Վերջաբան․ Լեւոն Տեր-Պետրոսյան՝ Հիմնադիր-նախագահ Հայաստանի Հանրապետության
Լեւոն Տեր-Պետրոսյան՝ Հիմանդիր-Նախագահ Հայաստանի Հանրապետության
խմբագրել
Պատմության մեջ դարաշրջան բառը ժամանակի տեւողության չափման միավոր չէ։ Այն օգտագործվում է բնութագրելու համար այնպիսի մի ժամանակահատված, որն իր որակական հատկանիշներով ու արդյունքներով կտրուկ առանձնանում է նախորդ շրջանից, նաեւ էականորեն պայմանավորում հաջորդ շրջանի զարգացումների բնութագիրն ու որակը։ Այս իմաստով 1988 թվականի փետրվարից ծայր առած Հայկական համազգային ժողովրդավարական շարժումը, անտարակույս, դարաշրջանի սկիզբ էր։ Համաժողովրդական այս շարժման որակներից շատերն աննախադեպ էին մեր պատմության մեջ, մի մասն էլ շատ վաղուց չէր դրսեւորվել։ Համենայն դեպս, դժվար է հիշել որեւէ շրջան, երբ սեփական ճակատագիրը տնօրինելու խնդրով ոտքի կանգնած լիներ փաստորեն ողջ ժողովուրդը, միաժամանակ՝ նրա պայքարը լիներ այդքան միակամ, համառ, ամենօրյա, այդքան ջանադիր ու այդքան տեւական։ Նույն կերպ՝ շատ վաղուց մեր պատմության մեջ որեւէ քաղաքական ծրագրի ու պայքարի հիմքում չէին դրվել հանրահայտ ու իրական քաղաքական այնպիսի սկզբունքներ, ինչպես՝ կողմնորոշման մերժումը, սեփական ուժերին ապավինելը, իրատեսական քաղաքական հաշվարկը եւ այլն։ Եւ հենց այս երկուսով պայմանավորված՝ դարաշրջանն ստացավ իր երրորդ հատկանիշը՝ արդյունքների տեսքով. հաղթանակներ ու մնայուն ձեռքբերումներ, որ շատ վաղուց չէին եղել, եւ՝ անկախ պետականության ապահով հիմնարկեք։
Լեւոն Տեր-Պետրոսյանը համաժողվրդական այդ շարժման առաջնորդներից ամենասիրվածն էր ու ամենահեղինակավորը։ Նա նաեւ նույն այդ Շարժման գաղափարական սկզբունքների վրա ստեղծված՝ անկախ պետության ճարտարապետն էր ու առաջին ղեկավարը, Հայաստանի Հանրապետության առաջին եւ հիմնադիր Նախագահը, պետականության կայացման ու հաղթանակների շրջանի առաջնորդը։ Այսինքն՝ նրա անվան հետ է անքակտելիորեն կապված 1988 թվականից սկսվող դարաշրջանը։
Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահի գործունեության գնահատումը միայն իր անձին չի վերաբերում։ Քանզի խոսքն իրականում ոչ միայն անհատի, այլ առաջին հերթին գործնական քաղաքականության հիմքում դրված նոր՝ մարդակենտրոն արժեքային համակարգի, ժողովրդի աշխարհընկալման ու ինքնընկալման նոր սկզբունքների ու չափորոշիչների, իրատես քաղաքական մտածողության եւ իրական քաղաքական դպրոցի, պետական մտածելակերպի ու պետական գործչի կերպարի հասարակական ընկալման մասին է։ Արժեքների եւ իրողությունների հասարակական ընկալման այն հիմքի մասին, որը երկրի ու ժողովրդի գոյատեւման, պետականության պահպանման, պետական ազգի զարգացման, բարգավաճման ու հարատեւման, յուրաքանչյուր քաղաքացու ու անհատի արժանապատիվ ու իմաստավորված կյանքի ապահովման նախապայմանն է։ Այսինքն՝ առաջին հերթին այս ամենը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը եւ նրա յուրաքանչյուր քաղաքացու՝ ամենաառարկայական առումով ու ամենաուղղակի կապով։ Դրանով են պայմանավորված եղել մեր հաղթանակները, անկախ պետականության հիմնադրման եւ կայացման պատմությունը, դրանով է պայմանավորված մեզանից յուրաքանչյուրի այսօրվա կյանքը, դրանով են պայմանավորվելու մեր վաղն ու ապագան։
Լեւոն Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945թ. հունվարի 9-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում, մուսալեռցի ծնողների ընտանիքում, մեկ տարեկանում ընտանիքի հետ հայրենադարձվել Հայաստան։ Կրթությամբ արեւելագետ է. 1968թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի արեւելագիտության բաժինը, ասպիրանտուրան անցել է Ս. Պետերբուրգում։ Աշխատել է նախ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, ապա Մատենադարանում՝ որպես գիտնական-քարտուղար եւ ավագ գիտաշխատող։ 1987թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Նաեւ պատմաբան է՝ քաջատեղյակ Հայոց եւ համաշխարհային պատմությանը[1]։ Մինչեւ 1988 թ. նա արդեն լայն ճանաչում ունեցող գիտնական էր՝ հեղինակ տարբեր լեզուներով հրապարակված ավելի քան 70 գիտական աշխատությունների։ 1985 թվականից ԽՍՀՄ արեւելագետների ընկերակցության, 1988-ից՝ Հայաստանի գրողների միության, 1989-ից՝ Ֆրանսիական Ասիական ընկերության, 1991-ից՝ Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի անդամ է, 1990 թվականին ստացել է Լա Վեռնի, 1994-ին՝ Սոֆիայի, 1996-ին՝ Սորբոնի, նույն թվականին նաեւ Ստրասբուրգի համալսարանների պատվավոր դոկտորի կոչում։
Քաղաքական մկրտությունը Լեւոն Տեր-Պետրոսյանն ստացել է 1960-ական թվականների ուսանողական շարժումներին ու բողոքի ցույցերին մասնակցելով, ինչի համար 1966 թ. ապրիլի 24-ին ձերբակալվել է եւ ենթարկվել 10-օրյա վարչական կալանքի։ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից, որպես Մատենադարանի «Ղարաբաղ» ենթակոմիտեի նախագահ, նահայտնվեց իրադարձությունների կենտրոնում, Շարժման առաջին ղեկավարների հետ եռանդուն համագործակցության մեջ։ 1988թ. մայիսից նա նոր ստեղծված «Ղարաբաղ» կոմիտեի («Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե») անդամ էր։ 1988 թվականի դեկտեմբերի 10-ին ձերբակալվեց եւ մինչեւ 1989 թվականի մայիսի վերջը «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ շինծու մեղադրանքով պահվեց Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում։ 1989 թ. օգոստոսին ընտրվեց ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա՝ ԳԽ Նախագահության անդամ։ Գերագույն խորհրդի պատգամավոր է ընտրվել նաեւ 1990 թ. մայիսին։ Նույն թվականի օգոստոսի 4-ին, որպես ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչ, ընտրվեց Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ, ինչով եւ Հայաստանում վերջնականորեն արձանագրվեց ժողովրդավարական ուժերի հաղթանակը եւ կոմունիստական իշխանության ավարտը։ 1991 թ. Հոկտեմբերի 16-ին համաժողովրդական ընտրությամբ եւ ուղիղ քվեարկությամբ, ձայների ջախջախիչ մեծամասնությամբ նաընտրվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ։ 1990 թվականից որպես նախագահ (1994-1995-ին որպես համանախագահ), ղեկավարեց Սահմանադրական հանձնաժողովը, որի մշակած Սահմանադրության նախագիծը 1995 թ. Հուլիսի 5-ին ընդունվեց համաժողովրդական հանրաքվեով։ 1996 թ. սեպտեմբերի 22-ին երկրորդ անգամ ընտրվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ։ 1998 թ.փետրվարի 3-ին կազմակերպված պետական հեղաշրջման հետեւանքով հրաժարվեց Հանրապետության Նախագահի պաշտոնից։
«Ղարաբաղ» կոմիտեում
Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումը ղեկավարող «Ղարաբաղ» կոմիտեն հայ քաղաքական իրականության մեջ, կարելի է ասել, աննախադեպ հաջողված եւ կայուն քաղաքական թիմ էր։ Ավելի քան երկու տարի այն ղեկավարում էր համաժողովրդական մի շարժում, որը ոչ միայն առաջին ժողովրդավարական շարժումն էր ԽՍՀՄ կոչվող բռնապետությունում, այլեւ բոլոր առումներով՝ զանգվածայնությամբ, որակական հատկանիշներով ու արդյունավետությամբ առաջինն ու առաջամարտիկը մնաց մինչեւ կայսրության ու նրա ազդեցության ոլորտների վերջնական փլուզումը։ Որեւէ մեկը չի կարող վիճարկել այն իրողությունը, որ Հայկական ժողովրդավարական շարժման ու նրա ղեկավար մարմնի՝ «Ղարաբաղ» կոմիտեի առջեւ ծառացած խնդիրները տասնապատիկ ավելի ծանր ու բարդ էին, քան այդ տարիներին Խորհրդային Միության մյուս հանրապետություններում եւ արեւելաեւրոպական երկրներում ժողովրդավարական շարժումներից որեւէ մեկի առջեւ դրված հարցերը։ Որեւէ մեկը չի կարող նաեւ վիճարկել այն փաստը, որ նրա դեմ գործող ուժերը շատ ավելի ագրեսիվ էին ու վտանգավոր, քան այդ շրջանում մյուս երկրների ժողովրդավարական շարժումների դեմ գործողները։ Եւ որեւէ մեկը չի կարող վիճարկել, որ պատմականորեն իրեն տրված ավելի քան երկու տարի ժամանակահատվածում Կոմիտեն իր դերը կատարեց, դրված խնդիրները լուծեց բացառիկ արդյունավետությամբ։
Հարցերի քննարկման անկաշկանդ մթնոլորտ, աշխատանքի եւ բնագավառների բնական բաժանում եւ ներդաշնակություն կար այստեղ։ Դժվար է հիշել դեպք, երբ որեւէ հարցում Կոմիտեն հասարակությանը ներկայանար ոչ միասնական, ոչ հստակ, չպատճառաբանված ու չհիմնավորված դիրքորոշմամբ։ Դա, անշուշտ, արդյունք էր նախնական բազմաժամ քննարկումների, առողջ ու բանական բանավեճերի։
Կոմիտեի աշխատանքային խոհանոցում Լեւոն Տեր-Պետրոսյանի կշռի ու խաղացած դերի մանրամասների մասին երբեւէ կվկայեն, թերեւս, դրա անդամները՝ իրենց գրելիք հուշերում[2]։ Մենք ունենք այդ դերի ու կշռի վերջնական ընդհանրական գնահատականը՝ 1990 թ. Գերագույն խորհրդի ընտրություններից անմիջապես հետո, նույն Կոմիտեի կայացրած որոշման տեսքով. Շարժման ղեկավար մարմինն իր պատմական առաքելությունն ավարտեց՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը որպես երկրի ղեկավարի՝ Գերագույն խորհրդի նախագահի թեկնածու առաջարկելու որոշմամբ։
Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կերպարը Շարժման տարիներին ավելի շատ ծանոթ է հանրահավաքներից։ Արդեն իսկ նրա առաջին հրապարակային ելույթից հետո հաջորդին սպասում էին։ Եւ սպասում էին յուրաքանչյուր հանրահավաքում։ Սպասում էին՝ ոչ թե որովհետեւ ավելի կրակոտ ու համարձակ բաներ ասող չկար։ Սպասում էին, որովհետեւ նա, չզիջելով մյուսներին այդ հատկանիշներով, նաեւ ամեն ինչ հասկանալի ու ընկալելի էր ասում բոլորի համար։ Հայերենի, եւ գեղեցի՛կ հայերենի, կատարյալ տիրապետում, հռետորական բնատուր շնորհ, ձայնի հաճելի եւ երբեք չհոգնեցնող հնչերանգ, վստահություն ներշնչող կուռ տրամաբանություն, ասելիքի մատուցման զարմանալի պարզություն. սրանք նրա ելույթների բնորոշիչների ոչ լրիվ ցանկն են կազմում։
Հիմնականում նա էր կատարում քաղաքական վերլուծությունները, կենտրոնական ու հանրապետական իշխանությունների որոշումների, մամուլի հրապարակումների մեկնաբանությունները։ Նրա քաղաքական կանխատեսումներն իրականանում էին։ Նրա ելույթները հաճախ պարզապես հրապարակային դասախոսություններ էին, եւ՝ քսան հոգու առջեւ փակ լսարանում ելույթ ունեցող ամեն մի դասախոս կարող էր նախանձել այն անհավատալի լռությանն ու հափշտակվածությանը, որով 100 հազարանոց տարաբնույթ կազմ ունեցող լսարանը ոտքի վրա կլանված լսում էր նրան։ Լսում էր, հասկանում, համոզվում, հավատում։ Առաջին հերթին նրա շնոր
հիվ էր, որ Շարժումը տասնյակ հազարավորների համար դարձավ նաեւ քաղաքական դպրոց, ամենաիսկական բաց համալսարան։
Սակայն Շարժումը միայն քաղաքական կարգապահ դպրոց չէր։ Մարդկային զանգվածն ունի իր յուրատեսակ, անհատականից տարբերվող հոգեբանությունը։ Այն ավելի շատ հակված է լսելու պարզ կարգախոսներ, դժվարությամբ է տրվում տրամաբանական փաստարկների, եւ հեշտությամբ՝ պարզունակ կոչերի։ Ամեն պահի պատրաստ է դիմել չհաշվարկված ու չհիմնավորված գործողությունների, որոնք ճակատագրական կարող են լինել առաջին հերթին հենց իր համար։ Եւ «Ժողովրդի առողջ բնազդ» որակումը նման դեպքերում ավելի շուտ հաճոյախոսություն է նրա հասցեին, քան իրականություն։ Մի տեղում հավաքված մարդկային բազմությունը շատ արագ կարող է ամբոխանալ՝ ձեռք բերելով նույն այդ զանգվածը կազմող անհատներից տարբերվող հոգեբանություն ու մտածողություն։ Այն հեշտությամբ է տրվում սադրանքների, ավելի հաճախ ոչ թե սպասում է իրեն առաջնորդելուն, այլ ինքն է որոշում ուղղությունը եւ առաջնորդին հրում-տանում իր առջեւից, հակառակ դեպքում՝ ոտնատակ տալիս։ Շարժման տարիներին գերզգայական աստիճանի հասած ժողովրդին հարյուրավոր անգամ տրվեցին սադրիչ առիթներ թե՛ կենտրոնական ու տեղական իշխանությունների որոշումների, թե՛ լրատվամիջոցների հերյուրանքների, թե՛ ՊԱԿ-ի խոհանոցում թխված ապատեղեկատվության ու ասեկոսեների, թե՛ ոմանց անխոհեմ ելույթների, թե՛ Ադրբեջանի գրգռիչ գործողությունների տեսքով։ Տասնյակ դեպքեր եղան, երբ ժողովրդական հոծ զանգվածը հասավ անկառավարելիության եզրին, չուզեց ենթարկվել «հարթակին», եւ իր գործողություններով կարող էր հատել վտանգավորի սահմանագիծը։
Անշուշտ, ժողովրդական շարժում առաջնորդողի համար խիզախություն ու հերոսություն է՝ առաջին անգամ գործադուլի, երթի կամ վճռական մեկ այլ գործողության կոչ անելը եւ առջեւից գնալը։ Անգամ այն պարագայում՝ երբ դա չանելու դեպքում զանգվածը միեւնույն է, ինքն է դիմելու նույն գործողություններին։ Բայց այդ խիզախության ու հերոսության տասնապատիկն է պահանջվում նույն այդ պայմաններում բորբոքված մարդկային զանգվածին ու նրա տրամաբանությանը դեմ կանգնելու, չհասունացած ու արկածախնդրական քայլերից նրան տարհամոզելու ու հետ պահելու համար։ Ամենաանհույս նմանօրինակ իրավիճակներում «հարթակի» վերջին հույսը Լեւոն Տեր- Պետրոսյանն էր, ժողովրդական տրիբունի՝ նրա համոզիչ ու սթափեցնող ազդու խոսքը, իրատես առաջնորդի՝ նրա հսկայական վարկը։ Տարերքը տեղի էր տալիս նրա ելույթի առջեւ, մղվում կառավարելիության հուն, ապա այդ ներուժն ուղղորդվում էր խելամիտ եւ արդյունավետ գործողությունների։ Շարժման մասնակիցները կարող են հիշել բազմաթիվ դեպքեր, մենք հիշեցնենք դրանցից երկուսը՝ 1988 թ. հունիսի 15-ը, երբ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը քննարկում էր Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի դիմումին պատասխան տալու հարցը, եւ նույն թվականի նոյեմբերի 7-ը, երբ, այն ժամանակ Լենինի անունը կրող հրապարակում, շքերթը վերածվեց հակաիշխանական հսկայածավալ ցույցի։
Ռիսկի եւ իրատեսության սահմանագծին
«Ղարաբաղ» կոմիտեն մինչեւ վերջ գործեց որպես համախոհների եւ հավասարների թիմ, ձեւական առումով չունեցավ իր ղեկավարը։ Թերեւս նաեւ դրա մեջ էր նրա ուժի, հեղինակության եւ հաջողությունների կարեւոր գրավականներից մեկը։ Կոմիտեի անդամներից յուրաքանչյուրը հսկայական ծանրություն եւ պատասխանատվություն էր ստանձնել, անմնացորդ կատարում էր իր գործը, փոխադարձաբար լրացնում միմյանց, ինչի շնորհիվ կայանում էր այն զարմանալի քաղաքական մոնոլիտը, առանց որի անհնար կլիներ Շարժման ընթացքն ու նվաճումները։ Ոլորտների նկատելի բաժանումը, թերեւս, տեղի էր ունեցել ինքնաբերաբար, ըստ յուրաքանչյուրի հետաքրքրությունների եւ ունակությունների, կարողությունների աստիճանի։
Հանրահավաքները միայն քաղաքական պայքարի ու նաեւ քաղաքական գիտելիքների ձեռքբերման դպրոց չէին։ Միայն Հայաստանում տարածվող մամուլի (որ, բնականաբար, միայն իշխանական էր) ընդհանուր տպաքանակն անցնում էր մեկ միլիոնը։ Դրան ավելանում էր ռադիոն ու հեռուստատեսությունը։ ̧րանցից որեւէ մեկով հանդես գալն անմատչելի էր Շարժման ղեկավարների համար։ Շարժման դեմ գործող քարոզչական այս հսկայական մամլիչին դիմակայում էին հանրահավաքները՝ որպես հավաստի տեղեկատվության միջոց։ Սակայն անգամ հարյուրհազարավոր մասնակիցներ ունենալը բավարար չէր, առավել եւս՝ երբ սահմանափակումները եւ արգելքները մշտական էին հանրահավաքների համար։ Իշխանական քարոզչական հսկայական հեղեղին հաջողությամբ դիմակայում էին «Ղարաբաղ» կոմիտեի անունից հրապարակվող թռուցիկները եւ այլ փաստաթղթերը, որ արագ բազմացվում ու տարածվում էին երկրով մեկ։ Ավելին՝ դրանք տարածվում էին նաեւ աշխարհով մեկ՝ նույն հաջողությամբ դիմակայելով Շարժման նկատմամբ աշխարհում բացասական մթնոլորտ ստեղծելու՝ խորհրդային Կենտրոնի եւ Ադրբեջանի քարոզչությանը։ Անհավասար այդ պայքարում Շարժումը հաղթանակեց։ Կոմիտեի անդամների վկայությամբ, հարյուրից ավելի այդ նյութերի 90%-ը հեղինակել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Երկուսուկես տարվա համաժողովրդական պայքարն ունեցել է դրվագներ, երբ անհրաժեշտ է եղել դիմել նաեւ մեծ ռիսկ, ընդհուպ՝ իրական վտանգ պարունակող քայլերի ու նախաձեռնությունների։ Ղարաբաղին ամենաբազմազան օգնության ապահովման, ինքնապաշտպանական խնդիրների կազմակերպման եւ իրականացման, զանազան մանր ու մեծ սադրանքները չեզոքացնելու գործողությունները «Ղարաբաղ» կոմիտեի անդամները երբեք գրասենյակից չէին ղեկավարում, այլ անմիջապես գտնվում էին ամենավտանգավոր տեղում, սահմանամերձ շրջաններում, խրամատներում։ Առավել մեծ մասշտաբի քաղաքական կտրուկ քայլերի, համարձակ նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման մեջ ժողովրդական զանգվածին միշտ շրջահայացության կոչող, սթափության կոչնակ հնչեցնող Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է ոչ միայն առաջնորդ, այլեւ անձամբ հնարավոր վտանգի դեմ առաջին տեղում եւ առաջին պատասխանատուն։ Հիշենք թեկուզ 1988-ի նոյեմբերի 7-ին նրա առավել քան հանդուգն ելույթը, նույն ամսվա 24-ին Օպերայի շենքում Շարժման նախաձեռնությամբ հրավիրված Գերագույն խորհրդի նստաշրջանը, 1989-ի դեկտեմբերի 4-ին Գերագույն խորհրդի նստաշրջանում «Հայաստանում արմատական ժողովրդավարական վերափոխումների մասին հռչակագրի» համարձակ դրույթների ներկայացումն ու պաշտպանությունը եւ այլն[3]։ Պակաս վտանգաշատ չէր, այս անգամ բոլորովին այլ առումով, գաղափարական հարցերում առաջամարտիկի դերի ստանձնումը։ Անկախության գաղափարի դեմ պայքարում էր ոչ միայն կոմկուսը։ Նույն բանը Հայաստանում անում էր իրեն «ազգային մտավորականություն» հորջորջող, իրականում՝ կոմունիստական մտավորական նոմենկլատուրան, իսկ Սփյուռքում դաշնակցությունը՝ հակադրելով «պանթուրքիզմի վտանգի» խրտվիլակը եւ հայդատականության «տեսլականները»։ Ի տարբերություն կոմունիստական գաղափարախոսության դեմ պայքարի, այս երկրորդ ճակատը որքան նուրբ, նույնքան վտանգավոր էր։ Կեղծ-քաղաքական, կեղծ-հայրենասիրական, կեղծ-ազգասիրական, բայց մյուս կողմից ավանդաբար փոխանցված ու մարդկանց գիտակցության մեջ ամրացած պատկերացումների ու կարծրատիպերի չարաշահման հիման վրա էր կազմակերպված ,ազգայինի ե այս ամբոխավարությունը։ ̧Դրանով իսկ այն, ինչպես Լեռնային Ղարաբաղի խնդրի, այնպես էլ անկախության գաղափարի ու ծրագրի դեմ շատ ավելի վտանգավոր էր, քան Կենտրոնի ուժային միջամտության սպառնալիքը։ Այն կարող էր ապակողմնորոշել շատերին, ներսից քայքայել Շարժումը, կոտրել նրա ողնաշարը։ Ուստի այս ճակատում Լեւոն Տեր-Պետրոսյանի պայքարն անսեթեւեթ էր, առավել համառ եւ հետեւողական։ Քաղաքական գործիչը նման դեպքերում կարող էր նաեւ շատերի կողմից չհասկացվել, ոչ միայն իր քաղաքական կապիտալից մաս կորցնել, այլեւ ձեռք բերել անձնական հակառակորդներ ու թշնամիներ։ Եւ, իհարկե, ձեռք բերեց՝ ի դեմս կոմունիստական նոմենկլատուրայի, պալատական մտավորականության ու՝ իրենց «ազգային գաղափարախոսության» ծնող ու տերեր համարող կազմակերպությունների։ Ու քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական մանկամտության ու դրա վնասարարության դեմ իր պայքարը շարունակեց անզի ում ու մինչեւ վերջ, ուստի եւ առաջին հերթին հենց նրա նկատմամբ ձեւավորվեց այդ թշնամանքը:
Բնական ընտրությամբ
«Ղարաբաղ» կոմիտեն, ինչպես ասվեց, ձեւական առումով չուներ ղեկավար։ Առավել եւս որեւէ մեկը երբեք չհավակնեց իրեն Շարժման առաջնորդի կամ ղեկավարի դեր վերագրել։ Սակայն, ինչպես բնության մեջ ամենուր, չէր կարող տեղի չունենալ բնական ընտրություն՝ բոլոր կարգի ընտրությունների մեջ ամենահավաստին, ամենաօրինականն ու ամենաանկողմնակալը։ Իսկ այդպիսի ընտրության հիմքում ընկած է լինում բերած իրական նպաստի, ունեցած իրական արժանիքների եւ դրսեւորած իրական կարողությունների՝ յուրաքանչյուրի կողմից տրված անաչառ գնահատականը։ Ըստ այսմ՝ Շարժման բազմահազար մասնակիցների ընկալումներում Կոմիտեի անդամների մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանի դերն ու կարգավիճակը հետեւողականորեն առանձնանում էր։ Դա անմիջապես նկատել է նաեւ դրսի չեզոք հայացքը. «Ղարաբաղ» կոմիտեն, բաղկացած լինելով 11 անդամներից… ձգտում է կազմավորվել որպես հստակ քաղաքական նպատակներ ունեցող շարժում։ Խոսքը կոլեկտիվ ղեկավարության մասին է, թեպետ ներկայումս Կոմիտեում իշխում է Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնավորությունը, որի հավասարակշռությունը, իրատեսությունը եւ օժտվածությունը նրան դարձնում են Օպերայի հրապարակի հանրության նախընտրելի հռետորը»[4]։
Թող տարօրինակ չհնչի, սակայն Շարժման ղեկավարի բնական ընտրությունն առաջինը կատարել էր հակառակորդների ճամբարը։ Եւ յուրատեսակ այդ ընտրությանն անհնար է կասկածել աչառության ու կողմնակալության մեջ։ Որպես հիմնական թիրախ ընտրվեց Շարժման ղեկավարներից իրենց համար ամենավտանգավորը՝ դրանով իսկ արձանագրելով Շարժման դե-ֆակտո առաջնորդի նրա կարգավիճակը։ Կոմիտեի ձերբակալված անդամներից ամենածանր հոդվածները նախատեսված էին Լեւոն Տեր-Պետրոսյանի համար։ Ասել է թե՝ կենտրոնական իշխանությունները նրա մեջ էին տեսնում ամենամեծ վտանգը։ 1988 թ. ամռանից ի վեր, իսկ ավելի հաճա խակի՝ ընտրությունների նախորդ ամիսներին, Լեւոն Տեր-Պետրոսյանն էր Հայաստանում՝ կոմունիստական մամուլի եւ «ազգային մտավորականության» , Սփյուռքում՝ դաշնակցական մամուլի քննադատության առաջին, եթե ոչ միակ թիրախը։ Սա նույնպես հասկանալի էր, քանզի, ինչպես ասացինք, հիմնականում նրա ուսերին էր գաղափարական պայքարի ծանրությունը թե՛ առաջին, թե՛ երկրորդ ուղղությամբ։ Այդ ,ընտրությունը ե վկայող անհերքելի մի փաստարկ ներկայացվեց 1990-ի մայիսի 19-ին՝ ԳԽ-ի ընտրության նախորդ օրը. իշխանությունը հրապարակ հանեց ծանր հրետանին՝ վնասազերծելու իր համար երկու ամենամեծ վտանգները։ Հրապարակվեց երկու ընդարձակ հոդված՝ Լենդրուշ Խուրշուդյանը՝ ընդդեմ ՀՀՇ-ի, եւ Սիլվա Կապուտիկյանը՝ ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այսինքն՝ ընդդեմ Շարժման ու նրա իրական ղեկավարի։ Օրն էլ պատահական չէր ընտրված. հաջորդ օրը՝ մայիսի 20-ին անհնար էր այդ հարձակումներին պատասխանել. քվեարկության օրը քարոզչությունն օրենքով արգելված էր[5]։
Սակայն ոչինչ չօգնեց։ Բնական իր ընտրությունը վաղուց կատարել էր նաեւ ժողովուրդը։ Չնայած կոմունիստական իշխանության, նրա սպասարկուների եւ ,ազգային մտավորականության ե գործադրած համառ ջանքերին, Շարժումն ընտրություններում հաղթեց եւ խորհրդարանում հարաբերական մեծամասնություն ստացավ։
Հաղթանակը վերջնական կլիներ, եթե Շարժման ներկայացուցիչն ընտրվեր Գերագույն խորհրդի նախագահ։ Շարժումը, «Ղարաբաղ» կոմիտեն կանգնած էին դե-ֆակտո առաջնորդին դե-յուրե «բացահայտելու» անհրաժեշտության առջեւ։ Թեկնածության առաջադրման նախօրյակին բազմամարդ հանրահավաքն սպասում էր այդ հարցով «Ղարաբաղ» կոմիտեի ու ՀՀՇ վարչության որոշմանը։ Ճիշտ այնպես, ինչպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամները համարում էին, որ այդ հարցը լուծում են իրենք՝ քվեարկությամբ, նույն կերպ, նույն պահին նրանց որոշմանն սպասող հարյուրհազարանոց հանրահավաքի յուրաքանչյուր մասնակից նույն զգացումն ուներ ինքն իր մեջ։ Մինչ ձայն ստացած բանախոսը կմոտենար խոսափողին՝ հայտարարելու Կոմիտեի որոշումը, հանրահավաքը կանխեց նրան՝ միաբերան, հաստատակամ ու անվերապահ հայտնելով իր կատարած ընտրությունը՝ «ԼԵ՛-ՒՈ՛Ն» վանկարկմամբ։ Ու եթե Կոմիտեի կողմից ընդունված լիներ այլ որոշում, եւ հրապարակվեր այլ անուն, առաջին անգամը կլիներ երկուսուկես տարվա մեջ, երբ ,հարթակը ե եւ ժողովուրդը միմյանց չէին հասկանա։ Եւ չէր օգնի ոչ մի բացատրություն, ոչ մի ելույթ, ոչ մի հեղինակություն, ոչ մի հիմնավորում։ Սակայն դա տեղի չունեցավ. Կոմիտեն եւ ՀՀՇ վարչությունը նույնպես արձանագրել էին փաստական իրողությունը եւ որոշել նրա թեկնածությունը։
Առաջին դժվարին քննությունը
Հաղթանակը եւ իշխանության ստանձնումը դյուրություններ չէր բերելու։ Այն նախ բազմակի դժվարացնելու էր եղած խնդիրները, ավելացնելու էր նորերը, մեծացնելու էր պատասխանատվությունը։ Իշխանությունը կորցրած ուժը, չհաշտվելով կատարված փաստի հետ, երկրորդ գծում պայքարի նոր ձեւեր ու մեթոդներ էր մշակում, դեռեւս իր ձեռքում գտնվող իշխանության միջին եւ ստորին օղակներում դիմում նենգադուլի։ Անկախության դեմ պայքարող մյուս ուժերը, փոքր-ինչ փոխելով իրենց կարգախոսները, այնուամենայնիվ շարունակում էին բացահայտ պայքարել ԽՍՀՄ կազմում մնալու համար։ Այդ նպատակով էլ նրանք նոր իշխանությանը, եւ առաջին հերթին նրա ղեկավարին, օր առաջ վարկաբեկելու, նրանց քայլերը խոչընդոտելու խնդիր էին դրել՝ դրա համար խտրություն չդնելով բնագավառների եւ միջոցների մեջ։ Մյուս կողմից էլ, ՀՀՇ-ի օգնությամբ խորհրդարան մտած մի քանի մանր կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրենց ինքնահաստատման խնդիրը լուծելու եւ դիմագիծ ձեռք բերելու համար, ,արմատական ե լուծումներ էին պահանջում ինչպես անկախության հռչակման, այնպես էլ Ղարաբաղի հարցերում։ Երկու դեպքերում էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը զիջումներ չարեց։ Զիջումներ չարեց ո՛չ ԽՍՀՄ կազմում մնալու ջատագովներին, ո՛չ էլ նրանց, ովքեր, «հայրենասիրական» ցուցադրանքին տրված, պահանջում էին դուրս գալ քաղաքական եւ օրինական լուծումների անխոցելի ճանապարհից, օր առաջ անկախություն հռչակել՝ հաշվի չառնելով իրավիճակը եւ խորհրդային ու միջազգային օրենքները։ Դեռեւս կենդանի ԽՍՀՄ-ի հանրապետություններից մեկի ղեկավարի՝ Գերագույն խորհրդի նախագահի համար, թերեւս, ամենապատասխանատու բնագավառը հարաբերություններն էին խորհրդային Կենտրոնի հետ։ Անկախության ձգտումներին հակազդելու համար Մոսկվան ավելի ուժեղացրեց իր տնտեսական եւ ուժային լծակներով իրականացվող ճնշումները։ Դրանց մի մասը քաղաքական ճանապարհով հնարավոր եղավ հաջողությամբ չեզոքացնել կամ շրջանցել։ Մի կողմից՝ հաշվարկված վճռական ու կոշտ դիրքորոշման, մյուս կողմից՝ Կենտրոնի հետ բանակցությունների շնորհիվ հնարավոր եղավ կանխել ԽՍՀՄ պրեզիդենտի՝ «ապօրինի զինված կազմավորումների զինաթափման» մասին հրամանագրի կատարումը Հայաստանում։ Կարճ ժամանակում խնդիրը լուծվեց սեփական միջոցներով՝ Հայաստանի նոր իշխանությանը չենթարկվող զինված կազմավորումների գործունեության կասեցմամբ։ Դրանով լուծվեց ինչպես խորհրդային զորքերի օկուպացիայից խուսափելու, այնպես էլ հանրապետությունը քաղաքացիական պատերազմի ակնհայտ վտանգից ընդմիշտ հեռու պահելու խնդիրը։
Հավատարիմ մնալով քաղաքական առումով անխոցելի ճանապարհով անկախության ձեռքբերման իր որդեգրած ուղուն, Հայաստանը չմասնակցեց 1991 թ. մարտի 27-ին կազմակերպված ԽՍՀՄ հանրաքվեին եւ նշանակեց իր՝ Անկախության հանրաքվեն։ Կենտրոնը եւ Ադրբեջանը բացահայտ ագրեսիայի դիմեցին՝ հստակ (եւ փաստաթղթերով ապացուցված) նպատակ ունենալով բռնի տեղահանել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։ 1991 թ. ապրիլի վերջին սկսված «Կոլցո» լայնածավալ ռազմական գործողության հետեւանքով կորսվեցին ԼՂԻՄ -ին սահմանակից հայկական Գետաշեն ու Մարտունաշեն գյուղերը, գյուղեր դատարկվեցին նաեւ Լեռնային Ղարաբաղում, եղան տասնյակ մարդկային զոհեր։ Գործադրելով ինքնապաշտպանական բոլոր միջոցառումները, բայց նաեւ առաջին տեղում դնելով ակտիվ եւ եռանդուն քաղաքական պայքարը եւ դիվանագիտական աշխատանքը, հնարավոր եղավ լուծել երկու անլուծելի թվացող խնդիր. Խուսափել Կենտրոնի հետ բացահայտ առճակատումից, ինչպես նաեւ՝ կանխել Լեռնային Ղարաբաղի բնակչության տեղահանման նրա ծրագիրը։ Կորսված տարածքների մեծ մասը հետագայում հետ բերվեց։
Քաղաքականապես գրագետ քայլերի եւ վճռականության շնորհիվ Մոսկվայի հետ հարաբերությունները հետեւողականորեն որակական փոփոխություններ էին կրում եւ վերաճում գործընկերայինի։ Տպավորիչ ու արդյունավետ էր Հայաստանի նոր ղեկավարի քայլը 1991 թ. սկզբին՝ Մերձբալթյան հանրապետությունների համար ծանր օրերին. նրա նախաձեռնած միջնորդական առաքելությունը կանխեց խորհրդային բանակի կողմից սկսված արյունահեղության հետագա խորացումը Լիտվայում եւ ցույց տվեց Կենտրոնի դեմ անկախական հանրապետությունների միասնական ճակատ կազմելու արդյունավետությունը։
Ինքնիշխանության եւ ժողովրդավարական չափանիշների հաստատման, տնտեսությունը ազատ շուկայական հարաբերությունների հիմքի վրա տեղափոխելու հետեւողական եւ տպավորիչ քայլերը հնարավորություն էին տալիս նաեւ արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու, միջազգային ասպարեզ դուրս գալու համար։ Լեւոն Տեր- Պետրոսյանի իրականացրած եռանդուն արտաքին քաղաքականությամբ Հայաստանը, որպես պետական ինքնուրույն միավոր, քայլ առ քայլ ընդունվում էր Արեւմուտքի կողմից։ Նա անսխալ էր տեսնում քաղաքական իրավիճակների անատոմիան, գործընթացների էությունն ու ուղղությունը։ Աշխարհաքաղաքական զարգացումները ճշգրիտ կռահելու եւ կառուցողական դիրքերից դրանց նպաստելու առավելագույն ջանքեր գործադրելու շնորհիվ Հայաստանի ղեկավարի քաղաքական կշիռն ու հեղինակությունը աճում էր նաեւ միջազգային ասպարեզում։ Առաջինն արժանանալով բարձր մակարդակի ընդունելությունների՝ տեւական մի շրջան Հայաստանի ղեկավարը միջազգային ասպարեզում, ըստ էության, հանդես էր գալիս որպես անկախության ուղին բռնած հանրապետությունների պատվիրակ։ 1990-91թթ. ԱՄՆ-ի Նախագահ Ջորջ Բուշի եւ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Միտերանի, տարբեր երկրների ղեկավարների ու դեսպանների հետ հանդիպումների ժամանակ նա հետեւողականորեն փորձում էր համոզել, որ ԽՍՀՄ-ը դատապարտված է, եւ Արեւմուտքը պետք է անմիջական գործընկերային հարաբերություններ սկսի հաստատել անկախության ուղին բռնած հանրապետությունների հետ։ Արեւմտյան երկրների ղեկավարները երկար ժամանակ տատանվում, դիմադրում էին, մինչեւ որ, արդեն ակնհայտ իրողությունների դեմ հանդիման, հենց այդպես էլ անում էին։
Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումը ճշգրիտ էր նաեւ ԽՍՀՄ անվտանգ փլուզման ձեւի հարցում։ Այս դեպքում այն ոչ թե կանխատեսում, այլ ծրագիր էր, այն միակ բանական ուղու մատնանշումը, որով կայսրության փլուզումը կարելի էր դարձնել քաղաքակիրթ, ԽՍՀՄ ժողովուրդների ու աշխարհի համար առավելագույնս անվտանգ: Նա այդ ծրագիրը ներկայացրեց համապատասխան իրադարձություններից դեռ մոտ մեկ տարի առաջ՝ անգամ նշելով փոխարինող միավորի անվանումը. «…Խորհրդային Միության ապագան մենք պատկերացնում ենք հետեւյալ կերպ. միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող անկախ պետությունների համագործակցություն (ընդգծումը իմն է-Ա.Ս.), որտեղ բացառվում է միութենական կառավարության, ընդհանուր Սահմանադրության եւ միասնական օրենսդրության գոյությունը» (տե՛ս էջ 175):Մեկ տարի անց ստեղծված միավորումը էությամբ հենց այդպիսին էր, եւ հենց այդպես էլ անվանակոչվեց՝ Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ):
Հոկտեմբերի 16-ի ընտրությունը կանխորոշված էր
Էջ:Ընտրանի.djvu/680
այն պայմանների եռապատիկը, որոնք այլ հանրապետությունների ոչ կոմունիստական իշխանությունների տապալման համար բավարար հիմք հանդիսացան։ Եւ ահա, ընդդիմության համար այս ամենանպաստավոր թվացող պահին՝ ԳԽ-ում Լեւոն Տեր- Պետրոսյանի նկատմամբ անվստահության հարց հարուցվեց։ Անվստահություն հայտնելուն 260 պատգամավորից գաղտնի քվեարկությամբ կողմ քվեարկեց ընդամենը… երեքը։ Այսինքն՝ չնայած «օբյեկտիվ պայմաններին» , նրա անհաշտ ընդդիմության հետեւողական պայքարին, մամուլում ու խորհրդարանում հնչող սուր քննադատական ելույթներին ու մեղադրանքներին, իրականում նրա նկատմամբ վստահությունն աճում էր նաեւ քաղաքական մարմնում՝ Գերագույն խորհրդում, նույնիսկ նրա քննադատների շրջանում։ Եւ դա էր նրա վարած իրատեսական քաղաքական կուրսի իրական գնահատականը։ Նույնն էր նաեւ ժողովրդի գնահատականը. սեպտեմբերի 21-ին իրականացված անկախության հանրաքվեի արդյունքներն արդեն իսկ դրա լավագույն ապացույցն էին՝ նրա քաղաքականությանը տված միաձայն վստահության քվե, իսկ հոկտեմբերի 16-ի նախագահական ընտրությունն այդ փաստն արձանագրեց ուղղակի, բացահայտ եւ անվիճելի։
Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց մասնակցել 1991 թվականի նախագահական ընտրարշավին՝ բավարարվելով մեկ հեռուստաելույթով։ Դա արհամարհանք չէր նախագահության մյուս թեկնածուների նկատմամբ, ընդհակառակը՝ յուրատեսակ քաղաքական մեծահոգություն էր։ Դ ա վստահություն էր իր ունեցած վաստակի եւ Շարժման քաղաքական եռամյա դպրոցն անցած ժողովրդի իմաստության նկատմամբ։ Մինչդեռ նրա դեմ ծավալված քարոզչությունը նախընտրական ամիսներին, բնականաբար, բազմապատկվեց, դրա վրա ծախսվեցին հսկայական միջոցներ։ Ընտրարշավին մասնակցող թեկնածուները միմյանց դեմ չէին պայքարում, այլ՝ բոլորը մեկի դեմ, ով նրանց չէր պատասխանում։ Այդ քարոզչությունն իրականացնում էր ԱԻՄ-ը, որի թեկնածուն էր Պարույր Հայրիկյանը, դաշնակցությունը, որի թեկնածուն էր հայտնի դերասան Սոս Սարգսյանը, Հանրապետական կուսակցությունը, որի թեկնածուն էր Աշոտ Նավասարդյանը, նախկին նոմենկլատուրային մտավորականությունը եւ ղարաբաղցիները՝ որոնց թեկնածուն էր Զորի Բալայանը, Ռաֆայել Ղազարյանը, որ հայտնի չէ, թե ում թեկնածուն էր, սակայն ակնհայտ էր, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամի իր հանգամանքով պետք է ձայներ խլեր իր գործընկերոջից… Վերջին հաշվով՝ որոշակի բացասական մթնոլորտ ստեղծելուն էր նպատակաուղղված նախօրեին Վազգեն Մանուկյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից, նախագահության թեկնածու առաջադրվելը, ապա նաեւ դրանից հրաժարվելը։ Սրան կարելի է ավելացնել իր դիրքն ու արտոնությունները կորցրած ողջ նախկին իշխանական նոմենկլատուրան եւ այլն։ Այսինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ միասնական ճակատ էին կազմել հնարավոր բոլոր ուժերը եւ գործադրում էին իրենց հասու հնարավոր բոլոր միջոցները։
Եւ այդուամենայնիվ, նա հավաքեց ավելի քան 83% ձայն։ Երկրորդ տեղն զբաղեցնող Պ. Հայրիկյանը՝ 7%, Սոս Սարգսյանը (սիրված դերասանի իր համարումով, դաշնակցության «համբավով» եւ վերջինիս տրամադրած՝ այդ տարիների համար հսկայական ֆինանսական ժանդակությամբ հանդերձ) Հայրիկյանին զիջեց երկու անգամ։ Ընտրության արդյունքներն ու օրինականությունը որեւէ կերպ եւ որեւէ մեկի կողմից չվիճարկվեց։ Անգամ Պ. Հայրիկյանը այն յուրօրինակ ձեւով վավերացրեց՝ սեւ դրոշներով կազմակերպած սգո զավեշտական ցույցով։
Ճիշտ չի լինի ասել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ այդ վստահությունը միայն շարժման տարիներից եկած իներցիայի արդյունքն էր։ Ընդհակառակը՝ արդեն շուրջ 14 ամիս նա հանրապետության ղեկավարն էր, հասարակության աչքում՝ կատարված ամեն ինչի պատասխանատուն։ Սա փաստորեն հենց այն միջին ժամանակամիջոցն էր, որ այլ հանրապետություններում բավարար էր եղել նոր իշխանությունների ղեկավարների վարկաբեկման եւ քաղաքական ասպարեզից դուրս մղման համար։ Հայաստանում պատկերը ճիշտ հակառակն էր։ Այդ վստահությունը Լեւոն Տեր-Պետրոսյանը վաստակել էր արդեն ոչ թե որպես համաժողովրդական շարժման առաջնորդ եւ ժողովրդական տրիբուն, այլ որպես երկրի ղեկավար, որպես պետական գործիչ՝ իր ավելի քան մեկ տարվա իրական, գործնական աշխատանքի արդյունքով, որ անհնար էր չնկատել ու չգնահատել։
Պետականության ապահով հիմնարկեք
Իշխանությունը վարող քաղաքական ուժի եւ նրա ղեկավարի գնահատականը պետք է հենվի նրանց գործունեության արդյունքի վրա, ընդ որում՝ հաշվի առնելով նաեւ այն բազան, որը նրանց կողմից ժառանգվել էր։ Ինչպես ասվեց, Հայաստանում առկա էին ԽՍՀՄ փլուզման հետեւանքով առաջացած
բոլոր ընդհանրական բնույթի դժվարությունները, ինչ մյուս հանրապետություններում։ Դրանց գումարվում էր միայն Հայաստանին հատուկ խնդիրների այն խումբը, որն իր ծավալով ոչ միայն կրկնապատկում, այլեւ բազմապատկում էր այդ դժվարությունները՝ տնտեսական խուլ շրջափակում, բռնագաղթվածների հոծ զանգված, երկրաշարժից մեկ երրորդով հիմնահատակ ավերված երկիր, Լեռնային Ղարաբաղի վտանգված վիճակ, հանրապետության սահմանափակ բնական պաշարներ եւ այլն։
Մինչդեռ հետագայում որեւէ մեկի մտքում երբեւէ հարց չառաջացավ. ինչպե՞ս է, որ գտնվելով ելակետային ամենաաննպաստ պայմաններում, փաստորեն բոլոր չափորոշիչներով մի քանի անգամ զիջելով Ադրբեջանին, կարողացանք նրա նկատմամբ հասնել այն առավելությանը, ինչն արձանագրվեց 1994-ի զինադադարով եւ առկա էր մինչեւ 1998-ը։ Այդ ընթացքում կատարեցինք ամենաարմատական ու ամենադժվար վերափոխումները եւ կարողացանք ճանաչվել որպես ժողովրդավարական երկիր։ Ո՞րն է եղել հաջողությունների հասնելու այդ մեխանիզմն ու գրավականը…
Թերեւս դեռ «Ղարաբաղ» կոմիտեի շրջանից ունեցած փորձից օգտվելով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ մեծ տեղ էր տալիս ղեկավարման կոլեգիալության սկզբունքին։ Նա անհրաժեշտ էր համարում մինչեւ որոշում ընդունելը լսել բոլորին, ամեն տեղ՝ Գերագույն խորհրդում, նրա Նախագահությունում, կառավարությունում, Անվտանգության խորհրդում, միջազգային տարբեր վեհաժողովներում Հայաստանը ներկայացնող պետական պատվիրակություններում, Սահմանադրական հանձնաժողովում, ՀՀՇ վարչությունում։ Կարեւորագույն հարցերը քննարկվում էին անբռնազբոս, երկարատեւ, համբերատար, բոլոր մանրամասներով։ Քննարկման մասնակից էր դարձվում խնդրին տեղյակ եւ առնչվող ամեն ոք։ Ամեն մեկն ուներ ազատ արտահայտվելու ոչ միայն հնարավորություն, այլեւ պարտավորություն։ Գիտնականից, հետազոտողից քաղաքական գործչին անցած լայնախոհությունը, մանրուքներով չտարվելու, գլխավորը երկրորդականից զատելու ունակությունը օգնում էր գտնելու հարցերի լուծման առավել ճիշտ տարբերակը։ Հաճախ այն կարող էր չհամընկնել հայտնված կարծիքներից եւ առաջարկված լուծումներից եւ ոչ մեկին, սակայն, որպես կանոն, ամենապարզն էր եւ համոզում էր բոլորին։ Այս աշխատաոճի մաս էր կազմում նաեւ պետության բոլոր կառույցների եւ պաշտոնյաների համար օրենսդրությամբ նախատեսված իրավունքների եւ իրավասությունների իրակա նացման հնարավորության ապահովումը։ Նախագահը երբեք իրեն թույլ չտվեց մտնել այլ օղակների իրավասությունների ոլորտը, զբաղվել մանր հարցերով։
Սակայն սա պայմանների միայն մի մասն էր՝ խնդիրների արդյունավետ լուծումներն ապահովելու համար։ Կարեւորագույն հանգամանք էր քաղաքական թիմի որակը, որի կորիզն առանցքային պաշտոններ էր ստանձնել։ Պետականության կառուցման կարեւորագույն բնագավառները ղեկավարող պաշտոնյաներն ունեին անհրաժեշտ ունակություններ, նրանք լիակատար կարողանում էին օգտվել օրենքով նախատեսված իրենց բոլոր իրավասություններից, ըստ այդմ էլ՝ ունեին նաեւ քաղաքական պատասխանատվություն, ինչը ապահովում էր աշխատանքի արդյունավետությունը եւ ընդհանուր ներդաշնակությունը։ Նկատի ունենք մասնավորապես օրենսդիր մարմինը, կառավարությունը, պաշտպանությունը եւ ներքին գործերը։ Այս հիմնասյուների վրա էր առաջին հերթին հենվում ու կառուցվում պետությունը։
Առաջին Գերագույն խորհուրդը շեշտված յուրահատկություններ ուներ։ Յուրահատկություններից մեկը՝ պարզապես երբեւէ օրենսդիր մարմնի նախադեպը չունենալը, օրենսդրական աշխատանքի ավանդույթի իսպառ բացակայությունն էր։ Կոմունիստական շրջանի նույնանուն մարմինն իր ե՛ւ կազմով (մասամբ՝ կուսակցական նոմենկլատուրա, մասամբ՝ կթվորներ, հովիվներ, բանվորներ), ե՛ւ աշխատանքի մեթոդներով (միաձայն դակում էր կուսակցական մարմիններում գրված օրենքները եւ որոշումները) շատ հեռու էր եղել իրական օրենսդիր մարմին լինելուց եւ չէր կարող այդօրինակ դրական որեւէ ավանդույթ փոխանցել։ Գեթ սկզբնական շրջանում պատգամավորների մեծագույն մասը հեռու էր ոչ միայն օրենսդրական աշխատանքը պատկերացնելուց, այլեւ իրենց իրավունքներն ու պարտականությունները ճանաչելուց։ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանից տիտանական համբերությունից սկսած մինչեւ մանկավարժական հմտություններ ու նրբանկատություն էր պահանջվում այս, ըստ էության ամենադժվարին օղակը ղեկավարելու, այն իր գործառույթին բերելու, բնական, նաեւ արհեստածին հակասություններն ու հակամարտությունները հարթելու, իշխանության թեւերի միջեւ լիազորությունների համար վտանգավոր պայքարը կանխելու, անհրաժեշտ եւ որակյալ օրենսդրական արտադրանքն ապահովելու համար։
Կառավարությունը, որպես ՀՀՇ-ի քաղաքական ծրագիրն իրականացնող գործադիր մարմին, որոշ խարխափումներից հետո վերջնականապես իր դեմքը գտավ Հրանտ Բագրատյանի օրոք։ Կենսապահովման, ռազմաճա կատի եւ այլ ամենօրյա խնդիրները ըստ հնարավորի լուծելուն զուգահեռ, հասարակական ու տնտեսական կյանքի արմատական վերափոխմանն ուղղված քայլերը, որ դանդաղել էին, նրա օրոք շարունակվեցին նոր թափով։ Ցանկացած բարեփոխում որպես կանոն տվյալ բնագավառում նախ անկում է արձանագրում եւ դրանց դրական արդյունքները երեւում են ավելի ուշ։ Փաստական պատերազմի մեջ գտնվող երկրում սեփականաշնորհման, ազատ շուկայական տնտեսության հարաբերությունների անցման, գների ազատականացման եւ մյուս արմատական վերափոխումների դրական արդյունքների այդ ուշացումն ավելի տեւական պետք է լիներ։ Եւ այնուամենայնիվ, ռազմավարական խնդիրները լուծելու համար կառավարությունը երբեք չխորշեց գնալ ոչ պոպուլիստական քայլերի։
Պաշտպանության եւ բանակի կազմավորման խնդիրը դրված էր Վազգեն Սարգսյանի վրա։ Նախորդ տարիներին ինքնապաշտպանական ջոկատների զանգվածային առաջացումը մի կողմից, թվում էր, դրական նախադրյալ էր ստեղծել խնդրի լուծման համար, մյուս կողմից սակայն ավելի մեծ խնդիրներ առաջացրել։ Ֆիդայականության, ավելի հաճախ՝ կեղծ-ֆիդայականության որոշակի հատկանիշներ որդեգրած այդ ջոկատներից եւ զորակոչով հավաքած նորակոչիկներից կանոնավոր բանակ ստեղծելը պարզագույն խնդիրներից չէր։ Մանավանդ, որ դրա հետ միասին շարունակվում էին պատերազմական գործողությունները Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում։
Կենսականորեն անհրաժեշտ էր ապահովել հասարակական կարգը եւ օրինականությունը։ Կոմունիստական իշխանության մայրամուտին, ոչ առանց հեռահար հաշվարկի, բազմաքանակ զենք էր անցել տարբեր մարդկանց, այդ թվում նաեւ հանցագործ տարրերի ձեռքը։ Ոմանց համար «ֆիդայությունը» դարձել էր արհեստ ու զբաղմունք՝ Երեւանի փողոցներում եւ հանրապետության ճանապարհներին։ Բացահայտ կողոպուտը դարձել էր այդ խմբերից շատերի հիմնական գործը։ Գիշերները, երբեմն նաեւ ցերեկները, քաղաքի փողոցներում ու արվարձաններում կրակոցներ էին հնչում։ Լինում էին նաեւ մարդկային զոհեր։Կրիմինալը սպառնում էր դառնալ երկրի փաստական տերը։ Ոստիկանությունը, Շարժման տարիներից ի վեր բարոյալքված, անհուսալիորեն անզոր էր թվում հասարակական կարգի պահպանության իր գործառույթն իրականացնելու համար։ Վանո Սիրադեղյանի համառ ջանքերի եւ կտրուկ միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում իրավիճակը կարգավորվեց։ Կար նաեւ հինգերորդ, կարեւորագույն տարրը՝ յուրատեսակ կվինտ-էսենցիան, որ հիմք ու ընդհանուր հայտարար էր բոլորի համար եւ անկախ Հայաստանի առաջին իշխանության երկարակեցության նախապայմաններից մեկը. ի դեմս Հայոց համազգային շարժման՝ Հայաստանի իշխանությունն ուներ հզոր եւ ապահով քաղաքական հենարան։ ԽՍՀՄ (նաեւ Արեւելյան Եւրոպայի) մասշտաբով ամենատեւական, ամենազանգվածային, ամենաարմատական ու ամենակազմակերպված ժողովրդավարական շարժման կազմակերպական կառույցն իր մեջ հսկայական ներուժ էր պարունակում։ Նրանում առարկայացած էին ժողովրդավարական շարժման բոլոր դրական հատկանիշները՝ անաչառություն, անկաշկանդություն, հրապարակայնության ու քննադատության բացարձակ ազատություն։ Մյուս կողմից՝ այն պահպանել ու բյուրեղացրել էր Շարժման՝ ժողովրդավարական, ազատական գաղափարները, սեփական ուժերին ապավինելու, իրատեսության եւ կարեւոր այլ քաղաքական սկզբունքները, որդեգրել պետականության առողջ հիմնադրույթներ, որպես կազմակերպված ուժ ձեռք բերել հստակ քաղաքական բնութագիր։ Դա ապահովեց, որ նրա իշխանությունը լինի բնույթով քաղաքական, հստակ քաղաքական անվամբ ու պատասխանատվության հասցեատերով[6]։ Նույն՝ քաղաքական հատկանիշ ունենալու շնորհիվ էր, որ ՀՀՇ-ն մի կողմից՝ կարողացավ չտրվել կուսակցապետություն ստեղծելու գայթակղությանը, մյուս կողմից՝ միշտ մնաց որպես իշխանության ամենաբծախնդիր վերահսկող, զսպաշապիկ, ըստ էության՝ կառուցողական ընդդիմության դեր ստանձնելով։ Իշխանության տարբեր մարմիններ ու ներկայացուցիչներ ոչ մի ընդդիմության կողմից այնպիսի ազատ, սուր ու հիմնավոր քննադատության չէին ենթարկվում, որքան ՀՀՇ վարչությունում, տեղական կազմակերպություններում, համագումարներում, «Հայք» թերթում։
Այս գլխավոր սյուների եւ քաղաքական պատվանդանի վրա էին խարսխված պետության հիմքերը եւ կառույցը։ Այս օղակների աշխատանքը եւ ջանքերը արդյունավետ էին, միմյանց հետ չէին բախվում, միմյանց չէին խանգարում, քանի որ ագուցվում, համակարգվում, ներդաշնակվում էին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռքով։ Նորանկախ պետությունների ներքին անցուդարձին ուշի-ուշով հետեւող միջազգային կազմակերպությունները բարձր էին գնահատում Հայաստանում կատարվող կառուցվածքային ու տնտեսական բարեփոխումները, ժողովրդավարացման գործընթացները։ Հայաստանը տարածաշրջանում նույն Արեւմուտքի կողմից գնահատվում էր որպես «ժողովրդավարության կղզի»:
Էներգետիկ բնագավառում կատարված արմատական բարեփոխումների շնորհիվ, արդեն 1996 թվականից՝ ռազմական լայնածավալ բախման սառեցումից կարճ ժամանակ անց, հնարավոր եղավ ապահովել շուրջօրյա էլեկտրամատակարարում (ինչին առ այսօր շատերը, օրինակ՝ հարեւան Վրաստանը, դեռ չեն հասել)։ Որպես տնտեսական աշխուժացման եւ ապագայի հեռանկարի ապացույց վկայում էր այն փաստը, որ սկսեցին արագորեն աճել անշարժ գույքի գները։ Արտագաղթի տեմպերը դանդաղեցին, իսկ 1996–97 թթ. վերադարձողների թիվն արդեն գերազանցում էր արտագաղթողների թվին։ Վերջնական խաղաղության հաստատումը այս եւ մյուս դրական գործընթացները դարձնելու էր անշրջելի։
Լեռնային Ղարաբաղի հարցում
Տարածված թյուր պատկերացում կա, թե Նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման 1997թ. աշնանը պաշտպանած ծրագիրն անակնկալ էր, ուստիեւ նրա քաղաքական թիմի մի քանի առանցքային անդամներ ընդդիմացան եւ ընդվզեցին։
Իրականությունը ճիշտ հակառակն է, տրամագծորե՛ն հակառակը։ Անակնկալը, ոչ թե հակամարտությունը կարգավորելու՝ Հանրապետության Հիմնադիր-նախագահի ծրագիրն ու այն իրականացնելու վճռականությունն էր, այլ նրա քաղաքական թիմի այդ մի քանի անդամների անսպասելի ընդդիմացումն ու դրսեւորած վարքագիծը։
Լեռնային Ղարաբաղի հարցը միշտ եղել էր Նախագահի առաջին եւ ամենակարեւոր խնդիրը։ Սակայն ռազմական առճակատումից ու պատերազմից ուսափելու եւ խնդիրը փոխզիջումների հիման վրա քաղաքական ճանապարհով օր առաջ կարգավորելու իրական ձգտումն է հենց այն կենտրոնական առանցքային գիծը, որ նրա իշխանության ողջ ընթացքում՝ սկզբից մինչեւ վերջ, անընդհատ եւ բոլորի համար տեսանելի անցնում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության միջով։ Դա կարելի է ցույց տալ տաս նյակ ու հարյուրավոր ապացույցներով, սակայն բավարարվենք մի քանի օրինակով, եւ համոզիչ լինելու համար դիմենք վկայակոչումների։
Արդեն 1990 թ. սեպտեմբերին, հանրապետության ղեկավարի պարտականություններն ստանձնելուց ընդամենը մեկ ամիս անց, Լեւոն Տեր-Պետրոսյանն արձանագրում էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար կարող է լինել երկու հնարավոր ռազմավարություն՝ առճակատման եւ փոխզիջումների։ Նա չէր ժխտում, որ մինչ այդ առճակատման ռազմավարությունը լուրջ հաջողությունների հանգեցրել է, սակայն համարում էր, որ նոր իրողությունների պայմաններում այն այլեւս իրեն սպառել է, որ նույն կերպ շարունակելն այլեւս նոր արդյունքներ չի բերի։ Եւ առաջարկում էր փորձարկել երկրորդ՝ դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու ճանապարհը. «Առճակատման փուլին, երբ կողմերը տեսնում են, որ այն հանգեցնում է ճգնաժամի, բոլոր նմանատիպ հակամարտությունների դեպքում, հետեւում է մի նոր ռազմավարություն՝ համաձայնության եզրերի որոնում։ Դա միանգամայն բնական է քաղաքականության մեջ» (տե՛ս էջ 137)։Եւ համոզված առաջարկում էր որոշակի ծրագիր ու քայլեր։ Խոսքն, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի խնդրից նահանջելուն չէր վերաբերում, այլ նրա լուծման նոր մեթոդներ եւ նոր ուղիներ փնտրելուն։ Նա համարում էր, որ դա է ճիշտ ու հեռանկարային ճանապարհը։ Իսկ խնդիրը մնում էր նույնը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության՝ իր հողում խաղաղ ու անվտանգ ապրելու ու ազատ զարգանալու հնարավորության եւ երաշխիքների ապահովումը. «Մեզ համար այսօր ամենակարեւորն այն է, որպեսզի կարողանանք ապահովել արցախահայության գոյությունն Արցախում» (տե՛ս էջ 121)։
1992 թվականին, երբ դեռ անհայտ էր, թե ընթացող պատերազմում ո՞ւմ կուղեկցեն վերջնական հաջողությունները, Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն հրապարակավ շարունակում էր պաշտպանել փոխզիջումների հիման վրա խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման սկզբունքը, այլեւ արդեն վերջնական եզրակացության էր եկել դրա իրականացման մեթոդաբանության հարցում, համարելով, որ դա հնարավոր է փուլային տարբերակով. «Դուք գիտեք, աշխարհում նմանատիպ բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ բանակցությունները նույնիսկ տասնյակ տարիներ են տեւում։ Գլխավորն այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումն է եւ Լեռնային Ղարաբաղի՝ որպես տնտեսական-քաղաքական միավորի, նորմալ կենսագործունեությունը։ Եթե սրանք ապահովվեն, մնացած հարցերը, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, պետք է դառնա բանակցությունների առարկա» (տե՛ս էջ 320)։ Նա նույն կարծիքին ու համոզմանն էր նաեւ 1995-ին, երբ զինադադար էր կնքվել հայկական կողմի համար բացառիկ նպաստավոր իրավիճակում. «Ղարաբաղյան հակամարտության քայլ առ քայլ կարգավորման մեթոդոլոգիան, որն սկսեց ձեւավորվել դեռեւս 1992 թվականից եւ այսօր խստորեն կիրառվում է անխտիր բոլոր խաղաղարար ծրագրերում։ Այս մեթոդոլոգիան ենթադրում է խնդրի կարգավորման երկու աստիճան. առաջինը՝ զինադադարի կայացման, կայուն խաղաղության հաստատման, Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման, գրավված տարածքների ազատման եւ շրջափակումների վերացման փուլն է, իսկ երկրորդը՝ քաղաքական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման փուլը, որը, ինչպես արդեն նշվեց, վերաբերում է Մինսկի կոնֆերանսի հիմնական իրավասությանը։ Նման մեթոդոլոգիայի որդեգրման կարեւորությունը, կարծում եմ, ինքնըստինքյան ակնհայտ է, քանի որ եթե փորձ արվեր միանգամից լուծել բոլոր հարցերը, ապա, նկատի ունենալով Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ կողմերի դրսեւորած բնական մաքսիմալիզմը, խաղաղության գործընթացը մեկընդմիշտ վիժեցված կարելի էր համարել» (տե՛ս էջ 460)։
Ընթերցողի համար ամենեւին դժվար չէ նկատել, որ հայտնի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածի հիմնական կոնցեպցիան, որ, իբր, անակնկալի բերեց շատերին, երբեմն ընդհուպ բառացի, համընկնում է բերված քաղվածքներին. «Ղարաբաղի հարցի լուծման միակ տարբերակը փոխզիջումն է, որը նշանակում է ոչ թե մի կողմի հաղթանակ եւ մյուսի պարտություն, այլ հակամարտության հագեցման վիճակում ձեռքբերված հնարավոր համաձայնություն» (տե՛ս էջ 627–628)։ Եւ եթե 1990 թվականից ի վեր հնարավոր չեղավ իրականացնել փոխզիջումների հիման վրա խնդրի խաղաղ, քաղաքական կարգավորումը, եւ առճակատումը շարունակվեց, ապա՝ միայն Ադրբեջանի չկամության, անիրատեսության, քաղաքական սխալ հաշվարկների, ռազմական ճանապարհին նախապատվություն տալու պատճառով։ Լեւոն Տեր-Պետրոսյանը սկզբից եւեթ չէր բացառում նաեւ այսպիսի ընթացքը, սակայն ոչ թե որպես խնդիրը լուծելու, այլ՝ հակառակ կողմին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու միջոց։
Չմտնելով հայտնի դեպքերի մանրամասների մեջ, արձանագրենք, որ զինական հաջողություններից հետո, 1994 թ. գարնանը ազատագրված էր ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ նրա շուրջն ստեղծված էր ապահով ու լայնաշերտ ցամաքային անվտանգության գոտի։ Ռազմաճակատի գիծն անցնում էր աշխարհագրական առումով ամենաբարենպաստ դիրքերով։ Հայաստանի հետ ցամաքային կապը ոչ թե մի միջանցք էր, այլ ձգվում էր ողջ արեւմտյան սահմանով՝ մինչեւ Արաքսի ափը։ Այս ընթացքում Հայաստանի նկատմամբ միջազգային որեւէ աննպաստ փաստաթուղթ, ըստ էության, չէր արձանագրվել։ Ղարաբաղը ձեռք էր բերել փաստական բացարձակ անկախություն։ Ղարաբաղի հարցը միջազգայնացվել էր, Ղարաբաղը ճանաչվել էր որպես հակամարտության եւ բանակցային լիարժեք կողմ։ Ծանր կորուստներից հետո Ադրբեջանն ստիպված էր համակերպվել հարցը փոխզիջումների հիման վրա խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու հեռանկարի հետ։ Ռազմական ու դիվանագիտության ասպարեզում այս արդյունքները առաջին հերթին պետության ղեկավար, Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար եւ արտաքին քաղաքականության իրականացնող Լեւոն Տեր-Պետրոսյանի վաստակն էր։ Տեւական աշխատանքից հետո, 1997 թ. աշնանը, հնարավոր ամենաբարենպաստ հիմքի վրա արդեն կարելի էր սկսել վերջնական բանակցությունների փուլը։ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար հնարավոր ամենաբարենպաստ այս իրավիճակում ու պայմաններում հնարավոր էր կնքել վերջնական խաղաղ կարգավորման պայմանագիրը։ Եւ դա ապահովելու էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ որպես քաղաքական խնդրի, լուծումը. «Խոսքը վերաբերում է Ղարաբաղը հայկական պահելուն. 3000 տարի այն բնակեցված է եղել հայերով եւ 3000 տարի հետո էլ պետք է բնակեցված լինի այերով։ Իմ ընտրած ուղին ապահովելու է այդ հեռանկարը եւ հնարավորություններ պահպանելու՝ հասնել մեր բաղձալի նպատակին…»: Հանրապետության Հիմնադիր-նախագահը հասնում էր իր այն նպատակին, ինչին անթաքույց ձգտում էր իր իշխանության ողջ ընթացքում։
Ընդդիմության դիմադրությունը հաղթահարելի էր. «Ղարաբաղը ծախելու» նրանց «մեղադրանքն», ըստ էության, արժեզրկվել էր եւ վերածվել խեղկատակության, քանզի հնչել էր ե՛ւ այն ժամանակ, երբ մարզը լիակատար օկուպացված էր խորհրդային բանակի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից, ե՛ւ այն ժամանակ, երբ այն ազատագրվում էր այդ ուժերից, բացվում էր Լաչինի միջանցքը եւ ազատագրվում Շուշին, ե՛ւ այն ժամանակ, երբ Ղարաբաղի շուրջ ստեղծվում էր անվտանգության գոտի։ Հասկանալի է, սակայն, որ իրենց «ազգային» հռչակող ուժերի կողմից այդ վայնասունն առավել պետք է ծավալվեր խնդրի վերջնական խաղաղ կարգավորման փուլում։ Վճռական այս պահին էր, ահա, որ, առավել քան երբեւէ, ամբոխահաճության ու կեղծ արժեքների շահարկման սպասելի ալիքի դեմ անհրաժեշտ էր Լեռնային Ղարաբաղի խնդիրը բարեհաջող լուծման վերջնագծին հասցրած Նախագահի քաղաքական թիմի համախմբումն ու անվերապահ աջակցությունը։ Եւ հենց այս պահին է, որ տեղի ունեցավ անակնկալը. մինչ այդ նրա ծրագրերին քաջատեղյակ, քաղաքական կարեւոր պաշտոններ ստանձնած, նրա քաղաքականությունը պաշտպանող ու դրա իրականացմանը մասնակից, նրա տեսակետների նկատմամբ երբեւէ որեւէ առարկություն, որեւէ բանում ամենաչնչին կասկած չհայտնած, նրա քաղաքականությունն ամենաբարձր գնահատականների արժանացրած համախոհների մի մասը[7] կտրուկ ընդդիմացան՝ ընդհուպ պահանջելով նրա հրաժարականը։ Կրկնենք՝ որեւէ մեկի, առավել եւս նրանց համար որեւէ անակնկալ չկար։ Ի՞նչն էր, ուրեմն, պատճառը. հանկարծակի ծնված համոզո՞ւմը սեփական ավելի բարձր ունակությունների ու կարողությունների հանդեպ, վա՞խը կեղծ արժեքների ու ամբոխահաճության սպասվող ալիքից ու վայնասունից, թե՞ հարմար պահին նույն այդ ալիքի վրա հանկարծ ցատկելով՝ ամբողջ իշխանությանը տիրանալու գայթակղությունը։ Հասկանալի է, որ հարցերը հռետորական են, եւ դժվար է նրանց քայլը բնորոշելու համար ավելի հարմար որակում գտնել, քան դավաճանությունը։ Մեկն այն ամենապարզ դավաճանություններից, որ մեր պատմության մի շարք բախտորոշ դրվագներում ճակատագրական դեր են խաղացել։
Արժանապատիվ իր հրաժարականով Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահը, որպես պետական գործիչ, նպատակ ուներ նախ եւ առաջ դույզն-ինչ չվնասել իր իսկ ձեռքբերումներն ու նվաճումները եւ դրանք ամբողջությամբ ու անխաթար փոխանցել հաջորդ իշխանությանը, ինչպիսին էլ այն լիներ։ Երկրորդ՝ այդ քայլով զգաստության ու սթափության կոչել բոլորին՝ պատրանքներից ազատվելու, իրողությունները ճիշտ տեսնելու ու գնահատելու, գեթ կեսճանապարհին կործանարար ուղուց հետ կանգնելու համար։ Որքան էլ տարօրինակ, սակայն նույն մարդկանց կողմից նրան ուղղված «պարտվողականության» մեղադրանքները, եւ առկա ձեռքբերումների հիմքի վրա շատ ավելի՝ «հաղթողական» վերջնագծի հասնելու հնարավորություն տեսնելը, ըստ էության, այլ բան չէր, քան նրա վաստակի ամենաբարձր քաղաքական գնահատական։ Չէ՞ որ այդ լավագույն դիրքերն ու արդյունքները ձեռք էին բերվել նրա ղեկավարության ներքո։ Լայն զանգվածներին ուղղված էժան քարոզչության մեջ է, որ հաղթանակները սովորաբար չեն անձնավորվում, անձնավորում են պարտությունները։
1998 թվականից ի վեր արմատապես փոխվեց Լեռնային Ղարաբաղի խնդրի փիլիսոփայությունը։ Այն տեղափոխվեց «հայ ավանդական քաղաքական մտքի»՝ պատմական իրավունքի, պահանջատիրության հարթություն, հռչակվեց «Հայ Դատի» մաս, ինչի հետեւանքով հետագա տարիներին արձանագրվեցին հետեւյալ կանխատեսելի կորուստները.
ա) փաստորեն ինքնակամ կորցրեցինք Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտության եւ բանակցային կողմի, դժվարությամբ ձեռք բերված կարգավիճակը (հիմա ապարդյուն փորձում են այն վերականգնել),
բ) Լեռնային Ղարաբաղի խնդիրն ինքնորոշվող սուբյեկտի հարցից միջազգային հանրության համար վերածվեց վիճելի տարածքի պարզունակ հարցի (իսկ դրա լուծման բանալին տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքն է),
գ) Հայաստանին ստիպեցին ստորագրել միջազգային կարեւորագույն փաստաթուղթ՝ Ստամբուլի «Խարտիան», որ ըստ էության նշանակում էր նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում (իսկ դա կարող է կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը Ադրբեջանի կազմում),
դ) անխոհեմաբար, ժամանակ շահելու համար, բանակցությունների սեղանին դրվեց Մեղրիի հարցը (որը հետ վերցնելու համար արդեն ինչ-որ համարժեքով ստիպված պետք է լինենք փոխհատուցել),
ե) Լեռնային Ղարաբաղի շուրջ «տեղական զինված կազմավորումների» կողմից զբաղեցված տարածքները սկսեցին դիտվել որպես «Հայաստանի կողմից» գրավված տարածքներ (եւ դրանով իսկ կորցրեցին բանակցություններում հաղթաթուղթ լինելու իրենց հատկանիշը),
զ) տնտեսական զարգացման տեմպերով եւ ընդհանուր պոտենցիալով էականորեն հետ մնացինք Ադրբեջանից (իսկ հավասարազորությունը կարեւոր փաստարկ էր բանակցություններում),
է) միջազգային զանազան փաստաթղթերում եւ բարձր պաշտոնյաների բառապաշարում Հայաստանի համար սկսեցին օգտագործվել եւ սովորական դառնալ «օկուպանտ» եւ «ագրեսոր» որակումները (իսկ դրանք որոշակի մտայնություն են արտահայտում)։
Իրատեսությունը որպես հաջողությունների հիմնական գրավական
Հայոց պատմության որեւէ շրջանում, եթե իջնելու չլինենք նրա հեռավոր խորքերը, դժվար է առանձնացնել որեւէ տասնամյակ, որը միաժամանակ պարունակի 1988–1998 թթ. Հետեւյալ հատկանիշները. այդքան հարուստ ու հագեցած լինի իրադարձություններով, այդքան համընդգրկուն ու տեւական լինի ժողովրդական զանգվածի մասնակցությունն ու դերակատարությունը քաղաքական գործընթացներում, այդքան արդյունավետ լինի ձեռքբերումների առումով։
Ինչո՞ւմ էր հաջողությունների գաղտնիքը։
Ազգի, ժողովրդի գոյատեւման ու հարատեւման ապահովումը հենվում է երեք հիմնական պայմանների վրա։ Առաջինը միշտ էլ նրա մեջ առկա որոշակի ներուժն է, որն անհրաժեշտության դեպքում ու ճակատագրական պահերին կարող է արթնանալ ու գործի դրվել։ Միշտ չէ, սակայն, որ պատմության ընթացքում առկա է լինում երկրորդ պայմանը՝ հարմար, նպաստավոր իրավիճակներ, երբ այդ ներուժը գործի դնելով կարելի է դրական արդյունքների հասնել։ Այս երկուսն ըստ էության կարելի է համարել նաեւ օբյեկտիվ պայմաններ։ Սակայն դրանք ո՛չ երկուսը միասին, ո՛չ, առավել եւս, դրանցից յուրաքանչյուրն առանձին, բավարար չեն դրական արդյունքների հասնելու համար։ Անհրաժեշտ է երրորդ՝ սուբյեկտիվ պայմանը. հարմար կամ նպաստավոր պահին ազգի ներուժը գործի դնելու, քաղաքական խնդիրներն իրատեսական հաշվարկների վրա ձեւակերպելու ունակ առաջնորդի, ղեկավարող ուժի, իրատես քաղաքական մտքի առկայությունը։ Այս դեպքում է, որ համաժողովրդական ջանքերի գործադրմամբ, նպաստավոր պատմական պահից կարելի է քաղել հնարավոր առավելագույն արդյունքը։ Կարելի է քննարկել, թե մեր պատմության երկար դարերի ընթացքում այս պայմաններից երբ որն է բացակայել։ Սակայն վստահ կարելի է ասել, որ 19-րդ դարի վերջին տասնամյակներից սկսած իսպառ բացակայել է երրորդ պայմանը՝ իրատես քաղաքական միտքը (նշանավոր պատմաբան Լեոն այդ շրջանն անվանում է «քաղաքական ռոմանտիզմի շրջան», որ տվյալ դեպքում չափազանց քնքուշ ու ներողամիտ որակում է)։
Հաջողությունների հասնելու համար այս երեք անհրաժեշտ պայմաններն էին, որ միաժամանակ առկա էին մի ամբողջ տասնամյակ՝ 1988-ից ի վեր, ու այդտե՛ղ պետք է փնտրել հաջողությունների գաղտնիքը։ Այդ պայմաններից նորը եւ կարեւորագույնը, այնուամենայնիվ, երրորդն էր՝ սուբյեկտիվը, իրատես քաղաքական մտքի առկայությունը։ Դրանով էր տարբերվում «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն» Շարժման առաջին երեք ամիսների ղեկավարությունից։ Դրա շնորհիվ էր, որ հնարավոր եղավ ապահովել Շարժման ու պայքարի շարունակականությունը։ Այո՛, իրատես քաղաքական մտքի առկայության պայմանն ապահովելու հատկանիշով է, որ Շարժումը, ապա նրա քաղաքական իշխանությունը հակադրվում էին պատմական անցյալին։ Ուստի եւ դրանում էր, ինչպես ճշգրիտ նկատում է Հանրապետության Նախագահը, առարկայացել նույն այդ տասնամյակի ներքաղաքական գաղափարական պայքարը. «Իսկ դաշնակների հետ մեր գաղափարական տարբերությունն այն էր, որ նոր շարժումը Հայոց պատմության մեջ առաջին անգամ, իրոք, որոշել էր իրատեսորեն նայել իրականությանը. մենք մեզնից ի՞նչ ենք ներկայացնում, ո՞ւմ հետ գործ ունենք, ինչպիսի՞ն են մեր ուժերը եւ ովքե՞ր են մեր հարեւանները» (տե՛ս էջ 299)։
Իրատես քաղաքական մտքի երկարամյա բացակայությունը ու, դրան հակառակ՝ «քաղաքական ռոմանտիզմի» նույնքան երկարամյա գերիշխանությունը, բնականաբար, որոշակիորեն ազդել էին հասարակական պատկերացումների վրա։ Ըստ այդմ՝ քաղաքական գործիչը պետք է միայն ժողովրդի ծանր անցյալից, պատմական իրավունքից ու սեփական հայրենասիրությունից խոսի, հողեր պահանջի, վրեժի, կենաց ու մահվան կռվի, մահապարտ դառնալու կոչ անի։ Եւ ազդել էր այնքան, որ առավելապաշտա կան պարզունակ կարգախոսների կողքին իրատեսություն բառի հիշատակումն անգամ կարող էր նրա կողմից հակազդեցություն առաջացնել, այնքան, որ նույնիսկ Նախագահն է զգուշությամբ խոսում իր այդ հատկանիշի մասին. «Ասածս կարող է, թերեւս, ցինիկ թվալ, սակայն քաղաքական գործչի գլխավոր հատկությունն իրատեսությունն է, նույնիսկ՝ պրագմատիզմը։ Բոլոր հնարավորությունները պետք է ուղղել ժողովրդի ու պետության բարօրությանը։ Իմ իդեալը ժողովրդավարությունն է, համընդհանուր արժեքները, սակայն այսօրվա գլխավոր գործոնը իրական քաղաքականությունն է» (տե՛ս էջ 297)։
Իրատեսական մոտեցումը չի նշանակում չարդարացված զգուշավորություն, ավելորդ անվստահություն ու պարտվողականություն, որի հետեւանքով կարող ես ձեռքից բաց թողնել հնարավոր արդյունքի հասնելու հարմար պահը։ Ճիշտ այնպես, ինչպես ուժերի ու հնարավորությունների գերագնահատումը չի նշանակում հերոսություն ու հայրենասիրություն, երբ կարող ես կորցնել անգամ ունեցածդ։ Իրատեսական մոտեցումը նշանակում է չնախապաշարված ուղեղով մանրակրկիտ քաղաքական հաշվարկ, հնարավորի արվեստի տիրապետում։ Այդ ունակությունն ունենալու ու այդ արվեստին տիրապետելու դեպքում արդեն համարձակությունը լիովին արդարացված է։ Հանրապետության Հիմնադիր-նախագահը տիրապետում էր այդ արվեստին եւ գտնում, որ՝ «քաղաքականությունը ոչ թե խոսք, ոչ թե գաղափար, ոչ թե ծրագիր է, այլ նախ եւ առաջ գործ, այն էլ՝ թույլատրվածի սահմանն անցնելու միտումով» տե՛ս էջ 89,– ընդգծումն իմն է – Ա.Ս.)։ Այսինքն՝ թվացյալ զգուշավորությունն իրականում ժողովրդի առջեւ առաջնորդի, պետական գործչի պատասխանատվության զգացումն է, բայց միաժամանակ նաեւ այն պարտադիր ու ապահով հիմքը, որի վրա կարելի է կատարել նաեւ «թույլատրվածի սահմանն անցնող» համարձակ քայլեր։ Այս երկու, արտաքուստ հակադիր սկզբունքների ներդաշնակեցումը, իրատեսական քաղաքական հաշվարկն էր, որ իրեն լիովին արդարացրեց Շարժման տարիներին. «Մենք եկանք այն եզրակացության, որ կայսրությունը դատապարտված է, եւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանը չմնա նրա փլատակների տակ» (տե՛ս էջ 299)։ Նույնը վստահ կարելի է ասել նաեւ Շարժմանը հաջորդած՝ ժողովրդավարական իշխանության տարիների համար։ Երկու դեպքում էլ անպակաս էին հապաղելու, համարձակության պակասի մեղադրանքները։ Բայց երկու դեպքում էլ անպակաս են շատերի, նաեւ հիշյալ մեղադրանքների հեղինակների, երեւակայությունը գերազանցող՝ «թույլատրվածի սահմանի անցման» օրինակները, ինչի հետեւանքով էլ արձանագրվել է իրական գործ, հաջողություն, հաղթանակ[8]։
Լեւոն Տեր-Պետրոսյանը սենտիմենտալ չէ, զերծ է նախապաշարումներից, սառնասիրտ։ Նրա համար իրատես քաղաքականության սկզբունքն ակնհայտորեն եղել է ամենակարեւորը, որին նա երբեւէ չի դավաճանել։ Նրա քաղաքական կենսագրության մեջ այս հիմքի վրա բազմաթիվ համարձակ ու արդյունավետ քայլեր կարելի է հիշել ինչպես Շարժման տարիներից, այնպես էլ իշխանության շրջանից՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։ Նրան հաջողվեց ստեղծել հայ–ռուսական եւ հայ–իրանական փոխշահավետ հարաբերություններ եւ դա ծառայեցնել Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովմանը։ Հայ–ռուսական զինական դաշինքը եւ հարաբերությունները (ինչի մասին այդքան շատ է խոսվում վերջին 300 տարվա համար) առաջին անգամ նրա շնորհիվ ու նրա ղեկավարման տարիներին է, որ իրական բովանդակություն ձեռք բերեցին՝ ժողովրդի եւ պետության, ստորակայի ու գերակայի հարաբերություններից վերածվելով երկու հավասարազոր պետական սուբյեկտների միջեւ գործընկերային հարաբերության։
Քաղաքական հաշվարկի ու քաղաքական կանխատեսման արվեստի տիրապետման շնորհիվ նրա կանխատեսումները ճշգրիտ էին եւ քննություն էին բռնում նաեւ միջազգային ու աշխարհաքաղաքական հարցերում։ Այսպես, 1991 թ. օգոստոսյան «պուտչի» տապալումից անմիջապես հետո, երբ շատերը, եւ ոչ միայն ԽՍՀՄ-ում, դեռ վերջնական էին կողմնորոշվում, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը միակն էր, որ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանում տվեց ամենախիզախ գնահատականը. «Ես կարծում եմ , հեղաշրջման հետեւանքով Կենտրոնն սպառեց իրեն։ Կենտրոնը մեռած է, Կենտրոնն ինքնասպան եղավ։ Եւ հիմա վերակենդանացնել այդ մեռյալին, նշանակում է վերստեղծել այն աղետի վտանգը, ինչ տեղի ունեցավ»(տե՛ս էջ 221)։ Հայաստանի ղեկավարի այս խոսքերը որպես վերնագրեր այդ օրերին շրջում էին աշխարհի առաջատար թերթերի էջերում։
Ամենաարմատական ժողովրդավարական շարժման առաջնորդին, այդ ընթացքում վեց ամիս խորհրդային բանտերում արգելափակված գործչին, հստակ ու հաստատակամորեն անկախության ուղի որդեգրած երկրի նորընծա ղեկավարին կարծես թե ավելի բնական կլիներ շատերի նման տեսնել ցնծության մեջ՝ ԽՍՀՄ փլուզման արդեն տեսանելի հեռանկարի մասին խոսելիս։ Սակայն բոլորովին այլ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ իրատեսության սկզբունքին խարսխված մեկնակետը, ըստ այդմ՝ նաեւ մտահոգությունը. «Մեզանից այսօր միայն մեկ բան է կախված, եւ ոչ միայն մեզանից, այլեւ Խորհրդային Միության բոլոր ժողովուրդներից ու համայն մարդկությունից՝ որքան հնարավոր է անարյուն, անցավ դարձնել այդ փլուզումը, անարյուն, խաղաղ դարձնել անցումը դեպի մի նոր վարչակարգ։ Եւ Արեւելյան Եւրոպայի երկրների փորձը վստահություն է ներշնչում, որ դա հնարավոր է, որ խորհրդային ղեկավարներն ու նաեւ հանրապետությունները կդրսեւորեն այնքան հանդուրժողականություն եւ գիտակցություն, որ գործը չեն հասցնի լուրջ առճակատման եւ խոշոր ցնցումների» (տե՛ս էջ 143)։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար եւ ԽՍՀՄ Ֆեդերացիայի խորհրդի անդամ, այն լայնախոհ գործիչներից էր, որոնց առավելագույն ջանքերի շնորհիվ ԽՍՀՄ փլուզումն ընթացավ հենց այս՝ անվտանգ,անարյուն, խաղաղ ճանապարհով։
Հայաստանն իր անկախությունը նվաճեց եւ միջազգային հանրության ընտանիք մտավ արդեն որոշակիորեն ձեւավորված դրական վարկանիշով, բայց նաեւ ներքին ու արտաքին քաղաքական ծանրագույն խնդիրներով։ Եւս մի քանի տարի, եւ այդ խնդիրները հիմնականում լուծված էին։ Իսկ այն հարցադրումը, թե՝ ինչպե՞ս եղավ, որ նյութական, մարդկային, դաշնակիցների եւ այլ ռեսուրսների առումով էականորեն զիջելով հակառակորդին, գտնվելով շրջափակման մեջ ու աղետի գոտու բեռի տակ, առարկայացան հայտնի հաջողություններն ու հաղթանակները, ունի հետեւյալ պատասխա նը։ Օբյեկտիվ պայմանները զուգակցվեցին սուբյեկտիվ գործոնով. Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա քաղաքական թիմի, ունեցավ իրատեսական քաղաքական մտքով առաջնորդվող, իրատես քաղաքական հաշվարկներ կատարելու ունակ ղեկավարություն եւ առաջնորդ։ Նույն իրատես քաղաքական ուղեգծի շնորհիվ Հայաստանը ետպատերազմյան տարիներին էլ պահպանեց իր գերադասելի դիրքը Ադրբեջանի նկատմամբ եւ հասավ հնարավոր նպաստավոր պայմաններով խաղաղություն հաստատելու վերջնագծին։
Որպես ամփոփում ասենք հետեւյալը. համաշխարհային քաղաքական մտքի պատմության մեջ նորություն չէին ո՛չ իրատեսության սկզբունքը, ո՛չ իրատես քաղաքականությունը, ո՛չ սեփական ուժերին ապավինելու սկզբունքը, ո՛չ քաղաքական հաշվարկի կարեւորության գիտակցումը եւ այլն։ Ավելին՝ դրանք նորություն չէին նաեւ հայ քաղաքական մտքի պատմության մեջ, այն տարբերությամբ սակայն, որ դրսեւորվել էին միայն անհատ գործիչների մոտ ու որոշ պատմաբանների աշխատություններում եւ, տեղի տալով հասարակության կարծրացած պատկերացումների պատնեշին, չէին դրվել գործնական քաղաքականության հիմքում։
Շարժման, նրա քաղաքական կառույցի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ամենամեծ խիզախումն այդ պատնեշի հաղթահարումն էր։
Նախագահը եւ իր ընդդիմությունը
Անկախության նվաճման, պետականության կայացման եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման խնդիրների բարեհաջող լուծումը հնարավոր դարձավ նաեւ նոր իշխանության բազմաբնույթ ընդդիմության նկատմամբ ճիշտ վերաբերմունքի շնորհիվ։ Այդ վերաբերմունքի առաջին հատկանիշը, թերեւս, ողջամիտ հանդուրժողականությունն էր, որ գալիս էր առաջին հերթին Լեւոն Տեր-Պետրոսյանի լայնախոհությունից։ Նա տեղի չտվեց ընտրություններում հաղթած, իր իսկ ղեկավարած քաղաքական ուժի՝ ՀՀՇ-ի բնական ու հասկանալի ձգտմանը՝ զբաղեցնել բոլոր պետական պաշտոնները։ Նրա օրոք կազմված կառավարություններում եւ այլ պետական պաշտոններում, ըստ իրենց մասնագիտական կարողությունների եւ ունակությունների, լայնորեն ներկայացված էին ինչպես անկուսակցականներ, այնպես էլ իշխանությունը կորցրած կոմկուսի նոմենկլատուրայի բազ մաթիվ ներկայացուցիչներ։ Եւ կոմկուսը, որ պարտվելուց հետո բոլորովին չէր դադարեցրել իր պայքարը նոր իշխանության դեմ, մեկ տարվա ընթացքում իր հոգեվարքն ապրեց բնական ճանապարհով։ Նույնիսկ դաշնակցությունը, որ նրա քաղաքական հակառակորդն էր ի սկզբանե, հրավեր ստացավ մաս կազմելու կառավարության, ինչը սակայն մերժեց։
Նրա վերաբերմունքը ընդդիմության նկատմամբ երբեք թշնամանքի չվերածվեց, անկախ այն բանից, թե հաճախ պայքարի ինչպիսի անընդունելի ձեւերի էր դիմում վերջինս։ Հանրապետության Նախագահը հարցերն ու հարցադրումները կարողանում էր տեղափոխել քաղաքական հարթություն, դրանով իսկ ստիպում, որ պայքարը մղվի այդ հարթության վրա։ Բայց այստեղ նրա ընդդիմությունը պարտվում էր, ուստի իր հերթին խուսափում էր նմանօրինակ խնդիրների առարկայական քննարկումներից եւ դիմում հերյուրանքների, խեղաթյուրումների, ասեկոսեների տարածման, վերագրումների, ակնհայտ իրողությունների կեղծման, պիտակավորումների ու նմանօրինակ այլ միջոցների։ Բոլոր հրապարակներն ու փողոցները նրանց առջեւ մինչեւ վերջ բաց մնացին երթերի ու հանրահավաքների համար, նույնիսկ պատերազմի ամենածանր շրջանում այդ իրավունքը չսահմանափակվեց։ Ազատ էր մամուլը, ռադիոն ու հեռուստատեսությունը, խորհրդարանի նիստերն ուղիղ հեռարձակվում էին։ Եւ ընդդիմությունն այս ամենից օգտվում էր անկաշկանդ ու անսահմանափակ՝ խեղաթյուրելով իրականությունն ու ամենաթարմ փաստերը։ Հանրապետության Նախագահը երբեմն ստիպված էր լինում անդրադառնալ. «Համոզված եմ, որ ապագա պատմաբանի համար շանթահարիչ է լինելու այն փաստը, թե պատմության կեղծարարությունից կշտացած եւ նրա դեմ ծառացած մեր հասարակությունն ինչպես է ժողովրդավարության պայմաններում հանդուրժում իր աչքի առջեւ եւ իր իսկ մասնակցությամբ տեղի ունեցող իրադարձությունների խեղաթյուրումը» (տե՛ս էջ 369)։
Բայց խեղաթյուրվում էին ոչ միայն փաստերն ու իրադարձությունները. նրա ընդդիմության կողմից լայնորեն կիրառվում էին պայքարի ամենաէժան, բայց արդյունավետ, միջոցներ։ Դրանցից էր նրա մտքերը «փոքր խմբագրումներով» ձեւափոխելը եւ հազարավոր անգամ կրկնելով տարածելը։ Օրինակ՝ այդպես առաջացավ հայտնի՝ «հարեւաններից պարտք վերցրեք ապրեք», «Հայաստանին Սահմանադրություն պետք չէ» նրան վերագրված ու լայնորեն տարածված, այսօր էլ կրկնվող, ամբաստանությունները։ Այդ պես «ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է» նրա ձեւակերպումից սահուն դուրս հանվեց «քաղաքական» բառը եւ այլն։ «Քննադատների» անճարակությունը մատնող էժանագին այս մեթոդը նրա դեմ լայնորեն կիրառվեց մինչեւ վերջ, եւ Նախագահը մի քանի անգամ ստիպված էր հիասթափությամբ դա արձանագրել. «…ես ափսոսանքով եմ նշում, որ բարեկրթությունը պակասում է։ Ես քննադատությունից չեմ վախենում, անգամ՝ ամենասուր քննադատությունից։ Բայց երբ կեղծում են, երբ, ասենք, վերցնում են քո արտահայտությունը, այնտեղից հանում են երեք բառ եւ դա ներկայացնում որպես իրականություն, դա ազնիվ չէ։ Նման բաներն ամենից առաջ պետք է կարգավորվեն նախ ներքին կուլտուրայով, ապա նոր՝ օրենքով» (տե՛ս «ՀՀ», 05.12.96)։ Մի այլ միջոց էր բարոյականության ու տարրական տրամաբանության բոլոր սահմաններն անցնող հերյուրանքներ տարածելը։ Այդպես հասարակության տականքի սեփականությունը դարձան «մազութը լափելու» եւ արտադրված հոսանքը «հողին տալու» (մի այլ տարբերակով՝ «գետը լցնելու») անհեթեթ ու միմյանց բացառող մեղադրանքները։ Այդպես պատերազմի, ողջ ժողովրդի իրական հերոսացման ու վաղուց մոռացված իրական հաղթանակների տարիները դարձան «ցրտի ու խավարի» տարիներ։ 1997 թ. աշնանն էլ, ամեն կերպ խուսափելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ Նախագահի առաջարկած քննարկումից ու բանական բանավեճից, ողջ ընդդիմությունը նրա դեմ պայքարում էր հենց այս փորձված եւ իր կողմից լավ յուրացված մեթոդով. «…աճպարարության սովոր եւ ժողովրդին մոլորության մեջ գցելու տենդով տառապող մարդկանց համար ի ̄նչ փույթ հաշվի նստել տրամաբանության կամ ընդհանրապես բանականության հետ, երբ կարելի է ընդդիմախոսի խոսքերն աղավաղելու եւ երեւակայական վերագրումներ կատարելու միջոցով քողածածկել սեփական մերկությունը՝ հույս դնելով ստորագույն մարդկային բնազդների վրա» (տե՛ս էջ 638–639)։
Հանրապետության Առաջին Նախագահի ընդդիմությունն, անշուշտ, բարձրացնում էր նաեւ «լուրջ քաղաքական» հարցեր։ Այսօր բոլորի համար ակնհայտ է, որ դրանք, ըստ էության, այլ բան չէին, քան իշխանությանը արկածախնդրական քայլերի մղելու փորձեր, քայլեր, որոնք կարող էին ճակատագրական լինել ոչ միայն իշխանության, այլ առաջին հերթին երկրի ու ժողովրդի համար։ Սակայն այն ժամանակ դա բոլորի կողմից չէ, որ այդպես էր ընկալվում.«ազգասիրական» ու «,հայրենասիրական», «հերոսական» նախաձեռնությունները շատերն ընկալում էին առանց չակերտների։ Բերենք մի քանի օրինակ։ Նրանք 1990 թ. օգոստոսին պահանջում էին ոչ թե անկախության գործընթացի սկիզբ, այլ միանգամից անկախություն հռչակել, կամ՝ անկախություն հռչակել Լեռնային Ղարաբաղի հետ միասին, կամ՝ գործող Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել եւ Լեռնային Ղարաբաղը հայտարարել Հայաստանի մաս։ 1991 թ. գարնանը, որպես բողոք Գորբաչով–Օզալ հանդիպման, պահանջում էին չճանաչել 1921 թ. մարտի 16-ի Ռուս–թուրքական պայմանագրի Հայաստանին վերաբերող կետերը։ Նույն թվականի օգոստոսի վերջին, նստացույցով ու հանրահավաքներով դրան ավելացրել էին նաեւ 1921 թ. Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու պահանջը։ Ապա պահանջում էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Կատեգորիկ դեմ էին Թուրքիայի հետ որեւէ հարաբերություն հաստատելուն, քանի դեռ նա չի ճանաչել հայերի Ցեղասպանությունը, եւ այլն։ Թվում էր, թե, իշխանություն ունենալով, նրանք անմիջապես կիրականցնեին այս եւ այսօրինակ այլ քայլեր։1998 թվականից այս ուժերն են իշխանության գլուխ (եւ անձերը, անուններն ու տոկոսներն այստեղ ոչ մի նշանակություն չունեն)։ Բայց ահա, ամբողջ ութ տարի, ոչ մի ձայն չեն հանում Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի մասին, չեն էլ նկատում Թուրքիայի վարչապետին Ռուսաստանում ցույց տված բացառիկ ջերմ ընդունելությունը եւ ռուս–թուրքական աճող համագործակցությունը։ Այսօր իրենք են ասում, որ Թուրքիայի հետ պատրաստ են հարաբերություններ հաստատել առանց Ցեղասպանության ճանաչման նախապայմանի։ Անհասկանալի պատճառով չեն էլ քննարկում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու, էլ չենք խոսում Հայաստանի անբաժան մաս հայտարարելու մասին հարցը։ Չգիտես ինչու, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց չեն մտցնում ՄԱԿ-ի օրակարգ, անգամ չեն համարձակվում բառը մտցնել Սահմանադրության մեջ։ Լուռ կուլ են տալիս, երբ հանրապետության այսօրվա ղեկավարը հայտարարում է, թե Թուրքիայից տարածքային պահանջներ չունենք…
Պատկերը նույնն է նաեւ ավելի ուշ շրջանի հետ կապված։ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման պարտադրանքով հայկական ուժերի կողմից զբաղեցրած տարածքները միայն «ազատագրված» կոչող, 8000 քառակուսի կմ տարածքով անկախ Լեռնային Ղարաբաղի ծրագրով իշխանության եկածներն անհասկանալի մի տրամաբանությամբ չբնակեց րին «ազատագրված պատմական հողերը»։ Ավելին, այսօր նրանցից ոմանք հավաստիացնում են, թե իրենք ի սկզբանե գիտեին եւ հայտարարում էին, որ այդ հողերը ժամանակավորապես են զբաղեցված եւ պետք է վերադարձվեն անվտանգության այլ երաշխիքների դիմաց։ Արտաքին քաղաքականության պատասխանատուներն իրենց տարբեր ելույթներում կամա-ակամա կրկնել են (երբեմն՝ բառացի) «Պատերազմ, թե՞ խաղաղություն.լրջանալու պահը» հոդվածի համարյա բոլոր կարեւոր դրույթները։ Հակամարտության կարգավորման «փուլային» տարբերակը կատեգորիկ մերժողներն այսօր ամենեւին չեն բացառում դրա արդյունավետությունը, իսկ իրենց պաշտպանած «փաթեթայինը» ստացել է «փաթեթային՝ փուլային տարբերակով» խոսուն ձեւակերպումը։ «Փոխզիջում» բառը լսելիս հիստերիայի մեջ ընկնողները եւ դա պարտվողականություն համարողներն այսօր իրենք են ամեն օր խոսում փոխզիջումների անհրաժեշտության մասին։ Ադրբեջանի հետ հավասարակշռությունը պահելու համար Սփյուռքից նրանց ակնկալած տարեկան 1-2 միլիարդ օգնությունն ու ներդրումները, ինչի վրա կառուցում էին իրենց հաշվարկները, ինչ-որ տեղ սառեց մնաց, եւ այդ մասին այլեւս ծպտուն չեն հանում։
Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ընդդիմությունը միայն մի հարցում է հետեւողական. ինչպես նրա իշխանության տարիներին, այնպես էլ դրանից հետո, նա, ըստ էության, նույն մեթոդներով ու նույն եռանդով շարունակում է իր պայքարը պետության Հիմնադիր-նախագահի, իրատեսության վրա խարսխված նրա քաղաքական ուղեգծի դեմ։
Որպես պետական գործիչ
Իշխանության հասնելու, անգամ տեւական շրջան իշխանությունը պահելու համար պարտադիր չէ պետական գործչի հատկանիշներ ունենալ։ Բարենպաստ հանգամանքների բերումով դա կարող է հաջողել ամեն մի գործիչ, անգամ՝ պարզապես քաղաքականությամբ զբաղվող պարզ մի բախտախույզ։ Այլ հարց է՝ թե երկրի համար ինչպիսին են լինում ամեն գնով իշխանությանը տիրանալու եւ այն իր ձեռքում պահելու հետեւանքներն ու արդյունքները։
Պետական գործիչ լինելու համար անհրաժեշտ է օժտված լինել իրական առաջնորդի հատկանիշներով։ Ոչ թե հոսանքի ուղղությունը նկատողի, նրա առջեւից գնացողի կամ նրա կողմից քշվողի, այլ՝ հոսանքն ուղղորդողի, այն առաջնորդողի, երբեմն՝ սանձողի, նրան ցանկալի ընթացք թելադրողի։ Իշխանությունը պետական գործչի համար ոչ թե նպատակ է, այլ միայն միջոց՝ իրականացնելու երկրի ընթացքն այն ճանապարհով, որն առավել արդյունավետ կարող է լուծել երկրի անվտանգության ու ժողովրդի արժանապատիվ ու բարգավաճ կյանքով ապրելու խնդիրները։
Քաղաքական գործիչներին սովորաբար մեղադրում են այն բանի մեջ, որ նրանք, շահելու համար հասարակության համակրանքը, անիրականանալի խոստումներ են տալիս, այլ խոսքով՝ փաստորեն խաբում մարդկանց։ Մինչդեռ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ նա խուսափում էր նման խոստումներից։ Բայց դա նրա համար կարեւոր սկզբունք էր ընդհանրապես. «…ես միանգամայն հեռու եմ մեր ժողովրդին հրաշքներ խոստանալու անհեթեթ մտքից։ Ես երբեւէ սովորություն չեմ ունեցել դատարկ խոստումներ տալ եւ այսուհետեւ էլ պատասխանատվության խորին զգացումով կտրականապես հրաժարվում եմ խոստումներից, հրաշքների գուշակումից։ Ես մշտապես ձգտել եմ իմ եւ ժողովրդի առջեւ դնել թեկուզ փոքր, բայց միանգամայն իրականանալի խնդիրներ» (տե՛ս էջ259)։ Իշխանությունը պահպանելու կամ ամրապնդելու համար նա երբեւէ չտրվեց ամբոխահաճ խոստումների, որոշ ումների ու գործողությունների գայթակղությանը, իսկ սոցիալական դեմագոգիան համարում էր ամենավտանգավորը. «Սոցիալական դեմագոգիան առաջին հայացքից անմեղ բան է թվում, բայց դրա հետեւանքը ֆաշիզմն է կամ անարխիան» (տե՛ս էջ 528–529)։
Որպես պետական գործիչ նա իր սկզբունքները պահպանելու եւ ծրագրերն իրականացնելու համար երբեւէ չի խորշել ամբոխահաճ տրամադրություններին ու պատկերացումներին դեմ գնալով՝ իր վարկը վտանգելուց, ինչը կարող էր նրա իշխանության տարիների բազմաթիվ դժվարին դրվագներում նաեւ հանգեցնել իշխանության կորստյան։ Ոչ միայն իրավիճակը ճիշտ գնահատելու քաղաքական հոտառություն, այլ հենց պետական գործչի խիզախություն էր անհրաժեշտ՝իշխանության գալուց ընդամենը մեկ ամիս անց հանդես գալ Լեռնային Ղարաբաղի խնդրում, թերեւս բոլորի պատկերացումներին հակադրվող, նոր ծրագրով՝ առճակատման երկուսուկեսամյա քաղաքականությունից անցում կատարել փոխզիջումների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքական նոր ռազմավարության, վստահ, որ դա է ճիշտ ճանապարհը. դրան հասնելու համար ընդհուպ առաջարկելով, որ Հայաստանը, Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Մոսկվան չեղյալ հայտարարեն 1988 թվականից ի վեր իրենց բոլոր հակասահմանադրական որոշումները։ Նա, իհարկե շատ լավ հասկանում էր, որ այս ամենը հեշտությամբ կարող է շահարկվել իր դեմ. «Փոխզիջումների մասին խոսելով՝ ես չեմ վախենում իմ վարկը կորցնելուց։ Իսկ դուք կարող եք ժողովրդի մեջ տարածել, որ ես դավաճանել եմ Արցախի գործին» (տե՛ս էջ 121)։ Ժամանակը եւ հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ դա էր հնարավոր կորուստներից խուսափելու ուղին եւ տվյալ պահի համար լավագույն լուծումը։
Հանրապետության Հիմնադիր-նախագահն ամենամեծ կարեւորությունը տալիս էր պետությունը առողջ, ամուր եւ ապահով հիմքի վրա դնելու խնդրին։ Այդ հիմքը պետք է լիներ նորանկախ երկրի Սահմանադրությունը։ Խնդրին տրված կարեւորությունն արտահայտվեց ոչ թե հապճեպության մեջ, որ ավելի շատ ցուցադրանք կլիներ։ Իմիջիայլոց, այդ ճանապարհով գնացին նորանկախ հանրապետություններից շատերը, եւ կարճ ժամանակ անց կանգնեցին ճգնաժամերի ու իրենց սահմանադրություններում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության առաջ։ Հայաստանը գնաց այլ՝ հիմնական օրենքների առանձին ընդունման, դրանց գործարկման արդյունքների ամփոփման, տեւական աշխատանքի ճանապարհով։ Այդ նպատակով ստեղծված Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքը տեւեց չորսուկես տարի[9], նրա մշակած եւ Գերագույն խորհրդի կողմից հավանության արժանացած նախագիծն արդյունք էր հանձնաժողովի 109 բազմաժամ նիստերի բծախնդիր աշխատանքի։Հանրապետության նախագահը կարողացավ դրանում իրացնել իր պատկերացումները երկրի հիմնական օրենքի մասին. «Սահմանադրությունը դիտելով որպես պետության տեւական կայունությունն ու արդյունավետ կենսագործունեությունն ապահովելու կոչված զուտ իրավական փաստաթուղթ՝ հրաժարվել իրավիճակային, կոնյունկտուրային լուծումներից, տուրք չտալ քաղաքական կոմպրոմիսների, առաջնորդվել բացառապես իրավագիտական նկատառումներով՝ հիմնվելով միջազգային փորձի եւ մեր նորանկախ պետության օրենսդրական ավանդույթի վրա։ Նույնքան կարեւոր է նաեւ այն սկզբունքը, որ պետության եւ հասարակության կյանքում պետք է բացառված լինի որեւէ ճգնաժամային իրավիճակ, որը չունի սահմանադրական լուծում» (տե՛ս էջ 417)։ 1995 թվականի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, նախապես արժանացած լինելով Գերագույն խորհրդի հավանությանը, ընդունվեց համաժողովրդական հանրաքվեով։ Իշխանությունը պետական գործչի համար այն առարկան է, որը նա ծայրահեղ դեպքերում կարող է նաեւ գրավ դնել, դրանից հրաժարվել՝ եթե իր ճշմարտությունն ապացուցելու կամ իրացնելու համար այլ ելք չի մնում։ Սահմանադրական գործընթացի դեմ հարուցված խոչընդոտները հաղթահարելու եւ երկիրը Սահմանադրությամբ օժտելու համար նա ընդդիմությանն առաջարկում էր երեք տարբերակ՝ երեքում էլ նախատեսելով իր հրաժարականը (տե՛ս էջ 366, 409)։
Հանրապետության Հիմնադիր-նախագահը հիանալի գիտակցում էր, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ հաջողությունները եւ ձեռքբերումները կարող են ժամանակավոր եւ խաբուսիկ լինել, մի օր փլուզվել, եթե հասարակական պատկերացումները պետականության մասին հենվում են սխալ եւ կեղծ արժեքային համակարգի վրա։ Դարեր շարունակ պետականությունից, ուստի եւ իրական քաղաքական պատկերացումներից զուրկ ժողովրդի մեջ պարարտ հող կար այնպիսի հասկացությունների տարածման համար, ինչպես «ազգային միասնություն », «ազգային գաղափարախոսություն», «ազգային համերաշխություն» եւ այլն։ Հավակնելով քաղաքական հասկացությունների դերի, սակայն անորոշ բովանդակությամբ, դրանք միաժամանակ հակադրվում էին պետականության այն ընդունված ու սովորական հիմնադրույթներին, որոնցով առաջնորդվում ու զարգանում է ցանկացած նորմալ, քաղաքակիրթ ու բանական պետություն։
Անշուշտ, երկրի Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը որպես քաղաքական գործիչ կարող էր նաեւ չանդրադառնալ նմանօրինակ «գաղափարական» հարցերի, անգամ երբեմն դրանցից օգտվել՝ հանուն անձնական հեղինակության բարձրացման ու իշխանության պահպանման. «Մի՞թե ես չէի կարող գիշեր-ցերեկ հայհոյել թուրքերին, ՄԱԿ-ի առջեւ բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, չեղյալ հայտարարել Կարսի պայմանագիրը, Թուրքիայից պահանջել Սեւրի դաշնագրով գծված սահմանները, վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հայտարարել, որ ոչ մի թիզ հող չենք զիջի եւ այլն… Ես հեշտությամբ կարող էի քաջի ու մեծ հայրենասերի համբավ ձեռք բերել, դառնալ ազգի կուռքը, Հայաստանի ու Սփյուռքի միասնության խորհրդանիշը»: Նա խոստովանում է, որ շատ լավ գիտեր նաեւ փառքի ու հերոսականացման դյուրին ճանապարհը. «Անձնական փառքի կամ հերոսականացման ձգտելու պարագայում ես պարզապես չէի մասնակցի 1996 թ. ընտրություններին, սերունդների աչքում մնալով որպես անկախություն նվաճած, ղարաբաղյան հերոսամարտը շահած, հայկական տարածքներն ընդարձակած Նախագահ,անկախ այն բանից, թե որքան արդարացի է այդ ամենի ինձ վերագրումը։Ինչ փույթ, թե դրանից հետո ինչ կպատահեր եւ ում վրա կընկներ վիճակի վատթարացման պատասխանատվությունը։ Միեւնույն է, իմ վարկանիշը դրանից չէր տուժի, այլեւ ընդհակառակը, թերեւս ավելի շահեր։ Կրկնում եմ, անձնական տեսակետից ինձ համար ամենալավ լուծումը թերեւս այդ էր, բայց դա կլիներ ոչ այլ ինչ, եթե ոչ փոքրոգի դասալքություն, որին, դժբախտաբար թե բարեբախտաբար, սովոր չեմ» (տե՛ս էջ 631)։
Երկրի իրական ղեկավարն ու առաջնորդը՝ պետական գործիչը, իրավունք չունի հայրենասերի ու հերոսի կեցվածք ընդունել։ Երբ նա ճիշտ է ղեկավարում, իրական հայրենասեր է դառնում ու իրեն հերոս է զգում ողջ ժողովուրդը։ Իսկ երբ ղեկավարն է հայրենասիրություն խաղում ու հերոս ձեւանում՝ այդ վեհ զգացումը վերածելով քաղաքական բիզնեսի առարկայի, ժողովուրդն անխուսափելիորեն բարոյալքվում է, պարտվում է ու տապալվում։ Հայաստանի Հանրապետության Նախագահը, որ նաեւ զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր, երբեւէ չհավակնեց, եւ ուրիշներին էլ թույլ չտվեց, հաղթանակներն իրեն վերագրել[10]։ Ու նաեւ սրանում էր ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակների ու հաջողությունների, չնայած ծանրագույն պայմաններին՝ ողջ ժողովրդի դրսեւորած աննախադեպ հոգեկան կորովի ու համբերության գաղտնիքը։
Հանրահայտ է կեղծ արժեքների ու կեղծ քաղաքական հասկացությունների շահարկման գայթակղությունն ու դրանից առաջացող վնասը։ Պետա կան գործիչ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր կարող բավարարվել միայն անձամբ այդ գայթակղությանը չտրվելով։ Նա անպայման պետք է հրապարակավ կեղծ քաղաքական կատեգորիաներ անվաներ աջ ու ձախ շահարկվող «ազգային գաղափարախոսությունն» ու «ազգային միասնությունը», թեկուզ դրանով իսկ իր դեմ հարուցեր կեղծ-ազգայնականության ու կեղծ-հայրենասերների ողջ բանակի վայնասունը։ Որպես պետական գործիչ նա շատ լավ էր հասկանում, որ դրանք ցանկացած պետականության հիմքերի տակ դրված վտանգավոր ականներ են, որ դրանց վրա պետություն չի հիմնվի, որ դրանց պատճառով պետություն կխարխլվի։
Միայն իշխանության պահպանման հարց ունեցող Նախագահը չէր հայտարարի, որ Հայ Դատը եւ դրանից բխող պահանջատիրությունը չի կարելի դնել պետական քաղաքականության հիմքում, ինչն, իմիջիայլոց, ամենեւին չխանգարեց (ընդհակառակը՝ օգնեց), որ նրա իշխանության շրջանում հողեր ազատագրվեն, սկզբնավորվի Հայկական ցեղասպանության ճանաչումների շարքը…
Պետական գործիչ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ տարբերակում էր ցանկալին հնարավորից, իրատեսականը՝ երազայինից, եւ շրջափակման կապանքներից ազատվելու, հարեւանների հետ բնականոն հարաբերություններ ունենալու կենսական նշանակությունը երկրի գոյության ու զարգացման համար։
Պարզ քաղաքական գործիչը, եթե միայն իշխանությունը պահելու նպատակ ունի, կարող էր տեղի տալ «հայտնի ուժերի» եւ հասարակական տրամադրվածության առջեւ, այդպես վճռականորեն հանդես չգալ ղարաբաղյան հակամարտությունը լավագույն պահին լուծելու օգտին եւ այն ձգել մինչեւ իր իշխանության ավարտը (վերջին ութ տարիները ցույց տվեցին, որ դա ամենեւին անհնար չէր)։ Սակայն պետական գործիչ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկանում էր (հասկանում եւ ճգնում էր բացատրել ու համոզել բոլորին), թե այդ դեպքում ինչպիսին են լինելու հետագա զարգացումները. «Կարծում եք՝ դժվա՞ր բան է ժամանակ շահելը, կարծում եք՝ ես չեմ կարող 3-4 տարի, մինչեւ իմ պաշտոնավարման ժամկետի ավարտը, պահպանել ղարաբաղյան ստատուս-քվոն։ Բայց ի՞նչ է լինելու դրանից հետո, ի՞նչ անելանելի վիճակի մեջ է հայտնվելու հաջորդ Նախագահը» (տե՛ս էջ 660)։ Ուստի նա չէր կարող իրեն թույլ տալ՝ իր իշխանությունն ապահովելով, երկիրը եւ ղարաբաղյան հիմնախնդիրն իր հաջորդին փոխանցել այն պայմանների մեջ, ինչում հայտնված ենք այսօր, եւ ինչի անխուսափելիությանը նա չէր կասկածում։ Նրա հրաժարականը ձախողումների հետեւանք չէր, ոչ էլ քաղաքական ընդդիմության ուժի գերազանցության ու պարտադրանքի։ Դա պետական գործչի հրաժարական էր, ինքնազոհողություն, վերջին ու ծայրահեղ այն միջոցը, որով, բոլոր միջոցներն սպառված լինելուց հետո, թերեւս, կարելի էր զգաստացնել քաղաքական ուժերին ու հասարակությանը, համոզել ու հետ պահել երկրի ու ժողովրդի համար վտանգավոր, կործանարար, արկածախնդրական ճանապարհից։
Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահն է ոչ թե առաջինը լինելու հանգամանքով, այլ՝ բառի ամենաընդգրկուն եւ համապարփակ նշանակությամբ։
Երբ նա 1988-ին դարձավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 80-ամյա հայրը դիմեց նրան. «Այդ ճանապարհն ընտրողը պետք է պատրաստ լինի գնալ մինչեւ կախաղան։ Եթե այդպես չէ, ավելի լավ է հիմա ետ կանգնես»: Չի եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կենսագրության մեջ որեւէ դիպված, որ նահանջ լինի այս պայմանից:
Որպես Հանրապետության Նախագահ նա երկու անգամ պաշտոնապես երդվեց Ավետարանի եւ Սահմանադրության վրա, եւ երբեք երդմնազանց ու սահմանադրախախտ չեղավ:
Դեռ 1990 թվականի մարտին նա ինքն իր առջեւ պայման դրեց. «Ով խառնվում է քաղաքականությանը՝ նա պետք է պատրաստ լինի ե՛ւ օրհնանք, ե՛ւ անեծք լսելու: Ով պատրաստվում է ազգին ծառայել՝ նա ազգից պարգեւներ ակնկալելու կամ նրանից խռովելու իրավունք չունի»: Սա Լեւոն Տեր-Պետրոսյան պետական գործչի հավատամքն էր, պարտադիր չափորոշիչը, նրա քաղաքական կենսագրության առանցքային բնութագրիչը, որ 1996-ին դարձավ նաեւ նախագահական երդման «զուտ մարդկային» մասի եզրափակիչը. «Ոչինչ չանել շնորհակալության կամ հատուցման ակնկալիքով»: Նա իշխանությունից հրաժարվեց արժանապատիվ ու անխռով՝ իր վաստակի անխոս գիտակցմամբ, դավանած ճշմարտությանը վստահ, նույն այդ սկզբունքին հավատարիմ. «Եթե արել եմինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որեւէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը»: Ինչպիսին էլ լինի այսօր վերաբերմունքը նրա նկատմամբ, դա ճակատագիր է, որ հատուկ է բոլոր պետական գործիչներին, որոնք գտնվել եւ գործել են կարեւորագույն պատմական հանգույցներում։ Էականն այն է, որ պատմության մեջ նա մնալու եւ գնահատվելու է իր գործունեության մնայուն արդյունքներով, որպես գործիչ, որի օրոք՝
ա) Հայաստանը վերականգնել է իր անկախությունը, կայացել որպես ինքնուրույն պետություն, ունեցել իր Սահմանադրությունը.
բ) Հայ ժողովուրդը տարել է զինական հաղթանակներ եւ ազատագրել Ղարաբաղը.
գ) Հայաստանում դրվել են ժողովրդավարության հիմքերը.
դ) Հայաստանը որդեգրել է ազատ շուկայական հարաբերությունները.
ե) Հայ իրականության մեջ ներդրվել ու կենսագործվել է իրատես քաղաքականության սկզբունքը։
Այս ցանկը դեռ կարող էր շարունակվել…
Այս ցանկը դեռ կարող է շարունակվել, եւ չպետք է ապավինել պատմության ինքնանպատակ գնահատականին ու մխիթարվել դրանով։ Դարաշրջանը, որ սկսվել է 1988-ից եւ անխզելիորեն կապված է իր առաջնորդի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվան հետ, 1998-ին ոչ թե ավարտվել, այլ հեղաշրջման միջոցով կասեցվել է։ Հազարամյա ընդմիջումից հետո իր պետական անկախությունը նվաճած ժողովուրդը չի կարող չվերադառնալ այն արժեքներին ու սկզբունքներին, որոնք ապահովում են նրա պատմության անխաթար ընթացքն ու ապագան։ Արժեքներ եւ սկզբունքներ, որոնցով նա առաջնորդվել է մի ամբողջ տասնամյակ ու տեսել դրանց արդյունքները։ Այսինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատմության մեջ անպայման մնալու է նաեւ իր ընտրած ճանապարհի շարունակականությամբ։
Իսկ Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահը բոլորել է ընդամենը իր 60-ամյակը, որ համարվում է պետական գործիչների սովորական միջին տարիք եւ ուժերի ծաղկման շրջան։
- ↑ Վերջերս հրապարակվեց նրա «Խաչակիրները եւ հայերը» ծավալուն ուսումնասիրության առաջին ստվար հատորը, առաջիկայում կհրապարակվի նաեւ երկրորդը։
- ↑ Հուշերի մի գիրք հրապարակել է Ռաֆայել Ղազարյանը, որտեղ նա իմիջիայլոց հայտնում է, որ Կոմիտեի նիստերը նախ վարում էին հերթով, սակայն քանի որ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին էր հաջողվում զսպել մասնակիցների «գերակտիվությունը» (բնականաբար՝ իր հեղինակության շնորհիվ), ուստի, ավելի ուշ, Կոմիտեի նիստերը հիմնականում նա էր վարում (տե՛ս Ռ. Ղազարյան, Հաշվետու եմ, Երեւան, 2003, էջ 174)։
- ↑ Անձնական ռիսկի դիմելու հատկությունը բնորոշ էր «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամներին։ 1988 թ. փետրվարի 23-ի հանրահավաքում առաջին անգամ գործադուլի կոչ արեց Վազգեն Մանուկյանը։ Նույն օրը Համբարձում Գալստյանը հրապարակավ պահանջեց իշխանությունների հրաժարականը։ 1988-ի հունիսի 15-ին Օպերայի հրապարակի բազմահազարանոց հանրահավաքը խորհրդային զորքով շրջապատված Գերագույն խորհրդի նիստերի պալատ առաջնորդեց Սամսոն Ղազարյանը։ Հուլիսի 5-ին «Զվարթնոց» օդանավակայանում լարված ու չափազանց վտանգավոր իրավիճակը կարողացան հարթել Սամվել Գեւորգյանը եւ Ռաֆայել Ղազարյանը։ Նույն թվականի նոյեմբերին շինանյութերով բեռնված ավտոշարասյունը Ղարաբաղ էին առաջնորդում Բաբկեն Արարքցյանը, Վանո Սիրադեղյանը եւ Դավիթ Վարդանյանը։ Նոյեմբերին, արտակարգ դրության պայմաններում, Քյարքի գյուղը Ադրբեջանից եկած փախստականներով կարողացավ բնակեցնել Ալեքսան Հակոբյանը։ 1990 թ. հունվարին Երասխի կռիվներում հայկական ուժերի գործողությունները տեղում համակարգում էր Բաբկեն Արարքցյանը։ Նույն թվականի մայիսի 27-ին կազմակերպված սադրանքի հետեւանքով երկաթուղային կայարանում եւ Նուբարաշենում բորբոքված արյունահեղության հրդեհը կարողացան մարել Աշոտ Մանուչարյանը եւ Վազգեն Մանուկյանը։
- ↑ Ֆրանսիացի վերլուծաբանի հոդվածը տե՛ս «Լը Մոնդ» հանդես, 22հոկտեմբերի, 1988թ.:
- ↑ Թե ինչպիսի հետեւանք ունեցավ այս «լավ նախապատրաստված» քայլը, վկայում է այն ուշագրավ փաստը, որ ԳԽ պատգամավորության թեկնածու առաջադրված նույն Խուրշուդյանն ու Կապուտիկյանը ընտրություններում ստացան, համապատասխանաբար, 30 եւ 60 ձայն։ Ակներեւաբար՝ նրանք ձայներ էին կորցրել հենց այդ հրապարակումների պատճառով։
- ↑ Ի տարբերություն քաղաքական առումով ամորֆ հաջորդ իշխանության, որ զուրկ է քաղաքական հատկանիշից, հասարակության համար անհայտ է նրա անունը ու անորոշ՝ պատասխանատվության հասցեատերը։
- ↑ Այստեղ մեջբերենք դրանցից երկուսի՝ Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի գնահատականները (1995 թ.). «Արցախի երախտագետ ժողովուրդը երբեք չի մոռանա Ձեր անձնական ներդրումը մեր հերոսական գոյապայքարում։ Մենք մեր թիկունքում միշտ զգացել ենք մայր Հայաստանի, Հայաստանի Հանրապետության իշխանությունների զորակցությունը», «,Քաղաքական այս վայրիվերումներում Ձեր կեցվածքը եւ թափանցողականությունը բարդ խնդիրները հանգեցնում են ամենապարզ լուծումների։ Դուք եք մեր պետության քաղաքական հավասարակշռության լծակը… Ձեր շնորհիվ է, որ կանգնում են ազգային պետության հիմնասյուները» (ՀՀԱՆԱ, 03/09.01.1995)։
- ↑ Ցայտուն արտահայտվող այս հատկանիշը շատերի կողմից է նկատվել ու գնահատվել։ Որպես օրինակ նշենք Մոսկվայում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Ֆելիքս Մամիկոնյանի մի արձանագրումը (1995 թ.). «Անցյալի Ձեր գործունեությունը, հիրավի, Ձեզ հպարտանալու իրավունք է տալիս, եւ Պատմությունն է, որ, համոզված եմ, լիուլի կփոխհատուցի Ձեզ։ Այստեղ՝ որպես ականատես կարող եմ վկայակոչել այն բախտորոշ րոպեները, երբ Ձեր վճռականությունից ու հաստատակամությունից մեծապես կախված էր մեր ժողովրդի ընտրած ուղու ճակատագիրը, եւ թե ինչպես Դուք գտնում էիք առաջին հայացքից ոչ ակնհայտ, բայց միակ հնարավոր լուծումը։ Շատերը Ձեզ հաճախ չէին հասկանում, բայց Դուք խիզախություն ունեցաք հավատարիմ մնալ Ձեր ընտրած ճանապարհին» (ՀՀԱՆԱ, 03/09.01.1995)։
- ↑ Գերագույն խորհուրդը Սահմանադրական հանձնաժողովը ստեղծեց 1990 թ. նոյեմբերի 5-ին։ Այն կազմված էր 20 անդամից, նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։ 1994 թվականի հունիսի 16-ին ընդունված երկրորդ որոշմամբ հանձնաժողովի կազմը ընդլայնվեց խորհրդարանում արտահայտված կուսակցությունների ներկայացուցիչներով եւ համանախագահ ընտրվեց ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանը։
- ↑ Ճիշտ է՝ «անտեր» մնացած այս ավարի վրա հարձակվեցին եւ առ այսօր այն մեջ-մեջ են անում որեւէ վաստակ ունեցող ու չունեցող բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ, սակայն դա արդեն իրենց բարոյականության խնդիրն է։