Վարդանի և հայոց պատերազմի մասին/Առաջին գլուխ

ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ






ԺԱՄԱՆԱԿԸ


Երբ Արշակունյաց ցեղը վերացավ, Հայոց աշխարհին տիրեց պարսիկ Սասանի ցեղը, որ իր իշխանությունը վարում էր մոգերի կրոնի համաձայն և շատ անգամ կռիվ էր մղում նրանց հետ, ովքեր չէին ընդունում նույն կրոնը, սկսելով Տիրանի որդի Արշակ թագավորի օրերից՝ կռվում էր մինչև Վռամշապուհի որդի Հայոց Արտաշես արքայի վեցերորդ տարին։ Եվ երբ սրան էլ զրկեց թագավորությունից, իշխանությունն անցավ Հայոց նախարարներին. որովհետե թեպետ և հարկը Պարսից արքունիքն էր գնում, սակայն Հայոց հեծելազորն ամբողջապես նախարարներն էին առաջնորդում պատերազմի ժամանակ։ Այս պատճառով էլ աստվածապաշտությունը բաց ճակատով ու ինքնիշխան փայլում էր Հայոց աշխարհում, արքայից արքա Շապուհի թագավորության սկզբից մինչև Վռամի որդի արքայից արքա Հազկերտի երկրորդ տարին, որին սատանան իրեն գործակից գտավ, և հավաքված ամբողջ թույնը դուրս թափեց և լցրեց նրան ինչպես թունավորված նետերով լի կապարճ։ Եվ սկսեց հոխորտալ անօրենությամբ, գոռոզանում էր և աղմկելով քամի էր բարձրացնում աշխարհի չորս կողմերը, և մեզ, Քրիստոսի հավատացյալներիս, իրեն թշնամի և հակառակորդ էր ներկայացնում և նեղվում ու տագնապում էր անխաղաղասեր կյանքով։ Որովհետև նրան շատ սիրելի էր խռովությունն ու արյունհեղությունը, այդ պատճառով էլ ինքն իր մեջ ալեկոծվում էր, թե ո՞ւմ վրա թափեմ դառն թույներս կամ ո՞ւր արձակեմ բազմաթիվ նետերս։ Եվ սաստիկ հիմարության պատճառով ինչպես կատաղի գազան հարձակվեց Հունաց երկրի վրա, հարվածեց մինչև Մծբին քաղաքը և ասպատակ սփռելով՝ ավերեց Հոռոմների շատ գավառներ և հրդեհեց բոլոր եկեղեցիները. ավար ու գերի հավաքեց և ահաբեկեց երկրի ամբողջ զորքը։

Իսկ երանելի Թեոդոս կայսրը, որովհետև խաղաղասեր քրիստոնյա մարդ էր, չկամեցավ նրա դեմ պատերազմի դուրս գալ, այլ Անատոլ անունով մի մարդու, որ Արևելքի նրա սպարապետն էր, շատ գանձերով նրա մոտ ուղարկեց։ Եվ բռնեց ու նրա ձեռքը տվեց այն պարսիկ մարդկանց, որոնք քրիստոնյա լինելու պատճառով փախել էին և գտնվում էին կայսեր քաղաքում: Եվ այն ամենը, ինչ որ ասաց [Հազկերտը] ժամանակին, [Թեոդոսը] կատարեց նրա կամքի համաձայն և իջեցրեց նրա մեծ բարկությունը. և այսպիսով նա վերադարձավ իր քաղաքը՝ Տիղբոն։

Երբ անօրեն իշխանը տեսավ, որ իր չարությունը հաջողվեց, սկսեց մի այլ խորհուրդ էլ մտածել, ինչպես մի մարդ, որ բորբոքված կրակի մեջ շատ վառելափայտ է ավելացնում: Որովհետև որտեղից մի քիչ կասկած ուներ, այնտեղից լիովին ապահովվեց. այդ պատճառով էլ քրիստոնյաների սուրբ ուխտից շատերին խախտեցի մեկին սպառնալի խոսքերով, մյուսին շղթաներով ու տանջանքներով, երրորդին չարաչար մահով սպանելով։ Հափշտակում էր նրանց ստացվածքն ու կալվածքները. և մեծ անարգանքով տանջում էր բոլորին։ Եվ երբ տեսավ, որ ցիրուցան եղան այս ու այն կողմ, խորհրդի կանչեց ձախակողմյան պաշտոնյաներինորոնք կռապաշտության մեջ կաշկանդված էին անքակտելի կապերով, վառված ու կրակ կտրած ինչպես մի հնոց՝ եկեղեցու սուրբ ուխտն այրելու համար։

Որովհետև այդպիսիները հենց իրենց կենդանության ժամանակ բնակվում են ինչպես թանձրամած խավարում, և հոգիները մարմնի մեջ փակված են ինչպես կենդանի [մարդը] գերեզմանում, որոնց [հոգիների] վրա ամենևին չի ծագում Քրիստոսի սուրբ լույսի նշույլը։ Օրհասական արջերն էլ շնչերը հատնելիս ավելի ումպին են կռվում, և իմաստունները խույս տալով փախչում են նրանցից։ Այսպիսի մի վախճան է եկել-հասել այդ տերությանը. երբ նրանց խփում են՝ շեն զգում, և երբ [իրենք] են խփում՝ չեն հասկանում, իսկ երբ արտարին թշնամի չի գտնվում, իրենք իրենց հետ են կռիվ սկսում, մարտնչում։ Մարգարեի խոսքը հենց հարմար է գալիս նրանց վերաբերմամբ. «Մարդ, ասում է, իր քաղցածությունից [ստիպված] շուռ կգա և կուտի իր անձի կեսը»[1]: Սրա նման ասում է նաև Տերն ինքը. «Ամեն մի տուն և թագավորություն, որ բաժանվում է ինքն իր մեջ, հաստատուն մնալ չի կարող»[2]։

Արդ, ի՞նչ ես ծեծկվում, ի՞նչ ես կռիվ տալիս, ի՞նչ ես այրվում, ի՞նչ ես բորբոքվում, ինչո՞ւ ես հանգչում, ի՞նչ ես խորհրդի կանչում նրանց, ովքեր ձեր հոգիները ձեզնից խլել՝ ձեր անապականը ապականություն են դարձրել, իսկ ձեր ապականացու մարմինը զազրելի դիակի նման քարշ են տվեղ ու դեն գցել։ Չէ՞ որ այդ ես կամենում, որ ամբարիշտ խորհուրդդ ծածկվի. կտեսնես՝ երբ կհայտնվի, հետո կիմանաս դրա վերջը։

Մոգերն ասում են. «Քա՛ջ թագավոր, աստվածները տվին քեզ այս տերությունը և հաղթություն, նրանք ամենևին մարմնավոր հարստության կարոտ չեն, միայն թե մի կրոնի դարձնես քո տերության մեջ գտնված բոլոր ազգերին ու ժողովուրդներին. այն ժամանակ Հույների երկիրն էլ հնազանդվելով՝ կենթարկվի քո իշխանությանը։ Արդ, մեր մի խոսքը շուտով կատարի՛ր, արքա՛, զորք հավաքիր և գունդ կազմիր,

վեր կաց գնա Քուշաններին երկիրը և բոլոր ազգերին ժողովիր և անցկացրու Պահ դռնիցս ներս, և այնտեղ շինիր քո բնակությունը։ Երբ բոլորին արգելես ու պահես հեռավոր օտարության մեջ, քո կամքն ու խորհուրդները կկատարվեն և, ինչպես երևում ես մեր գուշակությունների մեջ, դու կտիրես նաև Շուշանների երկրին և մինչև անգամ Հույները քո իշխանության դեմ դուրս չեն գա։ Միայն թե քրիստոնյաների կրոնը մեջտեղից վերացրու»։

Այս խորհուրդը հաճելի եղավ թագավորին ու իրեն համամիտ մեծամեծներին. հրովարտակներ գրեց, արագագնաց սուրհանդակներ ուղարկեց իր տերության բոլոր կողմերը։ Եվ այս է հրովարտակի պատճենը.

«Իմ տերության բոլոր ազգերին, արիներին և անարիներին, թող բազմանա մեր մարդասեր ողջույնը ձեզ. դուք ողջ եղեք, մենք էլ արդեն ողջ ենք աստվածների օգնությամբ։

«Առանց ձեզ որևէ նեղություն տալու ելանք-գնացինք Հույների երկիրը, և առանց պատերազմի սիրով ու մարդասիրությամբ նվաճեցինք ամբողջ երկիրը մեզ ծառայելու։ Դուք բարին մտածեցեք և անսպառ ուրախության մեջ մնացեք, բայց շուտով կատարեցեք այս բանը, որ ասում եմ։

«Մենք մտքներումս դրել ենք անպատճառ վերկենալգնալ Արևելքի աշխարհը, աստվածների օձությամբ մեզ ենթարկել Շուշանների տերությունը. դուք հենց որ այս հրովարտակը տեսնեք, շուտով առանց ուշացնելու այրուձի ժողովեցեք՝ ինձանից առաջ, ներկայացեք ինձ Ապար աշխարհում»։

Այս պատճենի համաձայն հրովարտակ՝ հասավ Հայոց, Վրաց և Աղվանից և Լփնաց, Ծավդեից, և Կորգվացո, Աղձնյաց աշխարհները և շատ ուրիշ հեռավոր տեղեր, որոնք առաջ պարտավոր չէին այն ճանապարհը գնալ։ Զորք էր ժողովում Մեծ Հայքից ազնվականներին և ազատորդիներին և թագավորական կալվածներից ոստանիկ մարդկանց նույն օրինակով Վրաց, Աղվանից և Լփնաց աշխարհներից, և հարավի զանազան կողմերից՝ Տաճկաստանի և Հոռոմների աշխարհի սահմաններին մոտիկ, և Կորդվաց և Դասն և Ծավդեից և Արզնարզյուն [երկրներից], որոնք բոլորն էլ հավատում էին մի կաթողիկե առաքելական եկեղեցուն և մկրտված էին։

Եվ անմեղությամբ չիմանալով թագավորի խարդախ միտքը՝ յուրաքանչյուրը իր երկրից զվարթությամբ և տիրասեր խորհրդով ելան-գնացին, աներկբա հավատով կատարելով [իրենց] զինվորական ծառայությունը։ Իրենց հետ վերցրին նաև աստվածային սուրբ կտակարանները շատ պաշտոնյաներով և քահանաներով։ Բայց հրաման տվին իրենց աշխարհում, որ կյանքի ակնկալություն չունենան, այլ իրենց վախճանին [սպասեն], հանձնարարելով միմյանց իրենց հոգիներն ու մարմինները։ Որովհետև թեպետև թագավորի մտադրությունը նրանց հայտնված չէր, բայց բոլորի սրտում էլ կասկած կար, մանավանդ երբ հույների զորությունն էլ ընկճված տեսան նրա առաջ, շատ խիստ խոցվեցին իրենց մտքերում։

Բայց որովհետև Աստծու սուրբ կտակարանների պատվիրանները պահող մարդիկ էին, շարունակ հիշում էին Պողոսի պատվերները, թե՝ «Ծառանե՛ր, հնազանդ եղեք ձեր մարմնավոր տերերին, ոչ թե կեղծավորությամբ և աչառությամբ, այլ սրտանց ծառայեցեք ինչպես Աստծուն և ոչ ինչպես մարդկանց, որովհետև տիրոջից է լինելու ձեր արդար վաստակների հատուցումը»[3]։

Այս ամբողջ բարեմտությամբ ուղևորվելով [իրենց] աշխարհից և իրենց հանձնելով սուրբ հոգուն, հրամանը շուտով կատարելով՝ ներկայացան, ամեն ինչ անելով նրա կամքի համաձայն։ Թագավորը շատ ուրախացավ՝ այն մտքով, թե իր կամքը կատարվեց, և ահա նրանց հետ վարվում էր այնպես, ինչպես խրատել էին նրա ամբարիշտ պաշտոնյաները։

Ապա, երբ թագավորը տեսավ բարբարոսների գնդի ամբողջ պատրաստությունն ու բազմությունը, որոնք հոժարակամ եկել էին արքունի ծառայության, ավելի ևս ուրախանում էր իր մեծամեծների և զորքերի ամբողջ բազմության առաջ։ Արտաքուստ թաքցնում էր իր մտադրությունները և ակամա առատ-առատ պարգևներ էր տալիս նրանց։ Ելավ- գնաց Հոնաց աշխարհի տերության վրա, որին թուշանք են անվանում, և երկու տարու չափով կռվելով՝ նրանց ոչ մի վնաս հասցնել չկարողացավ։ Հետո զինվորներին ուղարկեց յուրաքանչյուրին իր տեղը և նրանց փոխարեն իրեն մոտ ուրիշներին կանչեց նույն պատրաստությամբ։ Եվ այսպես տարեցտարի սովորություն սահմանեց, և այնտեղ իրեն համար բնակության քաղաք շինեց, իր թագավորության չորրորդ տարվանից սկսած մինչև իր իշխանության տասնմեկերորդ տարին:

Եվ երբ տեսավ, որ Հոռոմները հաստատ մնացին իրենց դաշինքին, որ դրել էին նրա հետ, և Խայլնդուրները դադարեցին Ճորա պահակն անցնելուց, և իր երկիրն ամեն կողմից խաղաղության մեջ է ապրում, և դեռ Հոների թագավորին էլ նեղն է լծել, որովհետև ավերեց նրա շատ գավառները, և իր թագավորությունը հաջող դրության մեջ է, — ավետավորներ ուղարկեց իր երկրի բոլոր ատրուշանները, սպիտակ ցողերով և գիսավոր նոխազներով առատացրեց կրակի զոհերը, և միանգամայն անընդհատ դարձրեց իր պիղծ պաշտամունքը. մոգերից շատերին և մոգպետներից է՛լ ավելի շատերին մեծարեց պսակներով ու պատիվներով։ Նաև հրաման տվեց Հափշտակել Պարսից աշխարհում գտնվող քրիստոնյաների ամբողջ ինչքն ու գույքը։

Եվ այսպես հպարտացավ, գոռոզացավ իր մտքում, սանձարձակորեն հոխորտում էր մարդկային բնությունից էլ վեր, ոչ միայն մարմնական պատերազմների գործերի մեջ, այլ ինքն իրեն հայրենի կարգի բնությունից մեծ մի բան էր կարծում. այդ պատճառով նա կեղծավորությամբ ինքն իրեն իր կարծիքով թաքցնում էր, բայց ինչպես նկատում էին իմաստունները, ինքն իրեն կարծես անմահների կարգն էր դասում։ Եվ սաստիկ զայրացած էր Քրիստոսի անվան վրա, երբ լսում էր, թե տանջվեց, խաշվեց, մեռավ և թաղվեց։

Եվ երբ այսպես օրեցօր ցնորված տարուբերվում էր նույն մտքով, Հայոց երիտասարդ նախարարներից մեկն ընդդիմաբանեց նրան և ասաց. «Քա՛ջ թագավոր, դու որտեղի՞ց գիտես Տիրոջ մասին այդ բաները, որ խոսում ես»։ Թագավորը պատասխան տվեց և ասում է. «Հենց իմ առաջ կարդացին ձեր մոլորության գրքերը»։ Կրկին պատասխան տվեց պատանյակն և ասում է. «Թագավո՛ր, ինչո՞ւ մինչև այդտեղ միայն կարդալ տվիր. շարունակել տուր կարդալը, և այնտեղ կլսես հարությունը, շատերին հայտնվելը, երկինք վերանալը, հոր աջ կողմը նստելը, երկրորդ գալստյան խոստումը՝ բոլորին հրաշալի կերպով հարություն տալով, արդար դատաստանի համառոտ հատուցումը»: Երբ թագավորն այս լսեց, խոր խոցված՝ երեսանց ծիծաղեց և ասաց. «Այդ բոլորը խաբեություն է»։ Քրիստոսի զինվորը պատասխան տվեց և ասաց. «Եթե քեզ համար հավատալի են նրա մարմնավոր չարչարանքը, է՛լ ավելի հավատալի պիտի լինի քեզ համար նրա երկրորդ ահավոր գալուստը»։

Թագավորը այս լսելով՝ բորբոքվեց Բաբելոնի հնոցի կրակի նմանէ այնպես որ մինչև անգամ յուրայինները ևս քաղդեացիների նման այրվում էին։

Այն ժամանակ ամբողջ բարկությունն ու զայրույթը թափեց այն երանելի մարդու վրա, որի անունը Գարեգին էր։ Կապված ոտներով ու կապված ձեռներով երկու տարու չափ հանձնվեց չարչարանքների, և իշխանությունից զրկվելով՝ մահվան դատապարտվեց։

  1. Եսայի Թ 20: «Քաղցի պատճառով նրա աջակողմը կթեքվի և կուտի իր ձախակողմը, և իր թևերի միսն ուտելով մարդը չի կշտանա»։
  2. Մատթ. ԺԲ 25, Մարկ. Գ 24—25, Ղուկ. ԺԱ 17:
  3. Կողոս. Գ. 22, հմմտ. Եփես. Զ 5: