Վերակառուցման հակառակորդները եւ Ղարաբաղյան շարժումը








ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ ԵՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ [1]

խմբագրել
(14 հոկտեմբերի, 1988 թ.)


Հրաժարվելով Ղարաբաղի հայության ինքնորոշման ձգտումը ծայրահեղականների ու ազգայնականների (էքստրեմիստներ եւ նացիոնալիստներ) կողմից հրահրված շարժում ներկայացնելու թեթեւամիտ եւ անհեռատես գնահատականից՝ կենտրոնական իշխանությունների գաղափարախոսական մարմինները վերջին ժամանակներս հետեւողականորեն որոճում են Շարժումը վարկաբեկելու, հետեւապես՝ հայ ժողովրդի նվիրական զգացումները եւ արժանապատվությունը վիրավորելու մի ավելի գռեհիկ ու մերկապարանոց միջոց։ Խորհրդային ժողովուրդների հասարակական կարծիքին պարտադրվում է այն տեսակետը, թե իբր Ղարաբաղյան շարժումը խրախուսվում է վերակառուցման հակառակորդների կողմից, քանի որ իր ադրության ապակայունացումը կաշառակեր տարրերին եւ ստվերային տնտեսության գործարքատերերին ապահովում է անցյալում գործած հանցանքների բացահայտման վտանգից եւ հնարավորություն է տալիս հաջողությամբ շարունակելու իրենց մութ գործերը։

Դժվար չէ նկատել, որ մենք գործ ունենք ստալինյան գաղափարաբանության զինանոցից հանված մի հերթական մտապատճենի (ստե րեոտիպի) հետ, որի հիմքում, ինչպես նկատված է առանձին հրապարակախոսների կողմից, ընկած է այն ավանդական պատկերացումը, որ Խորհրդային Միությունն առանց ներքին թշնամու չի կարող ապրել։ Այդ իսկ պատճառով «սպիտակգվարդիական – կուլակ – ժողովրդի թշնամի» շղթային շատ բնական կերպով այժմ միահյուսվում է «վերակառուցման հակառակորդ» օղակը։ Դեռ ավելին, «սոցիալիզմի հաջողություններին զուգընթաց՝ դասակարգային պայքարը սրվում է» ստալինյան բանաձեւին համահունչ՝ կարծես մշակվում է «վերակառուցման հաջողություններին զուգընթաց՝ նրա հակառակորդների դիմադրությունն աճում է» բանաձեւը։ Դրանով ստեղծվում է մի իրավիճակ, երբ իշխանությունների համար ամեն մի անցանկալի հասարակական շարժում կարող է հեշտությամբ որակվել որպես վերակառուցման հակառակորդների գործունեության արդյունք։

Ղարաբաղյան շարժումն այս տեսակետից գնահատելիս, մասնավորապես նշվում է ղազախստանյան նմանակը (անալոգը), որն, ինչպես հայտնի է, մեր հասարակությանը մատուցվել է որպես սոցիալական անարդարության, կաշառակերության եւ անօրինականությունների այլ փաստերը ազգային զգացումներ ի պոռթկումով կոծկելու ձգտում։ Թերեւս ավելորդ է նշել, որ քաղաքականության մեջ նմանակները պատահաբար չեն հիշեցվում, այլ դրանով նախապատրաստվում է համապատասխան հասարակական կարծիք՝ նմանօրինակ պարագաներում նույնպիսի հաշվեհարդար տեսնելու համար։

Որ Ղարաբաղյան շարժումը համեմատության ոչ մի եզր չունի ղազախստանյան իրադարձությունների հետ, հազիվ թե կարիք կա ապացուցելու, եւ դեպքերին քիչ թե շատ ծանոթ ցանկացած մարդ ինքնուրույն կարող է հանգել այդ եզրակացության։ Որ Ղարաբաղյան շարժումը ոչ մի կապ չունի նաեւ վերակառուցման հակառակորդների հետ, նույնպես հարկ չկա ապացուցելու, քանի որ այն ծագել է ոչ թե այսօր, այլ տասնյակ տարիներ առաջ։ Հայ ժողովուրդն սկզբից եւեթ չի հաշտվել Ստալինի կամայականությամբ մայր հայրենիքից պոկված եւ օտարի լծի տակ դրված ազատաբաղձ Արցախի հայության ստրկական վիճակի հետ՝ օգտագործելով ժողովրդավարության համար ստեղծված ցանկացած, թեկուզեւ կարճատեւ պահ, պատմական անարդարությունը շտկելու ուղղությամբ։ Առաջին նման պահն ստեղծվել էր 60-ական թվա կաններին՝ խրուշչովյան լայնախոհ մարդասիրական քաղաքականության շնորհիվ, որի արդյունքը եղան 1965 թվականի ապրիլի 24-ի պատմական զանգվածային ցույցը եւ 1966–1967 թվականներին Հայաստանի հետ Ղարաբաղի վերամիավորման լուրջ շարժումը, որը, սակայն, շուտով խեղդվեց բրեժնեւյան եռապետության ճահճուտում։

Մեր երկրում հռչակված վերակառուցման, հրապարակայնության եւ ժողովրդավարացման արդի պայմաններում հայ ժողովուրդը հնարավորություն ստացավ ավելի վճռականորեն բարձրացնելու իր արդար դատը, եւ ահա ութ ամիս շարունակ խիստ սահմանադրական միջոցներով նա պայքարում է հանուն ազգային միասնության։ Շարժումը կրում է հիրավի համաժողովրդական բնույթ, որ ով եւ բացատրվում են նրա քաղաքական հզորությունն ու ներքին կազմակերպվածությունը։ Ուստի միանգամայն ծիծաղելի են նրա առաջացումը մի խումբ ծայրահեղականների, արեւմտյան գործակալների, սադրիչների, անպատասխանատու անձանց կամ վերակառուցման հակառակորդների ջանքերին վերագրելու մեկը մյուսին հաջորդող եւ մեկը մյուսից շուտ սնանկացող փորձերը։

Չի կարելի ժխտել, իհարկե, որ Շարժման պատճառով հանրապետությունում ստեղծված լարված իրավիճակից իսկապես կարող են օգտվել, եւ թերեւս օգտվում էլ են , որոշ անբարոյական տարրեր, որոնք իրենց անօրինական գործողություններով կարող են ինչ֊որ չափով վնասել վերակառուցման գաղափարին։ Սակայն, նախ՝ նման երեւույթներից երաշխավորված չէ ոչ մի քաղաքական շարժման հետեւանքով ստեղծված այդպիսի իրավիճակ, եւ երկրորդ՝ Ղարաբաղյան շարժումը շատ ավելի լայն հնարավորություններ է ընձեռում իրենից օգտվելու վերակառուցման կողմնակիցներին, քան նրա հակառակորդներին։ Կույր պետք է ձեւանալ չտեսնելու համար, որ հայ ժողովուրդը պատմական հանգամանքների բերումով հայտնվել է խորհրդային հասարակարգի իսկական վերակառուցման եւ ժողովրդավարության հաստատման ավանգարդում։ Խորհրդային Միության ժողովուրդների շարքում հայ ժողովուրդն առաջինն է, որ դրսեւորել է այնպիսի հասարակական ակտիվություն, որն, ինչպես հավաստվում է երկրի նոր քաղաքականության ջատագովների կողմից, վերակառուցման եւ ժողովրդավարության հաղթանակի միակ գրավականն է։ Հասարակական այդ ակտի վությունը հայ ժողովուրդը դրսեւորել է ոչ միայն զանգվածային ցույցերի, միտինգների եւ գործադուլների միջոցով, այլեւ կենսագործել սոցիալ-քաղաքական հույժ կարեւորություն ներկայացնող կոնկրետ քայլերով։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ ժողովրդի պահանջով եւ ոչ թե վերեւից իջեցված հրահանգներով մարզային եւ հանրապետական գերագույն իշխանությունների նստաշրջաններ են գումարվել Ղարաբաղում եւ Հայաստանում։ Երկրի պատմության մեջ, նույնպես առաջին անգամ, հայ ժողովրդի կողմից առաջադրված դեպուտատական թեկնածուներն ընտրություններում պարտության են մատնել նոմենկլատուրային հիմունքներով առաջադրված թեկնածուներին։ Սրանք ժողովրդական լայն խավերի ձեռք բերած այն առաջին նշանակալից նվաճումներն են, որոնք նախանշում են ինչպես մեր հանրապետության, այնպես եւ ողջ երկրի զարգացման հետագա ընթացքը։

Ի՞նչն է, սակայն, կենտրոնական իշխանություններին խանգարում տեսնելու այս ամենը եւ ըստ արժանվույն գնահատելու հայ ժողովրդի խոշոր ներդրումը վերակառուցման քաղաքականության իրականացման գործում։ Այս հարցին կարելի է տալ երկու հնարավոր պատասխան. Կամ՝ կենտրոնական մարմիններն իրենք դեռեւս չեն մաքրվել հակավերակառուցողական տարրերից, որի ապացույցը թերեւս պետք է համարել ՍՄԿԿ կենտկոմի վեց բարձրաստիճան ղեկավարների վերջերս տեղի ունեցած անակնկալ պաշտոնանկությունը, եւ կամ՝ վերակառուցման կողմնակիցները դեռեւս չեն թոթափել անցյալից եկող հրահանգավորված եւ համապատասխան շրջանակների մեջ դրված ժողովրդավարություն սահմանելու մտայնությունը։ Այդ իսկ պատճառով, հակառակ զանգվածների հասարակական ակտիվությունը բարձրացնելու կոչերին, առայժմ խիստ դիմադրություն է ցույց տրվում վերակառուցման առաջընթացին նպաստող ներքեւից կատարված բոլոր քայլերին։ Այս ամենը, սակայն, չպետք է տարակուսանք առաջացնի երկրի որդեգրած ներկայիս քաղաքականության անշրջելիության նկատմամբ, քանի որ Խորհրդային Միությունն այլ ճանապարհ չունի, քան լիակատար ժողովրդավարության հաստատումն ու իրավական պետություն դառնալու անհրաժեշտությունը։

Իր ութամսյա գիտակցական պայքարով հայ ժողովուրդը հաջողությամբ դիմագրավել եւ հերքել է Ղարաբաղյան շարժումը վարկաբեկող բոլոր անհիմն որակումները, եւ կասկած չի կարող լինել, որ նույն հաջողությամբ շատ մոտ ապագայում հօդս կցնդեցնի նաեւ մեր արդար դատը վերակառուցման հակառակորդ ների հետ կապելու անհույս ջանքերը։Դրա լավագույն ապացույցը կհանդիսանա Ղարաբաղի անհապաղ դուրսբերումը Ադրբեջանի կազմից եւ նրա վերջնական միավորումը մայր Հայաստանի հետ։

ՀՀԱՆԱ, 12/14.10.88։ Թռուցիկ, 14 հոկտեմբերի, 1988 թ.։ Բնագիր։ Մեքենագիր։
  1. Նախապես հնչել է որպես ելույթ՝ հոկտեմբերի 14֊ին՝ Թատերական հրապարակում 200.000֊անոց հանրահավաքում։ Որպես թռուցիկ տարածվել է հեղինակի անունով։ Հրապարկվել է՝ Վարդգես Դավթյան, Առասպելի եւ իրականի սահմանագծին, Լեւոն Տեր֊Պետրոսյան, քաղաքացին եւ քաղաքագետը, Եր․, 1996, էջ 99―101։