«ՎԱՍՆ ՄԵՂԱՑ ՄԵՐՈՑ»
(Պատկեր գավառական կյանքե)

Անցած ամառն էր, դեռ կարծես անցած օրն ըլլար։ Ի՜նչ տաք, տեր աստված, ի՜նչ տաք. գոնե սա հուղկահար ճանճերեն հեռու բարձրկեկ զով տեղ մը գտնեինք, ուր քիչ մը հով խաղար։ Իզուր մաքրություն պիտի փնտրեիր, ըսի՞, որ մոտակա ավան մը գացած էի այն ատեն, աղտոտ գլխեն մինչև ոտքը պիտի ըսեի, բայց ոտքերը բավական զերծ ապականություններե, Արածանիեն կլվացվին։ Ըսեմ, որ հասկնաք, թե ինչու միայն երեք օրը երեք տարվան ծանրությամբ հոգիս ճնշեց։

Էոշյուրի վարձակալության օրն էր, ու վարձակալները փութկոտությամբ հետամուտ կըլլային գիտնալու, թե վերջապես որո՞ւ մնաց Հավավը, Սղամը և այլն։

Բաց կոյանոցի մեծ առուն փողոցին երկայնությամբ կշոգիանար, կշոգիանար շոշափելի մուխի մը թանձրությամբ, քաղաք մը կթունավորեր։ Ոտքիդ տակ չորցած հավի ու կատվի մնացորդներ, ճեմիշներու պլշկած ու ցրցխտած ավելներ. շան իրան մը անդին, դեռ ողներուն վրա շառայլ արյուն. ճանճերու և մոծակներու աշխարհք մը կկերակրվի այդ հոտած ոսկորներուն, այդ շարավ ու ժահր իրար խառնված լերդերուն վրա։ Դեռ քալե՛, դեռ նայե՛ ամեն կողմ տարածվող աղտեղությունը, գույներու ամբողջությամբ։ Քուրջերով մարմինը պարուրած լեռնցին իր հոգնութենեն տատանող իշուկին առաջքը ձեռքը սիկառ մը՝ կծխե. սիկառը՝ դաստակի հաստությամբ՝ ծխնելույզի մուխին առատությամբ ամպ մը կշինե չորս բոլորքը, ապուշ դեմք մը. հուղկահարի աչքեր, աչքեր, որ լեռան վրա հեռավորն ու աննշմարելին նայելու վարժությամբ՝ նույն դիրքին մեջ պաղած կարծես, վար չեն կրնար նայիլ, միշտ դեմ ու հորիզոնական ուղղությամբ։ Ջուր չի կա. եղածը օդին հավասար տաք, անոր չափ ապականյալ ու լպրծուն է, կզգաս, թե շողիքի պես բանի մը բաղադրությունը կա մեջը։ Քանի անգամ ձյունով զով գավաթ մը խմելու փորձն եղավ, որդերը ձեռքով դարս կնետեինք, ու ձեռք մը ձյուն 40 փարա։

Շարունակե՞մ։ Հեռո՞ւ, հեռո՛ւ, տեղ մը կաղաչեմ, ուր հացի պես սնունդն ալ մոռնալով բավականանանք սոսկ շնչելով օդին մաքրությունը, նոսր, վճիտ, որ քիթ չսոսկացնե, որմե չպտուտքի գլուխդ։ Այդ պղծությանց մեջ վարդն ալ վար պիտի նետես ձեռքեդ։ Ո՞ւր կա փնտռածնիս։ Ծանոթ մը մեզի ս. Սահակ եկեղեցիին բակը կառաջնորդե, իրավ որ բավական բարձրադիր ու հովասուն։ Պզտիկ դռնե մը ժամուն բակը կանցնինք։ Այդտեղ անմիջապես եկեղեցիին դրան սեմին քով երկու քահանա նստած են դեմ-դիմաց, երկու ալ գդալ ձեռվնին՝ քացախ կխմեն, վարունգի և սխտորի խառնուրդով զովացուցիչ մը։

Կամաց-կամաց հին ու նորը իրար խառնելով՝ ժամի մը չափ մեր անուշ խոսակցության հյուսք մը շինեցինք։ Կարծեմ այստեղ էր, որ լսվեցավ, թե վարժապետին մեկը պահքը կերած է աշակերտներուն առջև, շատ կխմե, շատ կծխե,— վարժապետ է, ուզածնիս դնենք վրան— շատ կքնանա, շատ կլվացվի։ Է՞հ, վերջապես այդ բոլոր մեղքերը Պատրիարքարան տեղեկագրվելով՝ անկե հրաման կուգա, որ անմիջապես զարժանն տնօրինեն, դուրս ձգեն անպիտանը և նոր մը իրեն հաջորդ կարգեն։

Հանկարծ,— ուշադրություն ըրեք,— խեղդ, նվաղած ձայն մը կհասնի ականջիս և արդարությամբ վասն մեղաց մերո՜ց խոսքը կլսեմ հեռվեն որոշակի։ Առաջին լսելուս բան մը չկրցի խորհիլ։ Տեր հայրերուն հետ մեր խոսակցության կուռ մասը վերջացած՝ քամուք մը մնացեր է, պահ-պահ ալ կհորանջենք։ Բայց ձայնը երթալով շուտ-շուտ կկրկնվի.

— Մեղաց մերո՜ց, վասն մեղաց մերո՜ց։ Ժամեն չի գար այն, դուրսեն ո՞վ կրնա ըլլալ։ Ձայնը վրաս այն տպավորությունը կընե իբր, թե հորի մը մեջ ինկած անկար ուլիկ մը դուրսի աշխարհքեն վերջին հրաժեշտը կուտա, և կամ ձայն մըն է այդ, որ Հագարի գեղեցիկ խանձարուրեն կհասնի դարերու այնքան խորունկցած աչքերեն. ես այսպես ըսեմ, դուք այդ ձայնը ողջ թաղված երեխայի մը ավաչն ըմբռնեցեք։ Ու նորեն լռիկ հանդարտության մը մեջ.

— Վասն մեղա՜ց մերոց։

Ո՞վ է այս, կաղաչեմ, մա՞րդ բանտարկած եք, տեր հայր։ Պատասխանը խնդուք մըն է, բայց, իրավ կըսեմ, ի՞նչ կար հոն, ձայնը մեր թիկունքեն կուգա. այդ կողմը, ժամուն ետևը, պատուհանի պես ծակեր ու մութ նրբանցքներ կերևին։

Վերջապես տրված բացատրության մը հետևելով կհասկնանք, թե այդ կողմը դպրոցը կգտնվի և պատժված աշակերտ մըն է այն, զոր կերթամ անձամբ կտեսնեմ։

Քուն եղած հավի մը պես ոտքին մեկը վեր առած իբր պատիժ կանգնած է ու պիտի կրկնե Սաղմոսին այդ համարը ա՛յնչափ, մինչև որ ջուրի պես գոց ըսե։ Տասը-տասնևմեկ տարեկան կա-չկա, գունատ, վտիտ ու խփված ալքերով։ Ամբողջ դպրոցը տասնևմեկ աշակերտ ունի, ամենեն պզտիկ թաղին դպրոցն է։ Բոլորին ալ հասակը նույն կերևի։ Անոնք որ նստած են տոշակներու (մինտեր) վրա, տոշակները հատակին փոշիներուն մեջ կորսված, անոնք ալ սգավոր տան մը մանուկներու լացեն ու կոծեն հոգնած ու լլկված արտահայտությամբ, ամենեն տարօրինակ երևույթին առջև, թող կուզե ուղտ մը առջևնին խաղ իյնա, անփույթ, անխռով, քթի բերնի վրա եկած ճանճերուն անգամ հաշտ կնային։ Թմրած ինկած են, մինչ թռչունները, իրենցմե ավելի պզտիկ, իրենցմե փետրավոր թևի մը տարբերությամբ զանազանված ըսենք, դուրսը հազար խաղ կընեն։

Ձեր հանցանքն ի՛նչ էր, ով ի՛մս ծաղիկներ, որ ձեր բունին վրա կչորնաք։ Կյանքը չապրած տակավին, հազիվ երեկ ու առջի օրը բերաննիդ մոր ստինքներեն զատված, այդտեղ նետած են զձեզ։ Դուք, կըսեմ, ձեր մեղքը ի՞նչ ծանրություն ուներ, որ դատապարտած են ձեզ ըսել, տակավին նոր լեզու ելած․ «Արդարութեամբ եւ յիրաւի ածէր զայս ամէնայն վասն մեղաց մերո՜ց»։

1893