Վերջալույսի աղջիկը

Քնքուշ գեղության փթթումի մը մեջ
Յայգածաղկի պես բացված ամաչկոտ,
Իբրև թե ցողի համբույրովը՝ գեջ,
Ու սիրով արբշիռ, սիրով խնկահոտ,

Վերջալույս նայող պատուհանին լայն
Ու խորհրդավոր տարտամ բացվածքին
Խարտյաշ աղջիկը նստած լռելյայն
Կդիտե խաղաղ շեղջն արևմուտքին։

Հյուսված թարմության մաքրություն մ՚է որ
Կմարի դժգույն իր ճակտի վրա,
Ու հոն զեփյուռը, հոգի թևավոր,
Վարսի ցրվումին հետ կթրթըռա․․․

Եվ սրբուհի այդ լուռ դեմքին շուրջ
Խարտյաշ մազերուն շոգեն ոսկեզօծ,
Իր մշտասևեռ երազներուն լուրջ
Գուցե նյութացած թերաստվերն է հոծ։

Ու վերջալույսի հրթիռներուն հետ,
Որոնց ետևեն կթռչի հոգին,
Միթե պատրա՞նք է, որ կըլլա անհետ,
Չբախող սիրո սին մտածմունքին։