Վերադարձի մտորում
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 25։
Խորհրդային բանակի շարքերից
զորացրվելուց հետո

Հանդիպողները սեղմում են ձեռքս
Ու շշնջում են.
- Բարո՜վ ես եկել...
Մի՞թե իսկապես... «բարով եմ եկել»...
Չէ՞ որ հյուրի՜ն են
«Բարով ես եկել» խոսքերով դիմում,
Իսկ ե՞ս... Ես հյուր չեմ, ես տուն եմ եկել:
Կարոտո՜վ,
Սրտի դողո՜վ եմ եկել
Նորից փարվելու իմ հանդ ու սարին:
Ու թող ինձ չասե՜ն բարով ես եկել...

...Բայց հանդիպում են, սեղմում են ձեռքս
Ու... շշնջում են.
- Բարո՜վ ես եկել...

29.05.80, Կոճողոտ