Ո՜վ սիրական խավարներ: Կենդանի՜ երազ
դանդաղ գիշերներու, ուր կի՜րքը միայն նայվածքներ
ունի: Ու մի՜՛շտ, մի՜շտ, անխոնջ կերպով, անպատում
մելամաղձությունը համբույրին:
Ռեյմոն Պույեեռ
Հըրայրքի մեջ գիշերը զայն կ’երազեմ,
շրթունքներըս պատրաստ իր մեղկ համբույրին.
բայց ժըխորին մեջ կը մոռնամ վերստին
այն պահերն` ուր զայն սիրած եմ մոլեգին:
Ու կը մոռնամ ես նոպաներն ալ բոլոր.
հորդ կիրքերու ժամերն ամեն ըղձածոր`
երբ կ’իյնամ ոտքն իր տեսիլքին` մինչև որ
անշարժանամ պաղատանքիս մեջ մոլոր:
Ու չեմ հիշեր ցորեկն ասոնք, երբ խունկե
ա՛լ ավելի հեշտ բուրմունք մը մեղկօրոր
իր ծըփանքին մեջ հույզերըս կը լլկե:
Այդ բուրումի եղկությունն, որ միշտ անկե
կը ծորի և կը պարուրե զիս` բոլոր
հոգիդ անծիր մոգությամբ մը կը խնկե: