Վաճառականությունը հայերի մեջ

ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԻ ՄԵՋ

Հայերը, կորցնելով յուրյանց քաղաքական նշանակությունը, ենթարկվում են մահմեդական ազգերի իշխանության ներքո: Նոցա հայրենական հողը դառնում է օտարների կալվածք, իսկ իրանք նույն կալվածատիրոջ ստրուկները:

Անշահավետ պայմանները կալվածատիրոջ մշակների հետ ստիպում են նորանց թողնել հողը, թողնել երկրագործությունը և գաղթել դեպի քաղաքները:

Եվ այդպիսյավ հայերը հետզհետե յուրյանց բնակությունը կենտրոնացնում են մեծ մասամբ Տաճկաստանի, Հնդկաստանի և Պարսկաստանի գլխավոր քաղաքներում:

Այդ քաղաքներում ընտրում են նոքա ավելի ազատ պարապմունքը — վաճառականությունը: Հայերի ճարտարությունը այդ արհեստի մեջ շուտով երևան է լինում: Վաճառականությունը հաջողվում է նրանց, և նոքա գործում են մեծամեծ առաջադիմություններ:

Դորա պատճառն այն էր, որ հայերը յուրյանց կրթությունով և ուսմունքով ավելի բարձր աստիճանում գտնվում էին, քան այդ երկրների մյուս ազգաբնակությունները, որպիսի էին — պարսիկները, թուրքերը, տաճիկները, հնդիկները և այլն:

Ուրեմն ասպարեզը բաց էր հայերի առջև: Եվ նոքա սկսում են առաջին դերը խաղալ ասիական վաճառականության մեջ:

Իսկ այդ բախտը երկար չէ տևում:

Ասիական վաճառականության արդյունաբերությունքը հրապուրում են եվրոպացիների շահասիրությունը: Եվ վերոհիշյալ երկրներում հայտնվում են անգղիացի, գաղղիացի, հույն և զվիցերիացի վաճառականների մեծամեծ տներ:

Ասել է, թե հայերի առևտրական ասպարեզում երևում են ավելի զորեղ ախոյաններ: Սկսվում է մրցությունը: Բայց հայերը չեն կարողանում դիմագրավել եվրոպացիներին և ընկճվում են: Եվրոպացիք խլում են նոցա ձեռքեն ասիական վաճառականության ասպարեզը:

Եվ բնականապես այդպես է լինում: Հաղթությունը միշտ մնում է զորեղի կողմը:

Մինչդեռ հայը առնում էր յուր ապրանքները երկրորդական և երրորդական ձեռքերից, հետզհետե թանկ նստեցնելով յուր վերա վաճառքի գները, եվրոպացին բերել էր տալիս նույնը ուղղակի նորա աղբյուրից, այսինքն նորա կենտրոնից, ավելի էժան գնով: Ուրեմն համեմատությունը վաճառքի մեջ, գների վերաբերությամբ, լինում էին զանազան: — Եվրոպացին կարողանում էր վաճառել յուր ապրանքը վաստակ շահելով, իսկ հայը վաճառում էր նույնը, կամ առանց վաստակի և կամ վնասով:

Հայերը չգիտեին եվրոպական լեզուներ, և ծանոթ չէին Եվրոպայում երևելի վաճառական տների և գործարանների հետ: Այդ պատճառով և չկարողացան ունենալ Նոցա հետ ուղղակի հարաբերություններ: Այդ հանգամանքներով, նոքա, ոչ միայն զրկվում էին ուղղակի Եվրոպայից ապրանքներ բերել տալու միջոցներեն, այլև ստիպված էին յուրյանց երկրի մշակության հում բերքերը վաճառել դարձյալ նույն երկրում գտնված եվրոպացիների վերա: Եվ այդպիսյավ ասիական վաճառականության երկու փոխադարձ ծայրերն ևս անցանում են եվրոպացիների ձեռքում:

Բացի անհմտությունը վաճառականության արհեստի մեջ, Ասիայում հայերի եվրոպացվոց հետ մրցություն անելու անկարողության գլխավոր պատճառներից մինն էլ այն էր, որ նոքա չէին այնպիսի մեծ դրամատերներ, որպես նոցա հակառակորդները, որոց ուժը կազմված էր մեծամեծ ընկերություններից:

Հայերի թուլության վերջին հանգամանքին կարող էին նպաստել նույնպես ընկերությունները, զանազան մասնավոր գումարներից կազմելով նշանավոր դրամագլուխներ:

Այդ հնարը նույնպես գործի դրվեցավ: Հայերի մեջ երևեցան զանազան ընկերություններ: Իսկ նոքա ոչ միայն եղան ապարդյուն, այլ յուրյանց գործը մի կամ երկու տարի վարելեն հետո տասն տարիներով սկսան միմյանց հետ դատ վարել, մինչ կարողացան բաժանվել միմյանցից:

Ի՞նչ էր դորա պատճառը:

Թեև շատերը հայերի անմիաբանությանն են վերաբերում այդ, իսկ ես պատասխանում եմ, — պատճառն էր նոցա գիտնական վաճառականության արհեստը չիմանալը և հաշվապահության կանոններին անտեղյակ լինելը:

Ահա այդպիսով, հայերը, լինելով մի ժամանակ գլխավոր ներկայացուցիչքը ասիական վաճառականության, սկսում են նորա երկրորդական դերը խաղալ, դառնալով եվրոպացի վաճառականների օգտին գործիք և նոցա շահերուն ծառա:

Երկաթուղու գիծը հասավ մինչև Թիֆլիս, և նա կգնա մինչև Կասպից ծովը: Կովկասը կլեցվի մի մեծ հոսանքով եվրոպացի շահախնդիրների: Նոքա կհայտնվին յուրյանց գիտությամբ, ճարտարությամբ և ամենայն ֆոկուսներով:

Կսկսվի մրցությունը և այստեղ:

Ի՞նչ պիտի անեն հայերը: Պատրաստվա՞ծ են նոցա հետ մրցելու:

Կարծեմ, ո՛չ:

Եթե հայը Կովկասում ևս կկամեր տեղի տալ օտարազգիներին յուր վաճառականության ասպարեզը, թող նա դաս առնե այն հանգամանքներից, ինչ որ պատահեցան նորա ազգայիններին Ասիայում:

Մենք պատմական կերպով ցույց տվեցիմք բոլոր պակասությունները, որք առիթ տվեցին հայերի հաղթվելուն: Թող Կովկասի հայերը լրացնեն այդ թերությունները:

Մենք կպարզեմք փոքր ի շատե մեր միտքը:

Մի հաստափոր Ճանճուր Իվանիչի մոտ աշակերտ դառնալով, նորա խանութը սրբելով, տանը միս, ձուկ և գինի տանելով, տանիցը ճաշ բերելով, և մի քանի տարի այս ծառայական գործերի մեջ պարապվելով, հետո նույն խանութի պրիկաշչիկ դառնալով, և մի փոքր գումար կազմելեն հետո, յուր համար առանձին դուքան բաց անելով, առ և տուր սկսել, — դա չէ նշանակում գիտնական վաճառական դառնալ: Թեև մեր Կովկասի վաճառականների գործունեությունքը սկսվում են ըստ մեծի մասին այդպիսի միջոցներով:

Վաճառականությունը ինքնըստինքյան մի արհեստ է: Նորան պետք է գիտնական կերպով ուսումնասիրել և փորձով իրագործել: Մի այդպիսի վաճառականությունը սովորելու համար Ճանճուր Իվանիչի խանութը չէ կարող վարժարան լինել: Նորան պետք է ուսանել Անգղիայի, Գաղղիայի կամ Գերմանիայի վաճառականական ուսումնարաններում:

Իհարկե, այդ հնարը մատչելի չէ կարող լինել մեր ժողովրդի չքավոր դասին: Նոցա որդիքը, եթե միտք ունին առևտրական դառնալ, դարձյալ ստիպված են Ճանճուր Իվանիչի խանութում աշակերտել:

Իսկ այդ Ճանճուր Իվանիչները — փոխանակ յուրյանց որդիքը Ռուսաստանի մայրաքաղաքները ուղարկելու, որ այս կամ այն գիտությունը սովորեին, միմիայն չինովնիկ դառնալու նպատակավ (որոց մեծ մասը այս նպատակին չհասնելեն հետո, հոր հարստությանց ցեց են դառնում), թող նոքա մտածեն այդ մասին յուրյանց որդիք գիտնական, եվրոպական կրթությամբ, վաճառականներ անելու:

Միայն ռուսերեն լեզու գիտենալով և վրացերեն լեզվով յուր դավթարները խժբշտելով, չէ կարելի եվրոպական վաճառական դառնալ և եվրոպացվոց հետ մրցություն անել: Դորա համար անհրաժեշտ պետք է սովորել եվրոպական լեզուներ, գաղղիերեն, անգղիերեն, գերմաներեն, որպեսզի ուղղակի Եվրոպայի երևելի վաճառականական քաղաքների հետ, որպիսին են Մարսել, Մանչեստր, Լեպցիխ — հարաբերություններ ունենալ:

Կովկասը հարուստ է հում բերքերով: Կովկասի մետաքսը, բուրդը, բամբակը, կաշին, ընկուզենու տակռին, չոր մրգեղենները, գինին, և այլ զանազան բերքերը, կարող են վաճառականության առատ մթերք դառնալ: Դորանց օրինավոր կերպով արդյունաբերելու համար պետք է թողուլ նահապետական հին ձևերը և սովորել գյուղատնտեսական արհեստը: Որպեսզի փոխադրելով մեր երկրի հում բերքերը դեպի արտասահման, այնտեղից ներս բերեին պատրաստի, արվեստագործված ապրանքներ:

Գյուղատնտեսությունը պահանջում է հող, զանազան մեքենաներ, գործիքներ, ուրեմն արծաթի անհրաժեշտ հարկավորություն: Մեր դրամատերները մի չար բախտով անձնատուր եղած կապալներին, ուշադրություն չեն դարձնում այդ արհեստի վերա, նոքա չեն ցանկանում հողի և բնության հետ գործ ունենալ, որ միակ աղբյուրն է մարդկային հարստության:

Իսկ վաճառական դասի մեծ մասը յուրյանց առևտրական գործունեության շրջանը դարձնում են մասնավոր գումարներով: Այստեղ դեր է խաղում վարկը, համարումը (доверия): Մի փոքրիկ անհաջողություն, մի քանի չար լեզուների բամբասանքը, մի րոպեում կարող են ոչնչացնել և՛ վարկը, և՛ համարումը: Այդ պատճառավ սնանկությունը սովորական դեպք է մեր վաճառականների մեջ:

Վաճառականության գործունեության շրջանը դարձնել միայն դատարկ վարկով և համարումով, դա կլինի ժամանակավոր և անհիմն:

Վաճառականի գործունեությունը պիտի հիմնվի կենդանի կապիտալի վերա: Մի այդպիսի կապիտալի գումարը պիտի նշանավոր քանակություն ունենա: Ուրեմն այստեղ ևս բարձրանում է ընկերության անհրաժեշտ կարևորությունը:

Ընկերությունների գլխավոր օգուտներից մինն էլ այն կլինի, որ մեր վաճառականները կդադարեն մենավաճառության ինտրիգաներով մինը մյուսին վնասել, յուրյանց արհեստակիցներին ստորացնել, որ դուրս ցցվի յուրյանց անձնական Եսը:

Ընկերության մեջ վաստակը և օգուտը կլինի ընդհանուր: Եվ նոքա ընդհանուր ուժով կկարողանան եվրոպացիների հետ մրցություն անել: