թեև դրսում ման է գալիս փաթաթված յուր չարշավի (սփածանելիի) մեջ, թեև նրա զարդարանքը ծածկված է այդ տղամարդերին ոխերիմ սավանի տակ, բայց նրա ամուսինը սիրում է հարեմի պատերի մեջ տեսնելու յուր կինը ամենաշքեղ կերպով զարդարված: Նրա հագուստը այնքան խայտաճամուկ և վառվռուն է, որպես արևելքի որդու վառ երևակայական բնավորությունը:
Ղորանով արգելված ոգելից ըմպելիքների չգործածելը սաստիկ զարկ տվեց թեյի և շաքարի տարածվելուն Պարսկաստանի մեջ: Նոքա եղան ընդհանուր գործածության նյութ, ոչ իբրև հասարակ ըմպելիներ ընտանիքի կենցաղավարության մեջ, այլ որպես հյուրասիրության գլխավոր առարկա: Պարսիկը պատվում է հյուրին շատ անգամ մինչև տասն բաժակ խիստ թունդ և շաքարով թանձրացրած թեյով:
Թեյը և շաքարը ստացվում են գլխավորապես Մարսելից, Լոնդրայից և Հոլանդիայից:
Հաշված է, որ բոլոր ապրանքները և վաճառականական մթերքը, որ դուրս է գնում Պարսկաստանից, հազիվ է հավասարակշռություն պահում միայն թեյի և շաքարի հետ: Մնացորդ ապրանքները, որ ներս են մտնում արտասահմանից, բոլորը փող են դուրս տանում: Ի նկատի առնելով այդ սարսափելի երևույթը, շատ հավանական է նախագուշակել այդ երկրի խիստ մոտավոր աղքատությունը և նրա թշվառ ապագան:
Պարսկաստանից արտասահման վաճառահանված գլխավոր մթերքը հետևյալներն են: — Հում բերքեր. աբրշում (մետաքս) ստացվում է Ռաշտից, Գիլանից և Մազանդարանից, կազմում է Պարսկաստանի գլխավոր հարստությունը և արտահանվում է մեծ մասամբ դեպի Ֆրանսիա: Բամբակ, նույնպես Մազանդարանից, Քաշանից և Ատրպատականի զանազան մասերից: Բուրդ և ոչխարի ու տավարի, գոմեշի կաշիներ, և մազոտ գազանների մորթիք, — ստացվում են ամեն տեղ, գլխավորապես խաշնարած ցեղերի մեջ, որպես են քուրդերը, շազազիները, դիլաքները և այլք, որոնք բնակվում են Տաճկաստանի սահմանակից երկրներում և Կասպից ծովի հարավային ափերի մոտ գտնված գավառներում:
Չոր մրգեղենի ամենաազնիվ տեսակները նույնպես ընդարձակ վաճառականության նյութ են կազմում, որոնք տարվում են Աստրախանից մեծ քանակությամբ դեպի Նիժնի: Խաղողի տեսակներից քիշմիշ, սաբղա, որոնք գլխավորապես բերքերն են Ուրմիո, Մարաղայի և Ուրմիո լճակը շրջապատող երկրների: Նշենու բոլոր տեսակները, որպես են փուստա, բադամ, փաշղ-բադամ և հասարակ նուշ: Դոցա հետ պետք է հաշվել և չորացած դեղձ, ծիրանի, շլորի և կեռասի չիրերը, որոնք պտղաբերվում են Ատրպատականի ամեն գավառներում:
Շիրազը և Քաշանը տալիս են մեծ քանակությամբ թամբաքու, որ տարվում է Տաճկաստան, և օսմանի երկրի բոլոր սրճարանների նարգիլեների ծխախոտը այդ երկրի բերքիցն է ստացվում:
Խինա (հինա) արևելքում մազեր և ձեռքեր ներկելու փոխինդ — ստացվում է կենտրոնական Պարսկաստանից և բավական վաճառահանվում է: Իսկ թիրյաքը հազիվ է բավականանում օրենքով ոգելից ըմպելիքներից զրկված պարսիկներին այդ թույնով գրգռել իրենց ուղեղը:
Գիլանի անտառները տալիս են փայտի զանազան տեսակներ, որպես են շիմշատ, ընկուզենի, որ հասնում է հսկայական մեծության: Այդ անտառներում պտղաբերվում են լիմոնի, նարինջի և ապելսինի ամեն տեսակները և ձիթենի:
Քանի տարի առաջ ռուսաստանցի Կոկոռովները այնտեղ հիմնեցին ձիթենուց յուղ դուրս բերելու մի գործարան, բայց մի քանի տարուց հետո թողեցին նրան մեզ անհայտ պատճառներով:
Պարսկաստանի արվեստագործածության ավելի կատարելագործված իրերը խալիները և շալերն են: Խորասանը և Ֆալահանը տալիս են խալիների ամենալավ տեսակները. վերջինի գործը թեև ավելի նուրբ և գեղեցիկ է, բայց ամրության և գույների դիմացկունության կողմից, շատ ետ են մնում Խորասանի խալիներից:
Պարսկաստանի շալերը թեև ավելի դիմացկուն են, բայց մինչև այսօր չհասան այն կատարելության, որ ունենային Քաշմիրի և Լահորի շալերի նրբությունը, փափկությունը և գեղեցկությունը, այդ պատճառավ և արժողության մեջ շատ ետ են մնացել: Շալերի ամենալավ տեսակները գործվում են Մեշեդ քաղաքում:
Սինայի և Սակզի կողմերում գործում են շատ գեղեցիկ կապերտներ: