Վաստակ

Ալեքսանդր Ծատուրյան

ՎԱՍՏԱԿ

Հո՛գ չէ, տանջվի՛ր, չարքա՛շ մշակ, քրտինք թափիր դու անվերջ,
Թո՛ղ քրտինքովդ մայր-երկիրը կշտանա.
Զուր չի անցնիլ քո տանջանքը. այնտեղ երկրի կրծքի մեջ
Քո քրտինքը նոր ուժ, նոր կյանք կստանա։

Տանջվի՛ր, եղբա՛յր, ուրախ սրտով. քո տանջանքում քրտնալից
Կա սուրբ վաստակ. երկնքիցն է նա օրհնված.
Թափի՛ր քրտինք, երկրի մշա՛կ, մայր-երկիրը յուր կրծքից
Քեզ լիառատ կը պարգևե արդար հաց։
1890, 6 հուլիսի