Վանդունց Բադին
Բադու կինը, իր պես զառամած մի պառավ, ընթրիք եփելու ժամանակը գիտեր։ Տարիների ընթացքում ամեն ինչ ամեն օր կրկնվել էր այնքան նման իրար, որ շարժումները մեքենայացել էին։
Երբ անիվի պես ճռնչում էր դուռը, և ներս էր մտնում Բադին, մահակը դնում շեմքին ու հարցնում կնոջը.
− Հաթամի աղջիկ, հորթին ջրե՞լ ես...
Հաթամի աղջիկը իր կինն էր. հնուց սովորույթ ուներ նա կնոջն այդպես կանչելու։ Այդ սովորույթը մնացել էր այնպես հաստատ, ինչպես հարևան հաստաբուն ընկուզենին։
Հաթամի աղջկա պատասխանն էլ միշտ նույնն էր․
− Բա չե՜մ ջրել...
Հետո Բադին բեզարած մարդու տնքոցով շեմքի մոտ տրեխներն էր հանում, թափ տալիս և շտկում առավոտվա համար։ Իսկ կինը օջախին էր նայում կամ ճրագի պատրույգը շտկում և մաքուր ավլած գետնին փռում թաղիքը հնամաշ։
Ապա համեստ ընթրիք՝ պանիր-հաց, եթե լիներ՝ տաք կերակուր, հանդից բերած կանաչեղեն, երբեմն էլ հարևանի ուղարկած մի ազիզ կերակուր, որ տարին մի անգամ կեփվեր Բադու օջախում։
Բադու որդին՝ Հաբուդը, հասել էր այնքան, որ օգնում էր հորը։ Սակայն Բադին չէր ուզում, որ Հաբուդը հոր փեշակը սովորի։
− Թող գրաճանաչ լինի, որ հետո գերեզմանս չանիծի։
− Կմեծանա, կպսակեմ, տուն ու տեղի կլինի, մի փեշակի ծայր կբռնի, հացի կտիրանա։ Ես էլ ծերության օրերում իր ջրերն ընկած կապրեմ, ոտքերս կդինջանան սար ու քոլ չափելուց։
Նահապետական վարք ու բարք ուներ Բադին, միամիտ էր և արդար։ Նա ուզում էր, որ իր որդին էլ այդ ճամփով գնա, հյուրասեր լինի, ադաթ սիրող, մեծին հարգող, գյուղամիջում շենք-շնորհքով մի մարդ։
Մի անգամ էլ հանդում, մի զրույցից հետո, Հաբուդը հորը հարց տվավ, թե՝
− Ապեր, էդ ինչի՞ց ա, որ մեր նախրում Իսանանք ինը կով ունեն, իսկ մենք մի կով։
Բադին ժպտաց քթի տակ։
− Բա դու նրանց թայ մա՞րդ ես։ Հերդ մի տավարած, իսկ Իսանանց ողորմած հոգի Զաքի ապերը պատվով, կայքով մարդ էր։ Գեղը որ մի մեծավոր գար, նրանք տանը վեր կգար։ Զաքի ապերը մովրովի ժամանակ մեդալ էր ստացել։ Դե տղերքն էլ խելոք են եղել, հոր թողած մեկը երկու են արել։
Տարին բոլոր Բադի ապերը պահում էր Իսանանց ինը կովը, դրա համար ստանում մի սոմար ցորեն, երեք գրվանքա շաքար, որ իրենց չէր հերիքում, և մի քիչ էլ փող։
Հաբուդը չէր սիրում, որ հայրն ամեն մի ամիս տնետուն պտտում էր, տավարածի բաժին հավաքում կամ թե կալին, մի պարկ ուսին, ման էր գալիս կալերում և իր բաժին ցորենն առնում։ Պատվին էր դիպչում, երբ հոր տեղակ ինքն էր ընկնում դռնեդուռ հաց կամ դրամ հավաքում:
Ամեն անգամ Իսանանց խանութը մտնելիս միջնակ ախպերը մի տեսակ ծաղրով ասում էր Հաբուդին.
− Ամիսը ե՞րբ թամամեց, որ եկար,−կամ թե՝
− Քանի՞ շաբաթ ա քո ամիսը...
Երբեք Հաբուդը չէր կարողանում հաշիվը կանոնավոր ստանալ: Կամ ասում էին, թե ստանալիք չկա, կամ էլ, շատ որ համառում էր Հաբուդը, Իսանանց ախպերը բարկանում էր նրա վրա և ասում.
− Դու ինչացո՞ւ ես, հերդ կգա, նրա հետ հաշիվ կանենք:
Հաբուդը գիտեր, որ հայրը խոնարհ մարդ է, լեզուն կարճ։ Ինչ որ ասեին, համաձայն էր, մենակ թե համփա մարդկանց խաթրին չկպչեր։
− Ունևոր են, մենք էլ նրանց շվաքում կապրենք:
Այսպես էր ասում Վանդունց Բադին, ստացած կոպեկները տալիս Հաթամի աղջկան, որ պահի։ Մի օր պետք կգար, Հաբուդի հարսանիք կար, ապագայում տուն տեղ ունենալ կար։
− Հասնում ա հա՜, զատ չի մնացել,— ասում էր երբեմն Բադին իր կնոջը, ու երկուսով կարոտով նայում էին Հաբուդին:
− Թե սաղ մնամ, եկող աշունք հարսանիք եմ անելու:
Հաթամի աղջիկն ասում էր, որ գյուղում սազ աղջիկ չկա, որ պիտի հարևան գյուղից աղջիկ ուզի, տրտնջում էր, թե բան ու գործից ազատ չի լինում, որ մի գնա, տեսնի՝ ում աղջիկն է հարմար։
− Դու որ կարենաս, էս աշունք, քոչը սարովն անցնելիս մի քիչ բուրդ առ, մանեմ, համ էլ քոլքից մի ձեռք տեղաշոր կապեմ:
Երկու պառավ խելք-խելքի մտածում էին գալիքի մասին, երբ տանն աղմուկ կլինի, եկող-գնացող, խարխուլ խրճիթը կլսի մանկան ուրախ ճիչ։
Երբեմն էլ զրուցում էին, թե ինչ արհեստի դնեն Հաբուդին։ Մայրն ուզում էր, որ նա գյուղական գրագիր դառնա կամ ծառայի պրիստավի մոտ, իսկ Բադին արհեստի էր կողմնակից։
− Հարամ հացը թող իմ սուփրիս չլինի.− ասում էր նա: Վանդունց Բադին գիտեր, որ պիսիրը կաշառք է ուտում, գյուղում նրանից շատ են դժգոհ, չէր ուզում, որ իր մահից հետո իրեն անիծեն։
Հաբուդն էլ համաձայն էր հոր հետ, նա էլ չէր սիրում պիսիր Ավանին, որ որսկան շան պես հոտոտում էր, թե որտեղից կարող է պլոկել, երկու խոսք գրելու համար մի հավ առնել:
Պիսիր Ավանը Իսանանց հետ շատ մոտ էր, գնալ-գալ էր անում միշտ և շատ անգամ էլ հենց նրանց խանութում էր գործերը դրստում:
Բայց Հաբուդը թաքուն մի ուրիշ միտք էր անում, գնալ Բաքու արհեստ սովորել։ Շատ անգամ էր հանգ անում հորից խնդրելու, բայց բերանը չէր զորում մի բան ասելու։
Նա ուզում էր աշխարհ տեսնել, ինչպես ասում էր նրա ընկերը, որ Բաքվում էր աշխատել և հիվանդ լինելու համար տուն եկել։ Նրանք երկուսով նստում էին ժամերով տան կտուրին, ընկերը պատմում էր, թե ինչքան ուժով է մաշինը, թե մի բան կա, որ դարձնես, ճրագը կվառես առանց կրակի, թե ինչպես են նավթ հանում հորից և էլ հազար ու մի բան։
Հաբուդը լսում էր ուշադիր, զգում մի անզուսպ ցանկություն՝ տեսնել այդ ամենը։ Բայց հենց որ տուն էր գալիս, հանգչում էր կրակը բորբոք, հաշտվում էր գյուղում արհեստ սովորելու մտքին։
Մի օր էլ հոր հետ միասին դուրգար Դավիթի մոտ գնացին՝ խերով-բարով Հաբուդին նրա մոտ թողնելու համար։ Ուստան մի քիչ չեմ ու չում արավ, վերջը խոստացավ երկու տարում արհեստին վարժեցնել։
Իրիկունն ուստան եկավ Վանդունց տուն, կերան, խմեցին, դարդ դարդի տվին և այդ օրից դարձան սերտ բարեկամ։
...Կես գիշերից անց էր. չէր քնել ոչ Բադին, ոչ Հաթամի աղջիկը։ Միտք էին անում էգուցվա մասին գոհ ու բախտավոր։ Նրանց կողքին մուշ-մուշ քնել էր Հաբուդը՝ նեղ օրերի ապավենը միակ:
Մի առավոտ էլ գյուղում անսովոր իրարանցում ընկավ։ Գզիրը կտուրից կտուր կանչում էր զիլ ձայնով.
− Ա՜ խալխը, հե՜յ, թագավորի հրաման ա, ով որ սալդաթ ա էլել, պիտի հավաքվի քաղաքում, կռիվ ա Գերմանու հետ... Քաղաքից եկողները պատմում էին, որ ամեն տեղ մեծ թղթեր կա պատերին փակցրած, փողոցներում մարդիկ իրար տեսնելիս կռվի մասին են խոսում, շատ զինվոր պիտի հավաքեն, կռիվը շատ տերությունների մեջ է, աշխարհն խառնվելու է իրար:
Գյուղացիք խմբերով հավաքվում էին դուքանի առաջ. գրագետ մեկը սկսում էր լրագիր կարդալ, լսում էր գյուղը անծանոթ անուններ ու վայրեր, քաղաքներ ու տերություններ և բնազդով զգում, որ թանկություն պիտի լինի, մեծ կոտորած ու զրկանք։
Իսանանց տանուտեր ախպերն ասում էր, որ կռիվը օգուտ է ժողովրդին, որ ռուսի թագավորի թախտը հաստատ է, ժողովուրդը շատ, և որ շուտով Գերմանի թագավորը հաղթվելու է։
− Սրան Ռուսեթ են ասում, մի տուտը հեն ա Սիբիր, մեկելը Հնդստան. բա իսկի իսան կարա՞ դիմանա...
Ալևորներից ոմանք պատմում էին, որ «Էփրեմերդին» այդպես է ասում, գրված է, որ յոթ տերություն իրար պիտի խառնվեն, հացը պիտի թանկանա, թագավորի խարջը շատանա։
Ամենից շատ պիսիրն էր ուրախ։ Նրա շուրջն ստեղծվում էր գյուղի զոռբաների տղերքից դեզերտիրների մի խմբակ։ Նրանք կաշառում էին, չափաբերականը կեղծում, իրենց տեղ ուրիշին ուղարկում, որ իրենք գյուղում մնան, ինչ ուզեն անեն։ Մանր հաշիվների ու հին վրեժների հատուցման լայն ասպարեզ էր բացվել գյուղում։
Քաղաքի պատերին կպցրած թղթերը հուզել էին ճահիճն այն խաղաղ, ուր ամեն ինչ առաջ մերվել էր, և կարծես թե գայլի հետ գառն էր ապրում։
Հաբուդն արդեն նկատում էր գյուղում եղած փոփոխությունը։ Իսանանց դուքանում ներկերը թանկացրել էին, ճոթ ու կտորը պակաս էր երևվում, իսկ շաքարը կրակի գին ուներ։
Իսանանց տղերքը ճոթը պահում էին իրենց տանը, որ հետո ծախեն:
− Ճամփեքը փակվել ա. էս ներկերը Գերմանու ապրանք ա, էլ երբ կճարես դու էսպես ապրանք:
Հարուդի աչքի գրողը գյուղի պիսիրն էր։ Մի անգամ պիսիրը Խաչումենց հարսին, որ գնացել էր ամուսնուն նամակ գրել տալու,−փիս խոսք էր ասել, ձեռ տվել, հարսն էլ լացակումած հեռացել էր նրա մոտից։ Գյուղում այդ լուրն իսկույն տարածվեց։ Մի քանի հոգի ուզում էին պիսիրի հախից գալ, բայց տանուտերը սպառնաց.
− Սիբիր կքշեմ նրան, ով կհամարձակվի գեղում խառնակչություն անել։ Դուք գիտե՞ք, թե ինչ տարի ա էս տարին։
Պիսիրը Հաբուդի աչքում է՛լ ավելի ընկավ, դարձավ գեղի վատ մարդը, գեղի արյուն խմողը։ Իսկ Իսանանց դուքանը նա էլ չէր գնում, տանն էլ շաքարով թեյ չէին խմում։
Իսանանց մեծ ախպերն ասել էր, թե գյուղից տավարածի տղան էլ որ սալդաթ գնա, ամեն ինչ լավ կլինի։
Վանդունց Բադին հանդից էր խոսում, թե վանքի ձորում խոտը թազնել է, ագին ծաղիկ կովը պիտի ծնի, վերի հանդի կամուրջը փլվել է: Երբեմն էլ պատերազմի մասին Հաբուդից էր հարցնում.
− Հաբուդ, բա էդ գերմանը խաչապաշտ չի՞:
− Խաչապաշտ ա։
− Բա ո՞նց ա միացել թուրքի հետ: Աստուծ դա ընդունիլ չի։
Հաբուդը ժպտում էր հոր միամտության վրա, մտաբերում Իսանանց աղոցը, պիսիրին և նրանց, որոնք հեռավոր դիրքերում կռվում են, ոտ ու ձեռից զրկվում, ցրտից սառչում, թագավորից խաչ ստանում։
Ինչո՞ւ համար այդպես եղավ։ Ինչո՞ւ Իսանանց տնից մի զինվոր չկա, իսկ Խաչումենց Բախշու երեք տղան էլ կռվում են: Ինչո՞ւ է թանկանում շաքարը, էն ինչո՞ւ քաղաքում ժողովներ են անում, փող հավաքում, էն ո՞նց եղավ, որ վարժապետ Մինասը խումբ կազմեց, գնաց Վան, իսկ գաղթական ժողովուրդը կոտորվում էր սովից, ցրտից:
Մտածում էր Հաբուդը, և նրա անտաշ միտքը մեծ ցավով ճգնում էր պատասխան տալ, հաղթել արգելքներին, պահված գաղտնիքների դռները բանալ։
Մի օր էլ գզիր Զաքին եկավ Վանդունց Բադու տունը՝ Աթանանց մեծ ընկուզենու տակ...
− Բարի օր, Հաթամի աղջիկ...
− Հը՛, Զաքի, խե՜ր ըլնի:
− Խեր ա, բա խեր չի, տղադ որ գա, ասի էգուց քաղաք գնա, սալդաթ են կանչում: Ասես մի մեծ քարով խփեցին Հաթամի աղջկա գլխին․ ծնկները դողացին, աչքերը շաշվեց, ու հենց դռան շեմքին վեր ընկավ։
Իրիկունը տավարածի տունը սգատան էր նման, ոչ հաց, ոչ սովորական զրույց։ Բադին օջախի մոտ նստել, թրջած տրեխներն էր չորացնում ու միտք անում։
− Բա ո՞նց ա լինելու...
Բադին ամեն ինչ կարող էր սպասել, բայց այդ բանին՝ երբեք։ Հաթամի աղջիկը ցնորվածի պես էր։ Նստել էր Հաբուդի մոտ, նայում էր նրան, նայում անկշտում, անլեզու անասունի պես ու միտք անում։ Հաբուդը պառկել էր խսրի վրա, մտածում էր, թե ինչպես պիտի ապրեն ալևոր հայրն ու մայրը, եթե ինքը հեռանա։
Այդ իրիկուն ամբողջ գեղի ցավն ասես թառել էր Վանդունց տան գլխին։ Մտքերը− ծա՜նր, անպատասխան, որ որոճում էին երեքն էլ խրճթի խավարի մեջ, տապլտկում տեղաշորի մեջ, մեկը՝ տնքում, մյուսը՝ հառաչում ու լալիս, մե՜ղմ, զսպված հեծկլտանքով։
Մյուս օրը Հաբուդը առավոտ կանուխ քաղաք գնաց։ Հաթամի աղջիկը այդ օրը մոռացավ Բադու թաշկինակի մեջ հաց կապել։ Բադին էլ չէր նայում, թե տավարը ուր է գնում, կուշտ է թե սոված։ Նա միայն որդու մասին էր մտածում։
− Յարաբ չափսում պիտի գա՜ թե ոչ...
Կար մի րոպե, որ Բադին ցանկացավ Հաբուդին կաղ կամ կռնատ տեսնել, որ տանը մնար։ Բայց հետո ինքն էլ սոսկաց այդ մտքից և հուսահատ աչքերը երկինք ուղղեց։
− Աստված, քո ստեղծած խեղճն եմ, դու մի ճար արա։
Վանդունց Բադին մատաղ խոստացավ, եթե որդին զորակոչից ազատվեր։
Բայց այդպես չեղավ։ Հաբուդը չափսում եկավ ու նրան էլ գրեցին նորակոչների ցանկում։
Ընկերների հետ տուն եկավ Հաբուդը, որ մյուս որը նորից քաղաք վերադառնա, իսկ այնտեղից էլ՝ ուր ուղարկեն։ Հաբուդն ուրախ էր, որ նա քաղաքներ պիտի տեսնի, լեզու սովորի։ Բայց հենց որ աչքի առաջ կանգնում էին պառավ ծնողները, ուրախությունն իսկույն չքանում էր, որպես թեթև շամանդաղ։ Չափսի ժամանակ Իսանանց մեծ ախպերն ու պիսիրն իրար հետ փսփսում էին։ Չլինի՞ թե նրանք մի բան խաղացին նրա գլխին։ Եվ դառն ատելությունը ալիքի պես բարձրացավ նրա հոգում դեպի պիսիրը, որ Օհանի հարսին ձեռք էր տվել, որ նամակ գրելու համար հավ ու ճուտ էր ուզում, դեպի Իսանանք և նրանց պես համփա մարդիկ։
Չար լուրը շուտ էր տուն հասել։ Հաթամի աղջիկը շիվար, ձեռքը ծոցին որդուց չէր հեռանում, ձեռքը մի բանի չէր կարողանում տալ, դատարկ էր թվում չորս կողմը, ասես հեղեղը քշել, տարել էր ամեն ինչ...
Հապա Հաբուդի հարսանիքը։
− Հաբուդ, կռիվը հեռու ա՞ մեր մահալից,−հազիվ զորեց հարցնել մայրը։
Որդին ժպտաց, ի՞նչ ասեր։ Ի՞նչ գիտեր մայրը և ինչպես հասկանար նա, որ աշխարհը խառնվել է իրար, ու որդին հազար վերստից ավել պիտի գնա, անցնի քաղաքներ ու հասնի այնտեղ, ուր թոփի ձենից մարդու ականջ է խլանում։
Իրիկունը Բադին տուն եկավ։ Նա իսկույն հասկացավ ու միայն կարողացավ ասել.
− Հաբուդ, քե մատաղ, բա մենք...
Կես գիշերից անց էր, ոչ ոք չէր քնել։ Հաթամի աղջիկը որդու կապոցն էր պատրաստում՝ գուլպա ու թաշկինակ, միրգ ու գաթա։ Ամեն մի իր ձեռք առնելիս չգիտեր, թե ուր դնի. արցունք էր, վարար ջրի պես հոսում էր։
Բադին ինքն իրեն սիրտ էր տալիս.
− Թագավորի ծառայություն ա, հնար չկա։ Թագավորի հողից ո՞ւր պիտի փախչես։
− Հաբուդ, քեզ լավ պահի, շատ ջահելություն չանես։ Օտար երկիր ա, կռիվ ա, ո՞վ ա գիտում ինչ կարող ա պատահի։ Ուշքդ տանը պահի, նամակ ուղարկի, հալբաթ մի տեղով մեզ մի լուս կհասնի։
Ու ինքն իրեն, քթի տակ խոսում էր Բադին՝ օջախի մոտ, գլուխը կախ, թաց տրեխները ձեռքին։ Հազար ու մի միտք գալիս-անցնում էր նրա գլխով, սրտի խորքից թառանչ էր ելնում, և անարցունք աչքերը ճպճպում էին, որպես մարմրուն ճրագներ։
Մյուս օրը Հաբուդը գնաց։
Տարան, ճամփա դրին մինչև գյուղի վերջը, ասացին, լաց եղան, համբուրեցին հազար անգամ ու մենակ վերադարձան իրենց խարխուլ խրճիթը՝ Աթանանց մեծ ընկուզենու մոտ։ Գյուղի տավարն այդ օրն առաջին անգամ ուշ գնաց հանդ։ Տավարն էլ էր մոլորվել, ցաքուցրիվ բառաչում էր Վանդունց տան մոտերքում։
Անցան ամիսներ։
Հաբուդից նամակ էր գալիս։ Նրան ճակատ էին ուղարկել, մի անգամ վիրավորվել էր ոտից, պառկել էր լազարեթում, լավացել ու նորից դիրքերն էին ճամփել։
Նամակների մեջ Հաբուդը գանգատվում էր։ Գրում էր, որ զորքը սոված է, շոր չունեն, ամեն շաբաթ մի դիրքից մյուսն են ուղարկում, հաշտության ոչ մի լուր չկա։ Մի անգամ էլ նա գրել էր, թե շուտով արձակուրդ է ստանալու, տուն պիտի գա։
Ծնողների ուրախությունն անսահման էր։ Հաթամի աղջիկն այդ նամակը ստանալու մյուս օրը գնաց Իսանանց արտը քաղհանելու։ Նամակն Իսանանք էին ստանում, նրանք էլ կարդում էին ու պատասխան գրում։
Հաթամի աղջիկը դրա փոխարեն երկու օր առավոտից իրիկուն անվարձ քաղհանեց Իսանանց արտը։
Հաբուդը գրում էր, թե թանկություն է, զորքը մի քանի տեղ կոտրատել է խանութները։ Էլ ուրիշ շատ բան էր գրել նա. հայրը չէր հասկանում, թե ինչու է այդպես։ Պիսիրն ու Իսանանց մեծ ախպերը զայրանում էին։ Մի նամակի մեջ էլ Հաբուդը գրել էր թե՝ ապեր, «մենք ինչու՞ պիտի կռվենք գերմանացու հետ, մեր ի՞նչ հաշիվն ա»։
− Հայվան, քեզ սալդաթ են ուղարկել, էլ գլխիդ ի՞նչ ես զոռ տալիս,− ասաց Իսանանց տղան նամակը կարդալիս։
Մի օր էլ քաղաքից լուր բերին, թե հեռագիր է ստացվել, որ զորքը հեղափոխություն է գցել, թագավորին թախտից վեր են բերել։ Գյուղը նախ չհավատաց, տանուտերը, պիսիրը, նույնիսկ գզիր Զաքին գեղամիջում բոլորին էլ ասում էին, թե այդ լուրը սուտ է։ Իսկ տեր Գևորգը, որ սաղմոս ու շարական անգիր գիտեր, համոզում էր, թե առանց չոբան ոչխար չի լինի, ժողովուրդին մի գլուխ է հարկավոր, խառնակիչ մարդիկ են այդ լուրերը տարածում, գերմանի ագենտները։
Մի երկու օր անց քաղաքից երկու մարդ եկան, թևերին կարմիր շորի մի կտոր կապած։ Մեկը վարժապետ Մինասն էր, մյուսը էլ մի ջահել տղա։ Վարժապետ Մինասին գյուղացիք ճանաչում էին։
Վարժապետն սկսեց ճառ ասել, թե էլ թագավոր չկա, հիմա ազատություն է, հողը պիտի գյուղացուն տալ, ժողովուրդը սոված է, դրա համար էլ պիտի ջարդել գերմանացուն, կռիվ մինչև վերջ։ Ջահել տղան էլ խոսեց, հետո ընտրություն արին։
Իսանանց մեծ տղան, Խաչումենց Օհանը և տանուտերը դառան կոմիտե։ Ժողովրդից մի մարդ ասաց, թե տանուտերին չեն ուզում, արնախում մարդ է, բայց գզիր Զաքին աչքերը նրա վրա այնպես ոլորեց, որ խեղճի լեղին ցամաքեց։ Տեր Գևորգը վկայեց, որ տանուտերը խղճով մարդ է, ժողովրդին կարեկից ու հոգատար։
Ժողովից հետո նոր կոմիտեն, տերտերը, վարժապետ Մինասը, ջահել տղան, պիսիրը, գզիր Զաքին և էլի ուրիշ մի քանի հոգի Իսանանց տանը ճաշ արին, կերան-խմեցին, երեկոյան դեմ վարժապետն ու ջահել տղան մի քիչ կոնծած՝ վերադարձան քաղաք։
Հաթամի աղջիկն այդ ամենը պատմեց ամուսնուն։ Վանդունց Բադին նախ չհավատաց, թե ջրի խաբար է, ապա ինքն իրեն սիրտ տալ սկսեց․
− Կարող ա կռվին վերջ տան, Հաբուդը տուն գա։
Հաթամի աղջիկը բան չէր հասկանում այդ ամենից։ Նրա ականջին էր հասնում անկապ խաբարներ, լսում էր անհասկանալի խոսքեր։ Քաղաքի մեծավորին բռնել են, բանտ նստեցրել, հիմա էլ նորից պիտի սալդաթ հավաքեն, մահ կամ ազատություն։ Թագավոր չկա, համա կռիվ կա։
Գյուղի կոմիտեն գործի էր անցել։ Իսանանք իրենց խանութի ապրանքն սկսել էին ավելի թանկ ծախել, ոսկի էին գանձում, պարտքի դիմաց ցորեն ու պանիր հավաքում, ուղարկում քաղաք։
Վարժապետ Մինասը մի անգամ էլ եկավ, ժողով արեց, խոսեց դաշնակցսւթյան մասին, մենշևիկին ուշունց տվավ և ասաց, թե ով դաշնակցական չի, նա հայ չի։ Գեղը տեղով մի ձայն տվավ, գրագետները մի թուղթ ստորագրեցին, որ պիսիրն ու վարժապետն էին կազմել։
Վարժապետ Մինասն ասաց, որ շուտով գալու են հողերը չափեն։ Հարուստից խլեն, աղքատին տան, չունևորին ճոթ ու կտոր են տալու, ամեն գյուղում մի կոոպերատիվ պիտի բացվի, ամեն գյուղում երկու բժիշկ, երեք ուսուցիչ պիտի լինի,−միայն թե հարկավոր է ձայն տալ դաշնակցականի ցուցակին, որ գնան, մեր ցավերը պաշտպանեն ամենամեծ ժողովում, որտեղ Ռուսաստանի բոլոր ազգերը պիտի հավաքվեն։
Գյուղացիք արին այն, ինչ որ ասում էր վարժապետ Մինասը։ Նրանք ավելի շուտ Իսանանց մեծ ախպորն էին լսում, ուշադիր նրա աչքերին նայում, ով կարար նրա դեմ խոսել, նրա խոսքից դուրս գալ։ Մեկը նրան ցորեն էր պարտ, մյուսը մի քանի արշին կտոր պիտի առներ խանութից, մի գրվանքա շաքար,− ո՞վ էր գժվել նրան հակառակ գնար։ Հաբուդից շարունակ նամակ էր գալիս։ Նա ուրախ էր, որ թագավոր էլ չկա, բայց գրում էր, թե այդ քիչ է, պիտի այնպես անել, որ ամեն մարդ իր հալալ քրտինքն ուտի։ Հաբուդն ուրիշ շատ բան էր գրում նամակում, բայց Իսանանց տղան հորը չէր կարդում։
− Տղադ սարսաղացել ա, Բադի ապեր, խելքը գլխից թռել ա։
Վանդունց Բադին երբեք չէր հավատա, թե Հաբուդը խելքը տանուլ կտա։ Նա գիտեր, որ որդին աչքաբաց տղա է, ո՞վ գիտե ինչ հաշիվ ուներ Իսանանց տղան Հաբուդի հետ։ Նա հենց էն գլխից նրան չէր սիրում։
Հաբուդը գրում էր, որ ինքը մի պոլկի կոմիտե է դառել, որ իրենց պոլկն էլ կռիվ չի ուզում։ Իրիկունը Բադին գալիս էր տուն, Հաթամի աղջկա հետ խոսում, հարցուփորձ անում, թե գյուղում ի՞նչ են ասում։ Մի իրիկուն էլ Բադին թե՝
− Հաթամի աղջիկ, լսե՞լ ես, որ ասում են, թե մեր Հաբուդը բոլշևիկ ա դառել։
− Ի՞նչ...
− Բոլշևիկ․ Իսանանց տղան էր ասում։ Բոլշևիկն էն ա էլի, որ ուզում ա հարուստ քյասիբ խառնի իրար, հավասարացնի։
Անցավ մի ամիս էլ։
Մի օր էլ Հաբուդը տուն եկավ, առանց առաջուց հայտնելու։
Հենց երեկոյան դեմ, երբ մութ էր արդեն, ներս մտավ նա, շինելը ուսին, հաղթանդամ, բեղ ու միրուքով մի տղամարդ։
Վանդունց Բադու խրճիթն իր հիմնելու օրից այնքան ուրախություն երբեք չէր տեսել։ Հարցուփորձ, գրկախառնումի արցունք և ուրախություն անչափ։
Հաբուդը հայտնեց ծնողներին, որ էլ զինվոր չպիտի գնա, էլ չի ուզում կռվել։
− Թող մի քիչ էլ Իսանանց տղերքը կռվեն։
Երկու տարվա բացակայությունից հետո, անհամար քաղաքներ թափառելուց հոգնած՝ Հաբուդը հանգիստ պառկեց հայրենի խրճիթում, խսրի վրա, պառավ մոր կողքին։ Մյուս օրը գյուղում ամենքն իմացան, որ Վանդունց Հաբուդը տուն է եկել։
Շատերն ուրախացան, Հաթամի աղջկան շտապեցին աչքալույս տալ։ Բայց Իսանանց տղան, պիսիրը, մինչև անգամ գզիր Զաքին չուրախացան։
Իսանանց տղան նրանց ասում էր, որ Հաբուդը բոլշևիկ է դառել, նա գյուղում խառնակչություն պիտի անի, ջուրը պիտի պղտորի։ Եվ գզիր Զաքուն անմիջապես հանձնարարվեց հետևել, թե ում հետ է լինում Հաբուդը, ուր է գնում, ինչ է անում։
Առիթը շուտով ներկայացավ։
Գյուղում մի ժողովի ժամանակ, որին ներկա էր և վարժապետ Մինասը՝ քաղաքի կոմիտեն, Հաբուդը մի քանի խոսք ասեց Իսանանց տղի հասցեին։
Ժողով էին արել, որ տուրք նշանակեն քաղաքի կոմիտեի համար։ Վարժապետ Մինասը ճառ էր ասում, թե հեղափոխությունը վտանգվում է, գերմանացիք կաշառք են տվել բոլշևիկներին, որ ռուսաց զորքը քանդեն։ Հարկավոր է բանակը զորացնել, կյանքը զոհել հայրենիքի համար։
− Մեկը ես՝ պատրաստ եմ, երբ ինձ հրամայեն, թողնել տուն ու տեղ, գործ ու պաշտոն, գնալ կամավոր։
Այսպես էր ասում վարժապետ Մինասը և ճառում, կոկորդը պատռում, կուրծքը ծեծում, ձեռքերը քամու ջաղացի թևերի պես շարժում օդի մեջ։
Իսանանց մեծ տղան էլ խոսեց, թե պետք է ազգային տուրքը տալ, այդ սուրբ պարտք է, և ավելացրեց, որ խառնակիչ մարդկանց էլ գեղի միջից պիտի հեռացնել։ Գյուղում մի քանի դեզերտիր տղերք կան, որոնց պիտի բռնել և քաղաք ուղարկել, թող թշնամու դեմ կռիվ գնան։
− Իսկ դո՞ւ երբ պիտի գնաս,− տեղից կանչեց Հաբուդը, որ մինչ այդ գլուխը կախ լսում էր և զայրույթից շրթունքը կրծոտում։
− Ձենդ, շան լակոտ,− որոտաց էն կողմից պիսիրը ու գզիրին աչքով արեց, որ վրա պրծնի։ Եվ մի քանի տղերք, պիսիրի մարդիկ, վրա պրծան, որ ծեծեն, բայց Հաբուդն իզուր չէր մնացել ճակատում։ Մի երկու հատ աջ ու ձախ խփելուց հետո գյուղացիք միջամտեցին և հեռացրին ախոյաններին։
Հաբուդը հեռացավ ժողովից, տուն գնաց, մորը հանգստացրեց և գիշերով, երկու հավատարիմ ընկերոջ հետ, դուրս եկավ տնից դեպի քաղաք, մորը պատվիրելով, որ ոչ մի մարդու բան չասի, ինքը գալու է էգուց։ Այդ դեպքը Վանդունց Բադու վրա վատ ազդեց։ Նա զայրացավ նրանց դեմ, որոնք օրը ցերեկով ժողովրդի մեջ համարձակվել են իր որդուն ձեռք տալ։ Իսանանց տղան այդ օրից նրա աչքի փուշը դառավ։
Մյուս օրը, երբ տավարը հանդ էր տանում, նա ուզեց իր որդու երեկվա ախոյանների կովերը ջոկի տավարից, բայց խիղճը չտվավ. անլեզու անասունն ի՞նչ մեղք ունի։
Տավարը քշելիս Բադին լուռ միտք էր անում, թե ինչո՞ւ Հաբուդը գնաց քաղաք, ի՞նչ թղթեր էր, որ բերել էր նա իր հետ հեռու դիրքերից, ինչո՞ւ նա դժգոհ էր գյուղի կարգերից և հակառակ վարժապետ Մինասին։
Հաջորդ օրը Հաբուդը տուն եկավ, մի կտոր հաց կերավ ու սկսեց գրել։
− Հաբուդ, հերիք ա գրես, աչքդ գիրը կտանի,− ասում էր մայրը կեսգիշերին, իսկ Հաբուդը շարունակում էր գրել, ջնջել։ Լույսը բացվելու մոտ էր, երբ նա թղթերը ծալեց, դրեց ծոցում և մահակն առավ, ուզում էր դուրս գալ։
− Ո՞ւր, բալաս...
− Հրես կգամ, գնում եմ քաղաք, գործ ունեմ, իրիկունը կգամ։
Բադին խնդրեց, թե մութ է, չար վախտ է, հազար թշնամի կա, սպասի, լուսով գնա։ Հաբուդը մտիկ չարեց։
− Բան չկա, խամ հո չեմ ես ճամփեքին,− ասաց ու դուռը ծածկեց։
Մյուս օրը երեկոյան դեմ գյուղում լուր տարածվեց, թե քաղաքում խառնակություն է եղել, բոլշևիկները զորքի հետ միասին վրա են տվել, կոմիտեի շենքը ջարդել, ժողովուրդն սկսել է խանութները թալանել։ Հետո բոլշևիկներին շրջապատել են, խմբի տղերքը վրա են տվել բոլշևիկի կոմիտեի վրա և բոլորին բանտարկել։
Վանդունց Բադին և Հաթամի աղջիկն անհամբեր սպասում էին Հաբուդի վերադարձին։ Մի քար լռություն կար խրճիթի ներսում, նրանց սրտերում և ոչ ոք չէր զորում հարցնել մյուսին, թե գուցե մի փորձանք է պատահել։
Հաբուդը չեկավ։ Առավոտ կանուխ իմացան, որ նրան էլ են բանտարկել։
− Բա՜, տեսաք էն շան թուլին, մեր սաղ մահալում վարժապեա Մինասի նման խելոք մարդ չկա, իսկ Վանդունց Հաբուդը՝ տավարածի տղան, նրան հավան չի,− այսպես էր ասում Իսանանց սպան, չարախինդ և ինքնագոհ, առավոտյան, երբ գյուղացիք հավաքվել էին խանութի առաջ։
− Դե հիմա տեսեք թանկություն ով ա գցում, ես, թե՞ նա։ Մեզ հավան չէր, ա՛ խալխը, դե դուք դատավոր եղեք,− կեղծ անմեղությամբ դիմում էր նա գյուղացիներին։
Եվ հենց նույն օրը չթի գինը մեկին երկու թանկացավ։
Վանդունց Բադին այդ օրը տավարը չտարավ, գնաց գեղամեջ ու խեղճ-խեղճ հայտնեց, որ քաղաք է գնում իմանալու, թե ինչ եղավ որդին։
− Էն ա բերդումը նստած, ի՞նչ ես դարդոտում, այ պառավ,− ասաց գզիր Զաքին։
Մի քանի հոգի խղճացին նրան և իրենք տարան տավարը գյուղի։
Շատ տարիներ առաջ էր Բադին քաղաք գնացել։ Նա հիշում էր, որ քաղաքին չհասած Խաչի աղենց քարվանսարան կա։ Կգնա, հարցուփորձով կիմանա։
Բայց դեռ գյուղից դուրս չեկած, Բադին իմացավ, որ քարվանսարան էլ է վառվել, որովհետև բոլշևիկի ձիաներն այնտեղ են կապված եղել։
Ո՞ւմ մոտ գնալ. հենց ուղիղ վարժապետ Մինասի մոտ։ Մեծ մարդ է, քաղաքում կոմիտե։ Կպատմի նրան, ձեռ ու ոտը կպաչի, գուցե Հաբուդին ազատեն։
Բադին քանի քաղաքին էր մոտենում, այնքան ավելի էր զգում, որ ծնկները դողում են, ոտքերը դժվար են առաջ գնում։ Մի երկու տեղ կանգնեց, փափախով ճակատի քրտինքը սրբեց, շունչ առավ ու նորից շարունակեց ճանապարհը։
Ահա և քարվանսարան։ Գերանները դեռ մխում են, սևացած պատերն են մնացել միայն։ Հենց քաղաք մտնելուն պես Բադին փողոցում տեսավ մեկին, որ թևին կարմիր շոր ուներ կապած։ Ուժ արեց, և ոտները քարշ տալով մոտեցավ նրան, խոր գլուխ տվեց։
− Վարժապեա Մինասի կանցելարը ի՞նչ տեղ ա,− հարցրեց։
— Ի՞նչ ես անում...
− Խնդիրք ունեմ, փորձանք է եկել գլխիս...
Եվ աչքերում արցունք, Բադին սկսեց պատմել որդու մասին լսածը։
− Հըմ...− արեց մարդը, մատով ցույց տվեց սպիտակ մի շենք, որ այնքան էլ հեռու չէր։
Բադին այդ շենքին մոտեցավ, բայց ներս չթողեցին, ասին՝ էգուց կգաս։ − Ախր ես ալևոր եմ, տավարն անտեր ա մնացել, բա իմ որդուց մի խաբար չիմանա՞մ,− ասեց ու նստեց շեմքին, սալահատակի վրա։
Չռած աչքերով նայում էր չորս կողմ, անցուդարձ անողներին, լսում աղմուկը փողոցի, մտքի մեջ Հաթամի աղջիկը, աչքերը լացակումած, տավարն անտեր և Հաբուդը, որ մի կտոր շիկացած ածուխ էր դարձել, խանձում էր սիրտը, անասելի ցավ պատճառում նրան։
Շենքի ներսից մի մարդ դուրս եկավ, նայեց Բադուն։
− Դու ի՞նչ ես շնթռկել այստեղ...
− Աղա, ես Վանդունց Բադին եմ, տավարած։
− Վանդո՞ւնց,—հարցրեց մարդը զարմացած։
Բադին սիրտ առավ, սկսեց իր ցավը պատմել նրան, մարդը լսեց, հոնքերը կիտեց, ապա Բադու խոսքը թերի թողեց, մոտեցավ դռնապանին, կանչեց նրան մի անկյուն, ականջին ինչ-որ բան ասաց, ապա արագ-արագ հեռացավ, ծռվեց դեպի մյուս փողոցը։
Բադին զգաց, որ մի ծանր հարված պիտի իջնի իր գլխին, կանգնեց մի ակնթարթ, ապա մոտեցավ դռնապանին։
− Քե մատաղ, ի՞նչ ասեց աղեն...
Դռնապանը երեսը մի կողմ շրջեց, շրթունքը սեղմեց, ապա հանկարծ կռացավ և Բադու ականջին արագ ասաց.
− Որդուդ բերդում կրակել են էս գիշեր...
Դռնապանը հեռացավ։ Բադին մի պահ ասես քարացավ։ Հետո հանկարծ մռնչաց ցավից՝ որպես գազան վիրավոր, և արցունքի երկու շիթ գլորվեցին խորշոմած այտերի վրայով։
Բադին վազեց բերդի կողմը, շփոթվեց քաղաքի փողոցներում ու չգտավ բերդը...
Նրան ասացին, որ էլ ուշ է, իզուր է արդեն։ Եվ գլուխը կախ ետ դարձավ նա եկած ճամփով մենակ ու ձեռնունայն։
Էլ ոչ ոք չկար, ամեն ինչ կորավ։
Բադին հազիվ կարողացավ մինչև քարվանսարան հասնել, ընկավ հենց ճամփի վրա, մի քարի մոտ։ Գյուղացիք իմացան, եկան ու նրան գյուղ տարան։
Գյուղի գլխով շատ բան անցավ։ Բոլշևիկը նորից եկավ, և վարժապետ Մինասը Թավրիզի ճամփան բռնեց, բայց Արազի մյուս ափին մեռավ։ Բոլշևիկը գյուղ եկավ, ճամփեքը բացվեցին։ Իսանանց դուքանը դարձավ խրճիթ-ընթերցարան։ Իսանանց մեծ ախպերը պիսիրի հետ փախավ Պարսկաստան, և այն օրից մինչև հիմա խաբար չկա նրանց մասին։
Գզիր Զաքին էլ փախավ մոտիկ անտառը և էլ գյուղը չեկավ։ Գյուղացիք չգիտեին, թե ինչ եղավ նրա դին։ Հերու էր, որ երեխեքը անտառում ցախ ժողովելիս մարդու ոսկորներ գտան մի քոլի տակ։ Շատերն ասում են, թե գզիր Զաքու ոսկորներն են։
Վերին հանդը տանող ճամփի վրա ջրաղացներին չհասած, Աթանանց մեծ ընկուզենու տակ Վանդունց Բադու տունն է։ Բադին էլ տավար չի պահում։ Տանը ոչ ոք չունի։ Հաթամի տղջիկը որդու մահից հետո երկար չապրեց։ Վանդունց Բադին մնաց մենակ, իր հին տնակի մեջ։
Նրա աչքերը լավ չեն տեսնում, ջրակալել են։ Ամեն օր շալակով սրա-նրա համար անտառից մի քիչ ցախ է բերում` մի փոր հացի համար, իր կյանքի վերջին օրերն է ապրում։
Երբեմն էլ անտառում ցախ հավաքելիս, երբ մի քիչ ծանր է լինում շալակը, իրեն-իրեն թոնթորում է Բադին.
− Աստված, քեզ ի՞նչ ասեմ, որ ինձ տեսար, նրան առար։
Իրիկունը տուն է դառնում մենակ, օջախի մեջ մի երկու կտոր աթար է նետում և մեկնվում խսրի վրա...
Իսկ դրսում, առաջվա պես Աթանանց մեծ ընկուզենին մեղմորեն օրորում է իր ճյուղերը Վանդունց խարխուլ խրճիթի վրա...
Աքար գյուղը գեղանիստ է, շրջապատված անտառներով։ Անտառում դարավոր կաղնիներ կան և հին վանքի ավերակներ։ Ծառերի տակով պաղ առու է հոսում, գյուղի փողոցներով անցնելիս աղտոտվում և ներքև, չիմաններում ճահճանում։ Առավոտներն անտառից զովություն է իջնում գյուղի վրա և զովության հետ մայրենու և լորենու մաշկի հոտով հագեցած առողջ օդ։ Բայց արևը կեծանելիս փողոցի աղբակույտերն են հոտում, գոմի բաց դռներից ելնող ամիակով հագեցած օդը չեզոքացնում է անտառի մաշկահոտը։
Աղբակույտում որդերի գլուխը տաքանում է, որդերը համաչափ շարժումով